ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
«Հաշվի առնելով Նախիջևանի բարդ աշխարհագրական դիրքը, այն հանգամանքը, որ հանրապետությունը արդեն երկար տարիներ գտնվում է շրջափակման մեջ և երեք կողմից շրջապատված է թշնամիներով, մենք մեր ուշադրությունը սևեռում ենք հատկապես անվտանգության ապահովմանը: Վերջին տարիներին լուրջ քայլեր ենք ձեռնարկել բանակաշինության ասպարեզում: Նախիջևանի բանակը այսօր զինված է ամենաժամանակակից սպառազինությամբ», ըստ Ազատություն ռադիոկայանի մեջբերման հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, Բաքվում ընդունելով Նախիջեւանի ինքնավար հանրապետության ԳԽ նախագահ Թալիբովին:
Ալիեւը Թալիբովի հետ հանդիպմանն արել է մի քանի ուշագրավ շեշտադրում, որոնք խոսում են Նախիջեւանի, եւ ընդհանրապես ռեգիոնալ իրողությունների առումով նրա որոշակի տագնապների մասին:
Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ «երեք կողմից» Նախիջեւանը շրջապատված է թշնամիներով: Զուտ աշխարհագրորեն Նախիջեւանն ունի ընդամենը հենց երեք սահմանակից հարեւան՝ Հայաստան, Իրան, Թուրքիա: Այն, որ Ալիեւը Հայաստանը դիտարկում է իբրեւ թշնամի, զարմանալի չէ: Իսկ ահա Իրանի եւ Թուրքիայի պարագան խիստ հետաքրքիր է:
Եթե նա խոսում է Նախիջեւանի «երեք կողմից թշնամի» լինելու մասին, ու՞մ նկատի ունի, եթե ոչ Իրանին ու Թուրքիային՝ երեք սահմանակից հարեւաններից երկուսին: Եթե խոսքը սահմանակից հարեւանների մասին չէ, կամ միայն սահմանակիցների մասին չէ, ապա էլ ու՞մ մասին է:
Մինչդեռ, հայտնի է նաեւ, որ Նախիջեւանում Ադրբեջանը կազմավորել է առանձին համազորային բանակ, որի մաս են կազմում նաեւ թուրքական ստորաբաժանումներ: Ավելին, Նախիջեւան-Թուրքիա հարաբերությունն ընդհանրապես բավական լայն է նաեւ սոցիալ-տնտեսական իմաստով: Թուրքիան Նախիջեւանի բնակչության համար արտագնա աշխատանքի աղբյուր է: Բավական նկատելի են նաեւ Իրանի հետ սոցիալ-տնտեսական կապերը, թեեւ որոշակի զիջում են Թուրքիային, բայց մեծ հավանականությամբ գերազանցում են Բաքվին:
Ի դեպ, Ալիեւի մյուս ուշագրավ հայտարարությունը հենց այն է, որ Նախիջեւանը պետք է ապահովի սեփական սոցիալ-տնտեսական կարողությունների աճ, չմնալով Բաքվի դոտացիայի հույսին: Նա թերեւս ակնարկում է հենց այն փաստի մասին, որ Նախիջեւանը գործնականում սոցիալ-տնտեսական առումով բաժանված է Թուրքիայի եւ Իրանի միջեւ:
Եվ եթե հավելվի նաեւ Թուրքիայի գործոնը ռազմական կամ ռազմա-քաղաքական առումով, ապա փաստացի ստացվում է, որ Նախիջեւանը դե ֆակտո չի պատկանում Ադրբեջանին:
Մյուս կողմից, խոսելով «երեք կողմից թշնամիների» մասին, Ալիեւը թերեւս նկատի ունի այլ դասավորություն, որտեղ առկա է նաեւ Ռուսաստանը: Հարցն այն է, թե ու՞մ փոխարեն՝ Հայաստանի՞ փոխարեն է Ալիեւը Ռուսաստանը դիտարկում Նախիջեւանը «շրջապատող» թշնամի, Իրանի՞, թե՞ Թուրքիայի փոխարեն:
Նախիջեւանը ռուս-թուրքական պայմանագրով է փոխանցվել Ադրբեջանին, ու թեեւ դա տեղի է ունեցել հետո որեւէ երրորդ կողմի չփոխանցելու պայմանով, այդուհանդերձ մոտ ապագայում լրանում է ռուս-թուրքական պայմանագրի կնքման հարյուր տարին, միաժամանակ նաեւ պայմանագրի գործողության ժամկետը, եւ Ռուսաստանն ու Թուրքիան կանգնելու են այն կամ վերակնքելու, կամ բոլորովին ուրիշ պայմանավորվածությունների գալու իրողության առաջ՝ դրանից բխող հավելյալ հեռանկարներով:
Այստեղ է Ալիեւի համար հարցերի հարցը, որովհետեւ ռուս-թուրքական փոխհարաբերության այդ 100-ամյա պայմանագրային բազան արդեն քառորդ դար է չի համապատասխանում ռեգիոնալ իրողության բազային՝ Արցախում հայկական հաղթանակի շնորհիվ: Եվ այստեղ աներկբա է, որ կամ շրջվում է այդ հաղթանակը, կամ ռուս-թուրքական հարաբերության բազան, ինչը արդեն մեծ հավանականությամբ առաջացնում է Նախիջեւանի հարց: Ալիեւի համար ակնհայտ է, որ աշխարհքաղաքական տենդենցի համատեքստում շատ ավելի «դյուրին» է դառնում Նախիջեւանի, քան Արցախի հարցում որեւէ էական շրջադարձ:
https://www.lragir.am/2019/11/20/495476/