ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, հայագետ, նախիջեւանագետ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻ գիտական գործունեությանը անդրադարձել են Նյու-Յորքի մշակութային առաջատար պարբերական «Hyperallergic» («Հայպերալերգիկ») ամսագրում` Սիմոն Մաղաքյանն ու Սառահ Փիքմանը իրենց հրատարակած «Վարչակարգը թաքցնում է բնիկ հայոց մշակույթի ավերումը» կարեւոր հոդվածում: «Իրավունքի» հետ զրուցում Այվազյանն, անդրադառնալով հոդվածին, շեշտեց, որ այդ վերլուծական հրապարակումով միջազգային հանրությանն առաջին անգամ է, որ հանգամանալից ներկայացվում է 1997-2006 թթ. Ադրբեջանի պետական քաղաքականությամբ վանդալիզմի ենթարկված Նախիջեւանի հայկական հուշարձանների փաստը:
– Պարոն Այվազյան, այդ հոդվածում փաստեր են բերված նաեւ այն մասին, որ Նախիջեւանի հայկական վանքերի ու եկեղեցիների տեղերում արդեն ադրբեջանական մզկիթներ են կառուցվել: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Միանգամայն ճիշտ է: Այդ մասին իմ հոդվածներում ու հարցազրույցներում բազմիցս եմ նշել: Ադրբեջանը հայկական հուշարձանների վերացման համար պետականորեն, մի քանի` 20-25 զինվորներով կազմված խմբերով, հիմնահատակ պայթեցրել եւ մեխանիզմներով գետնի երեսից վերացրել է հայկական բոլոր եկեղեցիները, գերեզմանատներն ու խաչքարերը եւ այլեւայլ հուշարձաններ, որոնց թիվն անցնում էր 27 հազարից: Վերջին տարիներին ընթերցողը լրատվամիջոցներից քաջատեղյակ է, թե ադրբեջանական շուրջ 70-80 զինվորները, ինչպես կոտրատելով ու խճաքարերի վերածելով, Հին Ջուղայի հոյակերտ եւ ավելի քան 4500 խաչքարերն ու խոյաձեւ տապանաքարերը Արաքս գետը լցրեցին: Վերջին տարիներին էլ` 2008-2017թթ., Նախիջեւանի մի շարք բնակավայրերի, օրինակ, Ագուլիսի, Աբրակունիսի եկեղեցիների տեղերում կառուցել են մզկիթներ, մի մասի տեղերում` դպրոցներ ու այլ շինություններ: Իսկ աշխարհիկ հուշարձանների մի մասն էլ արդեն սկսել են աղավաղել եւ ներկայացնել որպես ադրբեջանական հուշարձաններ: Օրինակ, վաղ միջնադարյան եւ հռչակավոր Երնջակ բերդի ավերակ շինությունները, աղավաղելով, վեր են ածել տուրիստական հանգրվանի, Նախիջեւան քաղաքում Նոյի անվամբ կառուցել են դամբարան եւ վերածել թանգարանի: Ցավոք, այսպիսի օրինակները շատ են:
– Հետաքրքիր է Հայաստանի պատկան մարմինները, եւ առհասարակ մեր գիտական ու մտավորական շրջանակները ի՞նչ դիրքորոշումներ են ունեցել եւ ունեն այս ամենի վերաբերյալ:
– Ցավալի ու մտատանջող հարց եք տալիս: Մենք, մի քանի բացառություններից զատ, ոչինչ չարեցինք ազգովին: Թող ամենեւին խիստ չթվա ասածս, քանզի, մեր ազգային ու պետական այդպիսի աններելի անտարբերությունն էր, որ Ադրբեջանին իրավունք տվեց 1997-2006 թթ. անարգելք` տարի առ տարի, մեկիկ-մեկիկ վանդալիզմի ենթարկի հայոց բազմադարյան նյութական մշակույթի նախիջեւանյան հուշարձանները: Ավելին, այսքանից հետո էլ` մինչեւ այժմ, որեւէ պատասխանատվության չենթարկել: Ցավոք, դա արդեն պատմական անհերքելի փաստ է: Այնպես որ, նախիջեւանյան հուշարձանների կործանման գործում Հայաստանը եւս բարոյական պատասխանատվություն է կրում, եւ սերունդները մեր այսպիսի անտարբերության ու անգործության համար հաստատապես չեն ներելու:
Մի անդառնալի կորուստ ու արժեքների ոչնչացում, որի վերաբերյալ Մաղաքյանն ու Փիքմանը իրենց հոդվածում` տասնամյակներ շարունակ իմ կողմից կատարված աշխատանքը համարելով լեգենդար, եւ այդ գործում, որպես աշխարհի լռությունը դատապարտողի, գրել են. «Նախիջեւանի հայկական անցյալի ոչնչացումը նավթով հարուստ Ադրբեջանի կողմից նրան ավելի վատն է դարձնում, քան «Իսլամական պետությանը», սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ արեւմտյան երկրների մեծ մասը չտեսնելու են տալիս»:
Վերոնշյալ ասածներս փաստելու համար մի քանի փաստեր արձանագրեմ: Այսպես.
1. Ադրբեջանական լոբբին վերջին 15-20 տարիներում հետեւողական աշխատանքներ է կատարում, որպեսզի ռուսական, եվրոպական, ամերիկյան կենտրոնական լրատվամիջոցներում հակաադրբեջանական նյութեր չհրապարակվեն: Ավելին` ամեն ինչ գործադրելով, կաշառում են օտարազգի հեղինակներին, որպեսզի նրանք հանդես գան Հայաստանին եւ հայկական մշակույթը պախարակող հրապարակումներով: Նշեմ նաեւ այն, որ այսպիսի աշխատանքները իրականացվում են պետականորեն եւ բազմամիլիոն միջոցների ծախսումներ կատարելով:
2.Ալիեւների ստեղծած հիմնադրամի միջոցներով ամեն տարի Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը պրոպագանդող, կեղծիքներով առլեցուն եւ բարձր տպաքանակներով օտարալեզու գրականություն է տպագրվում եւ անվճար առաքվում աշխարհի առաջատար երկրների գիտական, ուսումնական, քաղաքական ու միջազգային այլեւայլ կենտրոններին ու կազմակերպություններին:
3. Ադրբեջանի ղեկավարությունը վարպետորեն տիրապետելով իրենց երկրի հեղինակությունն ապահովելու եւ գործած հանցանքները կոծկելու, անհրաժեշտ կազմակերպություններին ու պատասխանատուներին կաշառելու արվեստին, վերջին տարիներում պարբերաբար կաշառում է Եվրամիության հանձնաժողովների անդամներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ կազմակերպությունների կարեւոր մարդկանց: Օրինակ, Ադրբեջանը նախիջեւանյան հուշաձանների եղեռնագործությունն անտեսելու եւ Հայաստանի բողոքներն անհետեւանք թողնելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ին առատաձեռն փոխանցումներ էր կատարում: Ավելին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին ղեկավար Իրինա Բոկովային` նրա ամուսնու հաշվեհամարին, կաշառել ու գումարներ է փոխանցել: Նույնն է կատարվել նաեւ Բոկովային նախորդող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Կոիչիրո Մածուրանի պարագայում, որն էլ այժմ աշխատում է որպես Ադրբեջանի պրոպագանդիստական «Բաքվի բազմամշակութայնության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ասացեք, խնդրեմ, Հայաստանի ո՞ր նախագահն է այսպիսի հոգատարություն ցուցաբերել` մեր երկրի մշակույթի պատիվն ու միջազգային հեղինակությունը ապահովելու գործում:
ՓՈԽԱՐԵՆԸ
1. 2007 թ. նոյեմբերին Հարվարդի համալսարանում իմ «Նախիջեւան. Պատմաճարտարապետական, մշակութային վկայախոս նշխարքների գիտահեղինակային լուսանկարների ցուցահանդեսի» բացմանը նախորդած 6-7 ամիսներին` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը Հարվարդի համալսարանի ղեկավարության, ձեռնարկի հովանավորի վրա մի շարք ճնշումներ էին գործադրում, որպեսզի այն տեղի չունենա: Ի հեճուկս Ադրբեջանի գործադրած ջանքերի, ցուցահանդեսի բացումը կատարվեց եւ ցուցադրվեց 18 օր: Ի հակադրություն այդ ուղղությամբ Ադրբեջանի եռանդուն, բայցեւայնպես անարդյունք ջանքերի, ամերիկահայ համայնքային ու ազգային կազմակերպությունները` ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը, Կալիֆորնիայի հայագիտական ամբիոնը, թերթերն ու եկեղեցին աններելի պասսիվություն ցուցաբերեցին: Ահա մեր` տեղն եկած բարձրագոչ ու հայրենասիրական ելույթներով հանդես գալու եւ մեր հակառակորդների գործունության միջեւ առկա տարբերությունները…
2. Երբ 1997-2006 թթ. Ադրբեջանը եղեռնագործության էր ենթարկում Նախիջեւանի հուշարձանները, Երեւանում էլ` 2006 թ., ոչնչացվեց հենց այդ հուշարձանների մասին գրված եւ 1990 թ. տպագրված եռալեզու(հայերեն, անգլերեն ռուսերեն) իմ «Նախիջեւան. Գիրք հուշարձանաց» հատորի 30 հազար տպաքանակի 26 հազար պատրաստի օրինակները: Հատորում տպագրված է Նախիջեւանի պատմական գավառների հուշարձաններից (վանքեր, եկեղեցիներ, կամուրջներ, խաչքարեր, բերդեր, տապանաքարեր, ժայռապատկերներ, որմնանկարներ, հնագիտական իրեր) 65-ի հատակագիծ-չափագրությունները եւ 400 լուսանկարներ, որոնցից 250-ը` գունավոր տպագրությամբ: Նկատենք նաեւ այն, որ այդչափ պատկերազարդող եւ գունավոր տպագրությամբ, մինչ այդ ոչ միայն Նախիջեւանի վերաբերյալ, այլեւ առհասարակ Հայաստանում տպագրված այդօրինակ գրքերի թվում հատորը եզակիներից մեկն է, որի հատորը լույս աշխարհ բերելու համար պետական միջոցներից օգտագործվել էր բազմամիլիոն դրամական ու նյութական միջոցներ: Իսկ այս ամենը, ինչպես տեղին է ասել, ոչնչացվել է առանց խղճի խայթ ու պատասխանատվության ունեցող հայ մարդկանց ձեռքերով, որոնցից եւ ոչ մեկին պատասխանատվության չենթարկեցին: Ասել է թե այդ գործում ադրբեջանական ու հայկական վանդալիզմները գտնվել են հավասար հորիզոնականներում: Այնպես որ, ոչ մի հույս չկա, որ Հայաստանը իրապես կարող է հետամուտ լինել եւ Ադրբեջանին պատասխանատվության կենթարկի:
Զրուցեց ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
iravunk.com