Հակառակորդի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են արձակել Արենի գյուղի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում», — ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ սահմանի մոտ գյուղացիներին պատկանող այգիներ կան: Ինչպես Տավուշի մարզում, կետերը, որոնցից հակառակորդը կրակ է արձակել, ճնշվել են: Ինչպես նշեց Հովհաննիսյանը, սովորաբար ադրբեջանական զինված ուժերը կրակում են ուշ երեկոյան կամ ցերեկը՝ կապված գյուղատնտեսական աշխատանքների հետ: Այս դեպքում կրակել են սեպտեմբերի 15-ի երեկոյան:
«Արենի ՎայնԱրտ» հյուրանոցի սեփականատեր Դավիթ Սիմոնյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ կրակոցները շատ հաճախ են լինում, գրեթե ամեն օր կրակում են:
«Բավական հաճախ են կրակում, տուրիստներն այդ ձայների տակ են քնում ու արթնանում», — ասաց Սիմոնյանը:
Նա նշեց, որ դա ոչ մի խնդիր չի ստեղծում, բավականին հեռու է, միայն ձայնն է լսվում: Սիմոնյանի խոսքով՝ կոնկրետ այգիների վրա չեն կրակում, երկու սարերի դիրքերից միմյանց վրա են կրակում, իսկ այգիներն այդ սարերի միջև են գտնվում:
Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 15-ին 23։45-ի սահմանում կրակել էին Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Այդ կրակոցների հետևանքով տուժել էր գյուղացիներից մեկը: 1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, նրա վիճակը բարվոք է:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։
Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև նույն մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։
© Sputnik
Sputnik Արմենիա