Նախիջևանի գազը՝ Թուրքիայից

Մարտի 10-ին, Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Ի. Ալիևի և Ռ. Թ. Էրդողանի միջև, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Իգդիր-Նախիջևան գազատարին առնչվող հարցեր: 

Երեք ժամից ավել տևած հանդիպման օրակարգում եղել են թուրք-ադրբեջանական հարաբերությւոնները, ռուս-ուկրաինական ճգնաժամը, հայ-ադրբեջանական հարաբերությունները և այլ հարցեր:

«Անդրադարձ է եղել թուրք-ադրբեջանական համագործակցությանը էներգետիկ ոլորտում, քննարկվել են հավելյալ գազամատակարարման հնարավորությունները Թուրքիային, ինչպես նաև Թուրքիայի տարածքով՝ Եվրոպային»,- հաղորդել է պաշտոնական Բաքուն, հավելելով՝ Ալիևն ու Էրդողանը քննարկել են նաև Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման հարցը, ինչի համար միջոցներ են նախատեսված Ադրբեջանի բյուջեում։

2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հուշագրով նախատեսվում էր BOTAŞ  և SOCAR ընկերությունների կողմից իրականացվող նախագծի շրջանակում Նախիջևան բնական գազի մատակարարում Թուրքիայի Իգդիրի նահանգից։ 

Թուրքական կողմից ընդհանուր ներդրումը ծրագրում կկազմի 185 մլն լիրա, որից 100 մլն լիրա Թուրքիան մտադիր է ներդնել այս տարի:

Համաձայնագրում նշվում է, որ Նախիջևանին կտրամադրվի տարեկան 500 մլն խմ բնական գազ՝  օրական 1,5 մլն խմ ծավալով:։