Բրյուսելում քննարկվել է դեպի Նախիջևան տարանցիկ ուղու հարցը

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած  Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև և Շառլ Միշել հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շ. Միշելի տարածած հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կոմունկիացիաների ապաշրջափակմանը: Հայտարարությամբ մասնավորապես ասվում է.

«Առաջնորդները պայմանավորվել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։ Նրանք պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածներ, նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրի հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների, տարանցման տուրքերի, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումների համատեքստում մաքսային ընթացակարգերի շուրջ։ Փոխվարչապետները առաջիկա օրերին կզբաղվեն այս աշխատանքով»:

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում հաղորդակցություն «Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածներ»։

Ըստ Ա. Գրիգորյանի «օրինակ, Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր կլինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»:

Հարցին, թե Հայաստանի քաղաքացիները ինչո՞ւ պիտի Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար օգտագործեն Նախիջևանի տարածքը, Գրիգորյանը պատասխանել է, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով:

ԱԽ քարտուղարն այնուամենայնիվ չի հստակեցրել, թե այս հաղարդակցության դեպքում մաքսային և սահմանային վերահսկողության ինչ սկզբունքներ պետք է գործեն։

Նաև ուշադրության չի արժանացել Միշելի կողմից  «Արևմտյան Ադրբեջան» արտահայտության գործածումը:

Նախիջևանի ու Արցախի միջև ավտոմոբիլային կամուրջներ են կառուցվում

Բաքուն և Թեհրանը ծրագրում են մեկ տարվա ընթացքում ավտոմոբիլային կամուրջներ շահագործման հանձնել, որոնք Նախիջևանը Իրանի տարածքով կկապեն Արցախին։ Իրան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ տարվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել այն ավտոմոբիլային կամուրջները, որոնք Իրանի տարածքով իրար կկապեն Ադրբեջանի Հանրապետության Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանն (խոսքը Արցախի օկուպացված տարածքների մասին է, խմբ.) ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը»:
 
Նա հիշեցրել է, որ մարտի 11-ին երկու երկրների կառավարությունները համապատասխան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի հուլիսին ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջանների բաժանման մասին» նոր օրենքը, ըստ որի` Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, այսպես կոչված՝ Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջաններ են ձևավորվել։
Ըստ այդ օրենքի՝ «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ են մտել Կովսականի (Զանգելան), Սանասարի (Կուբաթլու), Ջրականի (Ջաբրայիլ), Բերձորի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները։ Ղարաբաղի տնտեսական շրջանի մեջ են մտնում Ակնայի (Աղդամ), Շուշիի, Վարանդայի (Շուշիի), Թերթերի, Մարտունու, Իվանյանի (Խոջալուի), Աղջաբեդիի և Բարդայի շրջանները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքը։  
 
Աղբյուրը՝
https://armeniasputnik.am/20220518/adrbejany-hajtararel-e-vor-nakhijevani-u-gharabaghi-mijev-avtvomvobilajin-kamurjner-e-karucum-42205233.html

Դերենիկ Դեմիրճյանի դատողությունները Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ

(շարունակություն)

1918-21-ի դեպքերի ծավալը չէ, որ մեծ է: Չնչին է այն խոշոր դեպքերի համեմատությամբ, որ տեղի ունեցան Ռուսաստանում: Նրանք ծավալուն են իրենց քաղաքական (ներքին և արտաքին) նշանակությամբ: Դրանք համակովկասյան ծավալ ունեցան: Այդտեղ գործում էին անգլո-տաճկական ագրեսիան և ինտերվենցիան, որ նպատակ ունեին գրավել Կովկասը, համեստ դեպքում` Անդրկովկասը: Դրա զոհը եղավ (և կլինի ավելի չարաբախտորեն) հայ ժողովուրդը, որը միայնակ կանգնեց տաճկական զորքերի դեմ Էրզրումից մինչև Բաքու:
Ի՞նչ պետք է եզրակացնել սրանից: Ի՞նչ անել: Պետք է սրանից եզրակացնել, որ խնդիրը մեր շահագրգռությունը չէ, որ շահագրգռությունը, խնդիրը միայն հայկական չէ, այլ Միության շահագրգռությունն է Անդրկովկասում: Այդ շահագրգռությունը, որ թվում է, թե իրոք մերն է, ստացվել է պատմականորեն (Ռուսական օրիենտացիա, տաճկական թշնամություն: Կարելի է ավելացնել՝ վրացական և ադրբեջանական թշնամություն): Իհարկե, առանձին ուսումնասիրության հարց է, թե իրո՞ք գոյություն ունի այս վրացական և ադրբեջանական թշնամությունը` ընդդեմ հայերի, և ովքե՞ր են դրա կրողները: Ժողովուրդնե՞րը, թե՞ դրանց ինտելիգենցիան (քաղաքական ինտելիգենցիան): Սա կարևոր է, բայց ավելի կարևորն այն է, թե որքա՞ն վճռական դեր կարող է խաղալ դրանցից այս կամ այն խավը: Անդրկովկասը ռազմաքաղաքական «աքացիների» վայր է: Անդրկովկասն անգլո-տաճկական քաղաքական և ռազմական ագրեսիայի վայր է: Անդրկովկասը մի անգամ` 1918-ին, բաժանվել է Ռուսաստանից: Անդրկովկասում երեք քաղաքական բուրժուական կուսակցություններ` մենշևիկյան, մուսաֆաթական և դաշնակցական, Անգլիայի, Ամերիկայի, Գերմանիայի (Եվրոպայի) օրիենտացիա են ունեցել: Անդրկովկասում երեք ժողովուրդներ քաղաքական (տարբեր թեև) հաշիվներ են ունեցել Տաճկաստանի (իմա` Անգլիայի, Ամերիկայի, Գերմանիայի) հետ: Կապեր և կոնֆլիկտներ են առաջացել Տաճկաստանի, Անգլիայի, Ռուսաստանի հետ: Հայերը կռիվներ են վարել տաճիկների դեմ: Վրացիները և ադրբեջանցիները կապեր են հաստատել Տաճկաստանի հետ: Այնպես որ, «կուսական» վայր չէ Անդրկովկասը, անգամ` Կովկասը:
Սրա հիման վրա կարող ենք դեռ ավելի առաջ գնալ մեր անալիզի մեջ: Այսինքն` փաստ է, որ վերջին հարյուր տարվա մեջ միայն հայերն են, որ տաճիկների դեմ կռվել են` Զեյթունից, Սասունից, Էրզրումից սկսած, մինչև Բաքու: Իսկ 17-րդ դարից սկսած` հատուկ կռիվներ են ունեցել հայերը տաճիկների դեմ Զանգեզուրում և Ղարաբաղում: Եթե պատմությունը հանգիստ թողնե՞նք` իբրև «վաղեմություն», որ կարելի է «մոռանալ», իբրև մի «տեսական» ֆակտոր` նոր, կենդանի հարաբերությունների ֆակտորի դիմաց և, ուրեմն, անարժեք կատեգորիաներ` 1915-ի Հայկական Ջարդը, Աքսորը, կռիվները` Էրզրումից մինչև Սարդարապատ, Ապարան, Ղարաքիլիսա և ապա Ղարաբաղ, Բաքվի պատերի տակ վեց ամիս տևող կռիվները: Այս ամենը հայտածելով այն ֆակտորի կողքին, որ ո՛չ վրացիները և ո՛չ ադրբեջանցիները տաճիկների հետ այս հարյուր տարվա ընթացքում ընդհարում չեն ունեցել, ավելացնենք և այն ֆակտորը, որ Անդրկովկասի երեք գլխավոր ժողովուրդներից միայն հայերն են, որ ռուսական նախկին կայսրության մեջ ապրում էին երկու պետության մեջ, իսկ վրացիները և ադրբեջանցիները` միայն մի պետության մեջ, որ միայն հայերն էին, որ տաճիկների հետ արյան պատմություն ունեին, իսկ վրացի և ադրբեջանցի ազնվականությունը՝ բարեկամական կապեր: Այս բոլորը բացահայտ ցույց են տալիս, որ Անդրկովկասի ժողովուրդները` իրար կողքի, Տաճկաստանի դեմ կանգնած են հիմնավորապես տարբեր դիրքավորման մեջ: Նրանց կենդանի պատմությունը իրար վերաբերմամբ հակառակ ուղղություն է ունեցել մինչև 1920-21 թիվը: Այս թվերին Անդրկովկասը մտավ այս րոպեի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկաների Միության սիստեմի մեջ, որով և երեք ժողովուրդներն իրենց պատմությամբ մտան այնպիսի մի բոլորովին նոր վիճակի մեջ, որ պետք է վերջանային այդ երեքի պատմությունները: 
Վերջացա՞ն, թե՞ շարունակվեցին:
Դաշնակցության ձեռքը Րաֆֆի և Պատկանյան տալը եղավ Բաքվից՝ Ամիրխանյանի ձեռքով: Հարությունյանի ղեկավարության ժամանակ մեզ հարվածել են մեր ձեռքով: Հետո մենք ևս անգիտակցաբար հարվածել ենք ինքներս մեզ (դժգոհ մասսա մեր դեմ` Ղարաբաղը, Նախիջևանը, Ախալքալաքը)` գցելով այս դժգոհ մասսան դաշնակցության ձեռքը: Տնտեսական հարվածները ավելի խորացրին այս վտանգավոր դժգոհությունը:

_______

Հենց 18 թվից անգլիացիները, մուսաֆաթիստները համառորեն Նախիջևանն ու Ղարարաբաղը գցում էին Ադրբեջանի սիստեմի մեջ: Նրանք ստեղծեցին մի պահի ասած ՙպատմական տրադիցիա՚, հոգեբանության և վաղեմության նման մի բան, որի վրա պնդելով` ամրացրին այն կարծիքը, որ այս երկրամասերը Ադրբեջանինը պիտի լինեն և մնան Ադրբեջանի սիստեմի մեջ: Դրան ավելացրին նաև վախը և լռությունը այս հարցերը շարժողների դեմ:
Լենինականում և Ախալքալաքում երևաց այն խաբեբայությունը, որով Քեմալական Թյուրքիան վարում էր սովետների հանդեպ իր վարքագիծը: Չեկիստ (անունը մոռացել եմ) գրում է հուշեր իր` Լենինականում եղած ժամանակի, դեպքերի մասին (գտնել նրան): Պատերազմի մեջ երևաց, թե ինչ բարեկամ է Թյուրքիան մեզ համար. նույնը և՝ ներկայում:
Անգլոթյուրքական ագրեսիան այժմ արտահայտվում է իդեոլոգիական «< >» մեթոդով: Թյուրքիան ուզում է նոր քեմալական ներկայացում տալ, երբ մենք հաղթենք Ամերիկային: Թյուրքիայի մի նոր վտանգման ժամանակ Ն. Հիքմեթը, Մ. Իբրահիմովը պրոբլեմներ են: Հիշենք. 22 (?), Բաքվի թյուրք «բոլշևիկները», 20-ի վերջերում «բոլշևիկ» սպաների արշավանքը Ղարաբաղի և Զանգեզուրի վրայով դեպի Թյուրքիա` «պրոպագանդ» անելու, որոնք լավ «պրոպագանդ» արին Ղարաբաղում…
(Թյուրքիայի «կոնստիտուցիոնալ» օրիենտացիան, վիճակը է մշտական պայքար Ռուսաստանի դեմ):
Նոր ֆակտորներ Սովետական Հայաստանում՝ գաղութահայությունը և նոր հայրենազրկությունը: Հարկավոր է զրկել դաշնակցությանն այս հարցին մասնակցելու հնարավորությունից, որով և կարող է սնվել նա:
Սա մեր Սովետական Սոցիալիստական Միության ներքին հարցն է, որ ոչ ոքի չենք զիջի: Սովետական հայրենասիրությունը ամենահաստատ և կազմակերպիչ ուժն է մեր պետության: Ահա դրան էին խփում… նացիոնալիզմի զրպարտանքով
Նկատելի է, որ Թիֆլիսը ճնշեց և խեղդեց բոլշևիկների ելույթներն ու ապստամբության փորձը, իսկ Բաքուն՝ չկարողացավ: (Թիֆլիսը` մենշևիկները, Բաքուն` մուսաֆաթիստները):
«Կարողանալու», «չկարողանալու» փաստերը ես դնում եմ խիստ կարևորությամբ: Դա ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար 1918-20 թվերին և խիստ կարևորություն է ներկայացնում նաև այժմ քանի որ բոլշևիզմի ներկայությունն ու բացակայությունը Անդրկովկասում ունեցավ և ունի ճակատագրական նշանակություն հայ ժողովրդի համար: Դա ուներ և ունի նշանակություն Անդրկովկասի մնացած երկու ժողովուրդների համար ևս: Դա ճիշտ է՝ միայն որոշակի սահմաններում, մինչդեռ հայ ժողովրդի համար` բացառիկ, վերին աստիճանի արտակարգ: Ամենևին մտադիր չլինելով տենդենցիոզ ու անճիշտ գաղափար կազմել տալ վրացի ու ադրբեջանցի ժողովուրդների` դեպի բոլշևիզմը տածած համակրանքի հարցում` ես հարուցում եմ ժողովուրդների օրիենտացիայի ուժի կարողության հարցը: Որքա՞ն կարող էին և կարողացան ադրբեջանական և վրացական ժողովուրդները պահել բոլշևիզմը Անդրկովկասում, երբ ռուսական զորքն ամբողջովին անցավ Կովկասյան լեռնաշղթայի այն կողմը:
Ես նայում եմ մերկ փաստին: Նրանք չկարողացան, թեև, ասենք, կամեցան
(այսինքն` նրանց մեջ եղած բոլշևիկները և բոլշևիկացած տարրերը):
Հայ ժողովուրդը միայն կամեցավ և որոշ չափով կարողացավ: Կարողացավ` Բաքվում: Բաքվում կազմելով զգալի ուժ` կարողացավ, ռուս (թուլացած) բոլշևիկների և ադրբեջանական (նույնպես թույլ) բոլշևիկների գլուխ անցած, պաշտպանել Բաքուն տաճիկների հարձակումից վեց ամիս: Բաքվի այս բռունցքը՝ կոմունարների (այստեղ ձեռագիրն ընհատվում է):

Ձեռագրում, ընդհանուր շարադրանքից դուրս՝ առանձին թերթիկների վրա կատարվել են որոշ գրառումներ, որոնք ներկայացնում ենք ըստ թեմայի հետ ունեցած առնչության:

1) Անդրկովկասի, ավելի ճիշտ` Կովկասի սովետական սոցիալիստական գործին մեծ հարված է տրված Բերիայի և Բագիրովի դավաճանական գործունեությամբ:
2) Ոչ թե Հայաստանի պաշտպանություն (ծիծաղելի կլինի տանել միայն Հայաստանի պաշտպանություն), այլ` Փոքր Կովկասի, այլ` Անդրկովկասի, և ապա` Կովկասի պաշտպանություն, Բաքվինն էլ: Հարց. Ամբողջ Կովկասը պետք է կանգնի Բաքվի պաշտպանության համար: 3) Մենք երկու անգամ ռուսներին բերինք (օժանդակեցինք) Անդրկովկաս.
ա) Պյոտր 1-ինին և բ) բոլշևիկներին` Բաքու: Այսուհետև պետք է երրորդ անգամ բերենք ռուսական գաղափարը (օրիենտացիան), որ թուլացել է:
– Մեզ առանձնացրին և իրենք էլ մեզնից առանձնացան: Ապա թե ոչ` ինչո՞ւ Ղարաբաղի և Հայաստանի միջև խցկեցին ՙՔուրդիստանը՚: Ինչո՞ւ Գանձակի և Սևանի միջև խցկեցին նորաշեն ադրբեջանական գյուղերը: Ինչո՞ւ խրեցին ՙերզնկյանական՚ սեպը Արփաչայի ակունքների ուղղությամբ:

Ամբողջ տրագեդիան այն է, որ մի կողմից մեզ լռեցնում են ավելի և ավելի, մյուս կողմից այնպիսի պրովոկացիաներ են անում, որ մենք պոռթկանք, անհավասարակշիռ ելույթներ ունենանք, ավելի և ավելի ընկնենք ծայրահեղությունների մեջ (Հռիփսիմեն, Մաշտոցը, Կարսը), և մեզ մեղադրեն նացիոնալիզմի մեջ այն ժամանակ, երբ մենք ստիպված ենք լինում ցուցադրել մեր պատրիոտիզմը:
Առհասարակ չգրված մի օրենք է դարձել, չպայմանավորված համաձայնություն
միշտ հայերի պատրիոտիզմը դարձնել մեղադրանք` նացիոնալիզմ: Հայ կուլտուրայի որևէ երևույթը նշելը, վեր հանելը, հայ ժողովրդի որևէ պատմական կամ ներկայի առավելությունը, հայերեն խոսելու ցանկությունը և այլն որակվել է որպես նացիոնալիզմ:
Ոչ մի լենինյան դրույթ, որ հայ ժողովրդի համար ևս գոյություն ունի կարծես. հայերի դեպքում նացիոնալիզմ է: Ղարաբաղի պահանջը, Նախիջևանի պահանջը, Ախալքալաքի համար որևէ դրության պահանջը միշտ համարվել է նացիոնալիզմ:

Նախիջևանում թմրանյութի փոխադրման փորձ է կանխվել

Նախիջևանի Շահթախթի սահմանային անցակետում մաքսային ծառայության աշխատակիցները զննության ժամանակ բեռնատարի վառելիքի բաքում հայտնաբերել են 8 կիլոգրամ 700 գրամ քաշով մաքուր հերոին տեսակի թմրանյութ:

Բեռնատարը ուղևորվում էր Գերանիայի Դաշնային Հանրապետություն: Վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Նախիջևանի անցակետերում հայտնաբերվում և կանխվում են խոշոր քանակի թմրամիջոցների տարանցման փորձեր: 

Տարածաշրջանում Նախիջևանը կարևոր տարանցիկ հանգույց է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և տեղափոխման համար: Հատկապես Նախիջևանի տարածքով են անցնում Աֆղանստանից Իրանի և Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցվող թմրանյութերի հիմնական մասը:

Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ–ում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում  ունեցած ելույթում խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին: Գևորգյանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը`մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը: «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջին փուլ: Կա մեկ այլ բան էլ, որ մեր օրերում Ադրբեջանը ժխտում է Թուրքիայի աջակցությամբ, այն է ՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքը:

2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում՝ Լեռնային Ղարաբաղում, հայ ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ. կա’մ շարունակել ընթանալ իր անկախ զարգացման և
արժանապատիվ կյանքի ճանապարհով՝ պահպանելով ազգային ինքնությունը, կա’մ կրկնել մեր հայրենակիցների սարսափելի ճակատագիրը, ովքեր ժամանակին ապրել են ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևան անունով տարածաշրջանում:

Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին»,- ընդգծել է Գևորգյանը:

Պատգամավորը կոչ է անում Եվրոպայի խորհրդին հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից:

«Այդ սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, բազմիցս խախտվել է և շարունակում է խախտվել այս օրերին։ Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը չի կարող Արցախի հայ ժողովրդից պահանջել ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո, որը հայերի նկատմամբ էթնիկ զտումների պետական քաղաքականություն է իրականացնում։ Պետություն, որը երեք տասնամյակների ընթացքում նրանց դեմ երեք լայնածավալ պատերազմ է սանձազերծել։ Պետություն, որը փորձում է վերաշարադրել տարածաշրջանի
պատմությունը՝ ժխտելու համար հայկական ժառանգության և մշակույթի զուտ գոյությունը։ Եվ վերջապես՝ մի պետություն, որը չի ամաչում հրապարակայնորեն հայտարարել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին»,- շեշտել է Գևորգյանը:

Պատգամավորը հավատում է, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի:

«Երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ: Մեր կազմակերպության համար կարևոր մարտահրավեր է սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու գործում գազի և նավթի դիմաց Եվրոպայի լուռ համաձայնությունն ապահովելու Ադրբեջանի ջանքերը»,- ասել է Գևորգյանը:

Պատգամավորը նաև անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից հայերին ուղղված «Գորշ գայլերի» ժեստի ցուցադրությանը:

«Նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով: Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին»,- եզրափակել է Գևորգյանը:

 

Աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2022/04/26/Armen-gevorgyan/3794239

Դերենիկ Դեմիրճյանի դատողությունները Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ

2014 թվականի «Հայկազեան հայագիտական հանդէս» տարեգրքում  տպագրվեց հայ արձակագիր Դերենիկ Դեմիրճյանի  «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» հոդվածը: 2016 թվին արդեն առանձին գրքույկով այն տպագրվեց «Անտարես» հրատարակչության կողմից: Ինչպես գրքույկի ներածականում ներկայացնում է  Կարինե Ռաֆայելյանը, ով հրատարակության է պատրաստել հոդվածի ձեռագիրը, ձեռագիրը անսպասելիորեն գտնվել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդում անհրաժեշտ նյութի հերթական փնտրտուքի ժամանակ: Այն 24 էջից բաղկացած մի ձեռագիր, որը Դերենիկ Դեմիրճյանի արխիվի Լրացուցիչ մասն ամփոփող գրանցամատյանում զետեղված էր «Հոդվածներ, ելույթներ և զանազան գրառումներ» բաժնում` «Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ իր դատողությունները. սևագրություններ» նկարագրությամբ: Ձեռագիրը մինչ այդ անտիպ էր և անհայտ ուսումնասիրողներին ու ընթերցողներին: Ձեռագրի կազմին հեղինակը կատարել է հետևյալ գրառումը. «Ամենօրյա խառն նոթեր
/Ավելի` լեզվական/»: Եվ միայն ներքևում ռուսերեն ավելացրել է` Карабаг:

Հասկանալի է, որ Դեմիրճյանի պես զգուշավոր և շրջահայաց մարդը պիտի խուսափեր խոսուն վերնագրից, ինչն իսկույն կմատներ այդ գրառումների բուն էությունը, քանզի 1950-ականների կեսերից սկսված «ձնհալի» պայմաններում անգամ չէր համապատասխանում խորհրդային գերատեսչությունների սահմանած գրաքննական կանոնին: Թեև ձեռագիրը ստույգ տարեթիվ չի կրում, սակայն հավանական է, որ այն գրվել է 1954 թվականին: Ձեռագրի վերջում` տետրի կազմի վրա, հիշատակված են 1954-ին լույս տեսած որոշ թերթերի անուններ և հրապարակումներ: Այդ տարեթվի օգտին է խոսումն նաև Դեմիրճյանի երկերի ակադեմիական հրատարակության 14-րդ հատորում` «Օրագրերում» արված 1954 թվականի մարտի 12-ին և 1955-ի մարտի 11-ին Ղարաբաղի և հայության ճակատագրին առնչվող գրառումները:
Սա վկայում է, որ սկսվել էին քիչ թե շատ բարենպաստ ժամանակներ, երբ կարելի էր գոնե կիսաձայն խոսել հայ ազգային խնդիրներից, որոնք խորհրդային կարգերի հաստատմամբ ոչ միայն չլուծվեցին, այլ ավելի խորացան: Հետևաբար, Դեմիրճյանը հենց այդ ժամանակահատվածում պիտի վճռեր թղթին հանձնել ներքոբերյալ խոհերը:

Տեքստի մակերեսային ընթերցումն իսկ ակնհայտ է դարձնում մի քանի հանգամանք, որոնք ազդել են խոհերի նման շարադրման վրա: Առաջին Հանրապետության պատմական իրադարձությունների ականատես լինելով հանդերձ, Դեմիրճյանն անտեղյակ էր մի շարք քաղաքական և պատմական մանրամասներից, ինչպիսին է, օրինակ՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, և սա կողմնակալ երանգ է հաղորդում նրա շարադրանքին: Կարելի է ենթադրել, որ հեղինակը մտադրություն է ունեցել հետագայում հրատարակել այս խոհերը, և հավանաբար դրանով են պայմանավորված քաղաքական քարոզչության այնպիսի հնարքների կիրառումը, ինչպիսիք են լենինիզմի ջատագովությունն ու տեքստին հակադաշնակցական երանգների հաղորդումը: Միաժամանակ ակնհայտ է զգուշավոր մոտեցումը պորհրդային գրաքննությանը, ինչը դրսևորվում է կողմնակալությամբ և մի շարք պատմական փաստերի անտեսմամբ:

Այս թերություններով հանդերձ հոդվածը մնում է որպես Նախիջևանի և Արցախի հիմնախնդիրների վերաբերյալ պարզ ու տեղին մտորում-վերլուծություն, ինչը շատ առումներով արդինական է նաև այսօր: 

Ի՞նչ բան է «Ղարաբաղը»:
Սա մի հարց է, որին պետք է պատասխանել: Հասարակ հարց կարելի է համարել, հարցնել և պատասխանել: Երևի Ղարաբաղը գոյություն չուներ` իբրև հարց (ո՛չ՝ պրոբլեմ, այլ հարց, հարցմունք): Այսինքն` մինչև 1918 թիվը: Դա ցարական պետության մեջ գտնվող մի շրջան էր, ուր ապրում էին բնակչության համարյա հարյուր տոկոսը կազմող հայեր: Դա, ըստ տերիտորիալ, էթնիկ փաստի, հայերինն էր: Հարցը հետո` 18 թվին ստեղծվեց: Ո՞վ ստեղծեց: 

Տաճիկ հրամանատարությունը` Բաքու արշավելու նախօրյակին: Նա Ալեքսանդրապոլում կարգադրեց Խատիսովին, որ Ղարաբաղը մտնի Ադրբեջանի սիստեմի մեջ: Ինչո՞ւ` անպատճառ Ադրբեջանի սիստեմի մեջ. ի՞նչ «особый заказ» էր: Հասարակ պատասխան. դա տաճկական հրամանատարությանը պետք էր: 1) Երբ կատարվեց տաճկական հրամանատարության հրամանը, կատարվեց Տաճկաստանի նույն պահի, ասենք, ժամանակավոր պլանը: Ի՞նչ: Ասենք` չգիտենք: 2) Երբ արդեն սովետականացվել էր Անդրկովկասը, և Նարիմանովը հայտարարեց, որ Ղարաբաղը վերադարձվում է Հայաստանին, ինչո՞ւ տաճկական կառավարությունը արգելք դրեց: Ասենք` ժամանակավոր պլանը դեռ մնում էր: Տաճկաստանի ցուցմունքն ընդունվեց. Ղարաբաղին ձեռք չտվեցին: Ինչո՞ւ: Ասենք` Ղարաբաղը պետք էր Տաճկաստանի 1918-ի պլանին: Ուրեմն պլանը ժամանակավոր չէր կամ երկարացվեց: Եվ այժմ, որ իբրև չպիտի ձեռք տրվի Ղարաբաղին, կնշանակի պիտի մնա ՙժամանակավոր պլանը՚: Դա պետք է Տաճկաստանին:

Եզրակացություն: Ղարաբաղը տաճկական զակազ է. ժամանակավոր չէ, այլ մշտական, և ով պաշտպանում է Ղարաբաղի ներկա ստատուսը, նա պաշտպանում է 18 թվի ստատուսը: Նա ընդունում է տաճկական օրիենտացիան: ՙՆա»-ն այստեղ պետք է համարել նրան, ով պաշտպանում է, ով գիտի և ընդունում է, որ դա տաճկական օրիենտացիա է: Թող հրապարակ գա այդ «նա»-ն և բարձրաձայն հայտարարի: Չի՞ հայտարարում բարձրաձայն: Միևնույն է. «նա» ցածրաձայն ընդունում է տաճկական օրիենտացիան: Որովհետև տրամաբանությունը տանում է այդտեղ` իր երկաթե ուժով: Այո՛, ընդունում է, հանդուրժում է, ենթարկվում է` հաճությամբ, զիջելով, ստիպված: Կարո՞ղ է մի պլան վնասակար լինել տանողին և պաշտպանվել նրա կողմից: Ո՛չ: Ուրեմն Ղարաբաղի պլանը օգտակար է և պաշտպանվում է: Բաց անենք քարտերը. Ղարաբաղը պետք է Տաճկաստանին և Ադրբեջանին: Հետևապես այդ օրիենտացիան պետք է: Իսկ եթե պետք չէ, թող վերականգնվի հին ստատուսը` էթնիկական Ղարաբաղը միանա իր էթնիկական ազգակցին` Հայաստանին: Դա են պահանջում Սովետական իդեոլոգիան, լենինիզմը և պրոլետարարությունը: Ով դեմ է, կողմնակից է տաճկական օրիենտացիային:
Կարելի՞ է այժմյան պայմաններում պահանջել Ղարաբաղը: Ո՛չ` կասեն: Ե՞րբ կարելի կլինի: Երբ իրենք` ադրբեջանցիները կամենան: Ե՞րբ կկամենան: Երբե՛ք: Ուրեմն` այս օրս նույնարժեք է, ինչ որ երբևէն: Կարելի՞ է այնպես անել, որ հոժարությամբ վերադարձնեն Ղարաբաղը: Այո՛, եթե Ղարաբաղի պաշտպանները` մուսաֆաթիստները, վերանան և առաջ գան լենինիստները: Կլինի՞ այդ: Ես չգիտեմ: Ղեկավարությունը (Շահումյան, Ֆիոլետով, Ազիզբեկով, Ջափարիձե և մնացածները) Բաքվում ստեղծեց այնպիսի տրադիցիա, որ Բաքուն դարձրեց բոլշևիզմի միջնաբերդը Անդրկովկասում: Եվ թեպետ վեց ամսվա հերոսական դիմադրության վերջում պարտվեց Բաքուն, բայց նրա ստեղծած տրադիցիան հիմք դարձավ Հյուսիսային Կովկասից Բաքու արշավող բոլշևիկյան զորամասերի համար` մտնելու Բաքու և ստիպելու մուսաֆաթական զորքին չդիմադրել: Փաստ է, որ Բաքվի բանվորության մեծամասնությունը հայեր էին, Բաքվում հավաքվել էին գերմանական և ավստրիական ճակատներից տուն վերադարձած հայ (մեծ մասամբ` գյուղացի) զինվորները: Եվ
(չնկատված (!) փաստ) Ղարաբաղի գյուղացիների հաղթական դիմադրությունները տաճկական կանոնավոր զորամասերին թուլացնում էին Բաքու գնացող տաճիկ զորամասերի պաշտպանական ուժը: Չնկատված է մնացել մի շատ կարևոր փաստ. Բաքվի հետ միասին Ղարաբաղի հայ ժողովուրդը ևս ռուսական օրիենտացիա ուներ: Փաստ է, որ նրանք չկամեցան միանալ դաշնակցական Հայաստանին, որի օրիենտացիան անգլո-ամերիկյան էր: Այնպես որ, վերոհիշյալ երկու փաստը պետք է գնահատել հետևյալ կերպ. Բաքվի հետ միաժամանակ ռուսական օրիենտացիա է ունեցել նաև Ղարաբաղը. նա անգնահատելի ծառայություն է մատուցել Բաքվին և ռուսական գաղափարին. նախ` կռվելով տաճիկների դեմ իր լեռներում և երկրորդ` չի միացել դաշնակցական ավանտյուրային և հարել է ռուսների գործին, որով և չի թուլացրել ռուսական գործը Անդրկովկասում, այլ ուժ է տվել (поддержка): Եվ սրանից հետո պետք է այլևս ասել` Բաքու-Ղարաբաղի դիմադրություն: Կավելացնեի նաև` Զանգեզուրի:

Ծանոթություն. Ահա, թե ինչ նշանակություն ուներ և ունի Ղարաբաղը տաճիկ զորահրամանատարության աչքում: Ղարաբաղը եղել և մնում է իբրև աչքի փուշ Տաճկաստանի համար: Դեռ Անդրկովկասի դռների մոտ դեպի Բաքու արշավանքը ծրագրող տաճիկ հրամանատարությունը ճիշտ հասկացավ ու բարձր գնահատեց Ղարաբաղի այդ ռազմաքաղաքական նշանակությունը (Փոքրկովկասյան լեռնաշղթայի միջնաբերդ, կռվող (հայ) ժողովուրդ` ռուսական հին օրիենտացիայի ստեղծողը և հավատարիմ պահողը): Ալեքպոլի դաշնակցությամբ Ղարաբաղը հանվեց Հայաստանից և կցվեց Ադրբեջանին: Քեմալական Թյուրքիան դիմադրեց 22 (?)-ին Նարիմանովի «առաջարկին»՝ Ղարաբաղը վերադարձնել Հայաստանին: 

Ինչո՞ւ չվերադարձնել Հայաստանին:
Ինչո՞ւ հանձնել Ադրբեջանին: Ի՞նչ ապագա նպատակների համար: Ինչո՞ւ էր և է հոգում, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի ձեռքում: Ինչո՞ւ է վստահում նրան… Հարցեր, հարցեր և հարցեր, որոնց պատասխանը շատ պարզ է նրանց համար, ովքեր չեն վախենում տրամաբանությունից: Իմիջիայլոց, տաճիկները նոր չէ, որ մեծապես գնահատում են Ղարաբաղը: Նրանք շատ են արշավել Ղարաբաղ և շատ են ՙկերել՚ նրանից: Ղարաբաղը Զանգեզուրի թիկունքն է տաճիկների համար. Զանգեզուրի, որի դռները չկարողացան կոտրել տաճիկները ո՛չ պատմության մեջ, ո՛չ 18 թվին, Զանգեզուրի, որին կարող են տիրել` թիկունքի հարվածով: Ո՞վ պիտի հարվածի… Նա մի հարվածող ունի, հնարավոր մի ագրեսոր. դա Տաճկաստանն է: Մի հանգամանք ևս պետք է նշել և ընդգծել: Տաճկական կառավարությունը բնաջնջեց իր պետության մեջ ապրող հայությանը: Եթե իր ՙպատիժը՚ վերագրում էր իրեն հպատակ հայերին, ապա ինչո՞ւ կոտորեց Ախալքալաքի, Լենինականի, Շիրակի, Փամբակի, Բաքվի հայությանը: Ինչո՞ւ է մտադրվել բնաջնջել նաև Անդրկովկասում: Ի՞նչ պլան էր Անդրկովկասի հայերի բնաջնջումը, որ ծրագրեց Վեհիբ փաշան` 1918-ի գարնանը: Թյուրքերը հարձակվեցին Անդրկովկասի վրա: Ծրագիրն էր` տիրել այն մինչև Բաքու-Դերբենտ և իրենց ենթարկել Անդրկովկասի ժողովուրդներին: Նրանք հարվածի օբյեկտ ընտրեցին հայ ժողովրդին, որի
բնաջնջումը սկսված էր Թյուրքիայում և ծրագրվում էր ավարտել Անդրկովկասում: Հարվածը տրվեց Հայաստանի գծով` Լենինական-Կիրովական-Դիլիջան-Աղստաֆա: Թյուրքերին դիմադրեց (ուրեմն) հայ ժո-
ղովուրդը: Նրան օգնության չհասան մենշևիկները և մուսաֆաթը, և հայ ժողովուրդը սրանց, հասկանալիորեն, չի մեղադրում: Քանի որ հայ ժողովրդի թշնամիների մեջ էին և՛ մենշևիզմը, և՛ մուսաֆաթը: Սրանք բարեկամ չէին նաև դաշնակցության, որ անշուշտ, չի նշանակում, թե դաշնակցությունը
հայ ժողովրդի բարեկամն էր: Ղարաբաղը և Նախիջևանը տաճկական ռազմաքաղաքական պլան է կամ էր: Ով պաշտպանում է Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանում թողնելու ստատուսը, նա գիտակցաբար, թե անգիտակցաբար պաշտպանում է այդ պլանը: Այդ երկրամասերը Հայաստանին վերադարձնելու ուղղությամբ քայլեր եղել են (Նարիմանովը և ուրիշները), բայց վերջը հարցը ճնշվել է և լքվել: Ի՞նչն է եղել դրա արգումենտը. երևի` ՙվիրավորանք՚ հասցնելը Ադրբեջանի ժողովրդին: Հարց: Ի՞նչ է նշանակում այդ §վիրավորանքը¦ սովետական սոցիալիստական պետությունների սիստեմում` Միությունում, եթե ճիշտ է, որ նա գնում է դեպի կոմունիզմ, և եթե ճիշտ է, որ այս կոմունիզմը պոլիտիկա չէ, մանյովր չէ, «ագիտացիա» չէ, պրոֆանացիա չէ, այլ ճշմարիտ մարքս-լենինյան ուսմունքի և քաղաքական պլանի արդյունք, և սա` անկեղծ, անվերապահ, աներկմիտ և ազնիվ: Ի՞նչ վիրավորանք հայերի համար, եթե Աջարիան միացրած է Վրաստանին: Ի՞նչ վիրավորանք վրացիների համար, եթե Ղարաբաղն ու Նախիջևանը միանան Հայաստանին: Ի՞նչ վիրավորանք հայերի համար, եթե պարսկական Ադրբեջանը միացվեր Ադրբեջանին: Ի՞նչ վիրավորանք կլինի Ադրբեջանի համար, եթե Ղարաբաղն ու Նախիջևանը վերադարձվեն Հայաստանին: Նրանց ինչի՞ն են պետք Ղարաբաղը և Նախիջևանը: Եվ ի՞նչ են ներկայացնում Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանում. երիտասարդությունը չի կարող բարձրագույն կրթություն ստանալ իր մայրենի լեզվով. ուրեմն և չի կարող Ադրբեջանում մասնակցել որակյալ աշխատանքի` իր իսկ բուն մարզում: Ղարաբաղի ժողովուրդը մնում է կիսակիրթ. գյուղացին հետ է մնում: Նա պետք է ադրբեջանականանա, որ կարողանա ապրել և զարգանալ: Ուրեմն ասիմիլիացիա՜… և այն էլ ինչպիսի՜…
Ղարաբաղը և Նախիջևանը Թյուրքիայի ագրեսիայի սիմվոլներն են Արևելքի նկատմամբ. նրա պլացդարմը: Պաշտպանո՞ւմ է Ադրբեջանը այդ պլանը: Եթե ոչ, այդ դեպքում ի՞նչ վիրավորանք, եթե բանակցության ժամանակ հաշվի չառնվի այդ հին պլանը: Թերևս հարկ կա սահմանավորելո՞ւ հայերի պահանջը: Սահմանավորվել էին իրենց ներկա սահմանում, բայց ինչո՞ւ փորձեցին և սկսեցին հայերի թիվը պակասեցնել: Ես վստահ եմ, որ ինչքան էլ հայերը սեղմվեն, չի դադարելու ճնշումը, չի դրվելու սահման նրանց ՙսահմանավորման՚: Նրանց կճնշեն մինչև բնաջնջում: Հայերը պետք չեն մուսաֆաթական, մենշևիկյան, ինչպես նաև թյուրքական որևէ պլանի, այլ խանգարում են նրանց` իբրև ռուսական հենասյուն, և նրանք կռվում են ոչ «հայերի» դեմ, այլ «ռուսների» դեմ Անդրկովկասում: Ավելի ուժեղ հենասյուն կստեղծվեր Ղարաբաղի, Նախիջևանի և Հայաստանի միացումից. այսինքն` ավելի ուժեղ հենասյուն
կստեղծվեր ռուսական օրիենտացիայի համար Անդրկովկասում: Չէ՞ որ այն ժամանակ, երբ ռուս զորքերը հեռացան Անդրկովկասից (1918թ.), Բաքուն, Ղարաբաղը և Նախիջևանը (ժողովուրդը) պաշտպանեցին ռուսական օրիենտացիան, որով և մեծապես օգնեցին ռուսական ռևոլյուցիային (բոլշևիկներին, «ռուսներին»): Եվ եթե այն ժամանակ, այն պայմաններում դա կարողացան, ուրեմն որքա՛ն կարող են ներկա պայմաններում, երբ
Անդրկովկասում ավելի ուժեղացել է հայ, վրացի և ադրբեջանցի բուն ժողովուրդների համակրանքը դեպի ռուս ժողովուրդը:

(շարունակելի)

Նախիջևանի ինքնավարությունը՝ քննարկման առարկա

Ադրբեջանում Արցախի և Սյունիքի հարցերին զուգահեռ արդեն փորձ է արվում քաղաքական օրակարգ բերել նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի հարցը:

Այս թեմայով մասնավորապես քննարկում է տեղի ունեցել ապրիլի 14-ին, Զաուր Գարիբօղլուի վարած «Քաղաքական ռեակցիա» յութուբյան հաղորդաշարի հեռարձակումներից մեկում, որտեղ հրավիրյալ, «Թուրան» կուսակցության նախագահ Ջահանդար Բայօղլուն հայտարարել է, որ Նախիջևանի ինքնավորությունը ապագայում պետք է վերացվի, և այն պետք է դառնա Ադրբեջանի սովորական վարչատարածքային միավորներից մեկը: Մասնավորապես Բայօղլուն նշել է, որ «ապագայում Նախիջևանը Թավրիզի, Բաքվի, Ղարաբաղի, Երևանի պես Ադրբեջանի վիլայեթներից մեկն է լինելու»:

Ադրբեջանի «Թուրան» կուսակցությունը ազգայնամոլական, հակառուսական, հակաիրանական դիրքորոշմամբ աչքի ընկնող պանթյուրքիստական կուսակցություն է: Կուսակցության նախագահ Ջահանդար Բայօղլուն հայտնի է որպես նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական խոսափողերից մեկը, և նրա մոտեցումները հիմնականում արտահայտում են ալիևեյան քաղաքական կուրսի բացահայտ կամ թաքուն ուղղությունները:

Ալիևամետ քաղաքական ուժի կողմից Նախիջևանի ինքնավարության հարցի բարձրացումը պատահական չէ: Քաղաքական և տնտեսական լայն ինքնավարությունից օգտվող Նախիջևանը Ադրբեջանի քաղաքական համակարգում նշանակալի և որոշիչ դերակատարություն ունի. պատահական չէ, որ ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, նախքան Ադրբեջանի նախագահ դառնալը պաշտոնավարում էր որպես Նախիջանի Ինքնավար հանրապետության նախագահ:

Նախիջեւանի խնդիրը հավասար է Արցախի խնդրին. Ռումբ Երեւանի գլխին

Պավել Դալլաքյան

Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրին նվիրված ԵԱՀԿ հովանու ներքո հավանական բանակցությունների անոնսը վկայում է բանակցությունների նյութի դիտավորյալ խեղաթյուրման մասին: Եթե Կարսի պայմանագիրը գործում է, ապա Նախիջեւանը Բաքվի ինքնիշխան տարածք չէ: Եթե չի գործում՝ վերադարձրեք Արարատն ու Իգդիրը։

Խաղաղության պայմանագրով իրականացվելու է փոխադարձ ճանաչում, որը անհնար է առանց սահմանների ճանաչման, ինչի մասին, մասնավորապես, ասված է նաեւ ՀՀ ԱԳՆ համապատասխսան հայտարարության մեջ: Եթե այդպես է, ապա անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ խորհրդային ադմինիստրատիվ սահմանների ճանաչումով գործը չի կարող ավարտվել, ինչպես համառ ներկայացնում է ՀՀ վարչապետը ինչ-որ տարետվերի ձեռնծությամբ: Ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը:

Նախկին Հայկական ԽՍՀ հարավային սահմանի մի մասը հանդիսանում էր, եւ հիմա էլ է հանդիսանում, միջազգային պայմանագրերով սահմանված բաժանարար գիծ ՀԽՍՀ եւ Նախիջեւանի Ինքնավար հանրապետության միջե: Նախիջեւանը Մոսկվայի/Կարսի 1921 թվականի պայմանագրով կողմերը սահմանել են իբրեւ հայկական ինքնավարություն Ադրբ. Հանրապետության հովանու, ընդունված դասակարգմամբ՝ պրոտեկտորատի ներքո: Նախիջեւանը այսպես կոչված «Ադրբեջանի» մաս չէ, ինչպես Աջարական ինքնավարությունը Վրասատի ինքնիշխան մաս չէ եւ սահմանը գտնվում է պայմանագրային հատուկ ռեժիմի տակ: 

Նախիջեւանի խնդիրը Տրապիզոնում

Նախիջեւանի հատուկ կարգավիճակը հստակ արտահայտվեց Տրապիզոնում 2004 թվականի մարտի 16-ին (ռուս–թուրկական պայմանագրի տարելից – հեղ.) ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում, երբ Ռուսաստանը ներկայացնող մոսկովյան քաղաքագլուխ Յուրի Լուժկովին ասվեց, որ «Աջարիստանը Կարսի պայմանագրով գտնվում է ստորագրող կողմերի հավասար իրավասության ներքո» [Կոմմերս, 1]: Ընդգծենք՝ հավասար բառը: Լուժկովը Կարսի պայմանագրի վճռորոշ հանգամանքը այնուհետեւ բազմիցս օգտագործել է Սահակաշվիլիի եւ Աբաշիձեյի միջեւ իր առաքելության անհաջողությունը պատճառաբանելիս (TVC):

Ավելորդ չէ նշել, որ Նախիջեւանի հենց միջազգային կարգավիճակը պայմանավորեց 1988 թվականին եւ հաջորդ տարիներին խնդրի բացակայությունը ղարաբաղյան սարժման օրակարգից: Հիմա դրությունն այլ է. մենք չէ, որ բարձրացրել ենք սահմանների խնդիրը: Մենք պիտի շահագործենք սահմանների միջազգային, բազմակողմ հանգամանքը Հայաստանի բոլոր խնդիրները միավորելու համար: Նիկոլ Փաշինյանի առջեւ հակառակ առջադրանքն է՝ հերթով ազատվել խնդիրներից եւ վայելել մունիցիպալ կառավարիչի կենցաղը:

Այն հանգամանքը, որ ՔՊ կառավարությունը բոլորիս անհասկացողի տեղ է դնում, վկայում է հայ-թրքական բանակցությունների նախապայմանների առատութայան մասին: Նկատի ունենանք, որ Արցախի խնդիրը կազմել է ռուս-թուրքական պայմանագրերի տակավին չհրապարակված հավելվածի մաս (Նադեին-Ռայեւսկի, Տարասով), հետեւապես Արցախի օտարումը Հայաստանից նույնպիսի նախապայման է ինչ Նախիջեւանը: Մեղրու ճանապարհը թողված է իբրեւ այս հարցերից շեղող գրգռիչ եւ անկասկած համաձայնեցված «փոխզիջումային» նախապայման է: Այլ կերպ ասած, բանակցությունների նյութը, դեռ դրանք չսկսած, խեղաթյուրված է. հայկական պետությունը առնվազն Նախիջեւանը ճանաչում է Ադրբեջանական Հանրապետության ինքնիշխան տարածք, անկախ հարաբերությունների կարգավորման մնացած բոլոր տարրերից: Հակառակ Մոսկվա/Կարսի պայմանագրի: Նախիջեւանի նոր կարգավիճակը թույլ է տալու այդտեղ մշտական հիմքով թուրքական զինուժի կայազորներ տեղաբաշխել: Դրա դեմ Հայաստանը չի կարողանա առարկել նոր կարգավիճակի դեպքում:

Նախիջեւանի իրական արժեքը եւ Արարատը

Պետք է նաեւ հստակ գիտակցել, որ ռազմավարական առումով, հատկապես Երեւանի բնակչության անվտանգության տեսակետից, Նախիջեւանը նույնքան կարեւոր է ինչ հայկական Արցախը: Կարեւոր է նաեւ նկատել, որ եթե Մոսկվա/Կարսի պայմանագիրը առանց բարձրաձայնելու չեղյալ է ճանաչվում, ապա այդ դեպքում ի՞նչ է անում Արարատ լեռը իր շրջակայքով Թուրքիայի Հանրապետության տարածքում: Մինչեւ 1921 թվականը Արարատը երբեք չի գտնվել Օսմանյան կայսրության տարածքում, համենայն դեպս, իր գոյության վերջին 200 միլիոն տարիների ընթացքում: 

ՀՀ եւ Նախիջեւանի ԻՀ սահմանի խնդիրը, ինչպես եւ վերջինի կարգավիճակը հնարավոր չէ դիտարկել առանց հայտնի պայմանագրերը կնքած բոլոր կողմերի մասնակցության եւ պայմանագրերի մնացած բաղադրամասերի դիտարկման: ՀՀ վարչապետի համար, ըստ երեւույթին, սրբազան նշանակություն ունեցող Թբիլիսիի դերը նույնպես խնդիր է: Արարատը 1921թ, մարտի 16-ի Մոսկովյան պայմանագրով օտարվել է հոգուտ քեմալական Անատոլիական կառավարության Բաթումի եւ Աբխազիստանի հյուսիսային մասի դիմաց: 100 տարուց ավելի Վրաստանը շարունակում է մնալ հայոց իրապես սրբազան լեռան օտարման ուղիղ շահառո:

Հայազրկման հանգամանքը Նախիջեւանը շատ չի զատում Արցախի խնդրից, քանի որ ոչ ոք չի պատրաստվում Արցախում հանրաքվե անցկացնել: Բացի այդ մարդկանց կարելի է տարհանել առանց որեւէ հետեւանքի՝ ճիշտ այնպես ինչպես անհետեւանք է Շուշիի եւ Հադրութի բնակչության տարհանումը: Այդուհանդերձ, ճիշտ քայլերի դեպքում Նախիջեւանով կարելի է օժանդակել Արցախի խնդրին՝ առնվազն բնակչության անվտանգուտյան եւ հայրենիք վերադառնալու հարցում: Առնվազն:

Ինչ է եղել մինչեւ ԵԱՀԿ. Դարձյալ Նախիջեւան

Այսպիսով, ՀՀ եւ այսպես կոչված «Ադրբեջանի», Թուրքիայի Հանրապետության, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը անհնար է անջատաբար: Մասնավորապես, հրատապ է Կարսի նահանգի խնդիրը, որի կարգավիճակը եւ պատկանելությունը նույնիսկ քեմալական «Ազգային ուխտի» համաձայն ենթակա էր հանրաքվեյի միջոցով որորշման: Հանրաքվեն չեղյալ համարվեց բոլշեւիկյան Ռուսաստանի պահանջով դեռեւս 1919 թվականին՝ Նովորոսիյսկ նավահանգստից ստորջրյա ճանապարհով դեպի Թուրքիա առաքված գաղտնի բանագնացության պնդումով:

«Ազգային ուխտով» Կարսում հայկական ինքնավարության, կամ ընդունված դասակարգմամբ՝ ազգային օջախի ենթադրվող կարգավիճակը անուղղակի կերպով վիճարկվում էր նեղուցների խնդրով Ռուսաստանի պատվիրակ  Գեորգի Չիչերինի եւ բրիտանական արտգործնախարար մարկիզ Ջորջ Նաթանիել Քերզոնի միջեւ Լոզանի 1923 թվականի կոնֆերանսում: Ռուսաստանի վրա «հայանպաստ» բրիտանական ճնշումները, ի վերջո, հանգեցին պարզունակ շահարկման՝ Սեւծովյան նեղուցների բրիտանանպաստ կարգավիճակի դիմաց: Քերզոնը Չիչերինին ճնշելիս պահանջում էր հրապարակել Կարսի պայմանագրի գաղտնի բաժինները, ակնարկելով հայերի հետագա ոչնչացմանը եւ ցրմանը վերաբերող դրանց բովանդակությունը:

1923-ին Կարսը ճանաչվեց Թուրքիայի մաս առանց որեւէ հատուկ կարգավիճակի: Ավելացնենք, որ դա արվեց առանց Կոնֆերանսին հայկական պետական մասնակցության. Հայաստանն արդեն ԽՍՀՄ մաս էր: Ավելացնենք, որ իրավաբանական խիստ իմաստով Լոզանի պայմանագիրը անվավեր է, քանի որ չի ճանաչվել ապագայում Հարավսլավիա կազմած երկրների կողմից: Չիչերինի խնդիրն է հետապնդում նաեւ Երեւանի ներկայիս կառավարությունը հենց այդ Կարսի, նաեւ Իգդիր-Արարատ-Բայազետի, Նախիջեւանի եւ Արցախի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ՝ մատաղացու դարձող Հայաստանի վերաբերյալ:

Այժմ Կարսի պայմանագիրը ընդունվում է, ընդ որում ի վնաս Հայաստանի էապես ընդլայնված տարբերակով: Նախիջեւանը՝ Բաքվի լիիրավ տարածք, Արցախը նույնպես, ընդսմին՝ ոչ գաղտնի, հրապարակային երկկողմանի պայմանավորվածությամբ: Մեղրիի ճանապարհը անցնելու է ռուսական ՖՍԲ ստորաբաժանումների կողմից վերահսկվող արտատարածքային գոտով, որը անջատելու է Հայաստանը Իրանից: Սա կոչվում է «Կարս առավել» կամ «Կարս+»: Ահա 2020 թվականի ռուս-թուրքական արցախյան արշավանքի նպատակը:

Բնական է որ, մեկ-երկու տարում միջազգային կյանքի հիրավի հսկա ֆիգուրներ դարձած Վլադիմիր Զելենսկու եւ Իլհամ Ալիեւի համեմատությամբ առաջվա քարվանսարայեցի չարաճճի մանուկ մնացած Նիկոլ Փաշինյանը եւ նրա Միրզոյան-Գրիգորյան-Մակունց ինտելեկտուալ շրջապատը հազարավոր մղոն հեռու են նման խնդիրների ընկալումից: Նրանց ուղղված մեվլության գորովալից ժպիտները եւ լավրովյան մաժումները միանգամայն հասկանալի են:

 

Աղբյուրը՝ https://ezerk.am/?p=25096

Նախիջևանի գազը՝ Թուրքիայից

Մարտի 10-ին, Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Ի. Ալիևի և Ռ. Թ. Էրդողանի միջև, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Իգդիր-Նախիջևան գազատարին առնչվող հարցեր: 

Երեք ժամից ավել տևած հանդիպման օրակարգում եղել են թուրք-ադրբեջանական հարաբերությւոնները, ռուս-ուկրաինական ճգնաժամը, հայ-ադրբեջանական հարաբերությունները և այլ հարցեր:

«Անդրադարձ է եղել թուրք-ադրբեջանական համագործակցությանը էներգետիկ ոլորտում, քննարկվել են հավելյալ գազամատակարարման հնարավորությունները Թուրքիային, ինչպես նաև Թուրքիայի տարածքով՝ Եվրոպային»,- հաղորդել է պաշտոնական Բաքուն, հավելելով՝ Ալիևն ու Էրդողանը քննարկել են նաև Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման հարցը, ինչի համար միջոցներ են նախատեսված Ադրբեջանի բյուջեում։

2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հուշագրով նախատեսվում էր BOTAŞ  և SOCAR ընկերությունների կողմից իրականացվող նախագծի շրջանակում Նախիջևան բնական գազի մատակարարում Թուրքիայի Իգդիրի նահանգից։ 

Թուրքական կողմից ընդհանուր ներդրումը ծրագրում կկազմի 185 մլն լիրա, որից 100 մլն լիրա Թուրքիան մտադիր է ներդնել այս տարի:

Համաձայնագրում նշվում է, որ Նախիջևանին կտրամադրվի տարեկան 500 մլն խմ բնական գազ՝  օրական 1,5 մլն խմ ծավալով:։

Ագուլիսի բարբառը

Ագուլիսի բարբառը պատկանում է հայերեն բարբառների “ում” ճյուղին: Այս բարբառով խոսվել է Գողթն գավառի Ագուլիս քաղաքում, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Հանդամեջ, Դիսար գյուղերում և ավաններում: Փոխաբերական իմաստով կոչվել է նաև զոկերի լեզու, զոկերեն կամ զոկական բարբառ. այս անվանումը օգտագործվել է միայն խոսակցական լեզվում: 1910-20-ական թվականներին այս բարբառով խոսող բնակչությունը բռնի տեղահան արվեց հայրենի բնակավայրերից և ցրվեց Անդրկովկասի (Երևան, Թիֆլիս, Զաքաթալա, Շուշի, Նուխի, Կախ, Բաքու) և այլ վայրեր (Մոսկվա, Աստրախան, Կ. Պոլիս, Թավրիզ, Մազանդարան): Այս բարբառով խոսող մի քանի տասնյակ վերջին ընտանիքները Ցղնայից և Տանակերտից բռնագաղթեցին 1989թ. իրադարձությունների ժամանակ:
Ագուլիսի բարբառի փրկման, այդ բարբառով ժողովրդի մեջ դեռևս հարատևող լեզուն գրի առնելու և այդ գրավոր խոսքը սերունդներն հասցնելու համար 1910-30-ական թվականներին մի խումբ գողթնեցի ստեղծագործողներ (Ռ. Զարգարյան, Հ. Թումանյան, Ս. Սողոմոնյան և այլք) իրենց ստեղծագործությունները գրել և հրատարակել են այդ բարբառով: Այդ նպատակն էր հետապնդում նաև 1919 թվականին Թիֆլիսում գողթնեցիների միջոցով հրատարակված “Զօկի ճրօյգը” թերթը, որից, ցավոք, հայտնի են միայն երկու համարներ: Ագուլիսի բարբառի ուսումնասիրությանն են նվիրված Ս. Սարգսյանցի “Ագուլեցոց բարբառը” (Մոսկվա 1887 թ.) և Հր. Աճառյանի “Քննություն Ագուլիսի բարբառի” (Երևան, 1936 թ.) աշխատություննեը: Ագուլիսի բարբառն ունի երկու՝ Ագուլիսի (Տանակերտի, Քաղաքիկի, Դիսարի և Հանդամեջի խոսվածքները) և Ցղնայի ճյուղերը: Հր. Աճառյանը այս բարբառի տակ դնելով Փառակայի, Ռամիսի, Բիստի, Խուրստի, Մեսրոպավանի, Ալահիի (Աղահեցիկի) խոսվածքնեը, դրանք իրավացիորեն համարել է Ղարաբաղի բարբառին պատկանող խոսվածքներ: 1899-1901 թթ. Ագուլիսի բարբառում նախահայերենի հետքերի ուսումնասիրությանը անդրադարձած Գր. Վանցյանի (“Հանդես ամսօրեա” 1899, թիվ 5 1901, թիվ 5-6) առաջ քաշած և միանգամայն ուշադրության արժանի ենթադրությամբ այս բարբառը, որը դարերի ընթացքում կրել է լեզվական առաջադեմ ձևափոխված ձևափոփոխություն, իր մեջ պահպանել է նաև նախահայերենին բնորոշ տարրեր: Այս ապտճառով է այս բարբառում պահպանված լեզվական որոշ տարրեր՝ առանձին բառերի առկայությունն ու արտասանությունը, շեշտադրությունը վկայում են, որ այն ունի գրաբարից էլ ավելի հին տարրեր ու ծագում: