«Ագուլիսի ավեր վանքերի ու եկեղեցիների՝ հողին հավասարեցված բեկորները կարոտով սպասում են Նախիջեւանի նոր արշալույսին»

Հարցազրույց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի հետ։

– Պարո՛ն Վարդանյան, դեկտեմբերի վերջին լրանում է մեր պատմության եւս մեկ ողբերգական իրադարձության՝ Ագուլիսի եղեռնի 100 տարին։ Ի՞նչ հետք է թողել մեր մշակույթում պատմական Գողթն գավառը, մասնավորապես՝ Ագուլիսը։

– Նախիջեւանի տարածքը՝ պատմական Հայաստանի կենտրոնական հատվածներից մեկը, Այրարատ, Սյունիք եւ Վասպուրական աշխարհների նշանավոր խաչմերուկն է, ուր հազարամյակներ առաջ Նոյ Նահապետի աճեցրած խաղողի առաջին որթերն են ընձյուղել, ուր հայոց գրերի հոգսերով համակված՝ ճգնել, ապա առաջին դպրոցներն ու դպրատներն է բացել մեր մեծ ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցը, ուր քնարների ու բամբիռների նվագի տակ Գողթան գուսանների շուրթերից հայոց հինավուրց երգերն է գրառել քերթողահայր Մովսես Խորենացին, ուր քրիստոնեության արշալույսին առաջին մատուռներն ու վկայարաններն են հիմնել Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալները։ Նվիրական այս հողը հայությանն ու աշխարհին է տվել այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանն ու Կոմիտասը, Անրի Թրուայան ու Ռուբեն Մամուլյանը, Հովնաթանյաններն ու Լազարյանները… Գողթնի ոստան Ագուլիս ավանը, որ եվրոպացի ճանապարհորդների հուշագրություններում անվանվել է նաեւ «Փոքրիկ Փարիզ», 17-րդ դարում ունեցել է 8000 տուն հայ բնակիչ, սալահատակ փողոցներ, երկհարկանի եւ եռահարկ տներ, արական եւ իգական դպրոցներ, բազմաթիվ գործարաններ եւ արհեստանոցներ, տասներկու վանք ու եկեղեցի։ Ագուլիսի Սուրբ Թովմա Առաքյալի հռչակավոր առաջնորդանիստ վանքի որմնանկարների հեղինակը Նաղաշ Հովնաթանն է եղել, իսկ տեղի դպրոցներում դասավանդել են Րաֆֆին եւ Պերճ Պռոշյանը։ Վաճառաշահ այս ավանի վաճառականները առեւտրական սերտ կապերի մեջ են եղել Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի բազմաթիվ երկրների հետ։ Ագուլիսից սերված հայ նշանավոր մտավորականների համաստեղության թվում են Ավետիք Արասխանյանը, Քրիստափոր Միքայելյանը, Պողոս Մակինցյանը, թատերական գործիչներ Լեւոն Քալանթարը, Միքայել Մանվելյանը, դերասաններ Գուրգեն եւ Կարեն Ջանիբեկյանները, Էդգար եւ Արմեն Էլբակյանները, երգչուհի Զարուհի Դոլուխանյանը, նկարչուհիներ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Գայանե Խաչատրյանը, Լուսիկ Ագուլեցին եւ շատ֊շատերը։

– Ի՞նչ է տեղի ունեցել Ագուլիսում մեկ դար առաջ։

– 1919 թվականի դեկտեմբերի 24-25-ին օսմանյան զորքին միացած ադրբեջանցի զինված խառնամբոխը հիմնահատակ ավերել եւ հրո ճարակ է դարձրել Գողթն- Նախիջեւանի հիասքանչ մշակութային կենտրոն Ագուլիսը եւ շրջակա գյուղերը։ Այդ ողբերգական իրադարձությունների մասին է մասնավորապես վկայում ծնունդով ագուլիսցի, Պրահայի եւ Թեհրանի համալսարանների պատմագիտության եւ փիլիսոփայության դոկտոր, Ագուլիսի եղեռնի ականատես Հովհաննես Հախնազարյանը (1900-1978) իր «Գողթան գաւառ. Ագուլիսի եւ շրջակայ գիւղերի եղեռնը» փաստագրական հուշագրությամբ (Անթիլիաս, 1987, Թեհրան, 1991)։ Մեր ժողովրդի պատմության այս ողբերգական դրվագին անդրադարձել են հայ եւ օտարազգի բազմաթիվ պատմաբաններ ու հուշագրողներ, որոնց թվում՝ նաեւ արդեն Այլիս դարձած Ագուլիսում ծնված ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» հայտնի վեպ-ռեքվիեմում։ Նա տարեց ադրբեջանցիներից լսել է Ագուլիսի ողբերգության մասին, մեր օրերում տեսել նրա եկեղեցիների ու վանքերի ավերումը, այդ ամենի մասին բարձրաձայնել իր հանրահայտ վեպում եւ ճշմարտությանն առերեսվելու համար իր երկրում պետական մակարդակով հալածանքների ու նվաստացումների ենթարկվել։ Մի քանի տարի առաջ ստվարածավալ մի աշխատանք է հրատարակել պատմաբան Արգամ Այվազյանը՝ «Ագուլիսի 1919 թվականի ողբերգություն-եղեռնը» խորագրով, որտեղ ամբողջացրել է հայտնի եւ անհայտ արխիվային եւ այլ նյութերը մեր ժողովրդի պատմության այս ողբերգական դրվագի վերաբերյալ։ Ագուլիսի եղեռնի հետ է կապված նաեւ մեծանուն հայագետ Հրաչյա Աճառյանի «Քննութիւն Ագուլիսի բարբառի» ձեռագրատիպ ուսումնասիրության (Երեւան, 1935) բարբառային նմուշների բաժնում զետեղված՝ Ագուլիսի բարբառով գրված «Միր հըգյադառձ վաթանը» («Մեր հոգեդարձ հայրենիքը») վերնագրով սրտառուչ մի բանաստեղծություն, որի հեղինակը ծնունդով ագուլիսցի մանկավարժ եւ բանաստեղծ Հարություն Թումանյանն է։

– Դուք զբաղվում եք Գողթն-Նախիջեւանի տարածքի բարբառների ուսումնասիրությամբ։ Հայերենի քանի՞ բարբառ էր ընդգրկում այս տարածաշրջանը։

– Նախիջեւանի տարածքը, ընդգրկելով Հայաստանի երեք պատմական նահանգների խաչմերուկը, օժտված է եղել նաեւ բարբառային խիստ բազմազանությամբ։ Անցյալ դարասկզբի վիճակով շուրջ յոթ տասնյակ հայաբնակ գյուղեր եւ քաղաքներ ընդգրկող Նախիջեւանում խոսում էին հայերենի ութ բարբառներով՝ Ագուլիսի, Ջուղայի, Խոյի, Մարաղայի, Արարատյան, Արցախ-Սյունիքի բարբառներով, ինչպես նաեւ Ճահուկ-Վայքի եւ Հյուսիսային Գողթնի միջբարբառներով, որոնցից ամենաառանձնահատուկը բազմաթիվ ուսումնասիրողների ուշադրությունը գրավող Ագուլիսի բարբառը կամ զոկերենն էր։

– Այսօր Նախիջեւանի տարածքը իսպառ հայաթափված է, ժամանակին ուսումնասիրվե՞լ են այդ բոլոր բարբառները։

– Հայագիտությունը այս հարցում էլ պարտական է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանին, ով ժամանակին ուսումնասիրել է Ջուղայի, Ագուլիսի եւ Մարաղայի բարբառները։ Խոյի, Արցախ-Սյունիքի, Արարատյան բարբառները այսօր էլ կենդանի բարբառներ են եւ պատշաճ ուսումնասիրվել են տարբեր լեզվաբանների կողմից։ Իմ թեկնածուական ատենախոսության թեման նվիրված է եղել Հյուսիսային Նախիջեւանի եւ Վայոց ձորի տեղաբնիկ բարբառին՝ Ճահուկ-Վայքի միջբարբառին։ Այժմ ուսումնասիրում եմ Հյուսիսային Գողթնի 5 բնակավայրերի (Ռամիս, Փառակա, Ողոհի, Մեսրոպավան, Բիստ) խոսվածքները, որոնք իրենց բարբառային հատկանիշներով սերտ առնչություն են ներկայացնում եւ միջակա դիրք են գրավում Արցախի, Մեղրու եւ Ագուլիսի բարբառների միջեւ, ուստի Հյուսիսային Գողթնի միջբարբառ անունն են ստացել։ Ագուլիսի եղեռնից ընդամենը երեք ամիս անց՝ 1920 թվականի մարտի 22-26-ին, թուրք-ադրբեջանական ելուզակները միեւնույն եղեռնագործ ձեռքերով այս անգամ ավերեցին Արցախի պարծանք, հայ մշակույթի նշանավոր կենտրոն Շուշին, որտեղ զոհերը տասնյակ հազարների հասան։ Սակայն եթե այսօր ավերակներից կրկին հառնում եւ նոր կյանքով է ապրում հայոց ազատագրված Շուշին, ապա գերված Ագուլիսը դեռեւս տառապում է օտարի կրնկի տակ, իսկ նրա ավեր վանքերի ու եկեղեցիների՝ հողին հավասարեցված բեկորները շունչ ու հոգի առած՝ կարոտով սպասում են Նախիջեւանի նոր արշալույսին, իրենց ավերակված պատմության վերակերտմանը իրենց օրինական տերերին…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2019