«ՄՆԱՑԵԼ ԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾԵՐԻ ԱՎԱՆԴԱԾ ԴԱՍԵՐԻՆ ԱՆՀԱՂՈՐԴ»

«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթ, 21.06.2019, և Iravunk.com կայք
/որոշ կրճատումներով/

Ճարտարապետության և մշակույթի պատմաբան, նախիջևանագետ, վիմագրագետ, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ա. Այվազյանը անցյալ տարի ընթերցողի սեղանին դրեց Նախիջևանի պատմության և մշակույթի վերաբերյալ հինգ գրքեր:

Նա նաև 1978 թ-ից մինչև 2015 թ. /մի քանի տարվա ընդմիջումով/ մեծ ավանդ ու ներդրում, փորձ ունի Հայաստանի հուշարձանների պահպանության ու հանրահռչակման բնագավառում: Երկար տարիներ պատասխանատու պաշտոններում աշխատելով հանրապետության հուշարձանապահպան կառույցներում, ԳԱԱ արվեստի, հնագիտության և ազգագրության ինստիտուտներում, իր ուժերի ու վարչական իրավունքների շրջանակներում, ջանքեր չի խնայել իրեն վստահված աշխատանքները պատվով ու պատասխանատվությամբ կատարելու համար: Իր գիտական ու պաշտոնեական աշխատանքները բարձր մակարդակներով ու բարեխղճությամբ իրականացնելու համար արժանացել է նաև պետական բարձր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչի կոչման, ՀՀ նախագահի մրցանակաբաշխության հումանիտար գիտությունների, Թեքեյան մշակութային, ՀՕՖ-ի մրցանակաբաշխությունների, դափնեկիր լինելուն, ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», ՀՀ Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ», Ֆրիտյոֆ Նանսենի մեդալներով և մի շարք պատվոգրերով:

Միով բանիվ, հիացք ու ակնածանք, երախտագիտություն նրա անձի կատարած անուրանալի, պատկառելի գիտական ժառանգության հանդեպ: Քանզի հայագիտություն բերած նրա հսկայածավալ ժառանգությամբ՝ շուրջ 300 հոդվածներով ու առանձին հրատարակած 50 գրքերով թե° այսօր և թե° ապագայում նախիջևանյան պատմամշակութային ժառանգությունը ճանաչելի է լինելու գերազանցապես նրա ու միմիայն նրա ուսումնասիրություններով:
Այս հարցազրույցի առիթն էլ ընդամենը մեկ ամիս առաջ լույս տեսած նրա նոր հատորն է:
-Պրն Այվազյան, մեկ ամիս առաջ լույս է տեսել Ձեր «Նախիջևանյան մտորումներ-էսքիզներ» ստվարածավալ հատորը: Որքան գիտեմ, այն նախապես ծրագրված չի եղել: Ցանկալի է որպեսզի ընթերցողներին ներկայացնեք այդ հատորի լույս աշխարհ գալու հանգամանքները:
-Միանգամայն իրավացի եք: Այս հատորը նախապես նախատեսված չի եղել իմ ստեղծագործական ծրագրերում: Այն հղացավ-ստեղծվեց և տպագրվեց ընդամենը վեց ամս-վա ընթացքում: Եթե անդրադառնամ 764 էջ ծավալ ունեցող այս հատորի ստեղծման պատմությանը, ապա այն հետևյալն է: 2018 թ. նոյեմբերի սկզբներին՝ պատահական մի հանդիպման ժամանակ, Երևանի լուսանկարչատներից մեկում ծանոթացա պատմական Գողթն գավառի Փառակա գյուղի աչքառու գերդաստաններից Մարգարյանների երևանաբնակ Նելլի, ապա մանկավարժ Լիդա Մարգարյանների հետ։ Հիշողությունները ինձ տարան տասնամյակներ առաջ՝ 1971թ․, Գողթնի լեռնային բնակավայրերը ուսումնասիրություններ կատարելիս ինձ համար դեռևս անծանոթ Փառակայում Լիդա Մարգարյանի (1949) հայրիկի՝ Փառակայի դպրոցի տնօրեն Առաքել Մարգարյանի(1915-2002), նրա փեսա՝ Երևանից Փառակա տեղափոխված և Փառակայի դպրոցում ուսուցիչ աշխատող Ժորա Սարգսյանի հետ իմ հանդիպումը, նրանց հյուրընկալ օջախում հյուըկալվելը, որի մասին գրել եմ 2007թ․ տպագրված իմ «Նախիջևան․ գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ» ծավալուն հատորի «Գողթնի լեռնային բնակավայրերում» էսսեում(էջ 188-234։)
Տիկին Լիդային կատարած իմ զանազան հարցումներից պարզվեց, որ Փառակայի վերաբերյալ նրա մոտ պահպանվող հին լուսանկարների թվում կան 1968-1971թթ․ Փառակա այցելած բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մեկ, երաժշտագետ Մարգարիտա(Մարգո) Բրուտյանի հետ լուսանկարված երկու լուսանկարներ։ Հետաքրքրությունս, անշուշտ, ավելի մեծացավ և տիկին Լիդային խնդրեցի այդ լուսանկարների սկանավորած օրինակներ ինձ տրամադրել, որին սիրով համաձայնեց։ Ահա հենց այդ լուսանկարներ էլ ազդակ դարձան փնտրտունքներ կատարել և արագորեն շարադրել ընթերցողին ներկայացվող «Նախիջևանյան մտորում-էսքիզներ. ըստ գրապատմական սակավ հայտնի և նորահայտ աղբյուրների ու իրողություններ» հատորի ստեղծման առիթը, որը, գրեթե ամբողջությամբ 2019թ. հունվար-փետրվար ամիսներին շարադրվեց Հունաստանում և ապա մարտ-ապրիլ ամիսներին լրացվեց-շտկվեց Երևանում։ Մինչև տպագրության վերջին օրն էլ այն լրացվել է նոր լուսանկարներով ու տեղեկություններով:
-Ի՞նչ նյութեր և ի՞նչ ժամանակաշրջան է ընդգրկում հատորի նյութերը:
Այն ընդգրկում է 46 մեծ ու փոքր ծավաներ ունեցող մտորում-էսքիզներից, որոնք ժամանակագրական առումով հիմնականում արտացոլում են 1918-2010-ական թվականների նախիջևանյան եղելությունները։ Մտորումնե՜ր, որոնք հարյուրավոր գրապատմական փաս-տերով մեկ անգամ ևս փաստում են նախիջևանյան բազմազան խնդիրները, փաստում այն, որ դարեր շարունակ մեր պատմության դասերից՝ սերունդ առ սերունդ, ամենևին և հավուր պատշաճի դասեր չքաղածներս, դեռևս մնում ենք պատմության ու մեր մեծերի ավանդած-հորդորած դասերին անհաղորդ։ Քանզի, մեր դարավոր մրմուռներն ու կորուստները նույն են ու շարունակական․․․ Քանզի, դարեր շարունակ, մեր բասիր գործողություններով ու անմիաբանությամբ ընդոտնել ենք շատ ու շատ արժեքներ ու պատմական անցուդարձերը… Հատորը պատկերազարդ է և ունի ավելի քան 500 փաստավավերագրական լուսանկարներ, որոնց մի մասը գունավոր են և դարձյալ տպագրվում են առաջին անգամ:
Բավականի ծավալ ստացած այս հատորի մտորում-էսքիզներում արտահայտած իմ մտահոգությունների ու դիրքորոշումների հետ, հնարավոր է, որ որոշ ընթերցողներ ան-համաձայնություններ ունենան, որը շատ բնական եմ համարում։ Այստեղ, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հատորի ծավալից ելնելով, խնդրո առարկա ոչ բոլոր հարցերն են ներկայացված-քննարկված հանգամանալից ու սպառիչ։ Մանավանդ, որ այդ խնդիրներն` անհրաժեշտ արտացոլումներով, տեղ են գտել նախորդ տարիներում հրատարակված իմ այլ աշխատոթյուններում, որոնց մի մասի վերաբերյալ՝ ըստ տեղերի ու անհրաժեշտության, տրվել են հղումներ։ Ավելին, ընթերցողը իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ կարող է ծանոթանալ նաև այս հատորի վերջում տեղադրված իմ աշխատությունների՝ գրքերի ու հոդվածների, մատենագիտական ցանկերին։
Հուսամ, որ այս հատորը կնպաստի ընթերցողին Նախիջանի և նախիջևանյան 1918-2010-ական թվականների խնդիրների վերաբերյալ իր ունեցած գիտելիքներն էլ ավելի ամբող-ջացնելու ու հարստացնելու գործում։ Մանավանդ, որ Նախիջևանն ու նրան առընչվող խնդիրները, որքան էլ որ ժամանակ առ ժամանակ անտեսվելու կամ էլ անտարբերության մատնվեն, սերտորեն ու անքակտելիորեն կապված են և հարևատևելու են մեր ժողովրդի թե՛ պատմական և թե՛ ազգային հիշողության խառնարաններում։
– Մեկ-երկու օրինակով նշեք, խնդրեմ, հատորում արծարծվող նյութերի մասին:
– Ինչպես նշեցի, այն ընդգրկում է բազմազան և բազմաթիվ նյութեր, լուսանկարներ, ո-րոնց մի մասը հրատարակվում են առաջին անգամ: Օրինակ, մտորում-էսքիզներից մեկում ներկայացված է 1949թ., ապա 1973թ. և հետագա տարիներում Հին Ջուղայի հռչակավոր գերեզմանատնից Հայաստան տեղափոխված խաչքարերի ու խոյաքանդակների պատմությունն ու փաստագրական լուսանկարները: Մեկ այլ մտորումում քննարկված է մեծանուն վիպասան Րաֆֆու ագուլիսցիների վերաբերյալ գրած «Ես ֆելետոնիստ չեմ» գործը: Մի քանի այլ մտորումներում ներկայացված են Հայաստանի մշակութային և գիտության գործիչների(գրող Սուրեն Այվազյան, Սերգեյ Փարաջանով, Սիլվա Կապուտիկյան, Սերո Խանզադյան, Մարգարիտա Բրուտյան, Գևորգ Աբգարյան և այլոց) տարբեր տարիներում Նախիջևանի բնակավայրեր այցելելու դրվագները, Արցախյան շարժման տարիներին՝ 1989-1990 թթ. նախիջևանահայության վերջին բեկորների՝ շուրջ 3 հազար հայության տեղահանության փաստագրման և նմանատիպ այլևայլ նյութեր:
– Հետաքրքիր է իմանալ այդպիսի ծախսաշատ հատորի տպագրության իրականացված լինելու հանգամանքների, հովանավորների վերաբերյալ:
-Այդ առումով իմ խորին հարգանքս ու շնորհակալությունս եմ հայտնում իմ ընտանիքի միջոցներով հրատարակվող ծախսաշատ այս հատորի լույսընծայմանն աջակցած իմ հայրենակիցներ Գագիկ և Գևորգ Ամրոյաններին, Մարիաննա Տիգրանյանին, Արմեն Բաղդասարյանին(Հունաստան-Ալեքսանդրապոլիս), արգենտինահայ քույր ու եղբորը (անունները չի նշվում իրենց խնդրանքով), Աշոտ Սարգսյանին։
Շնորհակալությունս եմ հայտնում նաև Լիդա Մարգարյանին, Հարություն Մարությանին, Անահիտ Հովսեփյանին, Մարիաննա Տիգրանյանին, Գագիկ Ամրոյանին, Սամվել Տարասյանին, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողստեղծագործության ամբիոնի աշխատա-կիցներին, որոնք իրենց պատրաստակամ աջակցություններով օժանդակեցին որոշ մտորում-էսքիզների փաստական տվյալների ճշգրտումների և հրատարակման համար անհրաժեշտ լուսանկարներ տրամադրելու համար: Մի բան եմ ափսոսում, որ այն միջոցների սղության հանգամանքով տպագրվել է սահմանափակ տպաքանակով:
-Ընթերցողը որտե՞ղից կարող է գիրքը ձեռք բերել:
– Բուկինիստ, Նոյյան Տապան և Արտբրիջ գրախանութներից:

Հարցազրույցը՝ Գարիկ Ավետիսյանի