Զրուցում են գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ և հայագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի 2011 թ. մրցանակի դափնեկիր ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ- Պարոն Այվազյան, Ձեր գիտական ամբողջ գործունեությունը հիմնականում խարսխված է նախիջևանյան խնդիրների վրա և, եթե փորձեմ համապարփակ գնահատական տալ, ապա Նախիջևանի պատմամշակութային ժառանգության մասին տեղեկատվության գոյության համար մենք պարտական ենք գլխավորապես Ձեզ: Անհնար է պատկերացնել այդ տարածաշրջանի պատմամշակութային նկարագիրն առանց Ձեր ծանրակշիռ ներդրման: Ցավոք, հայոց հինավուրց Նախիջևանն այսօր ասպատակված է պանթուրքական արշավանքի մոլեռանդ ջահակիրների կողմից և մեզ համար վերածվել է լուսանկարչական ու գիտահետազոտական տեսական հիշողության: Ի՞նչն է Ձեզ կապել Նախիջևանի հետ ու գիտական ուսումնասիրությունների անսպառ ուժ ներարկել, և արդյոք հնարավո՞ր է գոնե հիմնականում թեման սպառված համարել:
ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ -Նախ պիտի փաստեմ, որ այսօրինակ հարցերին անցած տասնամյակներում անդրադարձել եմ բազմաթիվ հարցազրույցներում, ինչպես նաև 2007-ին հրատարակված «Նախիջևան գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ» ստվարածավալ (800 էջ) հատորում։ Նախ պատասխանեմ վերջին հարցադրմանդ. Նախիջևանի ուսումնասիրությունները այս պահի դրությամբ ամբողջական չեն և չէին կարող լինել, որովհետև այն, ինչ հաջողվել է կատարել այդ ուղղությամբ խորհրդային, այսպես կոչված, ժողովուրդների բարեկամության պայմաններում, արվել է մեծ արգելքներ և բարդություններ հաղթահարելով և հեռու է ամբողջական լինելուց, քանզի նախիջևանյան պատմական իրականությունն անսպառ է, իսկ մշակութային ժառանգությունը` վիթխարի: Նախիջևանի հետ ես կապված եմ պորտալարով, այնտեղ իմ արմատներն են, որոնք, հուսամ, շիվեր կտան մի օր և կվերընձյուղվեն։
Ես ծնվել եմ Նախիջևանի պատմական Շահապոնք գավառամասի Արինջ գյուղում՝ 72,5 տարի առաջ։ Այնպես որ այնքան էլ երիտասարդ չեմ։ Չնայած, իմ օրինակով կարող եմ փաստել, որ մարդը մարմնով է ծերանում և ոչ թե հոգով, եթե նպատակներ ունի իր առջև, ինքնահանձնարարականներ, իսկ այս պարագայում՝ գերնպատակ։ Դա, արդարև, այդպես է։ Իմ ծննդավայրը զուտ հայաբնակ էր և գտնվում էր Նախիջևան-Սիսիան մայրուղուց ընդամենը 2 կմ հեռավորության վրա։ Թաղված էր հնարմատ ու հրաշալի խաղողի այգիների մեջ: Բնակչությունը 140-150 տուն էր։ Արինջի հրաշալի խաղողն ու գինին մեծ հռչակ էին վայելում ոչ միայն մեր տարածքում, այև ամբողջ Զանգեզուրում։ Դա մասնավորապես կհիշեն տարեց զանգեզուրցիները։ Քանզի վերջիններիս զգալի մասն ամեն տարի մեր գյուղի գինին էր գնում։ Մեր գյուղացիներից յուրաքանչյուրն ամեն տարի թորում էր 3-4 հազար լիտր գինի, 300-500 լիտր խաղողի օղի։ 1960-70-ական թվականներին մեր գյուղի խաղողն ու գինին միջազգային մի քանի ցուցահանդեսներում արժանացել են առաջնակարգ տեղերի ու պարգևների։ Միով բանիվ, ճիշտ և ճիշտ պատմահայր Մովսես Խորենացու ասած Գինեվետ Գողթն գավառի գինեվետ բնակավայր, որը, թերևս, Գողթան գավառից հեռու էր 60-70 կիլոմետր։ Իսկ գինու և օղու այսպիսի առատությունը բնակչությանը, որը օգտագործում էր միշտ և չափավոր, ինքնին ուրախություն ու կենսախնդություն էր հաղորդում։
Հայրս ծառայող էր՝ վիճակագիր, մայրս՝ շարքային կոլտնտեսուհի։ Ցավոք, մի քանի տարի առաջ երկուսն էլ հրաժեշտ տվեցին երկրային կյանքին: Բազմազավակ ընտանիք էինք՝ երեք եղբայր և երեք քույր։ Ես երեխաների ավագն եմ։ Հայրս շրջկենտրոնի վիճակագրական վարչությունում էր աշխատում և Շահբուզ շրջկենտրոնում գտնվող աշխատավայրը հասնելու համար ամեն օր քայլելով անցնում էր չորս կիլոմետր տարածություն։ Աշնան ու ձմռան ամիսների երեկոներին հայրս բոլորիս, այդ թվում նաև պապիս ու տատիս համար, հաճախակի բարձրաձայն հատվածներ էր կարդում Խորենացու, Բուզանդի պատմություններից, նաև հայկական ժողովրդական հեքիաթներ։ Տանը ունեինք բավականին հարուստ գրադարան, որը հայրս հարստացնում էր նորանոր գրքերով Երևան կամ Նախիջևան ամեն մի այցելությունից հետո։ Անկեղծ ասած, այն ժամանակ շատ բան չէի հասկանում Խորենացու, Բուզանդի, Կորյունի և մեր մյուս մատենագիրների երկերից։ Պապս և հայրս այդ ընթերցումների ընթացքում երբեմն վիճաբանում էին այդ պատմությունների հաղորդած առանձին տեղեկությունների վերաբերյալ։ Դրանք յուրատեսակ բանավեճեր էին, որոնք ուղեկցվում էին պատմական իրադարձությունների հանպատրաստի քննարկում-պարզաբանումներով։
Դպրոց հաճախել եմ վեց տարեկանից՝ 1953 թվականին: Այն տարիներին դա անթույլատրելի էր։ Հիշում եմ, որ մեկ շաբաթ շարունակ ամեն օր ուսուցիչը հենց առաջին ժամից ինձ հեռացնում էր դասարանից և տուն ուղարկում։ Մի օր էլ ասաց, որ շատ պնդերես եմ և ստիպված են օրենքը խախտել՝ չսպասելով յոթ տարեկանս լրանալուն ինձ ընդունել դպրոց։ Սովորել եմ լավ, առաջադեմ աշակերտ էի։ 6-7-րդ դասարանից արդեն հայերեն և ադրբեջաներեն թղթակցություններ եմ ուղարկել թերթերին։ Որքան էլ տարօրինակ թվա, իմ առաջին թղթակցությունը տպագրվել է 1961 թ. ապրիլին՝ Նախիջևանի մարզային ադրբեջաներեն «Արևելքի դուռ» թերթում։ Ի միջի այլոց, ադրբեջաներեն սովորել եմ ինքնուրույն, որը հետագայում շատ օգտակար եղավ ինձ համար։ Հայերեն առաջին թղթակցությունս տպագրվել է Բաքվի «Կոմունիստ» թերթի 1961 թ. հուլիսի 1-ի համարում։ Այնպես որ, մինչև դպրոցն ավարտելս, ակտիվորեն թղթակցել եմ վերոնշյալ մամուլին, Նախիջևանի և Բաքվի ռադիոյի հայերեն ռադիոհաղորդումներին, որի համար ստանում էի բավականաչափ հոնորար։ Միով բանիվ, լրագրողի մասնագիտությունը դպրոցական տարիների հաստատուն և հիմնավոր երազանքս էր:
Միջնակարգ դպրոցում մենք օտար լեզվի դասընթաց չունեինք ու, թեև 1964 թ. Երևանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի բաժնի ընդունելության քննությունները՝ հայոց լեզու և գրականություն գրավոր ու բանավոր, պատմություն առարկաներից հանձնեցի բարձր գնահատականներով, սակայն իմ ընտրած մասնագիտության համար պարտադիր համարվող օտար լեզվի քննությանը ձախողվեցի։ Իմ թախանձանքները քննող դասախոսին մնացին անպատասխան։ Այդ ժամանակ, անշուշտ, անչափ զայրացած ու հիասթափված էի, սակայն, ինչպես ասում են, ճակատագիրը մի դուռ փակեց, բայց մեկ ուրիշը բացեց. մի քանի տարի հետո, երբ սկսեցի զբաղվել Նախիջևանով, երախտագիտությամբ հիշեցի ինձ չընդառաջած և մերժած դասախոսին։ Այլապես, եթե նա բավարարեր խնդրանքս, ապա հաստատապես կընդունվեի բուհ և քիչ հավանական է, որ հնարավորություն ունենայի ամբողջովին նվիրվելու Նախիջևանի ուսումնասիրություններին: Ինչևէ, 1964 թվականից միայնակ հայտնվեցի Երևանում և մշտական բնակություն հաստատեցի: Ծնողներս ամենավերջիններից էին, որ հեռացան մեր պապենական բնօրրանից: Դա 1983 թվականին էր: Նրանք տեղափոխվեցին Մասիսի շրջանի ներկայիս Նորաբաց գյուղը: Իսկ ես, զինծառայությունից հետո, հեռակա կարգով ավարտեցի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետը։
Դ. Մ. Ս. -Անկեղծ ասած, խորհրդային տարիներին, երբ հնարավորություն կար Նախիջևանի տարածքով Մեղրի գնալու, որը գերադասելի էր, որովհետև ամենակարճ ճանապարհն էր, ես մի քանի անգամ փորձել եմ մուտք գործել Ագուլիս և իմ աչքով տեսնել նայոց մշակութային այդ հզոր կենտրոնը, սակայն ամեն անգամ ի հայտ են եկել արգելքներ տարատեսակ անձանց և ծառայությունների կողմից: Այն տպավորությունն ունեմ, թե Թուրանի մեծ երազանքի արշավի կարևորագույն կենտրոն էր ընկալվում այն պանթուրքական գիշատիչների կողմից: Եվ տպավորությունս այնպիսին է, թե որքան անտեսված է եղել և է ներկայումս Նախիջևանն ու նախիջևանյան հիմնախնդիրը հայկական կողմից, ավելի քան մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ ուղղությամբ թուրք- ազերիական ուժերը:
Ա. Ա. -Նախիջևանով իմ զբաղվելը երևի թե և՛ ներքուստ, և՛ ի վերուստ էր նախատեսված։ Այլապես, ավելի ճիշտ, հաստատապես ի վիճակի չէի լինի հաղթահարելու բազմատեսակ ու բազմազան բնական և ավելի շատ արհեստականորեն ստեղծված դժվարություններն ու արգելքները։ 1965-1987 թթ. ընկած ժամանակահատվածում, երբ ուսումնասիրություններ կատարելու նպատակով անընդմեջ մեկնում էի Նախիջևան, լեցուն էի մի առանձնակի եռանդով և անկասելի մղումով ու ցանկությամբ։ Թեև 1988 թ. հայտնի իրադարձություններից հետո, առայսօր, այլևս հնարավոր չէ Նախիջևան մեկնելը, սակայն նույն եռանդն ու ցանկությունը, բարեբախտաբար, պահպանվել են։ Խոստովանեմ, որ մինչև հիմա էլ իրապես չեմ հասկանում, թե դա ինչ մղում ու ձգտում էր և է, քանզի Նախիջևանի իշխանությունների՝ տեղական գյուղխորհուրդների, անվտանգության մարմինների, ոստիկանության, շարքային քաղաքացիների կողմից բազմիցս ենթարկվել եմ զանազան բռնությունների, ձերբակալումների և այլն և այլն։ Այդ խոչընդոտների ու արարքների որոշ դրվագներ հիշատակված են իմ վերոնշյալ «Նախիջևան. գրական էսսեներ, հետազոտման ուղղեգրություններ» գրքում։ Մեկ անգամ այդ դժվարությունների մասին նշել եմ և ուզում եմ այստեղ ևս ասել, որ Նախիջևանի տարածքում համարյա թե գործել եմ հետախույզին բնորոշ հատկանիշներով։ Եվ ասածիս մեջ չկա չափազանցության ոչ մի նշույլ։
Ցանկանում եմ ընդգծել, որ այդ տարիների դժվարին աշխատանքներիս ընթացքում ապրել եմ երջանկության բազում պահեր։ Հատկապես սկզբնական շրջանում, երբ Ազգային գրադարանում և Մաշտոցյան Մատենադարանում, պատկերավոր ասած, գիշեր-ցերեկ, ուսումնասիրում էի բազմաբնույթ գրականության, մամուլի բազմահազար էջեր և հանդիպում գրառումներ Նախիջևանին ու նրա բնակավայրերին վերաբերող դարձյալ բազմաբնույթ հիշատակումների։ Այդ երջանիկ պահերը կատարյալ էին դառնում, երբ գրականության մեջ արձանագրված այս կամ այն հուշարձանն ու վիմագիրը, բեկորները հայտնաբերում էի տեղում։ Գերհզոր և առավել քան երջանիկ էի, երբ արձանագրում, չափագրում ու լուսանկարում էի գրավոր աղբյուրներում չնշված ու չհիշատակված մեծ ու փոքր հուշարձաններն ու մասունքները։ Այդ պահերին, ինչպես ասում են, աշխարհն իմն էր, քանզի հայագիտությունը հարստացվում էր նորահայտ գանձերով ու իրեղեն ապացույցներով։ Իսկ այդպիսիք, իրոք, հազարավորներն էին՝ անվնաս ու ավերված, խոշտանգված ու եղծված, լուռումունջ, խոսուն, օգնություն աղերսող, պահապան ձեռքի ու խնամքի կարոտ… Երջանկությունս բազմապատկվում էր, երբ հաջողացնում էի փաստագրածս նյութերը բարեհաջող անվնաս դուրս բերել Նախիջևանի տարածքից և ինձ համար ամեն ինչից թանկ գնահատվող այդ նյութերը տուն հասցնել։ Այդ ժամանակ իրապես գերերջանիկ էի, որ այդ նյութերը, որոնք, ինչպես նշեցի, օր առ օր, ամիս առ ամիս և տարեցտարի հավաքվելով տասնյակ հազարներ կդառնան և, իրոք, դրանք հրատարակվելով հարստացրին Նախիջևանի վերաբերյալ գիր ու գրականությունն ու մեր ունեցած գիտելիքները և այսօր էլ ճանապարհ են բռնել դեպի ապագա սերունդները։
Դ.Մ.Ս. -Այդ երկարամյա և վտանգավոր, ես կասեի, հաճախ կյանքին սպառնացող գործունեության ընթացքում պետական որևէ աջակցություն ստացե՞լ եք: Հստակեցնեմ` բարոյական, թե նյութական առումով։
Ա. Ա. -Հարցին պատասխանեմ ընդամենը մեկ բառով՝ ոչ։ Չեմ ունեցել ոչ մեկը և ոչ էլ մյուսը։ Այդ ամենը սկսել ու շարունակել եմ ինքնուրույն, առանց որևէ մեկի ուղղորդման կամ հանձնարարության։ Իմ ստացած աշխատավարձը, մամուլի և առանձին գրքերի հրատարակությունից, հեռուստատեսության ու ռադիոյի հաղորդումներից ստացած հոնորարներս գրեթե ամբողջությամբ ծառայեցրել եմ այդ աշխատանքներն իրականացնելու նպատակին՝ քիչ թե շատ անհրաժեշտ ու բավարար միջոցներ ունենալուն (նախիջևանյան երթուղիների, տրանսպորտային միջոցների վճարումներ, մեծաքանակ լուսանկարչական ժապավեններ ու ֆոտոթղթեր, սլայդներ, ֆոտոսարքեր գնելու և այլն)։
1979 թ., երբ աշխատում էի ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի գլխավոր վարչությունում որպես ավագ տեսուչ, ապա հուշարձանների պահպանության, այնուհետև աղբյուրագիտության և հրատարակչական աշխատանքների բաժնի վարիչ, Նախիջևան և Ագուլիս մեկնելու համար մի քանի անգամ ստացել եմ 2-3 օրվա գործուղման գումարներ։ Տեղին է նշել նաև իմ մանկավարժ տիկնոջ բարենպաստ դերակատարության մասին. նրա ծով համբերությունն ու հանդուրժողականությունը, ընտանեկան խնդիրների, երեխաների բազմաթիվ հոգսերն իր ուսերին կրելու և իմ նախիջևանյան զրկանքների արժեքն ու գինը իրապես հասկանալու ու բարոյապես աջակցելու իրողությունը։ Այս մասին առաջին անգամ չէ, որ գրել-խոստովանել եմ։ Եթե չունենայի ընտանեկան աջակցություն և ըմբռնում, ապա հաստատապես չէի կարողանա իմ այս առաքելությունն իրականացնել։ Համոզված եմ, որ դու ևս հաստատապես համամիտ ես, որ նման աջակցության և ըմբռնման բացակայության պայմաններում ու պատճառով թե անցյալում, թե այսօր, հարյուրավոր արվեստագետներ, գրողներ և, գիտնականներ, առհասարակ, մտավոր աշխատանքով զբաղված տաղանդներ ի վիճակի չեն եղել իրենց ողջ ունակություններով և հնարավորությամբ գործելու։ Այնպես որ, այդ տեսակետից ես այն երջանիկների շարքում եմ, որոնց կանայք թև ու թիկունք են նրանց։
Նշեմ, որ դժվարությունների դիմակայել եմ ոչ միայն հիշատակածս ճակատում: Խոչընդոտների հաճախ հանդիպել եմ նաև գրքերիս հրատարակման գործում: Օրինակ, 1981 թ., երբ հրատարակում էի «Памятники армянской архитектуры Нахичеванской АССР» աշխատությունս, և «Հայաստան» հրատարակչության տնօրինությունը խոչընդոտներ էր ստեղծում, ինձ մեծապես օգնեց, կամ, ավելի ճիշտ, ուղղակի անբեկանելի հանձնարարություն տվեց ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսան Կիրակոսյանը, որի հետ հետագայում՝ 1987-88 թթ., երբ նա գլխավորում էր Հուշարձանների պահպանության գլխավոր վարչությունը, որտեղ ես աշխատում էի որպես բաժնի վարիչ, համատեղ քննարկել և մասամբ իրականացրել ենք մի շարք ծրագրեր, զրուցել-խորհել ազգային-մշակութային բազմաթիվ հիմնախնդիրների, օրըստօրե թափ առնող արցախյան շարժման և այլ հարցերի շուրջ։
Ակադեմիայի «Պատմաբանասիրական հանդեսում» 1971 թ., իմ առաջին գիտական հոդվածի հրատարակումից հետո, ինձ մասնագիտական մի շարք ուղղություններ է տվել, խորհուրդներով մշտապես և անշահախնդրորեն օգնել, իմ գրքերը խմբագրել է մի հիանալի անձնավորություն՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մուրադ Հասրաթյանը, որը ճարտարապետության գծով եղել ու մնում է իմ շատ սիրելի և հարգարժան ուսուցիչը։
Դ. Մ. Ս. -Եթե հիշողությունս չի դավաճանում, Ձեր գրքերից մեկի գրախոսականն եմ կարդացել Հասրաթյանի հեղինակությամբ, որտեղ նա շատ բարձր է գնահատել հատկապես Նախիջևանի թեմայով ձեր գործունեությունը:
Ա. Ա. -Այո, նա մշտապես՝ մասնագիտական իր ամենատես աչքով, հետևել և մինչև հիմա էլ քաջալերում է իմ հրապարակումները, արձանագրել է, որ «Մասնագետներն ու ընթերցող հասարակայնությունը Ա. Այվազանին են պարտական Նախիջևանի տարածքում կանգուն հայկական բերդերի, եկեղեցինեերի, խաչքարերի, գրչության կենտրոնների հետազոտման և նյութերի հրապարակման համար: Սկզբում գիտական ամսագրերում առանձին հոդվածներով, ապա գրքերով Ա. Այվազյանը մեզ ծանոթացրց հայ արվեստի, ճարտարապետության մի ինքնատիպ ու խիստ հետաքրքրական դպրոցի նվաճումներին՝ փաստորեն վերացնելով մեր մշակույթի պատմության մեջ մի «սպիտակ բիծ» (1986):
http://www.irates.am/hy/1579209040