Դերենիկ Դեմիրճյանի դատողությունները Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ

2014 թվականի «Հայկազեան հայագիտական հանդէս» տարեգրքում  տպագրվեց հայ արձակագիր Դերենիկ Դեմիրճյանի  «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» հոդվածը: 2016 թվին արդեն առանձին գրքույկով այն տպագրվեց «Անտարես» հրատարակչության կողմից: Ինչպես գրքույկի ներածականում ներկայացնում է  Կարինե Ռաֆայելյանը, ով հրատարակության է պատրաստել հոդվածի ձեռագիրը, ձեռագիրը անսպասելիորեն գտնվել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդում անհրաժեշտ նյութի հերթական փնտրտուքի ժամանակ: Այն 24 էջից բաղկացած մի ձեռագիր, որը Դերենիկ Դեմիրճյանի արխիվի Լրացուցիչ մասն ամփոփող գրանցամատյանում զետեղված էր «Հոդվածներ, ելույթներ և զանազան գրառումներ» բաժնում` «Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ իր դատողությունները. սևագրություններ» նկարագրությամբ: Ձեռագիրը մինչ այդ անտիպ էր և անհայտ ուսումնասիրողներին ու ընթերցողներին: Ձեռագրի կազմին հեղինակը կատարել է հետևյալ գրառումը. «Ամենօրյա խառն նոթեր
/Ավելի` լեզվական/»: Եվ միայն ներքևում ռուսերեն ավելացրել է` Карабаг:

Հասկանալի է, որ Դեմիրճյանի պես զգուշավոր և շրջահայաց մարդը պիտի խուսափեր խոսուն վերնագրից, ինչն իսկույն կմատներ այդ գրառումների բուն էությունը, քանզի 1950-ականների կեսերից սկսված «ձնհալի» պայմաններում անգամ չէր համապատասխանում խորհրդային գերատեսչությունների սահմանած գրաքննական կանոնին: Թեև ձեռագիրը ստույգ տարեթիվ չի կրում, սակայն հավանական է, որ այն գրվել է 1954 թվականին: Ձեռագրի վերջում` տետրի կազմի վրա, հիշատակված են 1954-ին լույս տեսած որոշ թերթերի անուններ և հրապարակումներ: Այդ տարեթվի օգտին է խոսումն նաև Դեմիրճյանի երկերի ակադեմիական հրատարակության 14-րդ հատորում` «Օրագրերում» արված 1954 թվականի մարտի 12-ին և 1955-ի մարտի 11-ին Ղարաբաղի և հայության ճակատագրին առնչվող գրառումները:
Սա վկայում է, որ սկսվել էին քիչ թե շատ բարենպաստ ժամանակներ, երբ կարելի էր գոնե կիսաձայն խոսել հայ ազգային խնդիրներից, որոնք խորհրդային կարգերի հաստատմամբ ոչ միայն չլուծվեցին, այլ ավելի խորացան: Հետևաբար, Դեմիրճյանը հենց այդ ժամանակահատվածում պիտի վճռեր թղթին հանձնել ներքոբերյալ խոհերը:

Տեքստի մակերեսային ընթերցումն իսկ ակնհայտ է դարձնում մի քանի հանգամանք, որոնք ազդել են խոհերի նման շարադրման վրա: Առաջին Հանրապետության պատմական իրադարձությունների ականատես լինելով հանդերձ, Դեմիրճյանն անտեղյակ էր մի շարք քաղաքական և պատմական մանրամասներից, ինչպիսին է, օրինակ՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, և սա կողմնակալ երանգ է հաղորդում նրա շարադրանքին: Կարելի է ենթադրել, որ հեղինակը մտադրություն է ունեցել հետագայում հրատարակել այս խոհերը, և հավանաբար դրանով են պայմանավորված քաղաքական քարոզչության այնպիսի հնարքների կիրառումը, ինչպիսիք են լենինիզմի ջատագովությունն ու տեքստին հակադաշնակցական երանգների հաղորդումը: Միաժամանակ ակնհայտ է զգուշավոր մոտեցումը պորհրդային գրաքննությանը, ինչը դրսևորվում է կողմնակալությամբ և մի շարք պատմական փաստերի անտեսմամբ:

Այս թերություններով հանդերձ հոդվածը մնում է որպես Նախիջևանի և Արցախի հիմնախնդիրների վերաբերյալ պարզ ու տեղին մտորում-վերլուծություն, ինչը շատ առումներով արդինական է նաև այսօր: 

Ի՞նչ բան է «Ղարաբաղը»:
Սա մի հարց է, որին պետք է պատասխանել: Հասարակ հարց կարելի է համարել, հարցնել և պատասխանել: Երևի Ղարաբաղը գոյություն չուներ` իբրև հարց (ո՛չ՝ պրոբլեմ, այլ հարց, հարցմունք): Այսինքն` մինչև 1918 թիվը: Դա ցարական պետության մեջ գտնվող մի շրջան էր, ուր ապրում էին բնակչության համարյա հարյուր տոկոսը կազմող հայեր: Դա, ըստ տերիտորիալ, էթնիկ փաստի, հայերինն էր: Հարցը հետո` 18 թվին ստեղծվեց: Ո՞վ ստեղծեց: 

Տաճիկ հրամանատարությունը` Բաքու արշավելու նախօրյակին: Նա Ալեքսանդրապոլում կարգադրեց Խատիսովին, որ Ղարաբաղը մտնի Ադրբեջանի սիստեմի մեջ: Ինչո՞ւ` անպատճառ Ադրբեջանի սիստեմի մեջ. ի՞նչ «особый заказ» էր: Հասարակ պատասխան. դա տաճկական հրամանատարությանը պետք էր: 1) Երբ կատարվեց տաճկական հրամանատարության հրամանը, կատարվեց Տաճկաստանի նույն պահի, ասենք, ժամանակավոր պլանը: Ի՞նչ: Ասենք` չգիտենք: 2) Երբ արդեն սովետականացվել էր Անդրկովկասը, և Նարիմանովը հայտարարեց, որ Ղարաբաղը վերադարձվում է Հայաստանին, ինչո՞ւ տաճկական կառավարությունը արգելք դրեց: Ասենք` ժամանակավոր պլանը դեռ մնում էր: Տաճկաստանի ցուցմունքն ընդունվեց. Ղարաբաղին ձեռք չտվեցին: Ինչո՞ւ: Ասենք` Ղարաբաղը պետք էր Տաճկաստանի 1918-ի պլանին: Ուրեմն պլանը ժամանակավոր չէր կամ երկարացվեց: Եվ այժմ, որ իբրև չպիտի ձեռք տրվի Ղարաբաղին, կնշանակի պիտի մնա ՙժամանակավոր պլանը՚: Դա պետք է Տաճկաստանին:

Եզրակացություն: Ղարաբաղը տաճկական զակազ է. ժամանակավոր չէ, այլ մշտական, և ով պաշտպանում է Ղարաբաղի ներկա ստատուսը, նա պաշտպանում է 18 թվի ստատուսը: Նա ընդունում է տաճկական օրիենտացիան: ՙՆա»-ն այստեղ պետք է համարել նրան, ով պաշտպանում է, ով գիտի և ընդունում է, որ դա տաճկական օրիենտացիա է: Թող հրապարակ գա այդ «նա»-ն և բարձրաձայն հայտարարի: Չի՞ հայտարարում բարձրաձայն: Միևնույն է. «նա» ցածրաձայն ընդունում է տաճկական օրիենտացիան: Որովհետև տրամաբանությունը տանում է այդտեղ` իր երկաթե ուժով: Այո՛, ընդունում է, հանդուրժում է, ենթարկվում է` հաճությամբ, զիջելով, ստիպված: Կարո՞ղ է մի պլան վնասակար լինել տանողին և պաշտպանվել նրա կողմից: Ո՛չ: Ուրեմն Ղարաբաղի պլանը օգտակար է և պաշտպանվում է: Բաց անենք քարտերը. Ղարաբաղը պետք է Տաճկաստանին և Ադրբեջանին: Հետևապես այդ օրիենտացիան պետք է: Իսկ եթե պետք չէ, թող վերականգնվի հին ստատուսը` էթնիկական Ղարաբաղը միանա իր էթնիկական ազգակցին` Հայաստանին: Դա են պահանջում Սովետական իդեոլոգիան, լենինիզմը և պրոլետարարությունը: Ով դեմ է, կողմնակից է տաճկական օրիենտացիային:
Կարելի՞ է այժմյան պայմաններում պահանջել Ղարաբաղը: Ո՛չ` կասեն: Ե՞րբ կարելի կլինի: Երբ իրենք` ադրբեջանցիները կամենան: Ե՞րբ կկամենան: Երբե՛ք: Ուրեմն` այս օրս նույնարժեք է, ինչ որ երբևէն: Կարելի՞ է այնպես անել, որ հոժարությամբ վերադարձնեն Ղարաբաղը: Այո՛, եթե Ղարաբաղի պաշտպանները` մուսաֆաթիստները, վերանան և առաջ գան լենինիստները: Կլինի՞ այդ: Ես չգիտեմ: Ղեկավարությունը (Շահումյան, Ֆիոլետով, Ազիզբեկով, Ջափարիձե և մնացածները) Բաքվում ստեղծեց այնպիսի տրադիցիա, որ Բաքուն դարձրեց բոլշևիզմի միջնաբերդը Անդրկովկասում: Եվ թեպետ վեց ամսվա հերոսական դիմադրության վերջում պարտվեց Բաքուն, բայց նրա ստեղծած տրադիցիան հիմք դարձավ Հյուսիսային Կովկասից Բաքու արշավող բոլշևիկյան զորամասերի համար` մտնելու Բաքու և ստիպելու մուսաֆաթական զորքին չդիմադրել: Փաստ է, որ Բաքվի բանվորության մեծամասնությունը հայեր էին, Բաքվում հավաքվել էին գերմանական և ավստրիական ճակատներից տուն վերադարձած հայ (մեծ մասամբ` գյուղացի) զինվորները: Եվ
(չնկատված (!) փաստ) Ղարաբաղի գյուղացիների հաղթական դիմադրությունները տաճկական կանոնավոր զորամասերին թուլացնում էին Բաքու գնացող տաճիկ զորամասերի պաշտպանական ուժը: Չնկատված է մնացել մի շատ կարևոր փաստ. Բաքվի հետ միասին Ղարաբաղի հայ ժողովուրդը ևս ռուսական օրիենտացիա ուներ: Փաստ է, որ նրանք չկամեցան միանալ դաշնակցական Հայաստանին, որի օրիենտացիան անգլո-ամերիկյան էր: Այնպես որ, վերոհիշյալ երկու փաստը պետք է գնահատել հետևյալ կերպ. Բաքվի հետ միաժամանակ ռուսական օրիենտացիա է ունեցել նաև Ղարաբաղը. նա անգնահատելի ծառայություն է մատուցել Բաքվին և ռուսական գաղափարին. նախ` կռվելով տաճիկների դեմ իր լեռներում և երկրորդ` չի միացել դաշնակցական ավանտյուրային և հարել է ռուսների գործին, որով և չի թուլացրել ռուսական գործը Անդրկովկասում, այլ ուժ է տվել (поддержка): Եվ սրանից հետո պետք է այլևս ասել` Բաքու-Ղարաբաղի դիմադրություն: Կավելացնեի նաև` Զանգեզուրի:

Ծանոթություն. Ահա, թե ինչ նշանակություն ուներ և ունի Ղարաբաղը տաճիկ զորահրամանատարության աչքում: Ղարաբաղը եղել և մնում է իբրև աչքի փուշ Տաճկաստանի համար: Դեռ Անդրկովկասի դռների մոտ դեպի Բաքու արշավանքը ծրագրող տաճիկ հրամանատարությունը ճիշտ հասկացավ ու բարձր գնահատեց Ղարաբաղի այդ ռազմաքաղաքական նշանակությունը (Փոքրկովկասյան լեռնաշղթայի միջնաբերդ, կռվող (հայ) ժողովուրդ` ռուսական հին օրիենտացիայի ստեղծողը և հավատարիմ պահողը): Ալեքպոլի դաշնակցությամբ Ղարաբաղը հանվեց Հայաստանից և կցվեց Ադրբեջանին: Քեմալական Թյուրքիան դիմադրեց 22 (?)-ին Նարիմանովի «առաջարկին»՝ Ղարաբաղը վերադարձնել Հայաստանին: 

Ինչո՞ւ չվերադարձնել Հայաստանին:
Ինչո՞ւ հանձնել Ադրբեջանին: Ի՞նչ ապագա նպատակների համար: Ինչո՞ւ էր և է հոգում, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի ձեռքում: Ինչո՞ւ է վստահում նրան… Հարցեր, հարցեր և հարցեր, որոնց պատասխանը շատ պարզ է նրանց համար, ովքեր չեն վախենում տրամաբանությունից: Իմիջիայլոց, տաճիկները նոր չէ, որ մեծապես գնահատում են Ղարաբաղը: Նրանք շատ են արշավել Ղարաբաղ և շատ են ՙկերել՚ նրանից: Ղարաբաղը Զանգեզուրի թիկունքն է տաճիկների համար. Զանգեզուրի, որի դռները չկարողացան կոտրել տաճիկները ո՛չ պատմության մեջ, ո՛չ 18 թվին, Զանգեզուրի, որին կարող են տիրել` թիկունքի հարվածով: Ո՞վ պիտի հարվածի… Նա մի հարվածող ունի, հնարավոր մի ագրեսոր. դա Տաճկաստանն է: Մի հանգամանք ևս պետք է նշել և ընդգծել: Տաճկական կառավարությունը բնաջնջեց իր պետության մեջ ապրող հայությանը: Եթե իր ՙպատիժը՚ վերագրում էր իրեն հպատակ հայերին, ապա ինչո՞ւ կոտորեց Ախալքալաքի, Լենինականի, Շիրակի, Փամբակի, Բաքվի հայությանը: Ինչո՞ւ է մտադրվել բնաջնջել նաև Անդրկովկասում: Ի՞նչ պլան էր Անդրկովկասի հայերի բնաջնջումը, որ ծրագրեց Վեհիբ փաշան` 1918-ի գարնանը: Թյուրքերը հարձակվեցին Անդրկովկասի վրա: Ծրագիրն էր` տիրել այն մինչև Բաքու-Դերբենտ և իրենց ենթարկել Անդրկովկասի ժողովուրդներին: Նրանք հարվածի օբյեկտ ընտրեցին հայ ժողովրդին, որի
բնաջնջումը սկսված էր Թյուրքիայում և ծրագրվում էր ավարտել Անդրկովկասում: Հարվածը տրվեց Հայաստանի գծով` Լենինական-Կիրովական-Դիլիջան-Աղստաֆա: Թյուրքերին դիմադրեց (ուրեմն) հայ ժո-
ղովուրդը: Նրան օգնության չհասան մենշևիկները և մուսաֆաթը, և հայ ժողովուրդը սրանց, հասկանալիորեն, չի մեղադրում: Քանի որ հայ ժողովրդի թշնամիների մեջ էին և՛ մենշևիզմը, և՛ մուսաֆաթը: Սրանք բարեկամ չէին նաև դաշնակցության, որ անշուշտ, չի նշանակում, թե դաշնակցությունը
հայ ժողովրդի բարեկամն էր: Ղարաբաղը և Նախիջևանը տաճկական ռազմաքաղաքական պլան է կամ էր: Ով պաշտպանում է Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանում թողնելու ստատուսը, նա գիտակցաբար, թե անգիտակցաբար պաշտպանում է այդ պլանը: Այդ երկրամասերը Հայաստանին վերադարձնելու ուղղությամբ քայլեր եղել են (Նարիմանովը և ուրիշները), բայց վերջը հարցը ճնշվել է և լքվել: Ի՞նչն է եղել դրա արգումենտը. երևի` ՙվիրավորանք՚ հասցնելը Ադրբեջանի ժողովրդին: Հարց: Ի՞նչ է նշանակում այդ §վիրավորանքը¦ սովետական սոցիալիստական պետությունների սիստեմում` Միությունում, եթե ճիշտ է, որ նա գնում է դեպի կոմունիզմ, և եթե ճիշտ է, որ այս կոմունիզմը պոլիտիկա չէ, մանյովր չէ, «ագիտացիա» չէ, պրոֆանացիա չէ, այլ ճշմարիտ մարքս-լենինյան ուսմունքի և քաղաքական պլանի արդյունք, և սա` անկեղծ, անվերապահ, աներկմիտ և ազնիվ: Ի՞նչ վիրավորանք հայերի համար, եթե Աջարիան միացրած է Վրաստանին: Ի՞նչ վիրավորանք վրացիների համար, եթե Ղարաբաղն ու Նախիջևանը միանան Հայաստանին: Ի՞նչ վիրավորանք հայերի համար, եթե պարսկական Ադրբեջանը միացվեր Ադրբեջանին: Ի՞նչ վիրավորանք կլինի Ադրբեջանի համար, եթե Ղարաբաղն ու Նախիջևանը վերադարձվեն Հայաստանին: Նրանց ինչի՞ն են պետք Ղարաբաղը և Նախիջևանը: Եվ ի՞նչ են ներկայացնում Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանում. երիտասարդությունը չի կարող բարձրագույն կրթություն ստանալ իր մայրենի լեզվով. ուրեմն և չի կարող Ադրբեջանում մասնակցել որակյալ աշխատանքի` իր իսկ բուն մարզում: Ղարաբաղի ժողովուրդը մնում է կիսակիրթ. գյուղացին հետ է մնում: Նա պետք է ադրբեջանականանա, որ կարողանա ապրել և զարգանալ: Ուրեմն ասիմիլիացիա՜… և այն էլ ինչպիսի՜…
Ղարաբաղը և Նախիջևանը Թյուրքիայի ագրեսիայի սիմվոլներն են Արևելքի նկատմամբ. նրա պլացդարմը: Պաշտպանո՞ւմ է Ադրբեջանը այդ պլանը: Եթե ոչ, այդ դեպքում ի՞նչ վիրավորանք, եթե բանակցության ժամանակ հաշվի չառնվի այդ հին պլանը: Թերևս հարկ կա սահմանավորելո՞ւ հայերի պահանջը: Սահմանավորվել էին իրենց ներկա սահմանում, բայց ինչո՞ւ փորձեցին և սկսեցին հայերի թիվը պակասեցնել: Ես վստահ եմ, որ ինչքան էլ հայերը սեղմվեն, չի դադարելու ճնշումը, չի դրվելու սահման նրանց ՙսահմանավորման՚: Նրանց կճնշեն մինչև բնաջնջում: Հայերը պետք չեն մուսաֆաթական, մենշևիկյան, ինչպես նաև թյուրքական որևէ պլանի, այլ խանգարում են նրանց` իբրև ռուսական հենասյուն, և նրանք կռվում են ոչ «հայերի» դեմ, այլ «ռուսների» դեմ Անդրկովկասում: Ավելի ուժեղ հենասյուն կստեղծվեր Ղարաբաղի, Նախիջևանի և Հայաստանի միացումից. այսինքն` ավելի ուժեղ հենասյուն
կստեղծվեր ռուսական օրիենտացիայի համար Անդրկովկասում: Չէ՞ որ այն ժամանակ, երբ ռուս զորքերը հեռացան Անդրկովկասից (1918թ.), Բաքուն, Ղարաբաղը և Նախիջևանը (ժողովուրդը) պաշտպանեցին ռուսական օրիենտացիան, որով և մեծապես օգնեցին ռուսական ռևոլյուցիային (բոլշևիկներին, «ռուսներին»): Եվ եթե այն ժամանակ, այն պայմաններում դա կարողացան, ուրեմն որքա՛ն կարող են ներկա պայմաններում, երբ
Անդրկովկասում ավելի ուժեղացել է հայ, վրացի և ադրբեջանցի բուն ժողովուրդների համակրանքը դեպի ռուս ժողովուրդը:

(շարունակելի)