Պետք է շատ հստակ և կոշտ հակահարված տալ ադրբեջանաթուրքական տանդեմի ագրեսիվ հայտարարություններին

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայտարարություն եղավ, որ իրենք կստիպեն Հայաստանին՝ Սյունիքով միջանցք ստեղծելու։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ` պարզելու համար, թե ինչ նպատակ են հետապնում ադրբեջանաթուրքական տանդեմի նմանօրինակ հայտարարությունները։

—Ի՞նչ նպատակ են հետապնդում այս հայտարարությունները։

— Միջանցքի նպատակը ինձ համար ակնհայտ է՝ պանթուրքիստական ծրագրերի իրականացումն է, որովհետև տնտեսական առումով Թուրքիան ըստ էության Ադրբեջանի հետ կապված է, որովհետև Թուրքիայից Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը գործում է արդեն։ Այնպես որ սա նպատակ ունի պանթուրքիստական առումով` Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան կապը հաստատել։ Եվ դա ունի ոչ միայն պանթուրքիստական, այսինքն Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապը ուժեղացնելու, այլ ունի նաև ստրատեգիական նպատակ` ռազմական առումով, դա Թուրքիային հնարավորություն տալն է ամենակարճ ճանապարհով կապվել և հասնել մինչև Կասպիտ ծով և ես կարծում եմ, որ ապագայում մենք կտեսնենք ծովի ափին իր ռազմաբազան է արդեն ստեղծում, իսկ Կասպիտ ծովի վրայով նաև կապվում է Կենտրոնական Ասիայի հետ։ Սա նաև ունի նպատակ մյուս կողմից Հայաստանը Իրանից կտրել այս միջանցքի միջոցով։ Այնպես որ, պանթուրքիստական ռազմաստրատեգիական նպատակ է հետապնդում այս ծրագիրը։

—Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»։ Ըստ ձեզ՝ ի՞նչ վտանգներ են պարունակում նմանօրինակ հայտարարությունները։

— Միջանցքի առումով արդեն ասեցի, իսկ Ադրբեջանը շարունակաբար վերջին շրջանում հայտարարում է, որ Սյունիքը և Տավուշը ադրբեջանական պատմական տարածքներ են և ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները ոչ միայն հռետորաբանություն է, այլ առաջինը դրանք համաձայնեցված են Թուրքիայի հետ և պատահական չեն այդ հայտարարությունները, և երկրորդը՝ հող են նախապատրաստում հետագա ավելի ագրեսիվ գործողությունների համար՝ արդեն Հայաստանի տարածքի նկատմամբ։ Այնպես որ այդ ամենին պետք է շատ լուրջ վերաբերվել և պետք է շատ հստակ և կոշտ հակահարված տալ բարձր մակարդակով և չի կարելի դա առանց պատասխան թողնել։

—Հայաստանի կողմից ինչ քայլերը պետք է լինեն, ի՞նչ պատասխան պետք է տանք։

— Այդ հայտարարություններով Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունն բացահայտ հայտնում են իրենց ագրեսիվ նկրտումների մասին Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Եվ դա պետք է ստանա շատ հստակ հակահարված։ Ակնհայտ է, որ պետք է ցույց տրվի, որ Ադրբեջանը այդ հայտարարություններով իր ագրեսիվ նպատակներն է ցույց տալիս Հայաստանի նկատմամբ և չի կարելի դա առանց պատասխանի թողնել։

1or.am