Բրյուսելում քննարկվել է դեպի Նախիջևան տարանցիկ ուղու հարցը

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած  Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև և Շառլ Միշել հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շ. Միշելի տարածած հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կոմունկիացիաների ապաշրջափակմանը: Հայտարարությամբ մասնավորապես ասվում է.

«Առաջնորդները պայմանավորվել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։ Նրանք պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածներ, նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրի հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների, տարանցման տուրքերի, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումների համատեքստում մաքսային ընթացակարգերի շուրջ։ Փոխվարչապետները առաջիկա օրերին կզբաղվեն այս աշխատանքով»:

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում հաղորդակցություն «Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածներ»։

Ըստ Ա. Գրիգորյանի «օրինակ, Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր կլինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»:

Հարցին, թե Հայաստանի քաղաքացիները ինչո՞ւ պիտի Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար օգտագործեն Նախիջևանի տարածքը, Գրիգորյանը պատասխանել է, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով:

ԱԽ քարտուղարն այնուամենայնիվ չի հստակեցրել, թե այս հաղարդակցության դեպքում մաքսային և սահմանային վերահսկողության ինչ սկզբունքներ պետք է գործեն։

Նաև ուշադրության չի արժանացել Միշելի կողմից  «Արևմտյան Ադրբեջան» արտահայտության գործածումը: