Հունիսի 22-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Թուրքիային մեղադրելով Լիբիայում «վտանգավոր խաղի» մեջ, ավելացրել է․ «Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ ենք թույլ տալ Թուրքիային տեւական ժամանակի ընթացքում սիրիացի գրոհայիններ փոխադրել Լիբիա՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ գիտենք»։ Քչերին է սակայն հայտնի նույն գրոհայիններին Թուրքիա, ապա Նախիջեւան «ներմուծելու» մասին։ Անկարան առանձնապես չի էլ թաքցնում այդ փաստը՝ օգտագործելով Նախիջեւանի ինքնավար մարզն իր նպատակների համար։ Այնտեղ Մերձավոր Արեւելքի տարբեր անկյուններից սերող գրոհայինների պատրաստման բազաներ են ստեղծվել, որոնց հիմնական զբաղմունքը ահաբեկչությունից բացի թրաֆիքինգն է, թմրանյութերի սպառումն ու իրացումը տեղացի բնակչության շրջանում։
2013 թվականին Անկարան հրապարակել է «Թուրքիայի նոր քարտեզը»՝ իր սահմաններն ընդլայնելով ոչ միայն արեւմուտքում, այլ նաեւ ներառելով հարակից հարավարեւելյան ու արեւելյան տարածքները, ներառյալ Նախիջեւանը, որի հետ ընդհանուր սահմանի ունի։
Վերջին շրջանում Նախիջեւանի ժողովրդագրական քարտեզը նշանակալի փոփոխությունների է ենթարկվել։ Ինքնավար շրջանի բնակչության անապահով շերտերն աճող գործազրկության ու հանցավորության ֆոնին, որը պայմանավորված է գրոհայինների ժամանումով, սկսել են արտագաղթել ինքնավարության տարածքից։ Թուրքիայի իշխանություններին դա միայն ձեռնտու է՝ սահման չունենալով Ադրբեջանի հետ, ինքնավար շրջանը ստիպված է բավարարվել Թուրքիայից էներգակիրների ու կապիտալի մատակարարումներով՝ իրեն կախվածության մեջ դնելով Անկարայից, որը դրանով իսկ ընդլայնելով էքսպանսիան դեպի արեւելք, հավակնում է Նախիջեւանին։
Lragir.am