Վերջերս, պայմանավորված Նախիջևանում տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժություններով, ակտիվացան քննարկումները Նախիջևանի շուրջ։ Այս և այլ արդիական թեմաների մասին զրուցեցինք նախիջևանագետ Արգամ Այվազյանի հետ։
– Պարո՛ն Այվազյան, վերջին շրջանում հայկական մամուլում և այլ շրջանակներում ակտիվացել են Նախիջևանի շուրջ քննարկումները՝ պայմանավորված այնտեղ տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժություններով ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում այդ զորավարժությունները, և ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի արձագանքը։
– Ա՛յո, ճիշտ եք: Այսպիսի ակտիվացումները վերջին 20 տարիներում ժամանակ առ ժամանակ նկատելի են, որոնք, ինչպես, Դուք էլ եք նկատում, պայմանավորված են այս կամ այն դեպքերի հետ: Այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել, որ, ցավոք, դրանք ժամանակավոր և անցողիկ բնույթի են: Այնինչ այդ ուղղությամբ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հիմնավորապես և իրատեսորեն զբաղվի, քանզի պատմական Նախիջևանի տարածքը թե՛ իր աշխարհագրական դիրքով և թե՛ իր պատմական անցյալով ու մշակույթով Հայաստանի համար կարևորագույն երկրամաս է:
Ինչ վերաբերում է Նախիջևանում անցկացվող թուրք-ադրբեջանական վերջերս տեղի ունեցած զորավարժությանը, որն ի միջի այլոց նշեմ, որ առաջին դեպքը չէ վերջին տարիներում, ապա դա Հայաստանի անվտանգության համար շատ վտանգավոր է: Քանզի, ակնհայտ է, որ վերջին 4-5 տարիներում Թուրքիան զանազան պատրվակներով Նախիջևանում, մասնավորապես Շարուրի դաշտում՝ Սադարակի մերձակայքում, տարի առ տարի կուտակում է մեծաթիվ զինտեխնիկա և զինվորական ուժ: Հանգամանք, որն ակնհայտորեն հեռահար նպատակներ ունի: Նկատի առեք, որ այս ամենը կենտրոնացվում է Երևանից ընդամենը 60-65 կմ հեռավորության վրա գտնվող ռազմաբազայում: Այնպես որ՝ դրա մասին պետականորեն չմտահոգվելը հղի է անկանխատեսելի վտանգներով: Փաստեմ նաև այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում թուրքական ռազմաբազայի հիմնումն ու օր-օրի հզորացումը չէր կարող իրականացվել առանց Ռուսաստանի համաձայնությունն ունենալու: Սա էլ ակնհայտորեն վկայում է, որ Հայաստանը պետականորեն այնքան էլ մտահոգված չէ նախիջևանյան խնդիրով և այդ ուղղությամբ Ռուսաստանի հետ հարկ եղածի չափով աշխատանքներ չի իրականացնում 1921 թ. ռուս-թուրքական չարաբաստիկ պայմանագրի Նախիջևանին վերաբերող կետերի վերանայման-չեղարկման հարցում: Այլապես Թուրքիան և Ադրբեջանը այսպիսի սանձարձակություններ չէին իրականացնի: Ասենք ինչի մասին եմ մտահոգություն արտահայտում: Մեր հանրապետության նախագահները, որոնց իրավասությամբ է իրականացվում երկրի արտաքին քաղաքականությունը, վերջին 20-25 տարիներում՝ պետական մի շարք պաշտոնյաների (վարչապետներ, նախարարներ) հետ ձեռք ձեռքի տված զբաղված են եղել զանազան մեքենայություններով երկրի ազգային հարստությունների կողոպտմամբ, երկրում ներքին խժդժությունների ստեղծմամբ, հիմա էլ՝ պետական ու քրեական հանցագործներին բռնել-բաց թողնելու, որոշ խմբերի կողմից էլ այդ հանցագործներին ի պաշտպան կանգնելու, նրանց ազատ արձակելու, Հայաստան-Արցախի միջև խութ ու խոռոչներ ստեղծելու և նմանատիպ անպատվաբեր գործողություններով:
Այս և նմանատիպ խնդիրների վերաբերյալ անցած տարիներում մեկ անգամ չէ որ հրապարակավ արտահայտվել եմ: Այնպես որ՝ որոշ պետական գործիչների համար ոչ թե մեր երկրի ու պետականության ամրապնդման շահերն են, այլ պետական պաշտոններում եղած տարիներին սեփական գրպանները լցնելու, առ և ապուռի գործելաոճն է: Այսպիսի պայմաններում, բնականաբար էլ ազգային խնդիրները, զորօրինակ Նախիջևանին ու Ջավախքին, Արևմտյան Հայաստանին վերաբերող հարցերը մղվում են երրորդական ու չորրորդական տեղեր: Դեպքից դեպք էլ որոշ արձագանքներն էլ կամ ուշացած են լինում կամ էլ անիմաստ ու անարդյունավետ: Ցավոք, ըստ իս, առայժմ այդպիսին է մեր պետական մոտեցումներն ու արձագանքները:
– Ձեր կողմից էլ բազմիցս բարձրաձայնվել է Նախիջևանում գտնվող հայկական հուշարձանների ոչնչացման, մեր հայրենիքի այդ տարածքից հայկական հետքի վերացման մասին, որի վառ ապացույցը եղավ Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։ Մենք ի՞նչ պետք է անեինք, որ չարեցինք այդ բարբարոսությունը կանխելու համար և ի՞նչ պետք է անենք այսուհետ դեռևս կանգուն մշակութային հուշարձանները փրկելու համար։ Ո՞րն է այս գործում պետության անելիքը:
– Ա՛յո, այդ հարցը իմ կողմից բազմիցս է բարձրացվել: Սակայն, ինչպես տեղին է ասել, որ ասողին լսող է պետք: Հայաստանում, մասնավորապես պատկան մարմինները՝ սկսած հանրապետության նախագահներից ու վարչապետներից, Արտաքին գործոց և նախկին Մշակույթի նախարարությունները, այդ ուղղությամբ կարելի է փաստել, որ գրեթե ոչինչ չարեցին: Ասում եմ գրեթե, քանզի անցյալում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ միջազգային կազմակերպություններին մի քանի անգամ դիմելուց զատ ոչինչ չկարողացավ անել: Ոչինչ, որովհետև նամակ-բողոքներ հղելուց հետո Նախիջևանի հայոց մշակութային-նյութական ժառանգությունը Ադրբեջանի պետական վանդալիզմի քաղաքականությամբ վերացնելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ հետևողականորեն չգործեց, չնախաձեռնեց և առ այսօր չպատրաստեց այդ վանդալիզմի իրավական, փաստավերագրական թղթածրարը և Ադրբեջանին միջազգային ատյաններում պատասխանատվության չենթարկեց: Այստեղ են ասել, որ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը:
Մեկ անգամ էլ այստեղ փաստեմ, որ Նախիջևանում ադրբեջանական այդ աննախադեպ պետական վանդալիզմի զոհ դարձան հայոց շուրջ 27 հազարի հասնող մեծ ու փոքր հուշարձանները: Սա ահռելի և անվերադարձ կորուստ է, որն անարգել իրականացվեց մեր բացաչք, սակայն կուրացած հայացքների առջև: Ավելին ասեմ, Ադրբեջանն է, որ մի քանի տարի առաջ ՄԱԿ-ին է դիմել, և իբր ազատագրված տարածքներում Հայաստանն է ադրբեջանական մշակույթի հուշարձանները որնչացրել, որի համար Հայաստան պետք է Ադրբեջանին միլիարդների հասնող դոլարային վնասի հատուցում տա: Այստեղ ևս տեղին է հիշել, որ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում:
Փաստեմ, որ այս ամենը կատարվեց 1997-2006 թթ.՝ Հայաստանի երկրորդ նախագահ և այժմ անբաստանյալ Ռ. Քոչարյանի նախագահության տարիներին, որը նախիջևանյան հայոց հուշարձանների այդպիսի աննախադեպ ու ահասարսուռ սպանդի հարցը ոչ մի անգամ չբարձրացրեց ո՛չ միջազգայնորեն, և ո՛չ էլ Արցախի շուրջը ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում: Այսպիսի վերաբերմունքը, թող ամենևին խիստ չթվա ասածս, ազգային դավաճանությանը համահավասար արարք է, որն ամենևին էլ սահմանադրական որևէ ամրագրման անհրաժեշտություն չունի: Քանզի, ազգային և պետական այսօրինակ պատվախնդրությունը վեր է ամեն ինչից և դա կարող է գիտակցել և այդ ոգով գործել միմիայն ազգային-պետականամետ անհատն ու գործիչը: Մի հատկանիշ, որը գրեթե վերջին տասնամյակներում բացակայում է մեր պետական գործիչների գործունեություններում:
Ինչ վերաբերում է Նախիջևանի տարածքում դեռևս կանգուն մնացած հայկական հուշարձանները փրկելուն, ապա պետք է նշեմ, որ քրիստոնեական հուշարձաններ՝ վանքեր ու եկեղեցիներ, գերեզմանատներ ու խաչքարեր, տապանաքարեր և հայկականությունը հիշեցնող այլ հուշարձաններ այլևս գոյություն չունեն և բնականաբար էլ նրանց փրկության համար այլևս ոչինչ անելու անհրաժեշտություն չկա: Այդ հուշարձանների մի մասի տեղերում, օրինակ, Ագուլիսի ս. Թովմա, Աբրակունիսի ս. Կարապետ վանքերի, Նախիջևան քաղաքի Նոյին վերաբերող դամբարան-եկեղեցու և այլ եկեղեցիների տեղերում 2012-2016 թթ. արդեն կառուցվել են ադրբեջանական մզկիթներ և այլևայլ շինություններ: Մի քանի տարի է ինչ ծրագրված կարգով ադրբեջանականացվում են նաև Նախիջևանի հայոց աշխարհիկ հուշարձանները՝ բերդերն ու կամուրջները, հնավայրերը: Օրինակ, մի քանի տարի առաջ Նախիջևանի՝ դեռևս Արարատյան թագավորության ժամանակներից, անառիկ և հռչակավոր Երնջակ բերդի շինությունների մի մասի այլանդակ նորոգումներով վեր են ածվել զբոսաշրջային հանգրվանի և ամեն ինչ անում են, որպեսզի այն ներկայացվի ադրբեջանական: 2018 թ. նոյեմբերին քոչարի հայկական պարը Ադրբեջանին հաջողվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու որպես նախիջևանյան պար(յայլի): Այնպես որ՝ այս ամենը կատարվում է Հայաստանի անգործության պատճառով և այդ իրավունքը Ադրբեջանին էլ տվել է հենց Հայաստանը:
Եթե համառոտեմ Ձեր հարցի «այս գործում պետության անելիքը, ապա պիտի արձանագրեմ՝ անգործություն է և աներևակայելի դանդաղկոտություն: Այդ գործում աններելի է նաև մեր ակադեմիայի ու նրա պատկան ինստիտուտների, բուհերի և ուսաողության, Երևանի ամեն մի քունջ ու պուջախում բուսնած կուսակցությունների ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների համատարած անհետևողականությունն ու անտարբերությունը: Թե մինչև ե՞րբ կշարունակվի այսպիսի անհեռատեսությունն ու լեթարգիական հայկական քունը, դժվարանում եմ ասել:
– Նախիջևանի խնդիրը մեզանում կարծես հետին պլան է մղված։ Դուք միայնակ արել եք մի ամբողջ ինստիտուտի աշխատանք։ Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը,և տեսնում եք արդյո՞ք Նախիջևանի նկատմամբ հետաքրքրության աճ նոր սերնդի շրջանում։
– Այս հարցի առաջին մասի պատասխանը վերևի երկու հարցերի պատասխաններում տրվեց, որի համար էլ չեմ անդրադառնալու: Ինչ վերաբերում է Նախիջևանի պատմության ու մշակույթի, արվեստի ու վիմագրության, ազգագրության, հուշարձանների և այլևայլ հարցերի վերաբերյալ իմ ավելի քան 50 տարիների գործունեությանն, ապա պետք է արձանագրեմ, որ կատարվածը, իրոք որ ահռելի աշխատանք է: Քանզի, բարեբախտություն կարելի է համարել նաև այն, որ տասնամյակներ շարունակ Նախիջևանի պատմական գավառների վերաբերյալ կատարած իմ դժվարին ու վտանգաշատ հետազոտական աշխատանքներն ու փաստագրական նյութերը հաջողվել է գրեթե ամբողջությամբ հրատարակել իմ 300-ի հասնող գիտական ու գիտահանրամատչելի հոդվածներում և 45 առանձին գրքերում, որոնց մի մասը հրատարակվել են նաև անգլերեն ու ռուսերեն։ Սա իրոք որ մեծ հաջողություն կարելի է համարել, որի շնորհիվ հայագիտությունը հարստացվել է մի քանի հազարամյակում հայ ժողովրդի ստեղծած նախիջևանյան նյութական մշակութային ժառանգությամբ։ Հրատարակված նյութերն էլ 90-100 տոկոսով հայագիտությանն են ներկայացվել առաջին անգամ, որոնք այսօր ունեն նախևառաջ ինչպես քաղաքական, այնպես էլ աղբյուրագիտական նշանակություն:
Նախիջևանի վերաբերյալ հրատարակած իմ աշխատությունների գիտական ու քաղաքական արժեքների վերաբերյալ ինչպես հայ, այնպես էլ բազմաթիվ օտար հայագետներ են արտահայտվել, որոնք զանազան առիթներով հրատարակված են: Այստեղ, անհամեստություն թող չթվա, որ ստորև մեջբերեմ ընդամենը երկու այդպիսի կարծիքներ: Օրինակ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի կարծիքով. «Երևի Հայաստանի ոչ մի պատմական շրջանը այնպիսի հարուստ գրականություն չունի, ինչպիսին Նախիջևանը: Դրա համար մենք պարտական ենք մեծ հայորդի, հայրենասեր Արգամ Այվազյանին: Այն, ինչ կատարել է Ա. Այվազյանը, կատարյալ սխրանք է: Նրա կատարածը մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք է, բայց կատարել է միայն ինքը, հայրենասեր հայորդի Ա. Այվազյանը» (2002):
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի թղթակից-անդամ Արամ Քալանթարյանի կարծիքով էլ. «Արգամ Այվազյանի տարբեր լեզուներով լույս տեսած… մենագրությունները և բազմաթիվ հոդվածները մեր մշակույթի ուսումնասիրման պատմության և հայագիտության բնագավառի կարևոր ներդրումներից են: Անկեղծ ասած` ես չեմ հիշում Հայաստան աշխարհի որևէ մեկ այլ գավառ ու նահանգ, որի մշակույթի հուշարձանները, ժառանգությունը այդքան ուսումնասիրված լինի ինչպես Նախիջևանը: Դա ապացուցում է Ա. Այվազյանի մեծ հայրենասիրությունն ու գործի նկատմամբ նրա ունեցած մեծ պատասխանատվությունը: Երբ նայում ենք Այվազյանի հրատարակած աշխատությունների ցանկին, ապա տեսնում ենք, որ դրանք ընդգրկում են Նախիջևանի մշակույթի հիմնախնդրի բոլոր բնագավառները` պատմություն, քանդակագործություն, որմնանկարչություն, տարազ, խաչքար, ազգագրություն, գրչարվեստ, վիմագրություն, ճարտարապետություն…
Ա. Այվազյանի գիտական հետազոտությունների կյանքը անվարան կարելի է սխրանք համարել: Այսօր, երբ մենք մի հետադարձ հայացք ենք ձգում նրա կատարած աշխատանքին, ապա տեսնում ենք թե ինչ մեծ և անգնահատելի աշխատանք է կատարել նա: Քանզի այսօր ավերվել, գրեթե ամբողջովին ավերվել են նախիջևանյան հուշարձանները և միայն Այվազյանի շնորհիվ է, որ դրանք կան և կմնան ապագա սերունդներին»(2006):
Ինչ վերաբերում է նոր սերնդի՝ նախիջևանյան խնդիրների նկատմամբ հետաքրքրասիրությանը, ապա այստեղ առաջխաղացումն առկա է: Վերջին 10 տարիներում նախիջևանյան խնդիրներով ինձ հարցում-պարզաբանումներով դիմել են մի ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի մի շարք երիտասարդ ուսումնասիրողներ, որոնց բուհական կուրսային, դիպլոմային, թեկնածուական թեմաները կապված են եղել Նախիջևանի մշակույթի, որմնանկարչական, խաչքարային արվեստի և այլ հարցերի հետ: Իմ կողմից ցուցաբերվել է հնարավոր օգնություններ, տրամադրվել լուսանկարներ և այլ նյութեր: Հուսամ, որ դա շարունակություն կունենա և մեր երիտասարդ մասնագետներն էլ հիմնավորապես կզբաղվեն նախիջևանյան այս կամ այն թեմաներով:
– Մի փոքր էլ խոսենք Ձեր գործունեության մասին. ի՞նչ գործեր եք ծրագրում անել առաջիկայում։
– Ծրագրերն, անշուշտ, անպակաս են: Երբեմն լինում են նաև այսպես ասած չծրագրավորված աշխատանքներ ևս: Օրինակ, այս տարվա ապրիլի վերջերին լույս տեսավ «Նախիջևանյան մտորումներ-էսքիզներ» ծավալուն՝ 764 էջից կազմված հատորը: Այն ամենևին ծրագրված չէր, որի սկիզբը 2018թ. նոյեմբերի վերջերին տեղի ունեցած պատահական մի հանդիպումառիթն էր: Այն շարադրվեց 2019 թ. հունվար-մարտ ամիսներին և բարեբախտաբար էլ իմ ընտանիքի և մի քանի աջակիցների միջոցներով լույս տեսավ ապրիլին: Այնպես որ՝ ամեն ինչ կապված է նաև հովանավորներ գտնելու ոչ այնքան հաճելի դիմում-փնտուրտուքներից:
– Ի՞նչ հարցի եք ուզում պատասխանել, որ չհնչեց մեր կողմից:
– Այս տարվա վետրվարին բազմամիլիոն ընթերցողներ ունեցող Նյու-Յորքի մշակութային առաջատար պարբերական «Hyperallergic» («Հայպերալերգիկ») ամսագրում Սիմոն Մաղաքյանն ու Սառահ Փիքմանը հրատարակեցին «Վարչակարգը թաքցնում է բնիկ հայոց մշակույթի ավերումը» կարևոր հոդվածը:
Նախ, սխալված չեմ լինի, եթե փաստեմ այն հանգամանքը, որ Նյու-Յորքի մշակութային «Hyperallergic» ամսագրի այդ վերլուծական հրապարակումով, միջազգային հանրությանն առաջին անգամ է, որ հանգամանալից ներկայացվում է 1997-2006 թթ․ Ադրբեջանի պետական քաղաքականությամբ վանդալիզմի ենթարկված Նախիջևանի հայկական հուշարձանների վաստը։ Այդ փաստավերլուծական հոդվածի հրապարակվելուց անմիջապես հետո, այն անմիջապես գտնվել և կարծում եմ, որ առաջիկայում էլ կգտնվի նաև այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Օրինակ, այդ հրապարակմանն արդեն անդրադարձել են գերմանական «Perlintaucher.de Das Kulturmagazin»(18.02.2019), ԱՄՆ-ում հրատարակվող «The California Courierե(26․02․2019), «Ջիհադ Watch» «իսլամաֆոբիկ» հեղինակավոր կայքը(https://www.jihadwatch.org/..․/azerbaijan-movesto-obliter, 27.02.2019), Բրիտանական հեղինակավոր The Guardia և այլ լրատվամիջոցները։ Հայաստանի մի քանի լրատվամիջոցներ(«Mediamax», Հ1, Շանթ, «Առավոտ») ևս անդրադարձել են այս հրապարակմանը։ Կարծում եմ, որ այն ամբողջովին պետք է թարգմանվի և հայ ընթերցողի համար տպագրվի հայաստանյան որևէ պարբերականում, որը, ցավոք, որքան գիտեմ, առ այսօր չի կատարվել:
Այստեղ նշեմ նաև այն հանգամանքը, որ այդ հոդվածի հրապարակումը, որի վրա հեղինակներն աշխատել են մեկ տարուց ավելի ժամանակում՝ 2017-ին, մշտապես կապի մեջ են եղել(Ս. Մաղաքյանը) ինձ հետ: Այն նախապես մեկ այլ հրատարակիչի՝ «History Today» լոնդոնյան ամսագրի համար էր նախատեսված։ Սակայն նրա հրապարակումը 2018-ին՝ Ադրբեջանի կողմից ստեղծած խոչընդոտների հանդիպելով, հրատարակվեց միայն 2019-ին և «Hyperallergic» ամսագրում։ Հոդվածի հրապարակման այսպիսի խոչընդոտումը ինձ ևս ինչ որ տեղ հիշեցնում է 1970-ական թվականները, երբ Երևանում՝ Նախիջևանի վերաբերյալ գրած իմ հոդվածները, խմբագրությունից խմբագրություն էի տանում և մի քանի ամիս հետո՝ զանազան մերժումներով ետ վերցնում։ Միով բանիվ, Ադրբեջանն աշխատում է հետևողականորեն և բոլոր ճակատներով, իսկ մենք ․․․ Մե՜նք մի ձեռքով ջանում ենք կերտել ամրապնդել Հայաստան աշխարհը, իսկ մյուս ձեռքով՝ գրեթե թշնամաբար կողոպտում ու խարխլում ենք այն… Այնպես որ մուրճն էլ է մեր ձեռքը, մեխն էլ…
—Շատ շնորհակալ ենք Ձեր արժեքավոր գործունեության և հարցազրույցի համար։
Հարցազրույցը՝ Անի Մելքոնյանի