Դերենիկ Դեմիրճյանի դատողությունները Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ

(շարունակություն)

1918-21-ի դեպքերի ծավալը չէ, որ մեծ է: Չնչին է այն խոշոր դեպքերի համեմատությամբ, որ տեղի ունեցան Ռուսաստանում: Նրանք ծավալուն են իրենց քաղաքական (ներքին և արտաքին) նշանակությամբ: Դրանք համակովկասյան ծավալ ունեցան: Այդտեղ գործում էին անգլո-տաճկական ագրեսիան և ինտերվենցիան, որ նպատակ ունեին գրավել Կովկասը, համեստ դեպքում` Անդրկովկասը: Դրա զոհը եղավ (և կլինի ավելի չարաբախտորեն) հայ ժողովուրդը, որը միայնակ կանգնեց տաճկական զորքերի դեմ Էրզրումից մինչև Բաքու:
Ի՞նչ պետք է եզրակացնել սրանից: Ի՞նչ անել: Պետք է սրանից եզրակացնել, որ խնդիրը մեր շահագրգռությունը չէ, որ շահագրգռությունը, խնդիրը միայն հայկական չէ, այլ Միության շահագրգռությունն է Անդրկովկասում: Այդ շահագրգռությունը, որ թվում է, թե իրոք մերն է, ստացվել է պատմականորեն (Ռուսական օրիենտացիա, տաճկական թշնամություն: Կարելի է ավելացնել՝ վրացական և ադրբեջանական թշնամություն): Իհարկե, առանձին ուսումնասիրության հարց է, թե իրո՞ք գոյություն ունի այս վրացական և ադրբեջանական թշնամությունը` ընդդեմ հայերի, և ովքե՞ր են դրա կրողները: Ժողովուրդնե՞րը, թե՞ դրանց ինտելիգենցիան (քաղաքական ինտելիգենցիան): Սա կարևոր է, բայց ավելի կարևորն այն է, թե որքա՞ն վճռական դեր կարող է խաղալ դրանցից այս կամ այն խավը: Անդրկովկասը ռազմաքաղաքական «աքացիների» վայր է: Անդրկովկասն անգլո-տաճկական քաղաքական և ռազմական ագրեսիայի վայր է: Անդրկովկասը մի անգամ` 1918-ին, բաժանվել է Ռուսաստանից: Անդրկովկասում երեք քաղաքական բուրժուական կուսակցություններ` մենշևիկյան, մուսաֆաթական և դաշնակցական, Անգլիայի, Ամերիկայի, Գերմանիայի (Եվրոպայի) օրիենտացիա են ունեցել: Անդրկովկասում երեք ժողովուրդներ քաղաքական (տարբեր թեև) հաշիվներ են ունեցել Տաճկաստանի (իմա` Անգլիայի, Ամերիկայի, Գերմանիայի) հետ: Կապեր և կոնֆլիկտներ են առաջացել Տաճկաստանի, Անգլիայի, Ռուսաստանի հետ: Հայերը կռիվներ են վարել տաճիկների դեմ: Վրացիները և ադրբեջանցիները կապեր են հաստատել Տաճկաստանի հետ: Այնպես որ, «կուսական» վայր չէ Անդրկովկասը, անգամ` Կովկասը:
Սրա հիման վրա կարող ենք դեռ ավելի առաջ գնալ մեր անալիզի մեջ: Այսինքն` փաստ է, որ վերջին հարյուր տարվա մեջ միայն հայերն են, որ տաճիկների դեմ կռվել են` Զեյթունից, Սասունից, Էրզրումից սկսած, մինչև Բաքու: Իսկ 17-րդ դարից սկսած` հատուկ կռիվներ են ունեցել հայերը տաճիկների դեմ Զանգեզուրում և Ղարաբաղում: Եթե պատմությունը հանգիստ թողնե՞նք` իբրև «վաղեմություն», որ կարելի է «մոռանալ», իբրև մի «տեսական» ֆակտոր` նոր, կենդանի հարաբերությունների ֆակտորի դիմաց և, ուրեմն, անարժեք կատեգորիաներ` 1915-ի Հայկական Ջարդը, Աքսորը, կռիվները` Էրզրումից մինչև Սարդարապատ, Ապարան, Ղարաքիլիսա և ապա Ղարաբաղ, Բաքվի պատերի տակ վեց ամիս տևող կռիվները: Այս ամենը հայտածելով այն ֆակտորի կողքին, որ ո՛չ վրացիները և ո՛չ ադրբեջանցիները տաճիկների հետ այս հարյուր տարվա ընթացքում ընդհարում չեն ունեցել, ավելացնենք և այն ֆակտորը, որ Անդրկովկասի երեք գլխավոր ժողովուրդներից միայն հայերն են, որ ռուսական նախկին կայսրության մեջ ապրում էին երկու պետության մեջ, իսկ վրացիները և ադրբեջանցիները` միայն մի պետության մեջ, որ միայն հայերն էին, որ տաճիկների հետ արյան պատմություն ունեին, իսկ վրացի և ադրբեջանցի ազնվականությունը՝ բարեկամական կապեր: Այս բոլորը բացահայտ ցույց են տալիս, որ Անդրկովկասի ժողովուրդները` իրար կողքի, Տաճկաստանի դեմ կանգնած են հիմնավորապես տարբեր դիրքավորման մեջ: Նրանց կենդանի պատմությունը իրար վերաբերմամբ հակառակ ուղղություն է ունեցել մինչև 1920-21 թիվը: Այս թվերին Անդրկովկասը մտավ այս րոպեի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկաների Միության սիստեմի մեջ, որով և երեք ժողովուրդներն իրենց պատմությամբ մտան այնպիսի մի բոլորովին նոր վիճակի մեջ, որ պետք է վերջանային այդ երեքի պատմությունները: 
Վերջացա՞ն, թե՞ շարունակվեցին:
Դաշնակցության ձեռքը Րաֆֆի և Պատկանյան տալը եղավ Բաքվից՝ Ամիրխանյանի ձեռքով: Հարությունյանի ղեկավարության ժամանակ մեզ հարվածել են մեր ձեռքով: Հետո մենք ևս անգիտակցաբար հարվածել ենք ինքներս մեզ (դժգոհ մասսա մեր դեմ` Ղարաբաղը, Նախիջևանը, Ախալքալաքը)` գցելով այս դժգոհ մասսան դաշնակցության ձեռքը: Տնտեսական հարվածները ավելի խորացրին այս վտանգավոր դժգոհությունը:

_______

Հենց 18 թվից անգլիացիները, մուսաֆաթիստները համառորեն Նախիջևանն ու Ղարարաբաղը գցում էին Ադրբեջանի սիստեմի մեջ: Նրանք ստեղծեցին մի պահի ասած ՙպատմական տրադիցիա՚, հոգեբանության և վաղեմության նման մի բան, որի վրա պնդելով` ամրացրին այն կարծիքը, որ այս երկրամասերը Ադրբեջանինը պիտի լինեն և մնան Ադրբեջանի սիստեմի մեջ: Դրան ավելացրին նաև վախը և լռությունը այս հարցերը շարժողների դեմ:
Լենինականում և Ախալքալաքում երևաց այն խաբեբայությունը, որով Քեմալական Թյուրքիան վարում էր սովետների հանդեպ իր վարքագիծը: Չեկիստ (անունը մոռացել եմ) գրում է հուշեր իր` Լենինականում եղած ժամանակի, դեպքերի մասին (գտնել նրան): Պատերազմի մեջ երևաց, թե ինչ բարեկամ է Թյուրքիան մեզ համար. նույնը և՝ ներկայում:
Անգլոթյուրքական ագրեսիան այժմ արտահայտվում է իդեոլոգիական «< >» մեթոդով: Թյուրքիան ուզում է նոր քեմալական ներկայացում տալ, երբ մենք հաղթենք Ամերիկային: Թյուրքիայի մի նոր վտանգման ժամանակ Ն. Հիքմեթը, Մ. Իբրահիմովը պրոբլեմներ են: Հիշենք. 22 (?), Բաքվի թյուրք «բոլշևիկները», 20-ի վերջերում «բոլշևիկ» սպաների արշավանքը Ղարաբաղի և Զանգեզուրի վրայով դեպի Թյուրքիա` «պրոպագանդ» անելու, որոնք լավ «պրոպագանդ» արին Ղարաբաղում…
(Թյուրքիայի «կոնստիտուցիոնալ» օրիենտացիան, վիճակը է մշտական պայքար Ռուսաստանի դեմ):
Նոր ֆակտորներ Սովետական Հայաստանում՝ գաղութահայությունը և նոր հայրենազրկությունը: Հարկավոր է զրկել դաշնակցությանն այս հարցին մասնակցելու հնարավորությունից, որով և կարող է սնվել նա:
Սա մեր Սովետական Սոցիալիստական Միության ներքին հարցն է, որ ոչ ոքի չենք զիջի: Սովետական հայրենասիրությունը ամենահաստատ և կազմակերպիչ ուժն է մեր պետության: Ահա դրան էին խփում… նացիոնալիզմի զրպարտանքով
Նկատելի է, որ Թիֆլիսը ճնշեց և խեղդեց բոլշևիկների ելույթներն ու ապստամբության փորձը, իսկ Բաքուն՝ չկարողացավ: (Թիֆլիսը` մենշևիկները, Բաքուն` մուսաֆաթիստները):
«Կարողանալու», «չկարողանալու» փաստերը ես դնում եմ խիստ կարևորությամբ: Դա ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար 1918-20 թվերին և խիստ կարևորություն է ներկայացնում նաև այժմ քանի որ բոլշևիզմի ներկայությունն ու բացակայությունը Անդրկովկասում ունեցավ և ունի ճակատագրական նշանակություն հայ ժողովրդի համար: Դա ուներ և ունի նշանակություն Անդրկովկասի մնացած երկու ժողովուրդների համար ևս: Դա ճիշտ է՝ միայն որոշակի սահմաններում, մինչդեռ հայ ժողովրդի համար` բացառիկ, վերին աստիճանի արտակարգ: Ամենևին մտադիր չլինելով տենդենցիոզ ու անճիշտ գաղափար կազմել տալ վրացի ու ադրբեջանցի ժողովուրդների` դեպի բոլշևիզմը տածած համակրանքի հարցում` ես հարուցում եմ ժողովուրդների օրիենտացիայի ուժի կարողության հարցը: Որքա՞ն կարող էին և կարողացան ադրբեջանական և վրացական ժողովուրդները պահել բոլշևիզմը Անդրկովկասում, երբ ռուսական զորքն ամբողջովին անցավ Կովկասյան լեռնաշղթայի այն կողմը:
Ես նայում եմ մերկ փաստին: Նրանք չկարողացան, թեև, ասենք, կամեցան
(այսինքն` նրանց մեջ եղած բոլշևիկները և բոլշևիկացած տարրերը):
Հայ ժողովուրդը միայն կամեցավ և որոշ չափով կարողացավ: Կարողացավ` Բաքվում: Բաքվում կազմելով զգալի ուժ` կարողացավ, ռուս (թուլացած) բոլշևիկների և ադրբեջանական (նույնպես թույլ) բոլշևիկների գլուխ անցած, պաշտպանել Բաքուն տաճիկների հարձակումից վեց ամիս: Բաքվի այս բռունցքը՝ կոմունարների (այստեղ ձեռագիրն ընհատվում է):

Ձեռագրում, ընդհանուր շարադրանքից դուրս՝ առանձին թերթիկների վրա կատարվել են որոշ գրառումներ, որոնք ներկայացնում ենք ըստ թեմայի հետ ունեցած առնչության:

1) Անդրկովկասի, ավելի ճիշտ` Կովկասի սովետական սոցիալիստական գործին մեծ հարված է տրված Բերիայի և Բագիրովի դավաճանական գործունեությամբ:
2) Ոչ թե Հայաստանի պաշտպանություն (ծիծաղելի կլինի տանել միայն Հայաստանի պաշտպանություն), այլ` Փոքր Կովկասի, այլ` Անդրկովկասի, և ապա` Կովկասի պաշտպանություն, Բաքվինն էլ: Հարց. Ամբողջ Կովկասը պետք է կանգնի Բաքվի պաշտպանության համար: 3) Մենք երկու անգամ ռուսներին բերինք (օժանդակեցինք) Անդրկովկաս.
ա) Պյոտր 1-ինին և բ) բոլշևիկներին` Բաքու: Այսուհետև պետք է երրորդ անգամ բերենք ռուսական գաղափարը (օրիենտացիան), որ թուլացել է:
– Մեզ առանձնացրին և իրենք էլ մեզնից առանձնացան: Ապա թե ոչ` ինչո՞ւ Ղարաբաղի և Հայաստանի միջև խցկեցին ՙՔուրդիստանը՚: Ինչո՞ւ Գանձակի և Սևանի միջև խցկեցին նորաշեն ադրբեջանական գյուղերը: Ինչո՞ւ խրեցին ՙերզնկյանական՚ սեպը Արփաչայի ակունքների ուղղությամբ:

Ամբողջ տրագեդիան այն է, որ մի կողմից մեզ լռեցնում են ավելի և ավելի, մյուս կողմից այնպիսի պրովոկացիաներ են անում, որ մենք պոռթկանք, անհավասարակշիռ ելույթներ ունենանք, ավելի և ավելի ընկնենք ծայրահեղությունների մեջ (Հռիփսիմեն, Մաշտոցը, Կարսը), և մեզ մեղադրեն նացիոնալիզմի մեջ այն ժամանակ, երբ մենք ստիպված ենք լինում ցուցադրել մեր պատրիոտիզմը:
Առհասարակ չգրված մի օրենք է դարձել, չպայմանավորված համաձայնություն
միշտ հայերի պատրիոտիզմը դարձնել մեղադրանք` նացիոնալիզմ: Հայ կուլտուրայի որևէ երևույթը նշելը, վեր հանելը, հայ ժողովրդի որևէ պատմական կամ ներկայի առավելությունը, հայերեն խոսելու ցանկությունը և այլն որակվել է որպես նացիոնալիզմ:
Ոչ մի լենինյան դրույթ, որ հայ ժողովրդի համար ևս գոյություն ունի կարծես. հայերի դեպքում նացիոնալիզմ է: Ղարաբաղի պահանջը, Նախիջևանի պահանջը, Ախալքալաքի համար որևէ դրության պահանջը միշտ համարվել է նացիոնալիզմ: