«Զօկի ճրօյգը» կամ հայերեն առաջին թերթը՝ բարբառով

«Զօկի ճրօյգը» հայ իրականության մեջ մեզ հայտնի առաջին թերթն է, որն լույս է տեսել ամբողջությամբ բարբառով՝ Ագուլիսի բարբառով : Այն Գողթն գավառի ապահովության կոմիտեի հասարակական, քաղաքական, գրական պատկերազարդ ամսագիրն էր։ Լույս է տեսել 19191920 թվականներին, ապա 1932 թվականին։ Առաջին համարը լույս է տեսել 1919 թվականին` ապրիլի 3-ին, Թիֆլիսում։ Ամսագիրը կազմված էր ութ էջից, որը խմբագրել են Ռստամ Զարգարյանցը և Հարություն Թումանյանը։ Ռստամ Զարգարյանցը Թիֆլիսում հայտնի բժիշկ էր, ընկերական հարաբերություններ ուներ Հովհաննես Թումանյանի հետ, մասնակցում էր վերջինիս կազմակերպած «Վերնատան» հավաքներին: Հարություն Թումանյանը ուսուցիչ էր և թատերագիր, ում ստեղծագործությունները բեմադրվում էին Թիֆլիսում գործող Զոկական թատրոնում: Երկուսն էլ ագուլեցիներ էին:
Ամսագրի 2-րդ օրինակը լույս է տեսել
1932 թվականի մարտի 20-ին «Աշխատավոր զոկի ճրոյգը» վերնագրով։ Ամսագրի նպատակն էր լուսաբանել Գողթնի կյանքն ու անցյալ պատմությունը, վառ պահել զոկական բարբառը և գողթնեցու ավանդությունները. այդ մասին հռչակվել է «Զօկի ճրոյգի»` 1919 թվականի ապրիլի 3-ի խմբագրականում։ 

«Զօկի ճրօյգի»` 1919 թվականի առաջին օրինակում, բացի խմբագրական հոդվածից, տպագրվել են նաև Հարություն Թումանյանի «Ա՜յ զօկ հարուստ», «Միր հըգեադարձ վաթանը», Ղազի Մուրադի «Ըգըլացիք», Սողոմոն Սողոմոնյանի «Ըգուլաց անումը» բանաստեղծությունները և Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»։ Առաջին համարում տպագրվել են նաև Ռ․ Զարգարյանի «Սէրը դիբի վաթանը», Ակուփ Ղլեկչու «Թա ուռտի ըմ իս սըվարալ գիրիլ կարդիլը», Հ․ Թումանյանի «Շօն–գեալուստի պընգլներից» և գրական–գեղարվեստական այլ աշխատանքներ և հոդվածներ։ Հանդեսի` 1932 թվականի մարտի 20-ի առաջին համարը նվիրված էր Ռ. Զարգարյանի 68-ամյակին։ Խմբագրական հոդվածից բացի` այդ համարում ընդգրկված էին Ռ. Զարգարյանի կյանքին և գրական գործունեությանը նվիրված «Ու՞մ ենք մեծարում» (հեղինակ` Հ. Մկրտումյան), Ռ. Զարգարյանի «Ըգուլիսը մատամա վերականգնվի», Մալից Գրիգորի «Մույն պտուտ Գողթանում» հոդվածները, Հ. Թումանյանի «Միր գեղը», «Մեծարանք բժ. Ռըստամա», Ռ. Զարգարյանի «Դըշտացիք» պոեմի վերջաբանը և այլ նյութեր:

 

Աղբյուրը՝ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995: