Նախիջևանի հատվածում հուլիսի 17-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակված կրակոցից հետո օպերատիվ կապ է հաստատվել ադրբեջանական կողմի հետ: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Սահմանային որոշ հատվածներում, նախարարի գնահատմամբ, առկա է վերահսկելի լարվածություն, պատճառը ինժեներական աշխատանքներ են․ – «Կրակոցը եղել է ոչ նպատակային, ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի չկրկնվեն էդ դեպքերը»:
Նախարարը հավելեց, որ օգտագործվել է 2018֊ի սեպտեմբերին Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև պայմանավորվածության արդյունքում ստեղծված օպերատիվ կապը․ – «Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Միջնորդված կապ է սա, բայց խոսում ենք ոչ անմիջապես, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Նորմալ գործընթաց է սա, շատ դրական գործընթաց է»: