«Այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում»․ Ստեփանյան

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Նախիջևանի` նշված ուղղությամբ իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։


ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է լրատվական կայքերում տեղ գտած այն տեղեկությանը, որ «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։

«Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե՛ մեր, թե՛ հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։ Նախիջևանի` մասնավորապես նշված ուղղությունում, իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան»,-հայտնել է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում։

Ստեփանյանն իր գրառման մեջ ընդգծել է նաև, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, բայց ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների, ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում։

«Այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում»,-մանրամասնել է մամուլի քարտուղարը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակն ասաց, որ որ այրված մեքենան իրականում եղել է «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի։ Նա շեշտեց, որ «Նիսան պատրիոտ» մակնիշ գոյություն չունի։

Հիշեցնենք` Հրապարակ թերթը գրել էր, որ որ երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է։ Ըստ կայքի տեղեկության՝ կրակոցը հնչել էր Նախիջևանի կողմից՝ սահմանի այն հատվածից, որտեղ 2018-ից հետո հակառակորդն իր դիրքերն առաջ էր բերել։