“ԻՐԱՏԵՍ” թիվ 4, 21․01․2020
/հարցազրույց, 2-րդ մաս/:
Զրուցում են գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ և հայագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի 2011 թ. մրցանակի դափնեկիր ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Դ.Մ.Ս. -Հիշողությանս մեջ արթնացավ Մեղրի-Երևան վերջին գնացքով մայրաքաղաք վերադառնալս: Այդ օրը մեզ երկար պահեցին Իլյիչևսկի կայարանում, ինչ-որ դավ էին մտմտում… Այդ օրերին խուճապահար տեղաբնակները պոկել ու վնասել էին երկաթուղագծերը, տապալել էին պետական սահմանի արգելափակոցներն ու փշալարերը, անցել սահմանից այն կողմ՝ իրենց եղբայրների մոտ, լցվելով Արաքսը, մի քանիսը գետնանցման ժամանակ խեղդվել էին: Հիշելով դրանց` փորձում եմ պատկերացնել, թե ի՛նչ դժվարություններ ու խոչուխութեր եք հաղթահարել Նախիջևանում, մեն-մենակ, թույնով ու թշնամանքով լցված տեղաբնակների խուզարկու հայացքների ու բանսարկության պիղծ գործողություններ հրահրելու պատրաստ միջավայրում: Եվ այդ պայմաններում ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել եք մշակութային բազմաթիվ արժեքներ: Այդ ամենին դիմակայելուց հետո, այսպես ասած, ոհմակի երախից փրկված նյութերի վերաբերյալ հոդվածներ ու գրքեր Հայաստանում հրատարակելու համար դարձյալ դեմ առել այս անգամ հայրենակիցների հարուցած խոչընդոտների և արգելքների, մինչդեռ ազգային, պետական մտածողություն ունեցող պաշտոնյաների համար դրանք հանրությանը ներկայացնելն ու գնահատելը պետք է առաջնահերթություն համարվեին…
Ա. Ա. -Բարեբախտաբար այդ ամենն անցյալում է: Կարևորն այն է, որ այդ դժվարին պայմաններում Նախիջևանում կատարած գիտահետազոտական աշխատանքները կատարել եմ հետևողականորեն, որի արդյունքը ավելի քան երեք հարյուր հոդված ու հիսուն անուն գիրք է: Խոստովանեմ, որ մեկ մարդու համար, իհարկե, ինքնըստինքյան հսկայածավալ աշխատանք է, որի զգալի մասը, ի դեպ, գրեթե 90-95 %-ը, հայագիտությանն է ներկայացվել առաջին անգամ։ Այդ իրողությանն անդրադարձել են հայ և օտար բազմաթիվ հայագետներ ու պետական գործիչներ և բարձր կարծիք հայտնել…
Դ.Մ.Ս. -Ի միջի այլոց, մեր զրույցին նախապատրաստվելիս ես թերթեցի համապատասխան գրականություն և առանձնացրել եմ նրանցից մի քանիսի կարծիքները, որոնց դիպուկ բնորոշումները կօգնեն ընթերցողին հնարավորինս ամբողջական պատկերացում կազմելու Ձեր գործունեության մասին: Այսպես, ՀՀ Ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը գրում է. «Երևի Հայաստանի ոչ մի պատմական շրջանը այնպիսի հարուստ գրականություն չունի, ինչպիսին Նախիջևանը: Դրա համար մենք պարտական ենք մեծ հայորդի, հայրենասեր Արգամ Այվազյանին: Այն, ինչ կատարել է Ա. Այվազյանը, կատարյալ սխրանք է: Նրա կատարածը մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք է, բայց կատարել է միայն ինքը, հայրենասեր հայորդի Ա. Այվազյանը» (2002):
Հռոմի համալսարանի ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր Պաուլո Կունեոն նկատում է. «Հայագիտությունը և Նախիջևանի պատմությունը վերջին 10-15 տարիներին հարստանում են Ձեր հրատարակած բազմաթիվ հոդվածներով ու գրքերով: Հայաստանի ակադեմիան պետք է հպարտանա Ձեզնով, քանզի Ձեր աշխատությունները լրացնում են այն բացը, որը տարիներ շարունակ չի կարողացել կատարել ակադեմիան» (1988):
Պետական, հասարակական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի գրառումը. «Արգամ Այվազյանը հայ մշակույթի ամենախոշոր երևելի մեր ժամանակիցներից ու մշակներից է: Այն, ինչ որ նա կատարում է մեր պատմական հայրենիքի՝ Նախիջևանի արժեքների ուսումնասիրման բնագավառում, բացառիկ ու արգասաբեր երևույթ է: Նրա կատարածն առաջին հերթին գալիս է իրական հայրենասիրությունից: Արգամը մինչև ուղն ու ծուծը նվիրված է հայրենիքին և իր մեջ պահում է մի տաճար, որի անունն է Նախիջևան: Նրա հրատարակած աշխատությունները բացառիկ արժեք են ներկայացնում» (2002):
Բյուզանդագետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Բեսելովի (Ռուսաստանի Դաշնություն) կարծիքը. «Аргам Айвазян – это личность, которая, рискуя собственной жизнью, сумела внести весомый вклад в натурное обследование, исследование и сохранение в научных изданиях архитектурно-художественного наследия восточных провинций Армении! По настоящее время Аргам продолжает быть видным рыцарем армянской гуманитарной науки! Айвазян- это почти легендарная личность в арменоведении. Волевая личность, отличающаяся скромностью, красотой и высоким интеллектом! Мне отрадно отметить то, что своим упорным многолетним трудом Аргам, как опытный ученый, реализовал свой колоссальный потенциал!¦ (2015): Եվ այլն:
Դ․Մ․Ս․-Կարծում եմ համամիտ կլինեք, եթե ասեմ, որ ձեր աշխատությունները, հատկապես Նախիջևանի վերաբերյալ ուսումնասիրություններն օր առաջ պետք է հրատարակել այլ լեզուներով, ներկայացնել Նախիջևանի պատմությունը, նրա եղերական ճակատագիրը: Եվ այնուամենայնիվ, Ձեր տեսադաշտը, գիտական հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվում միայն Նախիջևանով…
Ա. Ա. -Իմ հրատարակած աշխատությունների գերակշիռ մասը, անշուշտ, նվիրված է Նախիջևանի պատմությանն ու ճարտարապետությանը, վիմագրական ժառանգությանն ու բարբառին, քանդակագործությանն ու որմնանկարչական արվեստներին, ազգագրությանն ու հուշարձաններին, խաչքարերին ու մշակույթին, արվեստին, բնակավայրերին ու նշանավոր մարդկանց հանրագիտարանային ուսումնասիրություններին: Այդ ամենն առայժմ ներկայացված է իմ հրատարակած հիսուն անուն գրքից քառասունչորսում: Միով բանիվ, դրանք ընդգրկում են հայագիտության գրեթե բոլոր բնագավառները: Դրանց մի մասը հրատարակվել է նաև անգլերեն, ռուսերեն, հունարեն։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ գիտական գրականության համար այսպիսի ծավալներով գրականություն ստեղծելը ինքնին հսկայական աշխատանք է։ Քանզի պարտադիր կերպով պետք է ուսումասիրել տվյալ բնագավառին վերաբերող ամբողջ գրականությունը, բաղդատել իրարամերժ հազար ու մի կարծիք ու ենթադրություններ, ճշտել ու ճշգրտել փաստերն ու իրադարձությունների տարեթվերը, օրերը, երբեմն նաև ժամերը, վիմագրությունների առանձին տառերն ու բառերը և այլն։ Բացի այդ, ճարտարապետության ու քանդակագործության, որմնանկարչության ու տեղագրական բնույթի բացահայտումների համար անհրաժեշտ է լինել տեղում, չափագրել, լուսանկարել այն հուշարձաններն ու տեղավայրերը, որոնց վերաբերյալ ուզում ես հոդված կամ գիրք գրել։ Եվ այսպես շարունակ… Ընդ որում՝ իմ բոլոր գրքերը պատկերազարդ են և դրանցում ընդհանուր առմամբ հրատարակվել են բազմահազար միավոր պարունակող վավերական փաստանյութեր՝ լուսանկարներ, հուշարձանների չափագրություններ։ Այսինքն, այն, ինչ չի ասվել կամ նկարագրվել խոսքով, տեսանելի ու հասանելի է նաև փաստավավերագրական նյութերով։ Մի բան, որ զանց առնելով հրատարակվող գրքի ծախսատար լինելու հանգամանքը, կատարել եմ գիտակցաբար։
Մնացած գրքերից հինգը նվիրված է Հունաստանի Թեսալոնիկ քաղաքում գտնվող Գալֆայաններին պատկանող, հայկական կիրառական արվեստի մշակութային մի հարուստ հավաքածուի արժեքների։ Ընդ որում, գլխավոր հատորը՝ «Մշակութային արժեքների Գալֆայան հավաքածուի արձանագիր իրերը» տպագրվել է 2013 թ.՝ հայերեն և անգլերեն։ Այդ նույն հավաքածուի արժեքները՝ հանրամատչելի շարադրանքով և չորս պրակներով հրատարակվել են 2012-2016 թթ.: Առաջին պրակը՝ «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակը», դու գրախոսել ես մամուլում: Իմ բաժնի աշխատակիցների հետ կազմվել և իմ խմբագրությամբ հրատարակվել է ճանաչված հայագետ Անատոլի Յակոբսոնի ռուսերեն «Նամականին»։ Հիշյալ հիսուն գրքից զատ, կազմել և 1984 թ. «Սովետական գրող» հրատարակչությունում լույս եմ ընծայել նաև «Հայաստանի պատմական հուշարձանները» և «Խաչքարեր» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) փոստային բացիկների հավաքածուները և այլն։
Դ. Մ. Ս. -Վերստին անդրադառնանք նախիջևանյան հայկական մշակութային նյութական ժառանգությանը։ Ասելս այն է, որ 1998-2006 թթ. Նախիջևանի հայկական ժառանգությունն իսպառ վերացնելու Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմից հետո, Ձեր հրատարակությունները այսօր միակ գիտական ու փաստավավերագրական աշխատանքներն են:
Ա. Ա. -Իրավացի եք։ Մեր բոլորի աչքերի առաջ Ադրբեջանը, հայկական հետքերը վերացնելու դիտավորությամբ, Նախիջևանում պետականորեն իրագործեց աննախադեպ վանդալիզմ։ Եվ այդ հանցավոր արարքի զոհ դարձան հազարամյակներ ու դարեր առաջ հայ ժողովրդի արարած նախիջևանյան ողջ ժառանգությունը, ավելի քան 27 հազար հայկական եկեղեցի ու վանք, խաչքար ու գերեզմանատուն։ Հայաստանի և առհասարակ որևէ պետության կողմից մինչ օրս իրապես չդատապարտված ու պատասխանատվության չենթարկված Ադրբեջանը հայկական վանքերի ու եկեղեցիների տեղում վերջին 5-6 տարում արդեն կառուցել է մզկիթներ և այլևայլ շինություններ։ Օրինակ, Ագուլիսի ս. Թովմա, Աբրակունիսի ս. Կարապետ վանքերի տեղում արդեն մզկիթներ են գործում։ Բիստի, Փառակայի և այլ գյուղերի եկեղեցիների, գերեզմանատների տեղերում կառուցվել են զանազան շինություններ։ Ջուղայի հռչակավոր գերեզմանատան հազարավոր խաչքարերը զինուժի և տեխնիկայի կիրառմամբ վերածվեցին խճաքարի և լցվեցին Արաքս գետը։ Ո՞րը թվարկեմ, ո՞րը թողնեմ։ Այնպես որ՝ այս խնդիրների վերաբերյալ, հրապարակավ բազմիցս խոսել, գրել, հարցազրույցներ եմ տվել։ Սակայն Հայաստանի իշխանությունների անճարակությունն ու անտարբերությունն ավելի զորեղ ու ավանդական են։ Սա, անշուշտ, ասում եմ մեծագույն ափսոսանքով ու ցավով։
1997 թ., ծննդյանս 50-ամյակի առթիվ, բազմաթիվ պետական ու հասարակական կազմակերպություններ հանդես եկան ուղերձներով, որոնցից մեկից՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի պաշտոնական ուղերձից, մեջբերեմ մի հատված և դրանով ամփոփեմ այս հարցի պատասխանը. «Անձնազոհ խանդավառությամբ, համառ տքնությամբ, ջերմագին հույս ու հավատով Դուք նշխար առ նշխար ի մի հավաքեցիք Շարուրի, Նախճավանի, Երնջակի, Շահապոնքի և Գողթնի ճարտարվեստի եզակի և յուրատիպ նմուշները: Մեն մենակ, օտարի խեթ հայացքի ներքո, քարերի ու ժայռերի դեմ մաքառելով, հաճախ վտանգելով նաև Ձեր կյանքը, Դուք կատարեցիք գրեթե անհնարինը՝ հրապարակի վրա դնելով մեծարժեք մենագրություններ, որոնք իրենց գիտական համակողմանիությամբ ու ստուգությամբ ամեն անգամ մեզ մոտեցնում են այս հողի վրա ծնունդ առած մեծ քաղաքակրթության ակունքներին: Ձեր հրապարակած աշխատությունները, որոնք այսօր արդեն մատենագիտական հազվագյուտ արժեքներ են, մեր ժողովրդի համար դարձել են զրահ ու զենք, և զորավիգ են նրան թե՛ պաշտպանվելիս, թե՛ հարձակվելիս:
…Ձեր ձեռքով փրկված ամեն մի մասունք, ամեն մի գիծ ու զարդանախշ, ամեն մի լուսանկար հոգեկան բավարարության անսպառ աղբյուր է, ոչ միայն Ձեզ, այլև իր բնաշխարհիկ հատվածներից մեկի ճակատագրով մտահոգ մեր ողջ ժողովրդի համար… Ձեր ամբարած, անվիճելիորեն ճշմարիտ, վավերագրերը պիտի օգնեն պատմության անխուսափելի դատավճիռը գրելիս» (1997):
Դ. Մ. Ս. -Անշուշտ, շատ ճիշտ և իրատեսական գնահատանք է: Այո՛, եթե մի կողմ դնենք Արգամ Այվազյան հայագետի կատարած հսկայածավալ աշխատանքի արդյունքները, ապա այսօր, երբ հիմնահատակ ավերվել են նախիջևանյան մեր հուշարձանները, հայագիտության մեջ շատ քիչ կհանդիպենք այդ հնավայրերի մասին գիտական հիշատակությունների։ 19-րդ դ. և հետագա մի քանի տասնամյակներում Նախիջևանի վերաբերյալ մեր մեծերից՝ Ղ. Ալիշանից ու Ե. Լալայանից, Մ. Սմբատյանից ու Ա. Սեդրակյանից, Ս. Տեր Ավետիսյանից հետո Ձեր հրատարակություններն իրապես անվիճելի արժեք ունեն։
Բացի գիտական գործունեությունից, Դուք մեր մշակույթի պահպանության խնդիրներով մտահոգ ժամանակակից ակտիվ մտավորականներից ու հրապարակախոսներից եք։ Առաջարկում եմ մեր զրույցը շարունակել այդ ուղղությամբ։
Ա. Ա. -Իմ գործունեության ողջ ընթացքում, ինչպես նաև այսօր, այն կարծիքին եմ, որ գիտությամբ, մասնավորապես հայագիտությամբ, զբաղվող անձը լայն շրջանակների հետ պետք է առնչվի ոչ միայն գիտական, այսպես ասած, չոր ու պաղ լեզվով, այլև հանրամատչելի։ Իմ գործունեության ընթացքում հաճախ եմ հրապարակավ հանդես գալիս հանրամատչելի ելույթներով, առկա խնդիրների վերաբերյալ հրապարակախոսական հոդվածներով, որոնք նախիջևանյան խնդիրներից զատ համահայաստանյան ու համահայկական հարցեր ու մտահոգություններ են արծարծում։ Իմ հրապարակախոսական անդրադարձերը, հարցազրույցները մամուլում, բնագրագիտական նյութերի հրապարակումները, նույնիսկ համացանցային ՖԲ-ում զանազան խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններս ու կարծիքներս ներառել-մեկտեղել եմ 2012 և 2016 թվականներին լույս ընծայված իմ ծավալուն «Մեզ պետք են մտքի զորավարներ» երկհատորյակում։ Արդեն ամբողջացել է այդ շարքի երրորդ հատորը, որը, հավանաբար, կտպագրվի եկող տարի։
Հուշարձանների պահպանության վարչությունում աշխատած տարիներին՝ 1979-1988 թթ., և դրանից հետո, ցայսօր, հուշարձանների պահպանության զանազան խնդիրներով հանդես եմ եկել բազմաթիվ հաղորդումներով։ Նույնիսկ մեր վարչության հիմնադիր-պետ Գրիգոր Հասրաթյանն իմ խնդրանքով, ՀԿԿ կենտկոմից հատուկ թույլտվություն ստացավ, որ ամենօրյա հեռարձակվող լուրերի ծրագրում, եղանակի տեսությունից առաջ, 2-2,5 րոպե հանրությանը իրազեկեմ մեր հուշարձանների և նրանց պահպանության խնդիրների մասին։ Եվ այդ ծրագրի շնորհիվ, եթե հիշողությունս չի դավաճանում, 1983 կամ 1984 թթ., ամենօրյա նկարահանումներով, հեռուստադիտողին եմ ներկայացրել բազմաթիվ հուշարձաններ։ Հանրային ռադիոյի Սփյուռքի հաղորդումների ծրագրով հեղինակել և վարել եմ «Միջնադարյան Հայաստանի գրչօջախները» հաղորդաշարը, որի նյութերի մի մասը հրատարակել եմ նաև «Գրքերի աշխարհ» թերթում։ «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրի հրավերով, 1989-1990 թ. համարյա բոլոր համարներում տպագրել եմ մատաղ սերնդին հասցեագրված հոդվածներ՝ «Պահպանենք մեր հուշարձանները» վերտառությամբ։ Եվ այս ամենն անձնական նախաձեռնությամբ ու մտահոգություններով։ Ի պաշտոնե, այդ տարիներին, ինչպես և 2008-2012 թթ. հուշարձանների պահպանության և օգտագործման խնդիրների վերաբերյալ Սիսիանի ու Գորիսի, Վայքի ու Եղեգնաձորի, Շամշադինի և այլ շրջաններում կազմակերպել եմ հուշարձանների պահպանության խնդիրներին վերաբերող տեղական իշխանությունների անելիքներին, նշանավոր հուշարձանների հիմնադրման տարեդարձերին նվիրված գիտագործնական հավաքներ, դրանց մասնակից դարձնելով ոչ միայն տեղական իշխանության մարմինների պատասխանատուներին, այլև ԳԱԱ ինստիտուտների ու տարբեր բուհերի գիտաշխատողների, որոնք հանդես են եկել օրվան ու թեմաներին նվիրված զեկուցումներով։
Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր հուշարձանների պահպանության, ինչպես նաև օգտագործման բնագավառում 30-40 տարի առաջ եղած թերություններն ու բացթողումներն այսօր էլ չեն վերացել։ Դեռևս ոչ տեղական իշխանություններին, ոչ հուշարձանապահպան կառույցներին չի հաջողվում հավուր պատշաճի իրականացնել մեր հուշարձանների թե՛ պահպանության ու նորոգման, թե՛ օգտագործման խնդիրները։ Հանրապետությունում առկա են հուշարձանների տարածքներում կատարվող գանձախուզությունը, աղտոտումներն ու վնասումները, մի քանի տասնյակի հասնող եկեղեցիներ ու վանական համալիրներ գտնվում են վթարային և խիստ ծայրահեղ վիճակում, որոնց սպառնում են վերջնական քայքայումն ու փլուզումը: