«Զորավարժությունների շրջանակում Նախիջևան թուրքական ռազմատեխնիկա բերելը ես կուտակում չէի համարի». ռազմական վերլուծաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 7-11-ը Նախիջևանում անցկացվելու է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որը կրելու է «Անսասան եղբայրություն-2019» նշանաբանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Նախիջևան են ժամանել Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների անձնակազմերը և զրահատեխնիկան՝ մասնակցելու համատեղ զորավարժությանը։

Ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, թե թուրք-ադրբեջանական զորավարժություները նորություն չեն և մի քանի նպատակներ կան. «Խաղարկվում են Թուրքիայից Ադրբեջան զինված խմբավորման տեղափոխման գործողություններ, ինչպես նաև 2 երկրների ԶՈՒ շտաբերի ու զինված համագործակցությունը բարելավելու գործողություններ ու սցենարներ»։ Հարցին՝ ճի՞շտ է համարում, որ Հայաստանը որևէ կերպ պաշտոնապես չի արձագանքել այդ զորավարժություններին, վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի պաշտոնական արձագանքի բացակայությունը կապված է զորավարծությունների ծավալի հետ։ «Զորավարժություններն իրենց ծավալով մեծ չեն՝ դրանց արձագանք տալու, քաղաքական տիրույթ տեղափոխելու համար»,- ասաց Խաչիկյանը։ Նրա խոսքով՝ բաց աղբյուրներից դատելով՝ Նախիջևանի զորավարժություններում Թուրքիայից ներգրավվել է 1 գումարտակ։ Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում Նախիջևանի զորավարժությունների առիթով գրել է. «Քթներիս տակ, ժամ առ ժամ զորք ա կուտակվում, իսկ մենք մեր լրահոսում կարդում ենք, թե որ պատգամավորն ինչ ավտո ա քշում, թե որ պատգամավորն ինչքան վարկ ունի, իրո՞ք հեչ ձեր վեջը չի… Ասում եք՝ Մինգեչաուրի ջրամբար… Բա գիտե՞ք՝ Քարվաճառի ու Զանգեզուրի ճանապարհի փակվելու դեպքում մենք քանի վայրկյանում ինչ ենք լինում…»: Ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը չի կիսում Հովհաննիսյանի մտահոգությունը և ուղիղ սպառնալիք չի տեսնում։ «Ինչ վերաբերում է նրան, որ մեր քթի տակ Նախիջևանում ժամ առ ժամ զորք է կուտակվում, ապա այդ պրոցեսը 2013-ից է սկսվել»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով. «Զորավարժությունների շրջանակում թուրքական ռազմատեխնիկա բերելը Նախիջևան ես կուտակում չէի համարի»: Զորավարժությունների արդյունքում Քարվաճառի ու Զանգեզուրի ճանապարհի փակվելու վտանգի մասին Խաչիկյանն ասաց. «Նման իրադարձություն չկա, բայց նման սցենար կարող է լինել»: Այսօր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը գումարեց առաջին նիստը։ Ռազմական վերլուծաբանը կարծում է, որ «ավելի տրամաբանական կլիներ՝ այդ հարցերը քննեին հետաքննական մարմինները, կամ եթե ինչ-որ բան այնպես չի գնացել, ՊՆ-ի համապատասխան մարմինները»։ «Սա ավելի շատ քաղաքական հարց է, եթե տեղափոխվել է խորհրդարան»,-եզրակացրեց Խաչիկյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան
© factor.am