Նախիջևանի տարածքում պահպանված բարբառների և խոսվածքների ուսումնասիրությունը վկայում է, որ Նախիջևանի տարածքում հնուց գործածվել է մեկ տասնյակից ավելի բարբառներ ու խոսվածքներ:
Մինչև 1980-ական թվականներն Նախիջևանում գոյատևած և գործածված բարբառների ու խոսվածքների ուսումնասիրությունը վկայում էր, որ այդ երկրամասում անընդհատ տեղի ունեցած պատերազմների պատճառով բնիկ ժողովրդի զանգվածային տեղահանությունների հետևանքով խախտվել է այստեղի բարբառների ու խոսվածքների տարածական շարունակությունն ու ամբողջականությունը։ Ինքնին հասկանալի է նաև, որ նման գաղթերի ու բնակչության տեղաշարժերի հետևանքով նոր բնակավայրերում շատ հաճախ նախիջևանյան բարբառներն ու խոսվածքները, որպես բնական երևույթ, վերացել են, կամ էլ զրկվել տարածական հիմքից։ Այս օրինաչափությունից քիչ թե շատ խուսափել կամ էլ որոշ չափով պահպանել են իրենց բարբառային հատկանիշները Ագուլիսի և Ջուղայի բարբառները։ Այդ բարբառներից Ագուլիսի բարբառը Գողթնի Ցղնա և Տանակերտ գյուղերում հարատևելով մինչև 1989 թվականը, անցյալ դարի վերջերին և մեր դարասկզբին բնակչության գաղթի պատճառով Թիֆլիսում և Զաքաթալայում ևս մի քանի տասնամյակ կարողացավ գոյատևել, իսկ այնուհետև վերջնականապես դադարեց հաղորդակցական բարբառ լինեուց։ Թիֆլիսում, Մոսկվայում ևս Ագուլիսի բարբառով գրի առնվեցին ու տպագրվեցին որոշ բանահյուսական նյութեր, գրական ու թատերական ստեղծագործություններ:
Ինչպես ամեն մի բարբառ, այնպես էլ Նախիջևանի բարբառները և խոսվածքները ձևավորվել են հայ ժողովրդի պատմությամբ պայմանավորված ժամանակագրությանը հատուկ մշակութային շերտերով։ Այդ բարբառների կազմավորման ընթացքի հպանցիկ ուսումնասիրությունն անգամ վկայում է, որ նախիջևանյան բարբառների հնչյունական, քերականական և բառապաշարային բաղադրիչները ձևավորվել են տարբեր ժամանակագրական-մշակութային շերտերում և սերտորեն կապված են ինչպես լեզվի զարգացման օրինաչափ ու ներքին, այնպես էլ արտաքին (տարբեր ժողովուրդների հետ շփումներ, միջավայրի ազդեցություն և այլն) գործոնների հետ։ Բացի այդ, նախիջևանյան բարբառներում, մասնավորապես Ագուլիսի ու Ջուղայի բարբառներում, նկատելի են ինչպես ընդհանուր հայկական (հայերենին հատուկ), այնպես էլ մասնաբարբառային ու միայն տվյալ բարբառին հատուկ (եզակի) բաղադրիչների առկայությունը։
Նախիջևանի բարբառների ու խոսվածքների համեմատությունից նկատելի է, որ դրանց վրա որոշ ազդեցություն է ունեցել 1828 թվականին պարսկահայերի (Սալմաստից, Մուժամբարից, Ղարադաղից, Խոյից և այլ վայրերից) որոշ մասի՝ այդտեղի մի շարք բնակավայրերում հաստատվելը։ Նախիջևանյան խոսվածքները ու բարբառները լեզվաբանորեն առանձնանում են 3 հիմնական բարբառների և խոսվածքների։ Ցավոք, այս կազմն էլ, Ագուլիսի ու Ջուղայի բարբառներից բացի, մինչև այժմ լեզվաբանորեն ուսումնասիրված չեն։ Եթե Ագուլիսի բարբառով և Աստապատի խոսվածքով գրականության մեջ առկա է գոնե որոշ բանահյուսական նյութ, ապա մյուսների վերաբերյալ չունենք համապատասխան, գոնե նմուշային հրապարակումներ։ Իսկ Նախիջևանյան խոսվածքներով որոշ բանահավաքների ու ազգագրագետների գրառումներն ու արխիվային նյութերը դեռևս սպասում են լույս աշխարհ գալուն։
Ներքևում փորձ է արվել դասակարդելու Նախիջևանյան բարբառների ու խոսվածքները.
ա) բարբառներ.
1․ Ագուլիսի բարբառ (ընդգրկել է Ագուլիս, Տանակերտ, Հանդամեջ, Քաղաքիկ, Դիսար և Ցղնա բնակավայրերը)։
2․ Ջուղայի բարբառ (ընդգրկել է Ջուղա քաղաքը, հետագայում՝ Ջուղա գյուղը և Ջուլֆա շրջկենտրոնը)։
3․ Ղարաբաղի բարբառ (ընդգրկել է Մեսրոպավան, Բիստ, Խուրստ, Աղահեցիկ, Փառակա և Ռամիս բնակավայրերը)։
բ) խոսվածքներ.
1․ Նախիջևանի խոսվածք (ընդգրկել է Նախիջևան քաղաքը, Ալիապատ, Թմբուլ, Եմխանա, Քյուլ-Թափա, Կարախանբեգլու, Ճահուկ, Նազարապատ, Խալխալ բնակավայրերը)։
2․ Աստապատի խոսվածք (ընդգրկել է համանուն բնակավայրը)։
3․ Ազնաբերդի խոսվածք (ընդգրկել է համանուն բնակավայրը)։
4․ Աբրակունիսի խոսվածք (ընդգրկել է Աբրակունիս, Նորաշեն, Կզնուտ բնակավայրերը)։
5․ Արինջի խոսվածք (ընդգրկել է Արինջ, Բաբոնք-Կարաբաբա բնակավայրերը)։
6․ Գոմերի խոսվածք (ընդգրկել է համանուն բնակավայրը)։
7․ Կժաձորի խոսվածք (ընդգրկել է համանուն բնակավայրը)։
8․ Շոռոթի խոսվածք (ընդգրկել է Շոռոթ, Գաղ, Փորադաշտ, Շահկերտ, Վերին և Ներքին Ազաներ, Դեր բնակավայրերը)։
9․ Նորսի խոսվածք (ընդգրկել է Նորս և Մազրա բնակավայրերը)։
10․ Օծոփի խոսվածք (ընդգրկել է համանուն բնակավայրը)։
Աղբյուր՝ Ա. Այվազյան, Նախիջեւան, բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ