Նախիջեւանը բացվեց. Հայաստանը պետք է պատրաստ լինի

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Lragir.am

Հենց մեկնարկից Նախիջեւանի մարտահրավերը ուղեկցում է թավշյա հեղափոխությունը: Հերթական առիթը կրակահերթն էր, որից վնասվել էր հայկական զինուժի տրանսպորտային միջոցներից մեկը, հայկական մամուլում նկարագրված մանրամասնություններով, որոնք պատերազմի պայմաններում կարող են ընդհուպ առնչվել հակառակորդին մատուցված «հուշարարության»:

Հարցը սակայն թերեւս առավել ընդգրկուն ու խորքային է, քան լոկ հրադադարի խախտման միջադեպերը կամ հնարավոր դիրքային փոփոխությունները, որ Նախիջեւանի ուղղությամբ տեղի են ունենում արդեն մի քանի տարի, բայց նաեւ դարձել են հեղափոխությանը հասցվող քարոզչական գլխավոր հարվածներից մեկը:

Բանն այն է, որ Նախիջեւանի թեման բացվել է համաշխարհային վերափոխումների համատեքստում եւ զուտ Հայաստան-Ադրբեջան տիրույթում թերեւս զգացվելու են այդ լայն գործընթացի «մետաստազները»: Իսկ գործընթացը առնչվում է նոր աշխարհակարգի կազմավորման ծանր ու տեւական հանգամանքին: Աշխարհակարգի կազմավորում, որի հանգամանքը չեն թաքցնում ուժային կենտրոնները:

Կորոնավիրուսն այդ իմաստով բերեց նոր հանգամանքներ, կամ առավել պարզորոշ դարձրեց դրանք: Մասնավորապես այն, որ աշխարհը թերեւս կայուն շարժվում է երկբեւեռ կարգի ուղղությամբ՝ ԱՄՆ-Չինաստան, եւ մնացյալ «կլաստերները» տեղավորվելու են այդ տիրույթում: Եվ այդ թվում լինելու է նաեւ Կովկասը, իր ռազմա-քաղաքական ստատուս-քվոյով եւ անվտանգային համակարգով:

Այդ իմաստով Կովկասն առանձնահատուկ անցումային փուլում է արցախյան առաջին պատերազմից հետո, երբ խախտվել է ռեգիոնալ ռուս-թուրքական ստատուս-քվոն՝ ամրագրված ռուս-թուրքական պայմանագրերով, սակայն դրանից հետո ստեղծված իրավիճակը իր հերթին չունի իրավական որեւէ ամրագրում, այլ կնքված է իբրեւ կոնֆլիկտ, իր կարգավորման գործընթացով եւ դրա միջնորդական բացառիկ ձեւաչափով՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ:

Այդպիսով, առաջանում են որոշակի վեկտորային հակադրություններ: Եթե աշխարհը հաստատուն շարժվում է ամերիկա-չինական երկբեւեռ գերակայության, ապա փաստացի առաջանում է Մինսկի խմբի առանձնահատուկ ձեւաչափի հանդեպ Պեկինի մոտեցման խնդիրը: Պեկինն ընդունելու՞ է, որ Կովկասի ռազմա-քաղաքական ստատուս-քվոն եւ հեռանկարային ամրագրումները, անվտանգային համակարգը մնալու են այդ տիրույթում, թե՞ դնելու է ներգրավվելու հարց: Մեծ հավանականությամբ այդ հարցը դրվելու է, այլապես ինչի՞ համար է Երեւանում կառուցվում հսկայական ֆունկցիոնալությամբ դեսպանատունը՝ երկրորդը եվրասիական տարածքում Ռուսաստանում դեսպանատնից հետո:

Մյուս հակասությունն այն է, որ կա արդեն առնվազն քառորդ դար՝ Թուրքիայի եւ Մինսկի խմբի համանախագահության միջեւ:

Նախիջեւանը Թուրքիայի առանցքային խաղաքարտերից մեկն է նոր աշխարհակարգի կովկասյան «կլաստերում» էական դերակատարի կամ խաղացողի կարգավիճակը պահելու համար, ինչը նշանակում է, որ Անկարան կարող է ավելի ու ավելի աշխուժացնել այդ խաղաքարտի օգտագործումը:

Դա էլ իր հերթին առաջացնում է խնդիր ռուս-թուրքական պայմանագրերի առնչությամբ, որովհետեւ դրանցով Նախիջեւանը հանձնվելով Ադրբեջանին, փաստացի հանձնվել է Ռուսաստան-ԽՍՀՄ-ին՝ Թուրքիային տրված Արարատի եւ այլ տարածքների դիմաց: Այժմ ստացվում է, որ Թուրքիան վերցնում է Նախիջեւանը, դե ֆակտո, եւ անգամ պետք չէ բացառել դե յուրե հնարավորությունը, առավել եւս, որ կա բանակային համազորային դե յուրե ներկայությունը:

Ռուսաստանի մոտ վաղ թե ուշ առաջանալու է հարցը, թե ինչ է ստանալու դրա դիմաց, եթե արդեն չի առաջացել: Անկարան գուցե համարում է, որ Ռուսաստանը «ստացել» է Արցախը, թեկուզ հայկական վերահսկողությամբ: Բայց համարու՞մ է այդպես Մոսկվան: Հազիվ թե, այլապես հազիվ թե ունենար արցախյան գոտում ռազմական ներկայություն հաստատելու պլաններ ու ձգտումներ:

Արդյոք Ռուսաստանը Նախիջեւանի հարցում որեւէ գործարք կառաջարկի ԱՄՆ-ին ու Չինաստանին: Հայաստանին անհրաժեշտ կլինի սցենարային բազմազանություն, ռիսկերը հնարավորություններից առավելագույն զատելու եւ սեփական իրավունքներն՝ առնվազն որպես հայկական անվտանգային համակարգի հաստատուն գործոն, մեծ խաղի օրակարգ արդյունավետ ներգրավվելու համար: