Սոնա Խաչատրյան
razm.info
Հունիսի 4-ին Թուրքիան վերաբացել է Իրանի հետ սահմանային Աղրը նահանգի Գյուրբուլաք և Նախիջևանի հետ սահմանային Իգդիր նահանգի Դիլուջու սահմանային անցակետերը՝ ուղևորափոխադրումների համար։ Որոշումը կայացվել է երկրում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների մեղմացման շրջանակներում։
Այս մասին, Habertürk լրատվականի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը։
Թուրքիան Իրանում կորոնավիրուսի տարածման ֆոնին փետրվարի 23-ին փակել էր այդ երկրի հետ իր բոլոր անցակետերը, այդ թվում՝ Իգդիր նահանգի սահմանը։ Փակվել էր նաև Իգդիր նահանգի Արալըք շրջանում Թուրքիայի ու Նախիջևանի սահմանի Դիլուջու անցակետը։
Միաժամանակ ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» գործակալությունը գրել էր, որ Իրանը ևս փակել է Նախիջևանի հետ սահմանը, և այդպիսով` Նախիջևանն իր ցամաքային հարևանների հետ որևէ բաց սահման չունի։ Սակայն այս տեղեկությունը պաշտոնական աղբյուրներում չհաստատվեց։