Ադրբեջանի հայտարարությունների համաձայն Նախիջեւանը պետք է վերադարձվի հայերին

Եթե ​​Ադրբեջանն իրեն համարում է 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը եւ չի ճանաչում ԱՀԽՍՀ-ն իր սահմաններում, ապա կարող ենք հիշել, որ Նախիջեւանը Ադրբեջանին է փոխանցվել ԽՍՀՄ-ի ժամանակ, ինչի համար էլ այն պետք է վերադարձնեն հայերին։ Այս մասին ասել է հայտնի քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։

Նա հիշել է, որ 1918-1936 թվականներին Հայաստանում անկլավներ չեն եղել, դրանք ստեղծվել են ԽՍՀՄ-ի կողմից։

«Դա նշանակում է, որ ադրբեջանցիները էլ չպետք է խոսեն, այդ թվում նաեւ Ալիչի մասին, որը նույնպես ԽՍՀՄ-ն է հանձնել իրենց։ Այն ամենը, ինչ փոխանցվել է խորհրդային իշխանությունների կողմից, պետք է վերադարձվի հայերին»,- ասել է Գալչյանը։

Փորձագետը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի մասին փաստաթուղթը վավերացվել է դեռեւս 1969 թվականին՝ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։

«Ադրբեջանցիներն այս սահմանից լրջորեն առաջ են շարժվել դեպի Հայաստանի խորքերը՝ Սեւ լճի, Շորժայի, Դավիթ Բեկի հատվածներում։ Քանի դեռ նրանք դուրս չեն բերել իրենց զորքերը սահմանային գծից այն կողմ, այն փաստաթուղթը, որով Ադրբեջանը ինքն է վավերացրել, մենք չպետք է սկսենք սահմանազատման եւ սահմանազատման գործընթաց»,- ընդգծել է նա։

https://news.am/arm/news/716709.html

Ադրբեջանցիները կարող են հատել Հայաստանի սահմանը ցանկացած հատվածից ու հասնել Նախիջեւան. Փաշինյան

«Հայաստանը պարտավորվել է ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանի  կապը Նախիջեւանի հետ»,-կառավարության օգոստոսի 4-ի նիստին ասել է վարչապետ Փաշինյանը, «մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապը ապահովել»,-հավելել է նա:

«Ադրբեջանի ամենաարեւմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք. թող գան, հատեն, գնան Նախիջեւան, եւ մենք երաշխավորում ենք այդ երթեւեկության անվտանգությունը,- նշել է Փաշինյանը,- բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջեւան հատվածով չէ. Ղազախ –Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, Սիսիանի հատվածում, Երախսի հատվածում, մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուց մաքսային ծառայության հսկողություն ունենք: Եւ չի եղել դեպք, որ գան, ասեն՝ ուզում ենք հատել, մենք էլ խոչընդոտենք»:

Իսկ թե ինչ անվտանգային խնդիրներ կարող է առաջացնել նշված տարանցման երթուղիները, կառավարության նիստում չի քննարկվել:

Փակվում է Նախիջևան-Թուրքիա սահմանը

Ադրբեջանի Օպերատիվ շտաբի հրամանով հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Նախիջևան-Թուրքիա ցամաքային սահմանը փակ է լինելու: Պաշտոնապես փակման պատճառը Ադրբեջանում կարանտինի ռեժիմի երկարացումն է, որը տարածվում է նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա: 

Նախիջևանի ՀՆԱ-ն աճել է 1.8 տոկոսով

2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության համախառն ներքին արդյունքը կազմել է 1 միլիարդ 50 միլիոն 572 հազար 500 մանաթ, ինչը 1,8 տոկոսով ավելի է 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 2,2 տոկոսով և կազմել 2267,1 մանաթ։ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձը հասել է 587,4 մանաթի, ինչը 9,5 տոկոսով ավելի է 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ։

Համախառն ներքին արդյունքի մեջ առաջին տեղը զբաղեցնում է արդյունաբերությունը։ 

Անցյալ տարվա համեմատ աճել է նաև ներդրումների ծավալը: Ներդրումների շրջանակում 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին հիմնական կապիտալին ուղղվել է 411 մլն 247 հազար 300 մանաթ, ինչը 1,2 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Շինմոնտաժային աշխատանքներին բաժին է ընկել 396 մլն 230 հազար 900 մանաթ կամ հիմնական կապիտալին ուղղվող միջոցների 96,3 տոկոսը։

Բնակչության թիվը ևս աճել է: 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ Նախիջևանի բնակչությունը մեկ տարի առաջվա համեմատ աճել է 1473-ով և կազմել 463 հազար 585 մարդ։

Արցախի տարածքների մեծագույն մասի հանձնումը Ադրբեջանին արդեն սկսել է երևան բերել իր արդյունքները տնտեսության ոլորտում:

Աղբյուր՝  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Պետական Վիճակագրական Կոմիտե/Naxçıvan Muxtar Respublikası Dövlət Statistika Komitəsi 

«Զօկի ճրօյգը» կամ հայերեն առաջին թերթը՝ բարբառով

«Զօկի ճրօյգը» հայ իրականության մեջ մեզ հայտնի առաջին թերթն է, որն լույս է տեսել ամբողջությամբ բարբառով՝ Ագուլիսի բարբառով : Այն Գողթն գավառի ապահովության կոմիտեի հասարակական, քաղաքական, գրական պատկերազարդ ամսագիրն էր։ Լույս է տեսել 19191920 թվականներին, ապա 1932 թվականին։ Առաջին համարը լույս է տեսել 1919 թվականին` ապրիլի 3-ին, Թիֆլիսում։ Ամսագիրը կազմված էր ութ էջից, որը խմբագրել են Ռստամ Զարգարյանցը և Հարություն Թումանյանը։ Ռստամ Զարգարյանցը Թիֆլիսում հայտնի բժիշկ էր, ընկերական հարաբերություններ ուներ Հովհաննես Թումանյանի հետ, մասնակցում էր վերջինիս կազմակերպած «Վերնատան» հավաքներին: Հարություն Թումանյանը ուսուցիչ էր և թատերագիր, ում ստեղծագործությունները բեմադրվում էին Թիֆլիսում գործող Զոկական թատրոնում: Երկուսն էլ ագուլեցիներ էին:
Ամսագրի 2-րդ օրինակը լույս է տեսել
1932 թվականի մարտի 20-ին «Աշխատավոր զոկի ճրոյգը» վերնագրով։ Ամսագրի նպատակն էր լուսաբանել Գողթնի կյանքն ու անցյալ պատմությունը, վառ պահել զոկական բարբառը և գողթնեցու ավանդությունները. այդ մասին հռչակվել է «Զօկի ճրոյգի»` 1919 թվականի ապրիլի 3-ի խմբագրականում։ 

«Զօկի ճրօյգի»` 1919 թվականի առաջին օրինակում, բացի խմբագրական հոդվածից, տպագրվել են նաև Հարություն Թումանյանի «Ա՜յ զօկ հարուստ», «Միր հըգեադարձ վաթանը», Ղազի Մուրադի «Ըգըլացիք», Սողոմոն Սողոմոնյանի «Ըգուլաց անումը» բանաստեղծությունները և Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»։ Առաջին համարում տպագրվել են նաև Ռ․ Զարգարյանի «Սէրը դիբի վաթանը», Ակուփ Ղլեկչու «Թա ուռտի ըմ իս սըվարալ գիրիլ կարդիլը», Հ․ Թումանյանի «Շօն–գեալուստի պընգլներից» և գրական–գեղարվեստական այլ աշխատանքներ և հոդվածներ։ Հանդեսի` 1932 թվականի մարտի 20-ի առաջին համարը նվիրված էր Ռ. Զարգարյանի 68-ամյակին։ Խմբագրական հոդվածից բացի` այդ համարում ընդգրկված էին Ռ. Զարգարյանի կյանքին և գրական գործունեությանը նվիրված «Ու՞մ ենք մեծարում» (հեղինակ` Հ. Մկրտումյան), Ռ. Զարգարյանի «Ըգուլիսը մատամա վերականգնվի», Մալից Գրիգորի «Մույն պտուտ Գողթանում» հոդվածները, Հ. Թումանյանի «Միր գեղը», «Մեծարանք բժ. Ռըստամա», Ռ. Զարգարյանի «Դըշտացիք» պոեմի վերջաբանը և այլ նյութեր:

 

Աղբյուրը՝ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995:

Բրյուսելում քննարկվել է դեպի Նախիջևան տարանցիկ ուղու հարցը

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած  Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև և Շառլ Միշել հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շ. Միշելի տարածած հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կոմունկիացիաների ապաշրջափակմանը: Հայտարարությամբ մասնավորապես ասվում է.

«Առաջնորդները պայմանավորվել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։ Նրանք պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածներ, նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրի հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների, տարանցման տուրքերի, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումների համատեքստում մաքսային ընթացակարգերի շուրջ։ Փոխվարչապետները առաջիկա օրերին կզբաղվեն այս աշխատանքով»:

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում հաղորդակցություն «Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածներ»։

Ըստ Ա. Գրիգորյանի «օրինակ, Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր կլինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»:

Հարցին, թե Հայաստանի քաղաքացիները ինչո՞ւ պիտի Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար օգտագործեն Նախիջևանի տարածքը, Գրիգորյանը պատասխանել է, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով:

ԱԽ քարտուղարն այնուամենայնիվ չի հստակեցրել, թե այս հաղարդակցության դեպքում մաքսային և սահմանային վերահսկողության ինչ սկզբունքներ պետք է գործեն։

Նաև ուշադրության չի արժանացել Միշելի կողմից  «Արևմտյան Ադրբեջան» արտահայտության գործածումը:

Նախիջևանի ու Արցախի միջև ավտոմոբիլային կամուրջներ են կառուցվում

Բաքուն և Թեհրանը ծրագրում են մեկ տարվա ընթացքում ավտոմոբիլային կամուրջներ շահագործման հանձնել, որոնք Նախիջևանը Իրանի տարածքով կկապեն Արցախին։ Իրան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ տարվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել այն ավտոմոբիլային կամուրջները, որոնք Իրանի տարածքով իրար կկապեն Ադրբեջանի Հանրապետության Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանն (խոսքը Արցախի օկուպացված տարածքների մասին է, խմբ.) ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը»:
 
Նա հիշեցրել է, որ մարտի 11-ին երկու երկրների կառավարությունները համապատասխան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի հուլիսին ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջանների բաժանման մասին» նոր օրենքը, ըստ որի` Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, այսպես կոչված՝ Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջաններ են ձևավորվել։
Ըստ այդ օրենքի՝ «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ են մտել Կովսականի (Զանգելան), Սանասարի (Կուբաթլու), Ջրականի (Ջաբրայիլ), Բերձորի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները։ Ղարաբաղի տնտեսական շրջանի մեջ են մտնում Ակնայի (Աղդամ), Շուշիի, Վարանդայի (Շուշիի), Թերթերի, Մարտունու, Իվանյանի (Խոջալուի), Աղջաբեդիի և Բարդայի շրջանները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքը։  
 
Աղբյուրը՝
https://armeniasputnik.am/20220518/adrbejany-hajtararel-e-vor-nakhijevani-u-gharabaghi-mijev-avtvomvobilajin-kamurjner-e-karucum-42205233.html

Դերենիկ Դեմիրճյանի դատողությունները Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ

(շարունակություն)

1918-21-ի դեպքերի ծավալը չէ, որ մեծ է: Չնչին է այն խոշոր դեպքերի համեմատությամբ, որ տեղի ունեցան Ռուսաստանում: Նրանք ծավալուն են իրենց քաղաքական (ներքին և արտաքին) նշանակությամբ: Դրանք համակովկասյան ծավալ ունեցան: Այդտեղ գործում էին անգլո-տաճկական ագրեսիան և ինտերվենցիան, որ նպատակ ունեին գրավել Կովկասը, համեստ դեպքում` Անդրկովկասը: Դրա զոհը եղավ (և կլինի ավելի չարաբախտորեն) հայ ժողովուրդը, որը միայնակ կանգնեց տաճկական զորքերի դեմ Էրզրումից մինչև Բաքու:
Ի՞նչ պետք է եզրակացնել սրանից: Ի՞նչ անել: Պետք է սրանից եզրակացնել, որ խնդիրը մեր շահագրգռությունը չէ, որ շահագրգռությունը, խնդիրը միայն հայկական չէ, այլ Միության շահագրգռությունն է Անդրկովկասում: Այդ շահագրգռությունը, որ թվում է, թե իրոք մերն է, ստացվել է պատմականորեն (Ռուսական օրիենտացիա, տաճկական թշնամություն: Կարելի է ավելացնել՝ վրացական և ադրբեջանական թշնամություն): Իհարկե, առանձին ուսումնասիրության հարց է, թե իրո՞ք գոյություն ունի այս վրացական և ադրբեջանական թշնամությունը` ընդդեմ հայերի, և ովքե՞ր են դրա կրողները: Ժողովուրդնե՞րը, թե՞ դրանց ինտելիգենցիան (քաղաքական ինտելիգենցիան): Սա կարևոր է, բայց ավելի կարևորն այն է, թե որքա՞ն վճռական դեր կարող է խաղալ դրանցից այս կամ այն խավը: Անդրկովկասը ռազմաքաղաքական «աքացիների» վայր է: Անդրկովկասն անգլո-տաճկական քաղաքական և ռազմական ագրեսիայի վայր է: Անդրկովկասը մի անգամ` 1918-ին, բաժանվել է Ռուսաստանից: Անդրկովկասում երեք քաղաքական բուրժուական կուսակցություններ` մենշևիկյան, մուսաֆաթական և դաշնակցական, Անգլիայի, Ամերիկայի, Գերմանիայի (Եվրոպայի) օրիենտացիա են ունեցել: Անդրկովկասում երեք ժողովուրդներ քաղաքական (տարբեր թեև) հաշիվներ են ունեցել Տաճկաստանի (իմա` Անգլիայի, Ամերիկայի, Գերմանիայի) հետ: Կապեր և կոնֆլիկտներ են առաջացել Տաճկաստանի, Անգլիայի, Ռուսաստանի հետ: Հայերը կռիվներ են վարել տաճիկների դեմ: Վրացիները և ադրբեջանցիները կապեր են հաստատել Տաճկաստանի հետ: Այնպես որ, «կուսական» վայր չէ Անդրկովկասը, անգամ` Կովկասը:
Սրա հիման վրա կարող ենք դեռ ավելի առաջ գնալ մեր անալիզի մեջ: Այսինքն` փաստ է, որ վերջին հարյուր տարվա մեջ միայն հայերն են, որ տաճիկների դեմ կռվել են` Զեյթունից, Սասունից, Էրզրումից սկսած, մինչև Բաքու: Իսկ 17-րդ դարից սկսած` հատուկ կռիվներ են ունեցել հայերը տաճիկների դեմ Զանգեզուրում և Ղարաբաղում: Եթե պատմությունը հանգիստ թողնե՞նք` իբրև «վաղեմություն», որ կարելի է «մոռանալ», իբրև մի «տեսական» ֆակտոր` նոր, կենդանի հարաբերությունների ֆակտորի դիմաց և, ուրեմն, անարժեք կատեգորիաներ` 1915-ի Հայկական Ջարդը, Աքսորը, կռիվները` Էրզրումից մինչև Սարդարապատ, Ապարան, Ղարաքիլիսա և ապա Ղարաբաղ, Բաքվի պատերի տակ վեց ամիս տևող կռիվները: Այս ամենը հայտածելով այն ֆակտորի կողքին, որ ո՛չ վրացիները և ո՛չ ադրբեջանցիները տաճիկների հետ այս հարյուր տարվա ընթացքում ընդհարում չեն ունեցել, ավելացնենք և այն ֆակտորը, որ Անդրկովկասի երեք գլխավոր ժողովուրդներից միայն հայերն են, որ ռուսական նախկին կայսրության մեջ ապրում էին երկու պետության մեջ, իսկ վրացիները և ադրբեջանցիները` միայն մի պետության մեջ, որ միայն հայերն էին, որ տաճիկների հետ արյան պատմություն ունեին, իսկ վրացի և ադրբեջանցի ազնվականությունը՝ բարեկամական կապեր: Այս բոլորը բացահայտ ցույց են տալիս, որ Անդրկովկասի ժողովուրդները` իրար կողքի, Տաճկաստանի դեմ կանգնած են հիմնավորապես տարբեր դիրքավորման մեջ: Նրանց կենդանի պատմությունը իրար վերաբերմամբ հակառակ ուղղություն է ունեցել մինչև 1920-21 թիվը: Այս թվերին Անդրկովկասը մտավ այս րոպեի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկաների Միության սիստեմի մեջ, որով և երեք ժողովուրդներն իրենց պատմությամբ մտան այնպիսի մի բոլորովին նոր վիճակի մեջ, որ պետք է վերջանային այդ երեքի պատմությունները: 
Վերջացա՞ն, թե՞ շարունակվեցին:
Դաշնակցության ձեռքը Րաֆֆի և Պատկանյան տալը եղավ Բաքվից՝ Ամիրխանյանի ձեռքով: Հարությունյանի ղեկավարության ժամանակ մեզ հարվածել են մեր ձեռքով: Հետո մենք ևս անգիտակցաբար հարվածել ենք ինքներս մեզ (դժգոհ մասսա մեր դեմ` Ղարաբաղը, Նախիջևանը, Ախալքալաքը)` գցելով այս դժգոհ մասսան դաշնակցության ձեռքը: Տնտեսական հարվածները ավելի խորացրին այս վտանգավոր դժգոհությունը:

_______

Հենց 18 թվից անգլիացիները, մուսաֆաթիստները համառորեն Նախիջևանն ու Ղարարաբաղը գցում էին Ադրբեջանի սիստեմի մեջ: Նրանք ստեղծեցին մի պահի ասած ՙպատմական տրադիցիա՚, հոգեբանության և վաղեմության նման մի բան, որի վրա պնդելով` ամրացրին այն կարծիքը, որ այս երկրամասերը Ադրբեջանինը պիտի լինեն և մնան Ադրբեջանի սիստեմի մեջ: Դրան ավելացրին նաև վախը և լռությունը այս հարցերը շարժողների դեմ:
Լենինականում և Ախալքալաքում երևաց այն խաբեբայությունը, որով Քեմալական Թյուրքիան վարում էր սովետների հանդեպ իր վարքագիծը: Չեկիստ (անունը մոռացել եմ) գրում է հուշեր իր` Լենինականում եղած ժամանակի, դեպքերի մասին (գտնել նրան): Պատերազմի մեջ երևաց, թե ինչ բարեկամ է Թյուրքիան մեզ համար. նույնը և՝ ներկայում:
Անգլոթյուրքական ագրեսիան այժմ արտահայտվում է իդեոլոգիական «< >» մեթոդով: Թյուրքիան ուզում է նոր քեմալական ներկայացում տալ, երբ մենք հաղթենք Ամերիկային: Թյուրքիայի մի նոր վտանգման ժամանակ Ն. Հիքմեթը, Մ. Իբրահիմովը պրոբլեմներ են: Հիշենք. 22 (?), Բաքվի թյուրք «բոլշևիկները», 20-ի վերջերում «բոլշևիկ» սպաների արշավանքը Ղարաբաղի և Զանգեզուրի վրայով դեպի Թյուրքիա` «պրոպագանդ» անելու, որոնք լավ «պրոպագանդ» արին Ղարաբաղում…
(Թյուրքիայի «կոնստիտուցիոնալ» օրիենտացիան, վիճակը է մշտական պայքար Ռուսաստանի դեմ):
Նոր ֆակտորներ Սովետական Հայաստանում՝ գաղութահայությունը և նոր հայրենազրկությունը: Հարկավոր է զրկել դաշնակցությանն այս հարցին մասնակցելու հնարավորությունից, որով և կարող է սնվել նա:
Սա մեր Սովետական Սոցիալիստական Միության ներքին հարցն է, որ ոչ ոքի չենք զիջի: Սովետական հայրենասիրությունը ամենահաստատ և կազմակերպիչ ուժն է մեր պետության: Ահա դրան էին խփում… նացիոնալիզմի զրպարտանքով
Նկատելի է, որ Թիֆլիսը ճնշեց և խեղդեց բոլշևիկների ելույթներն ու ապստամբության փորձը, իսկ Բաքուն՝ չկարողացավ: (Թիֆլիսը` մենշևիկները, Բաքուն` մուսաֆաթիստները):
«Կարողանալու», «չկարողանալու» փաստերը ես դնում եմ խիստ կարևորությամբ: Դա ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար 1918-20 թվերին և խիստ կարևորություն է ներկայացնում նաև այժմ քանի որ բոլշևիզմի ներկայությունն ու բացակայությունը Անդրկովկասում ունեցավ և ունի ճակատագրական նշանակություն հայ ժողովրդի համար: Դա ուներ և ունի նշանակություն Անդրկովկասի մնացած երկու ժողովուրդների համար ևս: Դա ճիշտ է՝ միայն որոշակի սահմաններում, մինչդեռ հայ ժողովրդի համար` բացառիկ, վերին աստիճանի արտակարգ: Ամենևին մտադիր չլինելով տենդենցիոզ ու անճիշտ գաղափար կազմել տալ վրացի ու ադրբեջանցի ժողովուրդների` դեպի բոլշևիզմը տածած համակրանքի հարցում` ես հարուցում եմ ժողովուրդների օրիենտացիայի ուժի կարողության հարցը: Որքա՞ն կարող էին և կարողացան ադրբեջանական և վրացական ժողովուրդները պահել բոլշևիզմը Անդրկովկասում, երբ ռուսական զորքն ամբողջովին անցավ Կովկասյան լեռնաշղթայի այն կողմը:
Ես նայում եմ մերկ փաստին: Նրանք չկարողացան, թեև, ասենք, կամեցան
(այսինքն` նրանց մեջ եղած բոլշևիկները և բոլշևիկացած տարրերը):
Հայ ժողովուրդը միայն կամեցավ և որոշ չափով կարողացավ: Կարողացավ` Բաքվում: Բաքվում կազմելով զգալի ուժ` կարողացավ, ռուս (թուլացած) բոլշևիկների և ադրբեջանական (նույնպես թույլ) բոլշևիկների գլուխ անցած, պաշտպանել Բաքուն տաճիկների հարձակումից վեց ամիս: Բաքվի այս բռունցքը՝ կոմունարների (այստեղ ձեռագիրն ընհատվում է):

Ձեռագրում, ընդհանուր շարադրանքից դուրս՝ առանձին թերթիկների վրա կատարվել են որոշ գրառումներ, որոնք ներկայացնում ենք ըստ թեմայի հետ ունեցած առնչության:

1) Անդրկովկասի, ավելի ճիշտ` Կովկասի սովետական սոցիալիստական գործին մեծ հարված է տրված Բերիայի և Բագիրովի դավաճանական գործունեությամբ:
2) Ոչ թե Հայաստանի պաշտպանություն (ծիծաղելի կլինի տանել միայն Հայաստանի պաշտպանություն), այլ` Փոքր Կովկասի, այլ` Անդրկովկասի, և ապա` Կովկասի պաշտպանություն, Բաքվինն էլ: Հարց. Ամբողջ Կովկասը պետք է կանգնի Բաքվի պաշտպանության համար: 3) Մենք երկու անգամ ռուսներին բերինք (օժանդակեցինք) Անդրկովկաս.
ա) Պյոտր 1-ինին և բ) բոլշևիկներին` Բաքու: Այսուհետև պետք է երրորդ անգամ բերենք ռուսական գաղափարը (օրիենտացիան), որ թուլացել է:
– Մեզ առանձնացրին և իրենք էլ մեզնից առանձնացան: Ապա թե ոչ` ինչո՞ւ Ղարաբաղի և Հայաստանի միջև խցկեցին ՙՔուրդիստանը՚: Ինչո՞ւ Գանձակի և Սևանի միջև խցկեցին նորաշեն ադրբեջանական գյուղերը: Ինչո՞ւ խրեցին ՙերզնկյանական՚ սեպը Արփաչայի ակունքների ուղղությամբ:

Ամբողջ տրագեդիան այն է, որ մի կողմից մեզ լռեցնում են ավելի և ավելի, մյուս կողմից այնպիսի պրովոկացիաներ են անում, որ մենք պոռթկանք, անհավասարակշիռ ելույթներ ունենանք, ավելի և ավելի ընկնենք ծայրահեղությունների մեջ (Հռիփսիմեն, Մաշտոցը, Կարսը), և մեզ մեղադրեն նացիոնալիզմի մեջ այն ժամանակ, երբ մենք ստիպված ենք լինում ցուցադրել մեր պատրիոտիզմը:
Առհասարակ չգրված մի օրենք է դարձել, չպայմանավորված համաձայնություն
միշտ հայերի պատրիոտիզմը դարձնել մեղադրանք` նացիոնալիզմ: Հայ կուլտուրայի որևէ երևույթը նշելը, վեր հանելը, հայ ժողովրդի որևէ պատմական կամ ներկայի առավելությունը, հայերեն խոսելու ցանկությունը և այլն որակվել է որպես նացիոնալիզմ:
Ոչ մի լենինյան դրույթ, որ հայ ժողովրդի համար ևս գոյություն ունի կարծես. հայերի դեպքում նացիոնալիզմ է: Ղարաբաղի պահանջը, Նախիջևանի պահանջը, Ախալքալաքի համար որևէ դրության պահանջը միշտ համարվել է նացիոնալիզմ:

Նախիջևանում թմրանյութի փոխադրման փորձ է կանխվել

Նախիջևանի Շահթախթի սահմանային անցակետում մաքսային ծառայության աշխատակիցները զննության ժամանակ բեռնատարի վառելիքի բաքում հայտնաբերել են 8 կիլոգրամ 700 գրամ քաշով մաքուր հերոին տեսակի թմրանյութ:

Բեռնատարը ուղևորվում էր Գերանիայի Դաշնային Հանրապետություն: Վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Նախիջևանի անցակետերում հայտնաբերվում և կանխվում են խոշոր քանակի թմրամիջոցների տարանցման փորձեր: 

Տարածաշրջանում Նախիջևանը կարևոր տարանցիկ հանգույց է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և տեղափոխման համար: Հատկապես Նախիջևանի տարածքով են անցնում Աֆղանստանից Իրանի և Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցվող թմրանյութերի հիմնական մասը:

Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ–ում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում  ունեցած ելույթում խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին: Գևորգյանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը`մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը: «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջին փուլ: Կա մեկ այլ բան էլ, որ մեր օրերում Ադրբեջանը ժխտում է Թուրքիայի աջակցությամբ, այն է ՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքը:

2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում՝ Լեռնային Ղարաբաղում, հայ ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ. կա’մ շարունակել ընթանալ իր անկախ զարգացման և
արժանապատիվ կյանքի ճանապարհով՝ պահպանելով ազգային ինքնությունը, կա’մ կրկնել մեր հայրենակիցների սարսափելի ճակատագիրը, ովքեր ժամանակին ապրել են ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևան անունով տարածաշրջանում:

Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին»,- ընդգծել է Գևորգյանը:

Պատգամավորը կոչ է անում Եվրոպայի խորհրդին հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից:

«Այդ սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, բազմիցս խախտվել է և շարունակում է խախտվել այս օրերին։ Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը չի կարող Արցախի հայ ժողովրդից պահանջել ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո, որը հայերի նկատմամբ էթնիկ զտումների պետական քաղաքականություն է իրականացնում։ Պետություն, որը երեք տասնամյակների ընթացքում նրանց դեմ երեք լայնածավալ պատերազմ է սանձազերծել։ Պետություն, որը փորձում է վերաշարադրել տարածաշրջանի
պատմությունը՝ ժխտելու համար հայկական ժառանգության և մշակույթի զուտ գոյությունը։ Եվ վերջապես՝ մի պետություն, որը չի ամաչում հրապարակայնորեն հայտարարել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին»,- շեշտել է Գևորգյանը:

Պատգամավորը հավատում է, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի:

«Երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ: Մեր կազմակերպության համար կարևոր մարտահրավեր է սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու գործում գազի և նավթի դիմաց Եվրոպայի լուռ համաձայնությունն ապահովելու Ադրբեջանի ջանքերը»,- ասել է Գևորգյանը:

Պատգամավորը նաև անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից հայերին ուղղված «Գորշ գայլերի» ժեստի ցուցադրությանը:

«Նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով: Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին»,- եզրափակել է Գևորգյանը:

 

Աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2022/04/26/Armen-gevorgyan/3794239