Ալիեւ. «Հայաստանը չի կարող խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. Մենք կստիպենք նրանց»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել է «Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու» մեջ, հաղորդում է Minval.az-ը:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Քանի՞ անգամ են արդեն հանդիպել փոխվարչապետները: Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Այժմ Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք կստիպենք նրանց»,-ասել է Ալիեւը «Ենի Ադրբեջան» կուսակցության VII գումարման նիստի ժամանակ, նրա խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Նա նշել է, որ այսօր բանակցությունների սեղանին են դրված տրանսպորտի եւ հաղորդակցության մի շարք նախագծեր:

«Պատերազմի հետեւանքներից մեկն, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է: Զանգեզուրի միջանցքը պատմական ձեռքբերում է: Այն, որ հարցն արտացոլված է եռակողմ հռչակագրում, մեզ համար մեծ քաղաքական հաղթանակ է: Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան շատ առաջարկներ, տրանսպորտի եւ հաղորդակցության մի շարք նախագծեր են քննարկվում, եւ դա մեր հերթական պատմական հաջողությունն է»,-հավելել է Ալիեւը:

news.am