Նախիջևանի ինքնավարությունը՝ քննարկման առարկա

Ադրբեջանում Արցախի և Սյունիքի հարցերին զուգահեռ արդեն փորձ է արվում քաղաքական օրակարգ բերել նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի հարցը:

Այս թեմայով մասնավորապես քննարկում է տեղի ունեցել ապրիլի 14-ին, Զաուր Գարիբօղլուի վարած «Քաղաքական ռեակցիա» յութուբյան հաղորդաշարի հեռարձակումներից մեկում, որտեղ հրավիրյալ, «Թուրան» կուսակցության նախագահ Ջահանդար Բայօղլուն հայտարարել է, որ Նախիջևանի ինքնավորությունը ապագայում պետք է վերացվի, և այն պետք է դառնա Ադրբեջանի սովորական վարչատարածքային միավորներից մեկը: Մասնավորապես Բայօղլուն նշել է, որ «ապագայում Նախիջևանը Թավրիզի, Բաքվի, Ղարաբաղի, Երևանի պես Ադրբեջանի վիլայեթներից մեկն է լինելու»:

Ադրբեջանի «Թուրան» կուսակցությունը ազգայնամոլական, հակառուսական, հակաիրանական դիրքորոշմամբ աչքի ընկնող պանթյուրքիստական կուսակցություն է: Կուսակցության նախագահ Ջահանդար Բայօղլուն հայտնի է որպես նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական խոսափողերից մեկը, և նրա մոտեցումները հիմնականում արտահայտում են ալիևեյան քաղաքական կուրսի բացահայտ կամ թաքուն ուղղությունները:

Ալիևամետ քաղաքական ուժի կողմից Նախիջևանի ինքնավարության հարցի բարձրացումը պատահական չէ: Քաղաքական և տնտեսական լայն ինքնավարությունից օգտվող Նախիջևանը Ադրբեջանի քաղաքական համակարգում նշանակալի և որոշիչ դերակատարություն ունի. պատահական չէ, որ ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, նախքան Ադրբեջանի նախագահ դառնալը պաշտոնավարում էր որպես Նախիջանի Ինքնավար հանրապետության նախագահ: