“ԻՐԱՏԵՍ” թիվ 5, 24․01․2020
/հարցազրույց, 3-րդ մաս/
Զրուցում են գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ և հայագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի 2011 թ. մրցանակի դափնեկիր ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Դ. Մ. Ս. -ՈՒզում եմ անդրադառնալ մի ցավոտ խնդրի. ըստ իս, մեր անկախությունից հետո ոչ մի կառավարություն չստանձնեց ազգային ինքնիշխանության կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ ազգային մշակութային քաղաքականության հստակ հայեցակարգի, ռազմավարական և մարտավարական ծրագրերի ստեղծմանը, ամեն ինչ ընթացավ վայրիվերո, հիմնականում անմշակույթ կամ մշակույթը միայն իրենց մեջ կրող պատահական պաշտոնյաների նշանակումներով, որոնք ավելի շատ վնասեցին, քան նպաստեցին մշակութային արժեքների պահպանությանն ու զարգացմանը, և մշակույթն իրենց ուսերին կրեցին միայն նվիրյալները, անհատ մտավորականներ, որոնց տեսակն այսօր Կարմիր գրքում կարելի է զետեղել: Նաև Ձեր պարագայում ինչպիսի՞ն պետք է լիներ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հայագիտության խնդիրներով զբաղվող գիտնականների և, ընդհանրապես, հայագիտության վերաբերյալ, ինչպիսի՞ն եղավ և է: Կուզեի Ձեզանից լսել` ինչու՞ մինչև հիմա Հայաստանը Ադրբեջանին միջազգային դատարանի միջոցով պատասխանատվության չի ենթարկում Նախիջևանը պատուհասած մշակութային ցեղասպանության համար, ի վերջո, ինչու՞ է նախիջևանյան խնդիրը ոչ օրակարգային մեր քաղաքական-դիվանագիտական հարթությունում, գոնե համաշխարհային հանրության հիշողությունը թարմ պահելու մղումով: Փոխարենը ինքներս ենք մատների արանքով դիտարկում այդ ամենը։
Ա. Ա. -Դիտարկումդ միանգամայն տեղին է, որին ևս բազմաթիվ անգամներ եմ անդրադարձել հրապարակավ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ խաչքարերի ջարդը տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին, և նա էր բանակցում Ադրբեջանի նախագահի հետ։ Ցավն այն է, որ Հայաստանի նախագահը ոչ մի անգամ այդ վանդալիզմի հարցը չբարձրացրեց ո՛չ Ալիևի և ո՛չ էլ Մինսկի խմբի համանախագահների առաջ։ Կարծեք այդ հարցում ամենքը լլկվել ու պապանձվել են, և նախիջևանյան հայոց հսկայածավալ ժառանգության ոչնչացումը Հայաստանին չի վերաբերում։ Փաստեմ նաև, որ խնդրի վերաբերյալ այդ տարիներին Հայաստանի մի քանի հասարակական կազմակերպություններ (Նախիջևանի հայրենակցական միություն, Հայաստանի ճարտարապետների միություն և այլն), ինչպես նաև արտաքին գործոց նախարարը, Ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսը զանազան առիթներով մի քանի անգամ բարձրաձայնել են, դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Եվ դա էլ բացառապես և հիմնականում Ջուղայի գերեզմանատան խաչքարերի փուլ առ փուլ կործանման առիթներով։ Այն էլ շատ անհետևողական կարգով՝ մի քանի էջանոց և մի քանի լուսանկարներից բաղկացած նամակներով ու ելույթներով։ Եվ այդքանով բավարարվել են։ Իսկ թե ինչու Հայաստանի Հանրապետությունն առայսօր հարցը չի բարձրացրել միջազգային դատարանի առջև… Նախիջևանը հայկական չէ՞, թե՞ այդ հուշարձանները հայկական չէին և ոչ մի առնչություն չունեին հայկականության հետ։ Քավ լիցի… Չեմ վարանի ասելու` հենց մեր համապատասխան պաշտոնյաները ազգային ու համազգային գաղափարների կրողը չէին, այլ անդեմ դիտորդներ, որոնք ոչ մի լուրջ, գործնական քայլ չնախաձեռնեցին մեր հուշարձանների՝ շուրջ 7-8 տարի շարունակվող ոչնչացումը կանխելու ուղղությամբ, և պետական մակարդակով անուշադրության մատնվեց մշակութային ցեղասպանությունը։ Սա է իրականությունը, և այդ խարանը անջնջելի է ժամանակակիցներիս ճակատին։ Քանզի այդ տարիներին, մեկ-երկու բացառություններով,, ո՛չ մեր բուհերի ուսանողությունն ու դասախոսական կազմը, ոչ ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ Ազգային ժողովը, Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունները հանդես չեկան, չկազմակերպեցին բողոքի ցույցեր ու պահանջներ չներկայացրին, չընդունեցին ու չհանրայնացրին Ադրբեջանին դատապարտող ու պատասխանատվության ենթարկող որոշումներ և հայտարարություններ: Միով բանիվ, էական գրեթե ոչինչ։ Ավելին՝ արդեն 8-9 տարի է, որ Ադրբեջանն է պետականորեն դիմել ՄԱԿ-ին և Հայաստանից պահանջում է մի քանի միլիարդ դոլարի հասնող գումարի հատուցում, ազատագրված շրջանների տարածքում իբրև թե ավերված ադրբեջանական հուշարձանների համար։ Եվ մի՞թե այսօր հայոց նախիջևանյան մշակութային ժառանգության վանդալիզմը հիշողներ կան հատկապես մշակութային ոլորտի չինովնիկների շրջանում։ Չափազանցություն չլինի՝ կարելի է ասել, որ դա ևս արդեն թաղվել է անցյալում։ Այս անարժանապատիվ և անինքնասեր վերաբերմունքը կարելի է համարել ոչ միայն հայաստանյան, այլ համահայկական մի յուրատեսակ թմրախտ:
Դ. Մ. Ս. -Եթե հրաշք տեղի ունենա, կամ երևակայենք, որ Նախիջևանը արդեն ազատագրված է և գտնվում է Հայաստանի կազմում, ինչերի՞ ականատես կդառնանք։
Ա. Ա. -Ականատես կլինենք մեր հոգևոր-մշակութային ամայությանը, որ այլևս գոյություն չունի ոչ մի հայկական հուշարձան, կտեսնենք ավերակ գյուղատեղիների հետքեր և այլն։ Տարածքային առումով 5363 քառակուսի կիլոմետրով կընդարձակվի Հայաստանը։ Գյուղատնտեսական, ընդերքի օգտագործման որոշակի զարգացում կհաղորդվի Հայաստանին, կվերականգնվի Իրանի հետ ցամաքային, երկաթուղային կապը, կարգելափակվի Թուրքիա-Ադրբեջան վերգետնյա կապը, կամրապնդվի Հայաստանի անվտանգությունը։ Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ կլինի պետական ծրագրային մոտեցում՝ սկսած վերաբնակեցումից մինչև տարածքների արդար և ուղղորդված շահագործում, և այդ խնդրի լուծումը պետք է ունենա պետական ազգային ծրագրի կարգավիճակ, նպատակ։ Ինչու՞ եմ կրկնում միտքս: Քանի որ դրա կարիքը մշտապես ունենք: Մի բան, որը, ցավոք, չեմ տեսնում մեր իրականության մեջ։ Այնպես որ այդ ուղղությամբ անելիքները դեռևս շատ ու շատ են։ Իսկ դրա համար Հայաստանին նախ և առաջ անհրաժեշտ են ազգային մտածելակերպ կրող և իրենց հայրենիքն ու հայրենակցին սիրող, ունակ և անկողմնակալ առաջնորդներ, որոնք պետական և ազգային շահը գերադասում են անձնականից, որպիսիք, ի ցավ սրտի, չեմ տեսնում։
Դ. Մ. Ս. -Ասել է՝ մեր պետականության և ազգային ինքնության հենասյուները որոշ պաշտոնյաների պատճառով օր օրի ամրապնդման և հիմնանորոգման անհրաժեշտությո՞ւն ունեն։
Ա. Ա. -Միանգամայն ճիշտ է։ Կառավարություններ և առաջնորդներ իրար հետևից փոփոխելով, հեղափոխություններ բեմականացնելով դեռևս իրատեսորեն այն գիտակցությանը չենք տիրապետում, որ համաշխարհայնացման պայմաններում հարափոփոխ աշխարհում լրջագույն առաջնահերթություն պետք է դիտարկվի մեր դիմագծի պահպանությունը: Աշխարհի հետ համընթաց քայլելու անկասելի գործընթացները, ցավոք, հանգեցնում են միայն արևմտյան, այսպես կոչված, արժեքների ներկրմանը, որը պայմանավորված է վերնախավում ոմանց չափազանց շահամոլության, ընչաքաղցության, օտարամոլության և մի շարք այլ անընդունելի հանգամանքներով՝ ընդունել-ներդնել օտարը, այլ ոչ թե մեր ազգայինը հավուր պատշաճի ամրապնդել ու զարգացնել։
Ինչպես այս կամ այն երկրում գործող սահմանադրական, իրավական, այլևայլ օրենքներն ու կարգերն ենք պատճենում մեր պետական համակարգում, այնպես էլ վարվում ենք մշակույթում և ազգային հարցերում՝ պնդաճակատորեն ներդնելով մեր վարք ու բարքին խորթ երևույթները։ Աշխարհասփյուռ ժողովրդի հազար ու մի հարցերը միավորելու և լուծելու համար ավելորդ համարվեց, ասենք, սփյուռքի և մշակույթի նախարարությունները որպես պետական առանձին միավորներ պահպանելը։ Ավելորդ է համարվում նույնիսկ ազգային ակադեմիայի գոյությունը։ Գիտության բնագավառի աշխատողների աշխատավարձերը վերջին երեք տասնյակում գոյատևելու սահմանից անդին չեն անցնում։ Կտրուկ նվազել է գիտաշխատողների թվաքանակը: Եվ դա այն դեպքում, երբ հենց հայագիտության բնագավառում դեռևս ահռելի անելիքներ կան, մասնավորապես, Արևմտյան Հայաստանի, սփյուռքահայ գաղթօջախների ճարտարապետության ու պատմության, մշակույթի ու արվեստի և այլևայլ բնագավառների ուսումնասիրման աշխատատար գործում։ Այսպիսի հարցերի կարևորությունն ու անհրաժեշտությունը, գինը կարող է զգալ ու դրանով մորմոքվել-տապակվել միայն ազգային մտածողությամբ դաստիարակված և օժտված ղեկավարը, որպիսին, նորից նշեմ, ցավոք, չունենք։ Այնպես որ այդ ուղղությամբ Հայաստանը դատապարտված է նորանոր փորձությունների, որին դրդում են իրենց ամենագետ կարծող առաջնորդները՝ իրենց ամբոխահաճո այս կամ որոշումներով ու հրահանգներով։