Բաքուն և Թեհրանը ծրագրում են մեկ տարվա ընթացքում ավտոմոբիլային կամուրջներ շահագործման հանձնել, որոնք Նախիջևանը Իրանի տարածքով կկապեն Արցախին։ Իրան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ տարվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել այն ավտոմոբիլային կամուրջները, որոնք Իրանի տարածքով իրար կկապեն Ադրբեջանի Հանրապետության Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանն (խոսքը Արցախի օկուպացված տարածքների մասին է, խմբ.) ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը»:
Նա հիշեցրել է, որ մարտի 11-ին երկու երկրների կառավարությունները համապատասխան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի հուլիսին ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջանների բաժանման մասին» նոր օրենքը, ըստ որի` Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, այսպես կոչված՝ Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջաններ են ձևավորվել։
Ըստ այդ օրենքի՝ «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ են մտել Կովսականի (Զանգելան), Սանասարի (Կուբաթլու), Ջրականի (Ջաբրայիլ), Բերձորի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները։ Ղարաբաղի տնտեսական շրջանի մեջ են մտնում Ակնայի (Աղդամ), Շուշիի, Վարանդայի (Շուշիի), Թերթերի, Մարտունու, Իվանյանի (Խոջալուի), Աղջաբեդիի և Բարդայի շրջանները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքը։
Աղբյուրը՝
https://armeniasputnik.am/20220518/adrbejany-hajtararel-e-vor-nakhijevani-u-gharabaghi-mijev-avtvomvobilajin-kamurjner-e-karucum-42205233.html