Արտակ Դավթյան. «Հաճախ ենք պատժիչ գործողություններ ձեռնարկում»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ասել է, որ «հաճախ ստիպված ենք լինում պատժիչ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար»:

«Մենք շարունակում ենք պնդել, որ սահմանի ողջ երկայնքով պետք է ներդրվի հետաքննության մեխանիզմը, որպեսզի միջազգային հանրությանը, կառույցներին եւս պարզ լինի՝ ով է նախահարձակը, որ կողմն է սադրում: Հաճախ մենք ստիպված ենք լինում պատժիչ գործողություններ ձեռնարկել նրանց նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար: Մեր հասարակությունը, անհրաժեշտության դեպքում, տեղեկացվում է այդ գործողությունների մասին», – ասել է Արտակ Դավթյանը՝ Արմենպրեսին տված հարցազրույցում:

Նա շեշտել է, որ «Նախիջեւանի ուղղությամբ իրենք դիրքերի բարելավում, առաջխաղացում չունեն»:

«Այո, նախիջեւանյան ուղղությամբ հակառակորդի պահվածքում, գործելակերպում փոփոխություն կա, չենք հերքում նաեւ, որ ավելացել են կրակոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, բայց մենք էլ, ձեռքերս ծալած չենք նստում եւ իրականացնում ենք հակագործողություններ: Ընդհանրապես, հակառակորդի ցանկացած գործողությանը մենք ունենք պատասխան գործողություններ ու թույլ չենք տալու, որ նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը», – ասել է Գլխավոր շտաբի պետը: