Ադրբեջանում սպասվող զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 6-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հարցը, ըստ ԱԳ նախարարի, բարձրացվում է տարբեր մակարդակներով, այդ թվում միջկառավարական։ Նա նշել է, որ հարցը կարող է բարձրացվել նաեւ միջխորհրդարանական մակարդակով։ «Կոնկրետ այս հարցում համապատասխան ձեւաչափը ԵԱՀԿ-ն է, եւ այդ շրջանակում այն արդեն բարձրացվել է գործիքանու կիրառմամբ»,- տեղեկացրել է Մնացականյանը։
Նա ընդգծել է, որ նոր զորավարժություններն առանձնակի են, եւ դրանք պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության մշտական մարտահրավերի համատեքստում։
Հիշեցնենք, որ մարտավարական նշանակության թուրք-ադրբեջանական «Անսասան եղբայրություն – 2019» զորավարժությունները տեղի են ունենալու հունիսի 7-11-ը Նախիջեւանում։ Զորավարժություններին մասնակցելու են զորակազմը, զրահատեխնիկան, հրետանային սարքավորումներն ու ականանետերը, ռազմաօդային ուժերի մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաեւ երկու երկրների բանակների հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային ստորաբաժանումները։
https://news.am/arm/news/