Արգամ Այվազյանի աշխատությամբ հնարավոր կլինի հակադարձել Ադրբեջանի զեղծարարություններին ու հակահայկական քաղաքականությանը

Ադրբեջանի պետական ու գիտական կառույցները, որոնք խորհրդային տարիներից ի վեր հնարավոր բոլոր միջոցներով ձեռնամուխ են եղել իրենց իշխանության տակ գտնվող հայկական բնակավայրերի պատմամշակութային ժառանգության վերացմանը, այսօր էլ եռանդուն կերպով ջանում են թե՛ կանգուն, թե՛ ավերված հայկական պատմական արժեքները վերագրել Ադրբեջանին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը։ 

«Հայաստանի և արտերկրի լրատվամիջոցներով բազմիցս փաստվել և այսօր էլ փաստվում է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից  պարբերաբար  իր  հսկողության տակ գտնվող  տարածքներում, ինչպես, օրինակ,  այսօր Արցախում,  հայկական նյութական հուշարձանները բացեիբաց ենթարկվում են մշակութային ցեղասպանության։  Մի վայրագություն, որի կիրառման համար Ադրբեջանը պետական քաղաքականություն իրականացնելու մեծ փորձ ունի։ Հայկական պատմամշակութային արժեքների նկատմամբ վերջին 20-25 տարիների ադրբեջանական պետական վանդալիզմը նախևառաջ վերաբերում է Նախիջևանի հայկական ավելի քան 26 հազար հուշարձանների հիմնահատակ և ամբողջովին ոչնչացմանը։ Ցավով պետք է արձանագրել, որ Ադրբեջանն  իր իրագործած մշակութային  ցեղասպանության համար միջազգայնորեն պատասխանատվության չի ենթարկվել։ Հանգամանք, որն Ադրբեջանին իրավունք է տալիս  այսօր էլ Արցախի հայոց ժառանգությունը ևս քայլ առ քայլ  ոչնչացնել»,- ասաց Այվազյանը։

Նա վերջին տարիներին տվյալ հարցը թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում բազմիցս բարձրաձայնել է՝ ընդգծելով, որ ադրբեջանական պետական պաշտոնյաներն ու գիտական կառույցները ջանադրաբար և ծրագրված կերպով շարունակում են հակահայկական քաղաքականությունը։ Մասնավորապես՝ Նախիջևանի նյութական հուշարձանների վերաբերյալ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Նախիջևանի բաժանմունքը 2008 թվականին հրատարակել է գիտահանրամատչելի հանրագիտարան՝ ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով, որում հայկական վաղ միջնադարյան բոլոր բերդերն ու բնակատեղիները, կամուրջները, երրորդից առաջին հազարամյակներից մինչև ուշ միջնադարի բոլոր հնավայրերն ու հնագիտական գտածոներն անխտիր ներկայացված են որպես ադրբեջանական, Ադրբեջանի պատմության և ժողովրդի մշակույթին վերաբերող արժեքներ։ Այդ հրատարակությունում հայկական բնակավայրերի անվանումները ներկայացված են ադրբեջանական աղավաղումներով, ուստի հրատարակությանը ծանոթացող ոչ մի օտար ընթերցող չի կարող կռահել անգամ, որ այդտեղ երբևէ բնակվել են հայեր՝ թողնելով հուշարձան կամ հետք։

Այդ ամենևին Այվազյանը բնականաբար հակադարձել է և վերջերս էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում հանրության  ուշադրությանն է ներկայացրել դեռ չհրատարակված իր ստվարածավալ աշխատությունը՝  «ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» վերնագրով։

«Այդ աշխատությունը եռալեզու է (հայերեն, անգլերեն, ռուսերեն), բաղկացած է 1072 էջից։ Ընդգրկում է ադրբեջանական վանդալիզմի հետևանքով 1998-2006 թվականներին հիմնահատակ ավերված Նախիջևանի հայկական ժառանգության վերաբերյալ համապատասխան տեքստերով ավելի քան 1600 փաստավավերագրական լուսանկարներ, որոնցից շուրջ 580-ը գունավոր են։ Այն, փաստորեն, Նախիջևանի հայոց ժառանգության վերաբերյալ պատմագիտական ուսումնասիրություն լինելուց բացի, ունի նաև փաստավավերագրական փաստաթղթի քաղաքական նշանակություն և արժեք»,- ասաց Այվազյանը։ 

Նրա կարծիքով՝ աշխատությունը կարող է Հայաստանի ու նրա Գիտությունների ազգային ակադեմիայի ձեռքին լինել հզոր կռվան՝ արդյունավետորեն հակադարձելու ադրբեջանական կողմի զեղծարարություններին։ Հեղինակն ակնկալում է հայրենասեր անհատների, գործարարների, հովանավորների աջակցությունը՝ այդ մեծարժեք աշխատությունը հրատարակելու համար և հույս ունի, որ նվիրյալ անձինք կգիտակցեն դրա կարևորությունն ու, տպագրությանն աջակցելով, կմասնակցեն Նախիջևանին առնչվող խնդիրների վերհանմանը։

Մանվել Մարգարյան

https://armenpress.am/arm/news/1130636.html

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը մեկօրյա աշխատանքային այցով կայցելի Նախիջևան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության  հաղորդման մեջ։

Այցը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդման  համաձայն, առաջնորդները կքննարկեն երկկողմ՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները։

Մտքերի փոխանակում տեղի կունենա նաև տարածաշրջանային և միջազգային ընթացիկ  հարցերի, առաջին հերթին՝ ղարաբաղյան վերջին իրադարձությունների  շուրջ։

Ակնկալվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը և Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։

Աղբյուրը՝  https://news.am/arm/news/782965.html

Նախիջևանի ՀԿ-ները «Հայաստանի կողմից շրջափակման» հարցով դիմել են միջազգային հանրությանը

Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները դիմել են միջազգային հանրությանը։

«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններս, դիմում ենք միջազգային հանրությանը, որպեսզի տեղեկացնենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն ավելի քան 30 տարի ապրում է շրջափակման մեջ։ Նախիջևանի բնակչությունը շրջափակման պատճառով գրեթե 15 տարի առանց գազի էր, նույնիսկ էլեկտրականություն չկար։ Ադրբեջանի հիմնական մասից անցկացված էլեկտրահաղորդման գծերը կտրվել են Հայաստանի կողմից. Նախիջևանի և Բաքվի միջև հաղորդակցությունն իրականացվում էր երկաթուղով, որն ընդհատվեց 1992 թվականին՝ Մեղրիից վերջին գնացքի գնդակոծումից հետո»,- ասվում է ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ։

Կազմակերպությունները նշել են, որ «միջազգային հանրությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել Նախիջևանի խաղաղ բնակչության խնդիրները լուծելու և շրջափակումը վերացնելու ուղղությամբ և որևէ ճնշում չի գործադրել Հայաստանի վրա այս հարցում»։

«Հայաստանը դեռևս պարբերաբար գնդակոծում է Նախիջևանի բնակչությանը, բնակավայրերը։ Եթե չլինեին ադրբեջանական ժողովրդի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևը և նրա արժանի իրավահաջորդ նախագահ Իլհամ Ալիևը, Նախիջևանը օկուպացված կլիներ Ղարաբաղի պես»,- ասվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Հայաստանը «չի հետևում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներին, որևէ միջոց չի ձեռնարկում Զանգեզուրի միջանցքը բացելու համար։ Այն պահին, երբ մենք սպասում ենք համաշխարհային հանրության կողմից Հայաստանի դեմ հետեւողական կոչերի ու պատժամիջոցների, տեղի է ունենում հակառակը»։

https://www.tert.am/am/news/2023/08/14/nakhchivan-armenia/3984046

Շրջանառության մեջ է դրվելու երկու նամականիշով գեղաթերթիկ՝ «Կրոն և մշակույթ. մշակութային ոճիր» թեմայով

2023 թվականի հուլիսի 11-ին շրջանառության մեջ է դրվելու երկու նամականիշով գեղաթերթիկ՝ «Կրոն և մշակույթ. մշակութային ոճիր» թեմայով:

940 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Ջուղայի հայկական գերեզմանատունը, իսկ 950 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա՝ նույն գերեզմանատունը 2005 թվականին հայկական խաչքարերի Ադրբեջանի թիրախավորված ոչնչացումից հետո:

Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված են Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի հայկական գերեզմանոցի XVI-XVIII դարերի բազում խաչքարերի ոչնչացման կադրեր: 

Գեղաթերթիկի վրա նաև նշված են «ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ» և «XVI-XVIII ԴԱՐԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:    

Դիզայները Դավիթ Դովլաթյանն է։ Գեղաթերթիկի թողրկման օրը սույն թվականի հուլիսի 11-ն է։ Այն տպագրվել է  Ֆրանսիայում, Cartor տպարանում։ Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ են,  իսկ գեղաթերթիկի չափսերը` 105,0 x 70,0 մմ։ Թողարկվել է 15 000 տպաքանակով։ 
 
Աղբյուրը․
https://armenpress.am/arm/news/1115141.html

«Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները.անցյալը, ներկան, ապագան» համաժողովի նախաձեռնողները հռչակագիր են ընդունել

Հայ փախստականների ձայնը, նրանց սպասումներն ու պահանջերը լսելի դարձնելու նպատակով ապրիլի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովը, որի շրջանակում համաժողովը նախաձեռնած հասարակական կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները հռչակագիր են ընդունել:

Ներկայացնում ենք հռչակագրի տեքստը:

«Ընդունված՝ 2023թ. ապրիլի 29-ին Երևանում կայացած Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի փախստականների «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովի կողմից, մենք՝ համաժողովը նախաձեռնած հասարակական կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներս,

հաշվի առնելով, որ 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ֊ում, և 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում պետության կողմից խրախուսված ցեղասպանական գործողությունները (Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերը, Հյուսիսային Ղարաբաղի հայերի բռնի, ջարդերով ուղեկցվող տեղահանումը) որևէ իրավական քննության չեն ենթարկվել,

Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով այդ տարիներին Հայաստան են բռնագաղթել, փախստական ճանաչվել, կամ այլ երկրներ փախչելով՝ ապաստան հայցել մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ,

երեսուն տարվա ընթացքում հայ փախստականների և բռնի տեղահանված անձանց հայրենիք վերադառնալու և նրանց գույքային կորուստների հատուցման հետ կապված ՄԱԿ֊ի մարդու իրավունքների կոմիտեին ուղղված բազմաթիվ բողոքները իրավական լուծում չեն ստացել և մնացել են անարձագանք,

նկատի ունենալով, որ փախստականները և բռնի տեղահանվածները մի շարք միջազգային պայմանագրերի համաձայն կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք, կամ հայրենիքի այն հատվածը, որում հնարավոր է ապահովել նրանց ֆիզիկական անվտանգությունը, քաղաքական և քաղաքացիական իրավունքները, իսկ հայ փախստականների և տեղահանվածների համար վտանգի պայմանները ոչ միայն չեն վերացել, այլև 1988թ.-ից հետո Ադրբեջանում և Նախիջևանում պետական քաղաքականությամբ ուժեղացել են հայատյացությունը և հաշվեհարդարի սպառնալիքները,

հաշվի առնելով, որ 1988-1992թթ․ հետո երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի հայատյաց, ռասիստական քաղաքականությունը միայն ուժեղացել է, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախից բռնի տեղահանվել և Հայաստանում և այլ երկրներում ապաստան են գտել հազարավոր հայեր, իսկ Արցախում կուտակվել են ներքին տեղահանվածներ, որով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում առաջացել է փախստականությանն առնչվող ահռելի խնդիրներ,

հաշվի առնելով, որ 2020թ. Արցախի փախստականները դեռևս հստակ իրավական կարգավիճակ չունեն, որի հետևանքով նրանք կարող են դուրս մնալ Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի ՄԱԿ֊ի կոնվենցիայի շրջանակից և պաշտպանությունից,

հաշվի առնելով, որ Ադրբեջանից և Արցախից բռնի տեղահանված և իրենց մշտական բնօրրանը ժամանակավորապես կամ մշտապես կորցրած մեր հայրենակիցները ունեն քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական և հումանիտար/մարդասիրական աջակցության լուրջ կարիք, իսկ Արցախում մնացած հայությունը գտնվում է Ադրբեջանի ռազմական ուժի լուրջ սպառնալիքի տալ,

գտնելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, չնայած Ադրբեջանի վերհասկողության տակ գտնվող տարածքներից փախստականների և բռնի տեղահանված անձանց Հայաստանում ապաստանած փախստականների և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների բազմաթիվ խնդարնքներին և պահանջներին, ա/ 35 տարիների ընթացքում նրանց նկատմամբ վարել են բացառապես հումանիտար-սոցիալական քաղաքականություն, բ/ Ադրբեջանի ակնհայտ հայատյաց, ռասիստական քաղաքականության գործողությունների նկատմամբ իրավական քննության գործընթաց չեն ծրագրավորել և չեն հետապնդել, մեր կարծիքով՝ նույնիսկ ռազմավարություն չեն ունեցել Ադրբեջանի վերահսկողության տարածքից փախստականների վերադարձի և գույքային կորուստների հատուցման խնդիրների նկատմամբ, գ/ Հայաստանում ապաստանած փախստականների քաղաքական շահերը և հեռանկարները հաշվի չեն առել, դ/ շատ պասիվ են եղել հատկապես վերջին 35 տարիներին Ադրբեջանում խիստ ուժեղացած մեր պատմության և մեր ազգային ինքնության կեղծարարության, մեր մշակութային ժառանգության ոչնչացման դեմ պայքարի հարցում,

տեսնելով, որ նույնիսկ 2020թ. ագրեսիվ, հանցավոր պատերազմի հետևանքով առաջացած նոր փախստականության վերաբերյալ Ադրբեջանի, ՌԴ նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով նախատեսված «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո» որոշումը որևէ ընթացք չի ստանում, իսկ Ադրբեջանի իշխանությունները այն միակողմանիորեն ընթացքի մեջ են դրել և հայ փախստականների կողմից լքված բնակավայրերում առանց որևէ վերահսկողության արդեն բնակեցնում են մեզ անհայտ ինքնությամբ և ծագումով մարդկանցով,

հայտարարում ենք.

Հայաստանի Հանրապետության և Արցախի կառավարությունները պետք է միջազգային քաղաքական և իրավական գործընթաց (այդ թվում միջազգային դատական գործընթաց) սկսեն Ադրբեջանում իրականացված ցեղասպանական գործողությունների (այդ թվում՝ Ադրբեջանական պետության կողմից խրախուսված և կազմակերպված Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներում հայկական ջարդերի) համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու և հատուցում պահանջելու գործով,

Ադրբեջանից և Արցախից փախած և բռնի տեղահված մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների և շահերի պաշտպանությունը պետք է ճանաչվի որպես Հայաստանի և Արցախի հանրապետությունների առաջնահերթություն,

Փախստականներին և բռնի տեղահանված անձանց հասցված բոլոր վնասները ենթակա են համարժեք, արդարացի փոխհատուցման: Փախստականներին և բռնի տեղաշարժի ենթարկված անձանց հասցված վնասի փոխհատուցման չափն ու ձևերը պետք է որոշվեն միջազգայնորեն ճանաչված սկզբունքների համաձայն:

Բոլոր հայ փախստականներն ու բռնի տեղահանվածները, առնվազն նրանք, ովքեր ցանկանում են, պետք է հնարավորություն ստանան վերադառնալ իրենց հայրենիքի՝ իրենց կողմից նապխընտրած վայր՝և այնտեղ պետք է բոլոր երաշխիքներով ապահովել նրանց ֆիզիկական, քաղաքական և քաղաքացիական, այդ թվում նրանց ինքնության անվտանգությունը:

Առաջարկում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ քննարկել անընդհատ փախստականներ ծնող Ադրբեջանի քաղաքականությունը և դրանից բխող սպառնալիքները,

Խնդրում և առաջարկում ենք այն միջազգային կառույցներին, որոնց անդամներ են թե Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանի Հանրապետությունը, հանդես գալ միջնորդային առաքելությամբ փախստականների խնդիրը լուծելու համար,

պահանջել վերականգնել Ադրբեջանի կողմից ոչնչացված հայկական պատմամշակութային և ճարտարապետական շինությունները, եկեղեցիները, առնվազն պատմա-մշակութային արժեք ունեցող գերեզմանատները, սրբազան տարածքները, վերակագնել նրանց կեղծած ինքնությունները,

2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ռազմական ագրեսիայի հետևանքով փախստական դարձած բոլոր արցախցիները և ներքին տեղահանվածները պետք է հնարավորություն ստանան վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը՝ դրա համար ստանալով իրենց կողմից պահանջված իրական երկարաժամկետ երաշխիքներ,

Այդ գործընթացը կարող է սկսվել բացառապես Ադրբեջանի, ՌԴ նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետն իրականացնելուց հետո, որի համաձայն «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: Փաստացի արդեն 6-րդ ամիսն է՝ այդ միջանցքով Արցախի ու Հայաստանի միջև կապը խաթարված է, ինչը հանգեցնում է հումանիտար աղետի վտանգի։ Ներկա պահին Արցախի բնակչությունը Ադրբեջանի պատանդն է, և արցախցի փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձի ճանապարհը գործնականում փակ է:

Նույն հայտարարության 7-րդ կետով «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ տեղյա՞կ են արդյոք նրանք Ադրբեջանից ներքին տեղահանվածներին միակողմանի բնակեցնելու գործողություններին և վերահսկու՞մ են արդյոք այն, գիտե՞ն արդյոք, թե ում են բնակեցնում և վերջապես ինչու՞ է Ադրբեջանն այդ գործողությունն սկսել միակողմանի,

Հայաստանի Հանրապետության և Արցախի իշանություններին խնդրում և առաջարկում ենք միջազգային իրավական գործընթաց սկսել, ինչպես նաև մինչև 1988թ. հայերով բնակեցված, բայց ներկա պահին հայթափված տարածքներում մեր մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի փաստերի առնչությամբ,

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային, ՀՀ համալսարաններին խնդրում և առաջարկում ենք մեկ ընդհանուր փաթեթով հանրայնացնել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի անվան տակ հրատարակված գրքերի, հոդվածների և աղբյուրների կեղծարարության փաստերը, գիտական հանրությանը՝ այլ երկրների գիտական ակադեմիաներին և համալսարաններին փաստերով տեղեկացնել Ադրբեջանում գիտությունը ռասիստական քաղաքական նպատակներին և էթնոֆոբիային ծառայեցնելու լայնածավալ գործունեության մասին: Այս հարցում խոսքը գնում է ոչ միայն հայ ժողովրդի պատմության, այլև Ադրբեջանի տեղաբնիկ կովկասալեզու և իրանալեզու բոլոր ժողովուրդների ինքնության և Ադրբեջանին հարևան բոլոր երկրների պատմության կեղծարարության մասին, որով նաև նույն ադրբեջանցիների պատմության հյուսվածքի կեղծարարության մասին:

Միաժամանակ պնդում ենք, որ

– առանց Հայաստանի Հանրապետության անմիջական մասնակցության և միջազգային աջակցության անհնար է հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններով և գործունեությամբ ապահովել ադրբեջանահայ փախստականների և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, նրանց ոտնահարված իրավունքների և շահերի վերականգնումը։

Այս համատեքստում հորդորում ենք․

Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ձևավորել «Փախստականների հարցերով» զբաղվող իրավասու պետական մարմին, կազմակերպություն կամ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, որի օժանդակությամբ կմշակվի և շահագրգիռ հանրության քննարկմանը կներկայացվի հայ փախստականների հիմնախնդիրների վերաբերյալ ազգային կամ պետական քաղաքականության ռազմավարության կամ հայեցակարգի նախագիծ։ Հետագայում այդ ռազմավարությունը կամ հայեցակարգը կդառնա Հայաստանի Հանրապետության կողմից վարվող պետական քաղաքականության մաս և ուղենիշ կլինի ոչ միայն ՀՀ դիվանագիտական մարմինների համար, այլև փախստականների հարցերով հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների համար:

Առանձին կոչով դիմում ենք նաև Արցախի Հանրապետության իշխանություններին և հորդորում․

ստանձնել լիարժեք քաղաքական պատասխանատվություն ոչ միայն Արցախում ապաստանած փախստականների կամ ադրբեջանական օկուպացիայի հետևանքով հայրենիքից վտարված արցախցիների, այլև Ադրբեջանից բռնագաղթված և փաստացի փախստական հանդիսացող մեր աշխարհասփյուռ բոլոր հայրենակիցների շահերի և իրավունքների պաշտպանության հարցում:

Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների իշխանություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ մեր կողմից բարձրացվող հիմնախնդիրների լուծմանն աջակցելու և այդ համատեքստում արդյունավետ համագործակցության մեջ մեզ ներգրավելու կոչով:

Մասնավոր կոչով դիմում ենք Ադրբեջանից, Արցախից և Նախիջևանից տարբեր ժամանակներում բռնագաղթած և աշխարհի տարբեր երկրներում ապաստանած մեր հայրենակիցներին, նրանց ժառանգներին, ինչպես նաև հայ փախստականության խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող հասարակական կազմակերպություններին՝ առաջարկելով համախմբվել մեկ հարթակում և միավորել մեր ջանքերն ու ռեսուրսները՝ մեր հայրենակից փախստականների և տեղահանվածների ընդհանուր շահերի համար պայքարի, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու գործում:

Սույնով ազդարարում ենք այդ գաղափարի իրագործման համար ընդհանուր հարթակ ձևավորելու նպատակի մասին»:

Աղբյուրը՝
https://news.am/arm/news/757422.html

Նախիջևանում մեծ մզկիթ է կառուցվում

Նախիջեւան քաղաքում կառուցվում է “Հեյդար” մզկիթային համալիր, որի շինարարությունը շուտով կավարտվի։

Համալիրը զբաղեցնում է 6400 քառակուսի մետր տարածք, որտեղ միաժամանակ կարող է տեղավորվել 5000 մարդ։ Մզկիթն ունենալու է երկու մինարեթ և 15 գմբեթ, ինչպես նաև առանձին աղոթասրահ տղամարդկանց և կանանց համար, նաև մեդրեսե։ Մզկիթի մինարեթների բարձրությունը 40 մետր է, իսկ գմբեթներինը՝ 12 մետր։

Համալիրը ներառում է նաև վարչական և հանդիսությունների շենքեր։ Այս պահին շինարարական աշխատանքների մեծ մասն ավարտված է։

Արտառոց է միաժամանակ տեսնել Բաքվում, մասնավորապես Նարդարանում և թալիշաբնակ շրջաններում շարունակական հալածանքները շիա մահմեդականների դեմ և նման մեծ չափերի մզկիթային համալիրի կառուցումը Նախիջևանում։ Այն էլ “Հեյդար” անունով․․․

Աղբյուրը՝

https://fed.az/az/insaat-ve-emlak/naxcivanda-boyuk-mescid-kompleksi-tikilir-eyni-vaxtda-5-min-nefer-ibadet-ede-bilecek-160476

Մանր քայլերով դեպի ինքնավարության լուծարում կամ ի՞նչ են ուզում տաքսիստները

Նախիջևանում տաքսու վարորդները բողոքի ցույց են անցկացրել, որի պատճառը 16000 մանաթ արժողությամբ «NAZ Lifan» մակնիշի ավտոմեքենաների վաճառքն է 35000 մանաթով։

Մինչդեռ մինչ այժմ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում միայն մեկ տաքսի ծառայություն էր գործում՝ «Taxi MMC», որը ղեկավարում էր Նախիջեւանի Պետական ​​տրանսպորտի ծառայության ղեկավար Ալի Հուսեյնալիեւի քրոջ ամուսինը՝ Ռասիմ Իսմայիլովը։

Մասնավոր տաքսիների գործունեության արգելքն արդեն վերացվել է։

Առերևույթ առօրեական անցուդարձ հիշեցնող այս իրադարձության տակ դժվար չէ նկատել Նախիջևանում սպասվող հերթական պաշտոնափոխությունը, որը նպատակ ունի թուլացնել “նախիջևանյան կլանի” և դրա հետ կապակցված ընտանիքների ազդեցությունն ու հզորությունը՝ սահուն ու հեշտ “ինքնավարազրկում” իրականացնելու համար։ Այս նպատակով Բաքվի վերահսկողությամբ և ուղղակի թելադրանքվ իրականացվում են հանրության լայն խավերին սիրաշահող “միջոցառումներ”, ինչպիսին է մասնավոր տաքսիների գործունեության արգելքի վերացումը։ 

Հ․Գ․

Այս ընթացքում Նախիջևանի ներքին գործերի նախարար է նշանակվել Սուլեյման Նեյմաթովը, ով մինչ այդ պաշտոնավարում էր որպես Բաքվի Սուրախան շրջանի ոստիկանության վարչության պետ։ 

Հրաժարական է տվել Նախիջևանի “խանը”

Այսօր հրաժարական է տվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը, ով այդ պաշտոնին էր 1995 թվից ի վեր։ 

Սա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության լուծարմանն ուղղված հերթական, թերևս ամենանշանակալի քայլն էր։ Այդ գործընթացն ամիսներ է, ինչ ընթացքի մեջ է։ Սույն թվականի նոյեմբերի 26-ին ձերբակալվել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարարը, իսկ ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, հայտարարվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական անվտանգության ծառայության լուծարման և դրա՝ Բաքվի ենթակայության տակ անցնելու մասին։

Վասիֆ Թալիբովի հրաժարականի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածվել, ինչպես նաև հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան, ինչը հաստատում է Նախիջևանի ինքնավարության վերացման մասին մեր ենթադրությունը։

Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է. CHW համաղեկավար

Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնի վերլուծությունները վկայում են այն մասին, որ Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Դա իր հերթին փաստում է այն մասին, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է հայկական մշակութային և կրոնական ժառանգության դեմ: 

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին ասաց Քորնելլի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր, Caucasus Heritage Watch-ի համաղեկավար  Լորի Խաչադուրյանը՝  ներկայացնելով արբանյակային տեխնոլոգիաների հնարավորությունը մշակութային ցեղասպանությունը փաստելու համար:

« 2020 թվականին ես ու իմ գործընկերները հիմնեցինք ոչ քաղաքական հետազոտական կենտրոն, որը կոչվում է Caucasus Heritage Watch: CHW-ն մշտադիտարկում է և փաստագրում վնասված պատմամշակութային ժառանգությունը՝ օգտագործելով արբանյակային պատկերները, աղբյուրները: Մենք հավաքագրում ենք պատմամշակութային օբյեկտների ոչնչացման մասին ապացույցներ և փաստեր, որոնք կարող են օգտագործվել դատարանում»,- ասաց Խաչադուրյանը:

Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնն այժմ ուսումնասիրում է երկու ոլորտ՝ Նախիջևանում հետխորհրդային շրջանում հայկական պատմամշակութային ժառանգության վիճակը և Լեռնային Ղարաբաղի առաջին և երկրորդ պատերազմի ժամանակ պատմամշակութային ժառանգության վիճակը:

 

«Սեպտեմբերին CHW ավարտեց Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության մեկամյա հետազոտությունը: Մենք ուսումնասիրել ենք միջնադարյան և նոր ժամանակների ժառանգության գրեթե բոլոր վայրերը: Մենք գնահատեցինք հայկական ժառանգության 110 օբյեկտների վիճակը: Արբանյակային պատկերները մեզ հնարավորություն տվեցին 1997 թվականից 2011 թվականներին 108 հուշարձանների ամբողջական ոչնչացումը փաստելու, որոնք կարողացել ենք տեղորոշել և գնահատել: Օրինակ՝ շատ վայրերում, որտեղ եղել են հայկական եկեղեցիներ, այժմ դատարկ տարածքներ են: Հինգ դեպքում դրանց տեղը մզկիթներ կամ պետական շենքներ են կառուցվել: Ապշեցուցիչ են նաև բազմաթիվ դեպքերը, երբ լքված վայրերում բուլդոզերներով վերացրել են միմիայն հայկական պատմամշակութային ժառանգությունը: Երևույթ, որը վկայում է նրանց նախանձախնդիր մոտեցման մասին՝ ջնջելու հայկական ամեն ինչը: Արբանյակային վկայությունները ցույց են տալիս, որ 1997-ից 2011 թվականները Նախիջևանում հայկական պատմամշակութային ժառանգության օբյեկտները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են»,- ընդգծեց  Խաչադուրյանը:

 

Նրա դիտարկմամբ՝ այդ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է՝ վերացնելու հայկական համայնքային և կրոնական ներկայության բոլոր հետքերը, որպեսզի հայերին հեռացնեն տարածաշրջանի պատմությունից:

«Մենք կազմել ենք 408 էջանոց զեկույց, որին կարող են ծանոթանալ բոլորը»,- եզրափակեց Խաչադուրյանը:

Աղբյուրը՝ 
https://armenpress.am/arm/news/1099480.html

Բաքվում խոսում են Նախիջևանի ինքնավարության հնարավոր չեղարկման մասին

Անհանգիստ է Ադրբեջանի էքսկլավում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վերջին օրերին այստեղ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ են տեղի ունեցել, ​​պետական ​​կառույցներ են վերացվել։ Փորձագետի կարծիքով՝ դժվար թե հնարավոր լինի խուսափել Նախիջևանի ղեկավարի պաշտոնանկությունից, ով 27 տարի է, ինչ պաշտոնավարում է։ Ի՞նչ է թաքնված այս իրադարձությունների հետևում: Բաքվում խոսում են ինքնավարության հնարավոր չեղարկման մասին։

Այս շաբաթվա սկզբին Ադրբեջանի էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մաքսային կոմիտեում ձերբակալություններ են տեղի ունեցել։ Հատուկ ծառայությունների գործունեության արդյունքում ինքնավար հանրապետության մաքսային կոմիտեն վերացվել է և վերածվել Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեի վարչության։ Այս գերատեսչության նոր ղեկավարն արդեն նշանակվել է, նա Նախիջևան կժամանի Բաքվից։

Սրանից կարճ ժամանակ առաջ նմանատիպ սցենար էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական ​​անվտանգության ծառայությունում։ Կատարվել էին ձերբակալություններ, իսկ ծառայությունը վերածվել էր Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության վարչության։

Ինքնավարության կորո՞ւստ

Շատ փորձագետների կարծիքով՝ Բաքուն ցանկանում է չեղարկել Նախիջևանի ինքնավարությունն ու այս հանրապետության շրջանները անմիջականորեն ենթարկեցնել երկրի մայրաքաղաքին։ Բայց դա այնքան էլ հեշտ չէ:

Ըստ Ադրբեջանի Սահմանադրության՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը պետություն է Ադրբեջանի Հանրապետության կազմում։

Քաղաքական մեկնաբան Ագշին Քարիմովը կարծում է, որ ինքնավարության չեղարկման համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, իսկ դրա համար հանրաքվեի անցկացում է պետք.

«Հանրաքվեն անխուսափելի է, սակայն անորոշությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների օրակարգում հետաձգում է այդ գործընթացը»,- կարծում է փորձագետը։

Մինչդեռ մեկնաբանը վստահ է, որ Նախիջևանի ինքնավարությունը կվերացվի։

«Նախապատրաստվում են բարեփոխումներ, որոնք պահանջում են փոփոխություններ երկրի Հիմնական օրենքում։ Նախիջևանի ինքնավարության վերացումից բացի խոսք է գնում նաև Ադրբեջանի վարչատարածքային բաժանման բարեփոխման, Միլլի Մեջլիսի պատգամավորների թվի ավելացման մասին։ Այլ հարցեր ևս կարող են դրվել հանրաքվեի»,- հավելել է Քերիմովը։

Սուբսիդիաների վրա հիմնված ինքնավարություն

Բաքվում Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովի հետ հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը հետաքրքիր թվեր է հայտնել։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ Ալիևի փոխանցմամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բյուջեի միայն 22 տոկոսն են կազմում տեղական եկամուտները։

Նախագահը Թալիբովի հետ զրույցում ընդգծել է, որ առաջիկա տարիներին Ինքնավար Հանրապետության բյուջեում տեղական եկամուտների բաժինը պետք է ավելանա։ Թալիբովը խոստացել է այս ցուցանիշի աճ։

Բայց վերջին տարիներին, թեև Նախիջևանի բյուջեի եկամտային մասն աճել է, զուգահեռաբար աճել են Բաքվից ստացվող սուբսիդավորման ծավալները։ Միայն թե 2023 թվականի երկրի բյուջեով նախատեսվում է ինքնավարությանն ուղղված սուբսիդիաների կրճատում։

«Շարունակելի»

Իրավական քաղաքականության և պետական ​​կառուցվածքի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ֆազայիլ Աղամալին Turan-ին տված հարցազրույցում ասել է, որ Նախիջևանում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում.

«Այս քայլերը կարելի է դիտարկել որպես երկրի նախագահի կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների մաս»։

Պատգամավորը նշել է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տարբեր նախարարություններ, կոմիտեներ, գերատեսչություններ վերակազմավորվում են որպես Ադրբեջանի գործադիր իշխանության կենտրոնական կառույցների մաս։ «Շարունակելի»,- հավելել է նա։

«Հանրապետությունը մնացել էր տեսադաշտից դուրս»

Քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլին կարծում է, որ, դատելով տեղի ունեցողից, Բաքուն որոշել է սահմանափակել Նախիջևանի դե ֆակտո անկախությունը.

«Կարելի է այսպես ասել՝ Նախիջևանը անկախության լայն շրջանակ ունեցող հանրապետությունից, որն ամբողջությամբ չի ենթարկվում ադրբեջանական պետությանը, կվերածվի ավելի սերտ ենթակայության տակ գտնվողի»։

Փորձագետի կարծիքով՝ մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ շուտով հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովը ինչ-որ կերպ կհեռացվի պաշտոնից.

«Այն փաստը, որ նա Բաքվում չի մասնակցել իշխող կուսակցության 30-ամյակի միջոցառումներին, փաստորեն վկայում է նրա՝ Բաքվի աչքից ընկնելու մասին, և աշխատանք է տարվում նրան փոխարինելու ուղղությամբ»։

Ջաֆարլին հայտարարել է, որ վերջին տարիներին Նախիջևանը, այսպես ասած, մնացել է տեսադաշտից դուրս, չի մասնակցել երկրի կենտրոնական իշխանությունների կողմից անցկացվող միջոցառումներին.

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Իլհամ Ալիևի դեմքով մենք տեսանք քաղաքական գործչի բոլորովին այլ կերպար։ Ազգայնական լոզունգներով ելույթ ունեցող, Ղարաբաղի խնդիրը լուծած, Հարավային Ադրբեջանի խնդիրների մասին խոսող առաջնորդ։ Ալիևն աշխարհին ներկայանում է որպես բոլոր ադրբեջանցիների առաջնորդ, ով վեր է կանգնած ներքաղաքական պայքարից։ Իսկ Նախիջևանը կարծես թե մնացել է այս քաղաքականության հետնաբակում»։

«Ադրբեջանին Նախիջևանը խանություն էր թվում»

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ հենց այս պատճառով է, որ շատերը Նախիջևանին նայում են որպես խանության.

«Այս միտքն անհիմն չէ։ Վասիֆ Թալիբովն այնտեղ խանություն է կառուցել։ Նա որոշումներ է կայացրել՝ առանց դրանք Բաքվի հետ համաձայնեցնելու, առանձնապես չմտածելով, թե արդյոք կենտրոնական իշխանությունները դա թույլ կտան։ Այնտեղ ստեղծվել է մթնոլորտ, որը սկզբունքորեն տարբերվում է Ադրբեջանի մյուս շրջաններից։ Կարծես հիմա Իլհամ Ալիևը որոշել է վերջ դնել սրան և Նախիջևանը Բաքվի հետ ավելի սերտ կապել»։

Նախիջևանը լուռ է

Նախիջևանի ղեկավարությունը դեռևս որևէ կերպ չի արձագանքել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։

«Ազատություն ռադիոկայանն» ընդգծում է, որ լրագրողներին մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։

Աղբյուրը․

Բաքվում խոսում են Նախիջևանի ինքնավարության հնարավոր չեղարկման մասին