Երբ սեպտեմբերի սկզբին` Թեհրանում Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի նախագահների հանդիպման նախօրեին, թուրքական Sözcü թերթում Զեյնաբ Գյուրջանլին գրեց, որ «Անկարայում խոսում են Նախիջևանում ռազմաբազա բացելու նախապատրաստությունների մասին», միանգամից բազում հարցեր ծագեցին: Այդ թեման պարբերաբար արծարծվում է թուրքական ԶԼՄ-ներում 2009-ից, տարբեր ձևերով հայտնվելով ադրբեջանական ու հայկական կայքերում: Թեման ի հայտ եկավ Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունների վատացումից հետ, երբ սիրիական տարածքում թուրքական հակաօդային պաշտպանությունը ռուսական ռմբակոծիչը խփեց: Նորից այդ թեմայով խոսեցին այս տարվա հունիսին, երբ Նախիջևանում Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական զորավարժություններն էին: Այն ժամանակ Նախիջևանում թուրքական ռազմաբազայի հայտնությունը գոնե ինչ-որ հիմնավորում ուներ:
Բաքվում, օրինակ, հայտարարում էին, որ Անկարայի հետ ռազմական ալյանսը պայմանավորված է «Հայաստանի հետ ռազմավարական հավասարակշռությունը պահպանելու ցանկությամբ, որ ռազմաքաղաքական ալյանսի մեջ է Ռուսաստանի հետ»: Ի՞նչ է եղել հիմա: Գյուրջանլիի հրապարակման վրա կարելի էր ուշադրություն չդարձնել, առավելևս, որ նա չէր հիշատակում` ինչ աղբյուրներից թուրքական ղեկավարության մտադրությունների մասին տեղեկությունը ստացել: Սակայն նրան արագ արձագանքեց Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Իսմայիլ Հագի Պեկին: Turan-ին հարցազրույցում նա ասաց. «Նախիջևանում տեղակայված է Ադրբեջանի զինված ուժերի կորպուսը, Անկարան անհրաժեշտ աջակցություն է ցույց տալիս: Այնտեղ մեր ռազմական խորհրդականներն են, Թուրքիան սերտորեն համագործակցում է սահմանապահ զորքերի և հատուկ նշանակության ուժերի հետ Նախիջևանում: Երբ Բաքվից հնարավոր չէ զորքերի համար վառելիք ուղարկել, Անկարան, երբեմն նաև Իրանը, վառելիքով են ապահովում ինքնավարության զինված ուժերին»: Գեներալը ուշադրություն էր դարձրել, որ «Նախիջանը մի կողմից սահմանակցում է Հայաստանին, մյուս կողմից` Թուրքիային» և Անկարայի «աջակցությունը Նախիջևանի զինվորականներին անհանգստացնում է Երևանին, բայց չպետք է անհանգստություն հարուցի», իսկ «իր սահմանին ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազա հայտնվելը կարող է հարուցել Թեհրանի որոշակի անհանգստությունը»:
Բացի այդ` Պեկին հարց էր տալիս` ինչու՞ բազա ստեղծել Նախիջևանում, երբ Թուրքիայի հարևան քաղաքներում` Դորգուբեյազիդում, Կարսում ու Էրզրումում տեղակայված են թուրքական բանակի ուժերը: Եթե նույնիսկ նկատի առնենք որոշ հայ փորձագետների ենթադրյալ սցենարը, որ Ադրբեջանը կարող է հարվածել Նախիջևանից Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում, դա կլինի հարված Հայաստանի տարածքին, որ համարժեք պատասխան կստանա ՀԱՊԿ-ից: Մոսկվայի ու Երևանի պայմանագրի համաձայն` Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելուց, ապահովում է նաև հանրապետության անվտանգությունը սահմանի ամբողջ շրջագծով: Այդ պատճառով հիմա իրադարձությունների վտանգավոր զարգացում և ռազմական ագրեսիա հնարավոր չէ: Ինչպես նաև` որ Թուրքիան իբր պատրաստվում է աշխարհաքաղաքական ճեղքումի կովկասյան ուղղությամբ: Անկարան հիմա աշխարհաքաղաքական ուրիշ գերակայություններ ունի` կապված Սիրիայի կոնֆլիկտի կարգավորման ամենատարբեր հեռանկարների հետ, որոնց հասնել հնարավոր չէ առանց Ռուսաստանի ու Իրանի հետ ալյանսի պահպանման: Այլ հարց է, որ որոշակի ուժեր այդ երկրում հույս ունեն, որ Անկարան, եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի դեմ, կարող է «երկրորդ ճակատ» բացել Թեհրանի դեմ Նախիջևանի պլացդարմից: Գուցե հենց այդ նկատառումով է հայտնվել Գյուրջանլիի հրապարակումը Նախիջևանում թուրքական ռազմաբազայի մասին: Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հաստատում էր, որ «ԱՄՆ-ը Իրանի հետ հարաբերությունները սրվելու պատճառով, գուցե նաև կողջունի Թուրքիայի ռազմական ներկայությունը Նախիջևանում»:
Բայց այլ հարցեր էլ կան: Հիմա Լեռնային Ղարաբաղի և Նախիջանի խնդիրները ոչ միայն իրար են կապվում, այլև ապագայում կարող են առնչվել քրդական հարցին: Թուրքական Cumhuriyet-ը գրում է, որ «տարածաշրջանը, որ մենք անվանում ենք Մերձավոր Արևելք, արդեն փաստացի ծնել է քրդական անկախ պետություն» և «խոսքը պետք է վերաբերի 1920-ի Սևրի պայմանագրին, որ նախատեսում էր Հայկական մեծ պետության ստեղծում»: Այդ ենթատեքստում ընկալվում են որոշ հայ փորձագետների տագնապները Նախիջևանում Թուրքիայի դիրքերի ամրապնդումից: Կարծես թե նրանք գտնում են, որ շուտով սկսելու է աշխատել ժամացույցը, որով քանդվում են Մոսկվայի ու Կարսի 1921-ի պայմանագրերը: Առայժմ Նախիջևանի կարգավիճակի երաշխավոր է ոչ միայն Թուրքիան, այլև Ռուսաստանը: Դրանով ամեն ինչ ասված է, կասկած չկա, որ Մոսկվան ու Անկարան այդ շրջանի իրավիճակը ուշադրության կենտրոնում են պահում:
Հ.Գ. Թե որքանով է Ռուսաստանը Նախիջևանի իրավիճակը վերահսկում, վկայում էր նաև հայկական խաչքարերի սպանդը տարիներ առաջ, և Բաքվի` սեփական դիրքերում հայերին հաղթելու այս տարվա փորձը: Ոչ ոք չի կարող բացառել, որ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու դեպքում Ադրբեջանը նաև Հայաստանի վրա կարող է կրակ բացել Նախիջևանից` կա, թե չկա ՀԱՊԿ-ը: Դա կգերադասվի չհամարել ագրեսիա, որի դեպքում է միայն ՀԱՊԿ-ը խորհուրդ հավաքում` որոշելու ինչ անել, եթե կա ագրեսիայի ենթարկված երկրի դիմումը: Իսկ պատերազմում ամեն ժամը վճռորոշ է ու ամեն պահ զինվոր է սպանվում: Իսկ թե Բաքուն ինչքան է «վախենում» ՀԱՊԿ-ից, որտեղ բոլորն իր «ռազմավարական դաշնակիցներն» են` Բելառուսից` Ղազախստան, Ռուսաստանից` Ղրղզստան, թողնենք Ալիևին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Իրատես.am