Ադրբեջանի Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման պլանի 2021 ուսումնական տարվա համաձայն`անցկացվել են համատեղ մարտավարական զորավարժություններ «Նախիջևանի կայազորի զորքերի համատեղ գործողություններ՝ պետական սահմանի խախտումները կանխելու համար» թեմայով: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկացմամբ, զորավարժությունների սցենարի համաձայն՝ պայմանական սահմանախախտները փորձում են ապօրինի հատել պետական սահմանը և մուտք գործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածք: Պետական սահմանի խախտման դեպքի հայտնաբերման ժամանակ, սահմանի պաշտպանության ուժեղացման հետ մեկտեղ, այդ մասին տեղեկացվում են մասնագիտական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները: Սահմանային պարեկությունից ստացված ազդանշանով անձնակազմը «ի զեն» հրամանով բարձրանում է, դեպքի վայր են տեղափոխվում «Տագնապային խմբի» սահմանապահ պարեկները:
Հաջող որոնողական գործողությունների արդյունքում անօդաչու թռչող սարքերով հայտնաբերված ներխուժողները շրջապատվում են տարբեր ուղղություններից և բերման են ենթարկվում:
tert.am