Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, եւս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի եւ ուժի կիրառման նախաձեռնողը եւ ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման ու փորձության ճանապարհով: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, որ ինքը «լուծել է հակամարտությունը եւ կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձեւերը»:
«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ ԱԽ բանաձեւերի դրույթները, թեեւ այդ նույն բանաձեւերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները:
Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, եւ առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում: Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը եւ պատերազմի հետեւանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են»,- ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարը:
news.am