“Զոկը” Գողթն գավառի մի քանի բնակավայրերի (Ագուլիս, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Հանդամեջ, Դիսար) հայերին տրված մականունն է:
Զոկ անվանման առաջացման շուրջ առաձ են քաշվել մի շարք վարկածներ: Հայտնի հայագետ և ուսումնասիրող Քերովբե Պատկանյանը գտնում էր, որ այս անվանումը առաջացել է այս, այդ, այն ցուցական դերանունների Ագուլիսի բարբառի հոկ, օկ, դոկ, նոկ բառերի զ նախդիրով՝ զհոկ, զօկ, զդոկ, զնոկ ձևերից: Այս մետոցումը կիսում է նար ագուլեցի մանկավարժ, քահանա տեր Հակոբ Անդրեասյանը:
Նիկողայոս Մառի կարծիքով զոկերը առաջացել են մ.թ.ա. VIII-VII դարերում Ռուսաստանի հարավային տափաստաններից Անդրկովկաս և Հայաստան ներխուժած սկյութների սակերի և տեղաբնիկ հայկական ցեղերի միաձուլումից: Այս թեզի միակ հիմքը զոկ անվան նմանությունն է սակ էթնոնիմին, և որևէ այլ հիմնավորում, որպես այդպիսին, գոյություն չունի, հետևաբար այս մետոցումը տարածում չունեցավ և գիտական ընդունելության չարժանացավ:
Մանուկ Աբեղյանը, իր հերթին, գտնում է, որ զոկ անվանումը գալիս է առասպելական Աժդահակի կամ Դահակի Զոհակ ձևից: Այս տարբերակը ևս հիմնված է զուտ զոկ անվանման և Զոհակ անվան նմանության վրա, և գիտականորեն հիմնավորված լինել չի կարող:
Առավել իրական է զոկ անվանման առաջացման՝ Ք. Պատկանյանի առաջարկած տարբերակը, հատկապես որ զոկերը Նախիջևանի մյուս բնակավայրերի հայերից առավելապես տարբերվում էին իրենց բարբառով, և հենց այդ բարբառին՝ զոկերենին հատուկ բառերից մեկով էլ անվանվել են՝ տարբերելու համար մյուս բնակավայրերի բնակիչներից: