Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Էգեք մենք մի պան անենք։ Կարա՞լ չենք մենք ըսկսենք հըվաքիլը, մինչեւ մի պան տուս կա». ահա այսպես խաչիկցի մեծերը քննարկել ու հույսներն իրենց վրա դնելու որոշում են կայացրել։ Նախկինում այս ու այն կողմ դիմելուց ու հուսահատվելուց հետո սահմանին ապրող մարդիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցին վերանորոգելու գործը որոշել են «առաջ գցել»՝ հաշվեհամար բացելով։ Մեկը թոշակից է փոխանցում արել, մյուսը՝ աշխատավարձից, երրորդը՝ մեկ այլ աղբյուրից… Շուրջ 5 տարի փոքրիկ աշխատանքներով փորձել են եկեղեցին փրկել։ Իսկ սեպտեմբերին ամրակայման բուռն աշխատանքներ են սկսվել, ասել է թե՝ գյուղը կանգնել, «գերան է կոտրում»։
«Տարբեր տեղերում ապրող խաչիկցիներն իրենց ներդրումն ունեցան։ Եվ հաշվեհամարով հանգանակված շուրջ 8 մլն դրամը ծառայեցվեց տանիքի ծածկույթը փոխելուն, զանգակատունը կանգնեցնելուն»,–«ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց ԶՈՒ գնդերեց, Խաչիկ համայնքի հոգեւոր սպասավոր տեր Հովհաննես քահանա Մաթեւոսյանը՝ ավելացնելով, որ եկեղեցու ներսում եւս որոշակի աշխատանքների իրականացման անհրաժեշտություն կա՝ նախագծի համապատասխան։ Խորհրդային Միության տարիներին եկեղեցին պահեստի է վերածվել։ Եվ պատերին ծեփել են կրային, կավային ինչ—որ նյութեր, որոնք անընդհատ խոնավ մնալու պատճառով քայքայվել են, նաեւ բնորոշ հոտ ձեռք բերել։
Անհրաժեշտ միջամտության համար, նախնական եւ խիստ մոտավոր հաշվարկով, 2.5 մլն դրամ է պետք, որից շուրջ 139 հազար դրամն արդեն կա։ Գյուղում հույս ունեն, որ 2020 թ. գարնանն ամբողջական ամրակայման աշխատանքները կավարտվեն։
Եկեղեցին վերանորոգվել է նաեւ 1880—ականներին։ Տեր Հովհաննեսը պատմում է, որ այդ ժամանակ վերանորոգման նպատակով գյուղացիները Նախիջեւանից վարպետ են հրավիրել՝ ուստա Բադամին, ու, ինչպես հիշատակվում է պատմության մեջ, 7 տարի պահել են Ճատեենց օթախում։ Աշխատանքներին ամեն խաչիկցի իր նպաստն է բերել։ Յուրաքանչյուր ծուխ երկու իշաբեռ քար է բերել դաշտից։ Կանայք էլ կժերով ջուր են հասցրել։ Ձմռանը քարերը տաշել են, ամռանը՝ շարել։ Եվ 1888 թ. եկեղեցին արդեն պատրաստ է եղել։ «Ներկայումս եկեղեցին այն տեսքն ունի, ինչ ստացել են այդ ժամանակ համախմբված աշխատանքի արդյունքում»,–նշեց տեր Հովհաննեսը։
Գյուղի հոգեւոր սպասավորն ասում է, որ եկեղեցու հետ կապված ամենահին արձանագրությունը 13—րդ դարին է թվագրվում. «Հարավային մուտքի վրայի արձանագրությունն է, որը հիմա անընթեռնելի է, մաշվել է։ Արդեն հետագա դարերում եկեղեցու հետ կապված հիշատակում չկա»։
Խաչիկում ասում են նաեւ, որ Սուրբ Աստվածածնի զանգն ու վարագույրները գյուղից մի բժիշկ անցյալ ժամանակներում տարել է իր տուն՝ փրկելով բռնագրավումից։ Նա ժառանգներին պատգամել է՝ երբ տեսնեն, որ եկեղեցին գործում է, դրանք վերադարձնեն։ Տեր Հովհաննեսը պատմում է. «Մի օր՝ ժամերգությունից առաջ տեսա, որ մեծ տոպրակներով մարդիկ են գալիս եկեղեցի։ Ու պատկերացրեք իմ ուրախությունը, երբ տոպրակում տեսա զանգը։ Զանգը 4 տարի եկեղեցու ներսում կախվեց։ Բայց հիմա, քանի որ զանգակատունն արդեն պատրաստ է, կախված է զանգակատանը։ Այդ զանգի ձայնը հասնում է մինչեւ Նախիջեւան։ Զինվորները, երբ մարտական հենակետից իջնում են, գալիս, ասում են՝ տեր հայր, մենք այնքան լավ ենք զգում, որ կիրակի օրը մեր թիկունքում լսում ենք եկեղեցու զանգի ձայնը, այնքան ուրախանում ենք, որ մեզ համար թիկունքում աղոթք են անում…»։
Խաչիկի Ս. Աստվածածին եկեղեցին միայն համայնքին չի ծառայում։ Տեր Հովհաննեսը փոխանցում է, որ հերթափոխերից, հենակետեր գնալուց առաջ կամ պարզապես կիրակի օրերին համայնքում տեղակայված զորամասի զինծառայողներն այցելում են եկեղեցի, մասնակցում արարողություններին։ Իսկ հիմնական աղոթքը մեկն է՝ խաղաղություն լինի…
Մեր զրուցակիցը նկատել է, որ սահմանապահ գյուղացին ու զինվորը պատերազմի թեմայից չեն սարսռում. «Էլ ո՞վ ավելի լավ կպատկերացնի դա, եթե ոչ հենակետին մոտ ապրող մարդը, ով տեսնում է հակառակորդի հենակետերը։ Խաչիկցիները շատ լավ գիտեն՝ ինչ է պատերազմը, ինչ է խաղաղությունը։ Նրանք շարունակում են ապրել մի վայրում, որտեղ պատերազմ է եղել։ Եվ եթե չլիներ հավատը, որ վաղը լավ է լինելու, իսկ այսօր ավելի լավ է, քան երեկ, ապա կյանքը սահմանին վերացած կլիներ։ Բայց տեսնում ենք, որ Խաչիկում արտագաղթ այլեւս չկա, ծնելիության մակարդակը դրական շարժ է գրանցում։ Հետաքրքրությունը դեպի Խաչիկ անընդհատ ավելանում է, որովհետեւ սա մի գյուղ է, որն ունի ավանդույթներ, պատմամշակութային երեք հզոր կոթող, ուրույն բարբառ։ Այս ամենը կոլորիտ է ստեղծում, որին գումարվում է համայնքի հոգեւոր կյանքն ու համուհոտ ստանում»։
Իսկ գյուղի անվան պատմության հետ երկու վարկած է շրջանառվում՝ մեկը, որ հիմնադրել է Խաչիկ վարդապետը 10—րդ դարում։ Մյուս տարբերակի համաձայն՝ 5—րդ դարի Խոտակերած վանքում մի քանի դար շարունակ Քրիստոսի խաչափայտից փոքրիկ մասնիկ է պահվել, որը կարելի էր կոչել Խաչիկ։ Այն հիմա Մայր տաճարի թանգարանում է։
http://www.hhpress.am/