Շարունակվում է Նախիջևանի ինքնավարության լուծարումը

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիեւը ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության կողմից։

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը քննարկել է քննիչի միջնորդությունը Ռաֆայել Ալիեւի նկատմամբ՝ քրեական այն գործի շրջանակում, որը գտնվում է Պետական անվտանգության ծառայության վարույթում։ Դատավոր Ուլվիա Շուքյուրովայի 2022թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ Ռաֆայել Ալիեւը 4 ամսով կալանավորվել է։

Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ տարբեր եղանակներով 144 մլն մանաթի պետական միջոցներ հափշտակելու մեջ։

Ավելի վաղ Պետական անվտանգության ծառայությունը գործողություններ էր իրականացրել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Պետական մաքսային կոմիտեում, ինչի հետեւանքով կոմիտեի որոշ աշխատակիցներ ենթարկվել են պատասխանատության եւ ձերբակալվել են։

Սա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության աստիճանաբար լուծարման գործընթացի հերթական փուլն է։ Շաբաթներ առաջ լուծարվել և Բաքվի վերահսկողության տակ էր անցել Նախիջևանի պետական անվտանգության ծառայությունը։ 

Դժվար չի կռահել, թե ինչ գործողություններ են հետևելու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարարի ձերբակալմանը։ 

Նման գործողություններով Բաքուն նպատակ ունի ամբողջովին զրկել Նախիջևանյան քաղաքական վերնախավին “ինքնիշխանությունից” և ի վերջո Նախիջևանը դարձնել Ադրբեջանի Հանրապետության սովորական վարչական միավոր, ինչը տարածաշրջանային քաղաքական զարգացումների համատեքստում լիովին տրամաբանական է։