ՌԱԶՄԻ ՇԵՓՈՐԱԿԱՆՉ ՆԱԽԻՋԵՒԱՆԻՑ

Իրականում այսպես կարելի է ընկալել Նախիջեւանում վերջերս՝ հունիսի 7-11-ն անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ «Անսասան եղբայրություն-2019» մարտավարական զորավարժանքը։ Անկարան ու Բաքուն այդ մասին, իհարկե, խուսափել են պաշտոնապես նշել միջոցառման կոնկրետ թիրախը՝ վստահ լինելով, որ հասկացողն անպայման կհասկանա, թե հատկապես ում դեմ է զենքն ուղղված։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ պարզապես նշվում է, թե զորավարժանքի նպատակը երկու երկրների ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումն է՝ համատեղ խնդիրների կատարման հմտությունները զարգացնելու համար։

Նշանակետի բացահայտման, այսպես ասած, «առաքելությունը» հանձնառել են Բաքվի իշխանամետ լրատվամիջոցները, որոնք, ավանդույթի ուժով արդարացնելով ցուցաբերված ՙբարձր վստահությունը՚, իսկույն եւեթ աճապարեցին հայտարարել, թե նախիջեւանյան զորավարժանքը հղանք է, իրենց իսկ արտահայտությամբ՝ «Ռուսաստանին եւ նրա կամակատարին»։ «Կամակատար» ասելով, ինչ խոսք, նկատի ունեն Հայաստանը, եւ ինչպես ոգեւորությամբ նշում են բաքվեցի, այսպես կոչված, ռազմական փորձագետները, Նախիջեւանից կարելի է հասնել թե Երեւանին, թե Մեծամորի ատոմակայանին եւ թե Որոտանի ՀԷԿ-ին։ Ընդ որում՝ ձգտելով ընդգծել Հայաստանին սպառնացող այդ վտանգի ահագնությունը, մեկ առ մեկ ցուցանում էին վարժանքին ներգրավված զորատեսակների ու զինատեսակների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության տվյալները. Ադրբեջանի ԶՈՒ Նախիջեւանում տեղակայված Առանձին համազորային բանակ, ինքնավարության տարբեր ուժային կառույցներ, Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումներ, մեծ թվով կենդանի ուժ, վիթխարի քանակությամբ արդիական սպառազինություն, ցամաքային եւ օդային ռազմական տեխնիկա։ Մի խոսքով՝ շատ ու շատ ավելին, քան, ըստ հայոց ազգային էպոսի պատումի, յուր ժամանակին Մսրա Մելիքը հանել էր հայ ժողովրդի դեմ, սակայն դիտապաստ գետնին փռվեց՝ երկու կես լինելով Սասունցի Դավթի Թուր-Կեծակիի հուժկու հարվածից։

Բայց առասպելը՝ առասպել, իսկ թշնամու որջից հնչած նոր հոխորտանքը՝ այս անգամ Հայաստանի սահմանի մերձակայքում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժանքի տեսքով, արդեն մերօրյա իրական սպառնալիք է եւ պահանջում է կշռադատ մոտեցում՝ հնարավոր զարգացումների համատեքստում։

Մինչ այդ, թեկուզ հպանցիկ դիտարկենք Բաքվի քարոզչամեքենայի ակամա թույլ տված մի խոսուն ինքնաբացահայտում՝ «ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգներից հետո իր հզորությամբ երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցությունը նկատելիորեն փոխում է ուժերի դասավորությունը Ղարաբաղում»։ Անշուշտ, հնարավոր չէ այլ կերպ մեկնաբանել դա, քան այսպես. Բաքուն գիտակցում է, որ շփման գծում հակադիր ուժերի առկա դասավորությունն ամենեւին էլ իր օգտին չէ եւ որ ինքը տակավին շատ տկար է միայնակ իրականացնելու համար ադրբեջանա-արցախյան հակամարտության ուժային լուծումը, արկածախնդիր մի գաղափար, ինչի մասին տարիներ ի վեր տարփողում է ամենատարբեր ամբիոններից։

Բայց անցնենք առաջ։ Նախ, արձանագրենք, որ այդ համատեղ զորավարժանքն առաջինը չէ Բաքու-Անկարա ռազմաքաղաքական գործակցության ասպարեզում։ Միայն այս տարի դրանք արդեն չորրորդն են Ադրբեջանում։ Երրորդ անգամ անցկացվել են մայիսի 20-24-ին, բայց միայն Ադրբեջանի ներքին տարածքում։ Հատկապես հենց դրանում է իրավիճակի գլխավոր առանձնահատկությունը։ Բանն այն է, որ այս անգամ զինված ուժերի մարտունակության համատեղ ստուգատեսի փորձադաշտ է ընտրվել ոչ թե Ադրբեջանի ներքին տարածքը, այլ Նախիջեւանի ԻՀ-ն, որն Ադրբեջանից անջրպետված է Հայաստանի եվ Արցախի հանրապետությունների տարածքներով։

Փորձենք պարզել՝ ինչո՞ւ հատկապես այդտեղ։ Նախ, Բաքուն Նախիջեւանի տարածքը դիտարկում է որպես օժանդակ ռազմական թատերաբեմ ադրբեջանա-արցախյան հակամարտության ուժային լուծման իր ծրագրում։ Այն անժխտելի ձախողումը, որի մեջ Ադրբեջանը հայտնվել է իր իսկ սանձազերծած 2016-ի ապրիլյան պատերազմի արդյունքում, Բաքվում ափսոսանքով բացատրում են նրանով, որ այն ժամանակ չեն գործարկել նախիջեւանյան գործոնը՝ ուժի գործադրման եւ կամ ուժի գործադրման սպառնալիքի տեսքով։ Արդյունքում՝ այն դեպքում, երբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մի մասը թեժ մարտեր էր մղում Արցախի հետ շփման գծում, Նախիջեւանում տեղակայված Առանձին համազորային բանակի զորամասերը պարզապես առօրյա մարտական հերթապահություն էին իրականացնում Հայաստանի հետ ինքնավարության սահմանագծում՝ անգամ փորձ չանելով խոչընդոտել լրացուցիչ զենք ու զինամթերքի, կենդանի ուժի փոխադրումները Հայաստանից Լեռնային Ղարաբաղ՝ սահմանամերձ մայրուղով։ Թեկուզ խնդրի լուծումը երեւի թե առանձնակի դժվարությունների չհանդիպեր՝ նկատի առնելով, որ մայրուղու որոշ հատվածներ հստակ դիտարկելի են նախիջեւանյան զորքերի մի շարք դիրքերից։ Դժվար չէ ենթադրել, որ Նախիջեւան-Հայաստան սահմանահատվածում անցյալ տարվա մայիսին կատարված դիրքային տեղաշարժերի, խոստովանենք, հաջող փորձերը որոշակի առավելություն են տվել ադրբեջանական դիրքերին՝ էլ ավելի ցայտուն դարձնելով դրանց կողմից մայրուղու տարբեր հատվածների վերահսկելիությունը։ Իհարկե, որոշ նպաստավոր դիրքային տեղաշարժեր են կատարել նաեւ հայկական զինված ուժերը՝ վերահսկողություն սահմանելով այն դիրքերի վրա, որտեղ առաջխաղացում է արել ադրբեջանական կողմը։ Սակայն դրանք չեն նվազեցնում առանձին հատվածներում նախիջեւանյան զորքերի բարելավված դիրքերից բխող սպառնալիքը ինչպես Գորիս-Երեւան մայրուղու երթեւեկության, նույնպես եւ նրա երկայնքի մի շարք բնակավայրերի նկատմամբ։ Ի լրումն այդ իրողության, ինչպես հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները, վերջին շրջանում որակապես բարելավվել է Առանձին համազորային բանակի սպառազինությունը՝ համալրվելով արդիական զինատեսակներով։ Գումարած դրան՝ նախիջեւանյան բանակի ստորաբաժանումները մարզվում են Թուրքիայի զինված ուժերից գործուղված սպայակազմի վերահսկողությամբ։ Ադրբեջանը, իհարկե, ձգտում է Անկարայի աջակցությամբ ամրապնդել իր իրավազորությունը Նախիջեւանի նկատմամբ։ Սակայն դա ռազմավարական նպատակ է։ Մարտավարականն Արցախի դեմ հնարավոր նոր ագրեսիայի դեպքում նախիջեւանյան գործոնի լիարժեք կիրառումն է։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը մտադիր է հակամարտության կարգավորման ցանկացած վարկածի պարագայում Զանգեզուրի՝ Սյունիքի մարզի միջոցով իր համար ելք ապահովել դեպի Թուրքիա, դրան զուգահեռ պահպանել նաեւ Նախիջեւանը, որի աշխարհաքաղաքական դրությունն անկայուն է՝ նկատի առնելով, որ գոյություն չունի ընդհանուր շփման գիծ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։

Իր հերթին՝ Թուրքիան նույնպես չի թաքցնում այդ տարածքի հանդեպ իր հետաքրքրվածությունը: Ինչպես հայտնի է, 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Քեմալական Թուրքիան եւ Բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը։ Իսկ նույն թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը կոչված էր ընդամենը հաստատելու Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից։ Եվ ահա, Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երեւանի նահանգի Նախիջեւանի եւ մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հանձնվեց ԱդրԽՍՀ խնամակալությանը՝ ինքնավար տարածքի կարգավիճակով, այն պայմանով, որ վերջինս այդ խնամարկյալին չի փոխանցի որեւէ երրորդ պետության։

Նախիջեւանի տարածքը Թուրքիային ներկայումս պետք է, որքան էլ տարօրինակ հնչի, թուրք-ամերիկյան ներկայիս տարաձայնությունների համատեքստում։ Բանն այն է, որ Միացյալ Նահանգները եւ Թուրքիան, լինելով միեւնույն միջազգային ռազմաքաղաքական կառույցի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, չեն կարողանում համաձայնության հանգել երկու կարեւոր խնդրում։ Առաջինը վերաբերում է ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու Անկարայի մտադրությանը, որն արդեն իրագործման վերջին փուլում է գտնվում եւ որին կտրականապես դեմ է Վաշինգտոնը՝ պահանջելով չեղյալ հայտարարել համապատասխան պայմանագիրը, նաեւ սպառնալով, որ եթե Թուրքիան չհրաժարվի այդ զինատեսակից, ապա չի ստանա ամերիկյան արտադրության Ֆ-35 կործանիչ ինքնաթիռներ։ Ի դեպ, մինչ այդ՝ հենց այս օրերին Վաշինգտոնն արդեն հրաժարվել է այդ ինքնաթիռների համար թուրք օդաչուներ պատրաստելու իր հանձնառությունից։ Անկարան առայժմ առարկում է Վաշինգտոնին՝ հայտարարելով, թե՝ չնայած ԱՄՆ ճնշմանը, հաստատուն է ռուսական հրթիռային կայանքներ գնելու իր մտադրության մեջ։ Թեկուզ փորձագետները չեն բացառում, որ Թուրքիան ի վերջո տեղի կտա ամերիկյան ճնշմանը, ինչը կարող է լինել հերթական «դանակը Ռուսաստանի մեջքին»՝ խոցված ինքնաթիռից եւ ռուսական դեսպանի սպանությունից հետո:

Երկրորդ հարցը, որի շուրջ հետզհետե խորանում են թուրք-ամերիկյան տարաձայնությունները, վերաբերում է տարածաշրջանի քրդերի կարգավիճակին։ Վաշինգտոնն օգնում է քրդերին եւ փորձում բանը հասցնել նրան, որպեսզի լավագույն դեպքում Թուրքիան վերածվի դաշնային պետության՝ քրդական ինքնավարությամբ հանդերձ։ Իսկ այն պարագայում, եթե խնդրի լուծումը դրական լուծում ստանա, ինչը դժվար է պատկերացնել, թեկուզ տեսականորեն հնարավոր է, ապա Անկարայի հակաքայլերից մեկը կարող է դառնալ ռազմակայանի ստեղծումը Նախիջեւանում, ինչը նրան հնարավորություն կտա հյուսիսից շրջափակման մեջ առնել քրդական ինքնավարությունը։ Երեւի թե նաեւ այս հեռանկարով է բացատրվում այն հանգամանքը, որ, համաձայն շրջանառվող լուրերի, Անկարան արդեն ձեռնամուխ է եղել Նախիջեւանում թուրքական ռազմակայանի հիմնման գործընթացին, իսկ որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ այն արդեն գոյություն ունի, սակայն, որպես քողածածկույթ, ձեւականորեն ներառված է Նախիջեւանի Առանձին համազորային բանակի կազմում։ Անձնակազմի համազգեստն ադրբեջանական է, սպառազինությունը՝ Թուրքիայից ներկրված։ Ավելին, որոշ քաղաքագետների տեսլականով՝ չի բացառվում, որ այս օրերին Նախիջեւանում անցկացվող թուրք-ադրբեջանական ռազմավարժանքի ավարտից հետո հենց այդտեղ էլ թողնվի դրան մասնակից թուրքական ստորաբաժանումների սպառազինությունը, հնարավոր է՝ ամբողջությամբ եւ կամ որոշ մասով, ինչպես թուրքական ռազմակայանի անձնակազմի, նույնպես եւ նախիջեւանյան բանակի համար։

Միեւնույն ժամանակ, եթե Վաշինգտոնն ու Անկարան փոխըմբռնման հանգեն ռուսական արտադրության Ս-400 հրթիռային համալիրները գնել-չգնելու եւ քրդերի կարգավիճակին վերաբերող հարցերի շուրջ, ապա, բնականաբար, պիտի որ հերթական անգամ վատթարանան թուրք-ռուսական հարաբերությունները՝ երկուստեք հնարավոր հետեւանքներով հանդերձ։ Այդ դեպքում, փորձագետների կանխատեսմամբ, Նախիջեւանի թուրքական ռազմակայանը կարող է Անկարայի համար հարթակ ծառայել Ռուսաստանի հետ հնարավոր բախման համար։

Այնուամենայնիվ, անկախ իրադարձությունների այդ եւ այլ զարգացումներից, հնարավո՞ր է արդյոք, որ թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ զորավարժանքն իրական սպառնալիք հանդիսանար Հայաստանի անվտանգության համար՝ նկատի ունենալով, որ այն անցկացվում էր անմիջականորեն Հայաստանի սահմանների մերձակայքում՝ Նախիջեւանում։ Առավել եւս, որ ադրբեջանցի ռազմական փորձագետներից շատերը պնդում են, որ Հայաստանի հետ պատերազմի պարագայում Նախիջեւանն ամենահարմար ռազմական հարթակն է Հայաստանին հարված հասցնելու համար։ Տեսականորեն, կարծում եմ, գուցե թե։ Բայց ահա Բաքվի փորձագիտական կենտրոններում կարծես թե ստեպ-ստեպ ուղեղի մթագնում են ապրում՝ մոռացության մատնելով, որ նման գործողությունները կարող են գնահատվել ոչ այլ կերպ, քան որպես ագրեսիայի ակտ մի պետության դեմ, որը ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի անդամ է եւ որ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, բացի ՌԴ շահերը պաշտպանելու իր գործառույթներից, կոչված է ապահովելու նաեւ ՀՀ անվտանգությունը նրա սահմանների ամբողջ պարագծով մեկ։ Ինչ խոսք, դա ոչ մի կերպ թույլ չի տա նաեւ միջազգային հանրությունը։ Ի վերջո, իր հերթին Հայոց բանակն էլ ՙկանաչ խոտի վրա կրակ վառելով՚ չէ զբաղված եւ ոչ նվազ արդիական սպառազինությամբ, ու, մանավանդ, մարտունակությամբ ի զորու է դիմագրավելու հայրենի երկրի նկատմամբ ցանկացած ոտնձգություն։ Այնպես որ, հազիվ թե Ադրբեջանը եւ նրա դաշնակից Թուրքիան իրականում դիմեն նման, թեկուզ եւ համատեղ, արկածախնդրության։

Միքայել Հաջյան
http://aparaj.am/new/