Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև մի շարք պայմանագրեր էին ստորագրվել կապված ռազմական, էներգետիկ ու հանքարդյունաբերության ոլորտում, անվտանգության ոլորտներում համագործակցության հետ: Երկրները պայմանագրեր են կնքել նաև վիզային ռեժիմի ազատականացման և Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման մասին, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիայից Նախիջևան բնական գազ հասցնելու մասին:
Նախիջևանի հետ կապված վերը թվարկված 2 նախագծերի մասին խոսել է իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Շամիլ Այրըմը, ով միաժամանակ հանդիսանում է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահը:
Այրըմը պատմել է, որ Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի մասին Ալիևը և Էրդողանը խոսել են դեռևս 2008-ին՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հիմնարկեքի ժամանակ, նույնիսկ Ալիևը խոստացել էր, որ դեպի Նախիջևան երկաթգիծը կֆինանսավորի ադրբեջանական կողմը: Այրըմի խոսքով ավելի ուշ նավթի գների անկման պատճառով նախապատվությունը տրվել է միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցմանը, սակայն այս տարիների ընթացքում Կարս-Իդգիր-Նախիջևան երկաթուղու նախագծային մասը հասցվեց ավարտին:
Թուրք պատգամավորը կարևորել է նոր նախագծի կյանքի կոչումը հատկապես Նախիջևանի համար, քանի որ Ադրբեջանի կազմում գտնվող, բայց դրա հետ ցամաքային սահման չունեցող ինքնավար հանրապետությունում աճող գյուղատնտեսական արտադրանքը դեպի շուկաներ ուղերկելը շատ կհեշտանա:
«Դրանով Նախիջևանը ինքնավարությունը կարող է ավելի լավ դրսևորվել, Նախիջևանը իր գոյությունը կշարունակի որպես ավելի ինքնավար հանրապետություն: Դրա համար շատ կարևոր էր այս նախագիծը: Այս նախագծը մեկնարկել է»,-ասել է Այրըմը:
Նախիջևանի ու Թուրքիայի միջև գազատար
ԱԶԿ-ական պատգամավորը նշել է, որ 2-րդ կարևոր նախագիծը կապված է Թուրքիայից Նախիջևան գազատարի կառուցման հետ:
Այրըմը հիշեցրել է, որ Նախիջևանն այժմ Իրանից է գազ գնում, քանի որ ադրբեջանական գազը չի հասնում այնտեղ, «Սովետական միության ժամանակ Հայաստանին տրված» Զանգեզուրի շրջանի՝ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ընկած լինելու պատճառով:
Մեջլիսի պատգամավորը, որը եղել է Էրդողանի ադրբեջանական այցի պատվիրակության մեջ, տեղեկացրել է, որ Ալիևը Էրդողանին առաջարկել է, որպես այլընտրանք բնական գազը Նախիջևան հասցնել Թուրքիայից:
«Այս պահին բնական գազը հասցված է մինչև Իգդիր: Իգդիրից մինչև սահման 80 կմ է: Նախիջևանի կողմը արդեն իսկ խողովակը հասցրել է մինչև սաման: Այսինքն 80-100 կամ գուցե 120 կմ կառուցելու դեպքում այդ գազատարը պատրաստ կլինի: Այդ գծով էլ Նախիջևանին գազ կտրվի: Իրանի հետ նրանք պայմանագիր ունեն, սա էլ կլինի այլընտրանքային նախագիծ»,- մանրամասնել է Այրըմը:
ermenihaber.am