Ադրբեջանական մամուլի անդրադարձը Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը

Անի Մելքոնյան
Թուրքագետ

Խաչքարը, որպես կանոն, բացօթյա միջավայրում ուղղածիգ կանգնած, աշխարհի չորս կողմերի հանդեպ հստակ կողմնորոշում ունեցող քարասալ է, որի արևմտահայաց տափակ երեսը զբաղեցնում է կենտրոնում տեղադրված խաչից և նրան ուղեկցող բուսա-երկրաչափական զարդերից, երբեմն էլ թռչունների, կենդանիների և մարդկային կերպարներից բաղկացած քանդակային հորինվածքը։ Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկը։ Ավելի քանի հազարամյա ճանապարհ անցնելով՝ այն նաև արդիական մշակութային դրսևորում է, քանի որ նրա կերտումը շարունակվում է նաև այսօր (1)։

Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա նրա գավառներում, ինչպես նաև պատմական Հայաստանի մյուս շրջաններում, խաչքարերը որպես կոթողային հուշարձաններ երևան են եկել դեռևս մինչ 7-8-րդ դդ․։ Սկսած 9-րդ դարից, երբ հայկական քանդակագործական արվեստում ձևավորվեց խաչքարերի բուն կազմությունը, կոթողային հուշարձանները փոխարինվեցին խաչքարերով, որոնք, մեծ ընդունելություն ու տարածում գտնելով, կանգնեցվեցին Նախիջևանի լեռնաշխարհի ամեն մի անկյունում։ Եվ այդ զարմանահրաշ կոթողները, լինեն դրանք եկեղեցիների ու վանքերի մասեր, թե նրանց որմերում, գերեզմանատներում, թե լեռնալանջերին, բլուրների, թե լեռնագագաթների վրա, հմայում են իրենց կատարյալ նրբությամբ ու յուրօրինակությամբ (2)։ Նախիջևանի տարածքում հազարամյակից ավել ժամանակահատվածում կանգնեցվել են տասնյակ հազարների հասնող խաչքարեր ու կոթողներ։ Վերջիններիս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Նախիջևանում խաչքարեր են կանգնեցվել դեռևս 4-5-րդ դարերից։ Հետագայում այստեղ, չընդհատելով ինքնատիպ այդ արվեստի ստեղծման ավանդույթները, 15-17-րդ դդ․ կերտվում են բազմահազար կոթողներ ևս, որոնց գլուխգործոցն, անշուշտ, Ջուղայի խաչքարերի անտառն է։ Կատարման վարպետությամբ ու նրբաոճ արվեստով աչքի ընկնող Ջուղայի խաչքարերը, որոնք մի առանձին դպրոցի հուշարձան են, ոչ միայն Նախիջևանի խաչքարերի, այլև հայոց խաչքարային արվեստի պատմության մեջ եզրափակում են հայ մշակութային այդ ինքնատիպ կոթողների զարգացման պատմական ընթացքը (3)։
Դեռևս վաղ միջնադարում հռչակ ձեռք բերած Ջուղան 10-13-րդ դդ․ վեր է ածվել քաղաքավանի, իսկ 15-17-րդ դդ․ այն Հայաստանի նշանավոր առևտրական կենտրոններից էր։ Բազմամարդ ու բարգավաճ այս քաղաքը միջնադարում բազմիցս ենթարկվել է օտարամուտ ու ավարառու բանակների ոտնձգություններին ու ավերումներին, կողոպուտներին ու հրկիզումներին և վերջապես 1605 թ․ ենթարկվել է հիմնահատակ ավերման, բնակչության հարկադրական ու ամբողջական տեղահանման (4)։
Հարկ է նկատել, որ Ջուղայի գերեզմանատունը մեզ հասած ամենամեծ գերեզմանատունն էր։ Ջուղայի տեղահանությունից հետո՝ 1648 թ., ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսը, անցնելով Ջուղայով, արձանագրել է, որ գերեզմանատանը կանգուն է եղել շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար։ 1903-1904 թթ․ երկաթգիծ անցկացնելուց հետո, երբ անվերադարձ կերպով ոչնչացվել են բազմաթիվ խաչքարեր, գերեզմանատանը եղել է շուրջ 5 հազար կանգուն ու վայր ընկած խաչքար։ Հետագայում, 1915 թ․ Ա․ Վրույրի և ապա 1928-1929 թթ․ Ս․ Տեր-Ավետիսյանի հաշվումներով այստեղ արձանագրվել 1 մինչև 3000 խաչքար և մի քանի հազար երկթեք ու խոյաձև տապանաքարեր։ 1971 և 1973 թթ. կատարած հաշվումներով` Ջուղայի գերեզմանատանը եղել է 2707 խաչքար։ Քաղաքի եկեղեցիների և Ամենափրկիչ վանքի գերեզմանատներում և այլ մասերում հաշվվում է նաև շուրջ 250 այլ խաչքար (5)։
Ջուղան հայոց պատմության մեջ հայտնի է նաև իր միջնադարյան մի շարք պատմական ու ճարտարապետական հուշարձաններով, հոյակապ կամրջով, բերդով, մի շարք քարվանատներով ու վաճառատներով, քաղաքային ծածկած շուկայով ու բաղնիքով, եկեղեցիներով ու այլևայլ հուշարձաններով(6)։
Նախիջևանի ու հատկապես Ջուղայի խաչքարերի ուսումնասիրությունը շատ կարևոր է, քանի որ խաչքարերն էլ հայ մշակութային ժառանգության մի շարք համալիրների նման վերջին տասնամյակներում դարձել են հարևան Ադրբեջանի քաղաքական-տարածքային նկրտումների նշանակետերից մեկը (7): Ադրբեջանական կողմն իր առջև խնդիր է դրել վերացնել այն բոլոր ապացույցներն ու փաստերը, որոնք կարող են վկայել այդ տարածքների հայկականության և երբեմնի հայապատկանության մասին. այն ամենը, ինչն առհասարակ կարող է փաստել, որ այդ տարածքներում երբև հայեր են ապրել ու ստեղծագործել՝ այսպիսով ձգտելով վերացնել այդ տարածքներում հայկական հետքը։
Երկրամասի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման քաղաքականությունն Ադրբեջանում նոր ծավալներ է ընդունել հատկապես 1960-1980-ական թթ․, երբ քաղաքական դրդապատճառներով Ադրբեջանի հակագիտական պատմագրությունը հանրապետության տարածքի հուշարձանները փորձել է սեփականացնել, «որակել» աղվանական, որոնց հետագա յուրացումն ու ոչնչացումը շարունակվել է նաև հետխորհրդային տարիներին (8)։ Ադրբեջանական կողմը այդ կեղծ թեզերը տարածելու համար օգտագործում է ամեն հնարավոր միջոց։ Ադրբեջանի իշխանությունների տեսանկյունն օպերատիվ կերպով տարածելու և ադրբեջանամետ դիրքորոշումներ ձևավորելու համար նա ռազմավարական նշանակություն է տալիս հատկապես մեդիա դաշտին և մեծ ռեսուրսներ է ներդնում այս ոլորտում։ Համացանցի բոլոր հնարավորությունները լայնորեն օգտագործվում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից: Ներկայում գործում են Ադրբեջանում և այլ երկրներում գրանցված հակահայկական բովանդակությամբ հարյուրավոր կայքեր (9): Այդ կայքերում հիմնականում տարածվում են ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումը և այս կամ այն պաշտոնյաների հայտարարությունները, իսկ այսպես կոչված գիտական հոդվածներն էլ ուղղված են այդ պաշտոնական դրքորոշումներն «ապացուցելուն»։ Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին ադրբեջանական էլեկտորնային մամուլում առկա հոդվածների ընդհանուր վերլուծության արդյունքում կարելի է առանձնացնել բնութագրական մի քանի առանձնահատկություններ․ դրանք են՝
ա․ապացուցել, որ հայերը Նախիջևանի տարածքում երբեք չեն ապրել, բնիկ չեն եղել,
բ․ամեն հայկականը վերագրել աղվաններին ու ադրբեջանականացնել։
Նախիջևանում ադրբեջանական վանդալիզմի գլխավոր թիրախ է դարձել Ջուղայի քաղաքային գերեզմանատունը։ 1998 թ․ Թեհրանից ստացվում են ճարտարապետներ Ա․ Պետրոսյանի, Վ․ Առաքելյանի, Էդ․ Զոհրաբյանի, Վ․ Շահմիրզայանի ստորագրությամբ նամակն ու լուսանկարներն առ այն, որ Ջուղայի հին գերեզմանատունը քանդում են բուլդոզերներով։ Այդ տեսարանը գրավել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության հաստատության պաշտոնյաների ուշադրությունը (10)։ Այդ ժամանակ Հայաստանից ու Սփյուռքից բարձրացված բողոքի ալիքի ճնշման տակ ՄԱԿ-ի Հուշարձանների պաշտպանության հանձնաժողովի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությամբ հաջողվեց կասեցնել Ջուղայի գերեզմանատանը սկսված կործանումը, որի ընթացքում ավերման էր ենթարկվել գերեզմանատան շուրջ 10-15 տոկոսը։ Ցավոք, Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավի «խլության» պատճառով 1999 թ․ մի շարք արգելքների հաղթահարմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած հատուկ հանձնաժողովը Նախիջևան չմեկնեց և տեղում չստուգեց ավերումների չափն ու քանակը (11)։ Ինչ վերաբերում է ադրբեջանական արձագանքներին, ապա սկզբնական շրջանում նա լռում էր, լռում էր նաև ադրբեջանական մամուլը։
Սակայն, երբ ուժեղացավ միջազգային կազմակերպությունների կողմից ճնշումը, հատկապես, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ու ԻԿՕՄՕՍ-ը պահանջեցին դադարեցնել Ջուղայում մշակութային հուշարձանների ոչնչացումը, ադրբեջանական կողմը, չնայած բազում անհերքելի ապացույցներին, հայտարարեց, որ չի ընդունում այդ մեղադրանքները, որ այն կեղծ տեղեկություն է, որ հայերը երբեք չեն ապրել այդ տարածքներում (12): Սակայն այդ վայրագությունները շարունակվեցին 2002-2003 թթ․ և ամբողջովին ավարտին հասցվեցին 2005 թ. (13)։ Այդ ամբողջ ընթացքում ու դրանից հետո էլ ադրբեջանական կողմը հերքում էր հայկական կողմի մեղադրանքներն ուղղված Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը։
2005 թ․ վանդալիզմից հետո հայկական կողմը կրկին բարձրաձայնեց ադրբեջանական կողմից իրականացվող վանդալիզմի մասին։ 2006թ. հունվարի 19-ին Եվրոպական խորհրդարանը դատապարտեց Ջուղայի խաչքարերի ոչնչացումն ու ընդունած բանաձևով կոչ արեց ադրբեջանական իշխանություններին վերջ դնել խաչքարերի ոչնչացմանը (14): ԵԽ-ն ցանկանում էր նաև պատվիրակություն ուղարկել տեղանք, ինչը ﬕնչ այժմ ﬔրժված է Ադրբեջանի կառավարության կողﬕց: 2008 թ․ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՈՍ) բանաձև ընդունեց Ջուղայի պատմական գերեզմանատան ավերման վերաբերյալ (15)։
Ադրբեջանական գիտական շրջանակների կողմից Նախիջևանի պատմության խեղաթյուրումը ևս նոր թափ ստացավ։ Դրա վառ ապացույցն է այն, որ 2006 թ․ հունիսի 30-ին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Բաքիխանովի անվան պատմության ինստիտուտը կազմակերպել էր կլոր սեղան՝ «Հայկական ազգայնականության պնդումները Նախիջևանի նկատմամբ ու պատմական ճշմարտությունը» խորագրով։ Դրա վերաբերյալ https://azertag.az կայքում լույս տեսած հոդվածում ներկայացվում են կլոր սեղանի ժամանակ արծարծված հիմնական թեմաները։ Ինստիտուտի տնօրեն, ադրբեջանական Ազգային ժողովի պատգամավոր Յագուփ Մահմուդովը նշել է, որ դրանով գործողությունների մի նոր փուլ է սկսվում։ Ջուղայի խաչքարերի խնդրին անդրադառնալիս՝ կլոր սեղանի ընթացքում մասնավորապես նշվել է․ «Դրանք եղել են աղվանական հուշարձաններ, այդ քարերի առաջին նմուշները դեռևս սովետական շրջանում տեղափոխել են Հայաստան» կամ «ընդհանուր առմամբ, այդ գերեզմանոցը «ներկայիս» քրիստոնյաներին չի պատկանել» և այլն (16)։ Զեկուցողները նշել են, թե իբր տարբեր աղբյուրներ են օգտագործել, սակայն հոդվածում այդպես էլ չի նշվում, թե որոնք են այդ աղբյուրները․ չի նշվում, որովհետև, նման աղբյուրներ չկան ու չեն էլ կարող լինել՝ պատմության ադրբեջանցի կեղծարարների գրվածքներից բացի։ Սա էլ իր հերթին վկայում է ադրբեջանական կողմի գիտական շրջանակների կատարած աշխատանքների՝ գիտականությունից զուրկ լինելու մասին։
http://ordubadnemetleri.az կայքում հրապարակված «Նախիջևանի պատմություն» վերնագրով հոդվածում կրկին ադրբեջանական կեղծարարության ևս մեկ վառ ապացույցի ենք հանդիպում, որտեղ փորձում են «ապացուցել» իբրև թե «Նախիջևանը հին ադրբեջանական տարածք է» ադրբեջանական կողմի քարոզչական թեզը (17), ինչը բացահայտ կեղծիք է, ընդ որում` գիտական ու պետական ամենաբարձր մակարդակով տարածվող կեղծիք, քանի որ դեռևս XVII դ. սկզբներին Նախիջևանի երկրամասը էթնիկ տեսանկյունից Հայաս¬տանի՝ միատարր կազմ ունեցող շրջաններից էր, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին: Վերոհիշյալի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում եվրոպացի ճանապարհորդ, միսիոներ Վի Աոդը, ում վկայությամբ` Նախիջևանն ուներ 40 հազար ծուխ հայ բնակչություն (18): 1604 թ․ ամռանը Ջուղա այցելած պորտուգալացի ճանապարհորդ Գ․ Պելշիորն էլ իր նոթերում նշում է, որ Ջուղան «հայկական մեծ քաղաքաներից է, ուր մահմեդականներ չկան»։ Այս են փաստում նաև Ջուղայից մեզ հասած ողջ նյութական մշակույթի հուշարձանները՝ լինի դա հոգևոր, թե աշխարհիկ բնույթի կառույց։ Մինչև օրս Ջուղայի տարածքում չի հայտնաբերվել նաև այլալեզու որևէ վիմագիր ու վկայություն։ Հանգամանք, որն անհերքելիորեն խոսում է քաղաքի միատարրության, բացառապես հայերով բնակեցված լինելու մասին (19)։
Ադրբեջանական մամուլում ավելի մեծ թափով տարածվում է նաև պատմության կեղծարարության մեկ այլ թեզ՝ «խաչդաշների տեսությունը»։ Թիֆլիսում կայացած՝ վրացական արվեստին նվիրված միջազզային սիմպոզիումում ադրբեջանցի ճարտարապետ և ճարտարապետության պատմաբան Դավուդ Ախունդովն ու Մուրադ Ախունդովը։ Նրանք փորձել են հայկական միջնադարյան մշակութային համատեքստի ներսում ոչ հայկական ծագման խաչքարեր «հայտնագործել», դրանք վերագրել աղվաններին և, ուրիշ ելք չգտնելով, խաչքար բառի երկրորդ մասի թարգմանությամբ անվանել են «խաչդաշ» («քար» արմատը փոխարինվել է թյուրքական համանուն «դաշ» արմատով)։ Հեղինակների բուն նպատակն է «աղվանական ծագման» այդ խաչքարերի մշակութային ավանդույթի շարունակությունը տեսնել ադրբեջանական մշակույթի հուշարձանների մեջ։ Նման հարցադրման դեպքում ակնհայտորեն անտեսվում և խեղաթյուրվում են ոչ միայն հայագիտության մեջ եղած խաչքարագիտական ձեռքբերումները, այլև ընդհանուր քրիստոնեական արվեստի պատմության և միջնադարագիտության մեջ հայտնի տարրական ճշմարտություններ։ Ախունդովը փորձեր է արել Ջուղայի, Լեռնային Ղարաբաղի և Հյուսիսային Արցախի խաչքարերի մեջ գտնել միթրայականության և զրադաշտականության նշաններ, որոնք իբրև թե առանձնացնում են «աղվանական խաչդաշները» խիստ քրիստոնեական հայկական խաչքարերից (20)։ Այդ տեսությունն այսօր ընդունված է ադրբեջանական պաշտոնական գիտական շրջանակներում և քարոզչության մեջ: Այն լայնորեն օգտագործվում է նաև մամուլում։ Օրինակ՝ http://gabala.cls.az կայքում (21), իսկ https://news.day.az կայքում ադրբեջանցիների երևակայությունը հասնում է նրան, որ, ըստ հոդվածագրի, իբրև թե այդ խաչքարերը աղվանական կամ կելտական են ու որևէ կապ չունեն հայերի հետ (22)։ Ադրբեջանական մեկ այլ՝ http://atesh.az/ կայքում հանդիպում ենք Ֆաիխ Իսմայիլովի հոդվածին։ Այստեղ նա կրկնում է ադրբեջանական կեղծ պնդումները, տարբերակում հայկական խաչքարերը «աղվանական խաչդաշներից»՝ հատկապես շեշտը դնելով խոյաձև տապանաքարերի, նրանց վրա առկա արևի, լուսնի և այլ նշաններին՝ պնդելով, որ հայերը «եկել ու հայացրել են աղվանական խաչքարերն ու հուշարձանները» (23), ինչը բավականին անհեթեթ պնդում է: Այստեղ հարց է ծագում․եթե իրենք աղվանների սերունդներն են, ինչու՞ են ոչնչացնում իրենց իսկ պատմությունն ու մշակույթը (24)։ Իսկ ինչ վերաբերում է պատկերաքանդակներին, ապա հարկ է նկատել, որ Ջուղայի խաչքարերում արևն ու լուսինն ունեն ընդգծված ծավալային լուծում և ներկայացվում են երեք քարորդ գնդերի տեսքով, երբեմն շեշտելու համար, որ վերջիններս արևն ու լուսինն են, գնդերը հարդարվում են իրարից տարբերվող զարդաքանդակներով։ Մի քանի քիվերի վրա հորինվածը լրացվում է առաքյալներով․ կենտրոնական (որոշ դեպքերում եռակամար) խորանում չորեքկերպյան աթոռին բազմած է Ամենակալը, նրանից աջ և ձախ նույնակերպ, բայց երբեմն ավելի փոքր խորաններում պատկերված են լուսապսակներով Աստվածածինն ու Հովհաննես Մկրտիչը, ապա Հակոբոս Տիառնեղբայրն ու Հուվհան(նես) առաքյալները։ Ամենակալի ու չորեքկերպյան աթոռի բնութագրումն Ախունդովների մոտ ուղղակի զավեշտի է հասցված։ Համառորեն հետևելով խաչքարերում միթրայական պատկերացումների առկայության կանխադրույթին, որն իբր թե դրանց աղվանական-ադրբեջանական լինելու ապացույցն է՝ նրանք ոչ միայն խորհրդանշանների շարքում անտեսում են թևավոր Մարդուն (Մատթեոս ավետարանչի խորհրդանշանը)՝ բավարարվելով միայն արծվի, ցուլի և առյուծի թվարկումով (իբր «Միհրի ուղեկցորդներ»), այլև զարմանալիորեն «չեն նկատում», որ բոլոր չորս կերպարներն էլ (Ջուղայի բոլոր նման հորինվածքներում) ձեռքերով կամ ոտքերով մեկական գիրք են բռնել՝ համապատասխան ավետարանները (նկատենք, որ գրքերը պարտադիր բաղադրիչ են քառակերպի բոլոր ներկայացումներում՝ լինեն դրանք խաչքարային, ընդհանրապես քանդակային, թե մանրանկարչական)՝ ցուցելով, որ արդար դատն ընթանում է ըստ քրիստոնեական ուսմունքի։ Նույն կերպ էլ գաղափար չունենալով, որ Քրիստոսի լուսապսակն սկսած վաղմիջնադարյան ամենավաղ պատկերումներից խաչանշան տեսքով է պատկերվում, Ամենակալի խաչակիր լուսապսակը՝ խաչի եռանկյունատիպ թևերով հանդերձ, նկարագրում և մեկնում են որպես «շառավղաձև դասավորված գնդերով մի էլիպս, որը տիեզերքի, լույսի անսահման տարածքի խորհրդանշանն է՝ բնութագրական Մեծ Միհրի մարմնավորմանը» (25)։ Եվ չնայած այս բացահայտ ապացույցներին՝ ադրբեջանական գիտական շրջանակներն ու մամուլը լայնորեն տարածում են հակագիտական այդ թեզերը։
Ադրբեջանական մամուլում շրջանառվող հաջորդ տարածված տեսությունն այն է, թե իբր հայկական կողմը պատերազմում է նաև մեկ այլ հարթության վրա։ Այն իբր թե հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման թեմայի շուրջ կազմակերպված մեծ արշավն է, որը տարբեր ժամանակ կատարվում է այս կամ այն ուժգնությամբ։ Այդ մասին հետաքրքրական է հատկապես http://azerbaycanli.org/ կայքում առկա հոդվածը, որտեղ կոծկվում է մշակութային այդ վանդալիզմը։ Առաջ է քաշվում այն տեսակետը, իբրև թե 2003 թ․ Նախիջևանում գտնվող հայկական հուշարձանների թեման Ադրբեջանի դեմ Հայաստանի ինֆորմացիոն պատերազմի հիմնական ուղղություններից մեկն է դարձել, իսկ 2004-2005 թթ․ հայերն այս խնդիրը բերել են տարբեր միջազգային կառույցների օրակարգ, հոդվածներ են հրատարակել արտասահմանյան մամուլում, և որ նրանք զբաղված են Նախիջևանում հայկական խաչքարերի առկայությունը հիմնավորող տարբեր փորձագետների կարծիքների շրջանառությամբ։ Եվրոպական խորհրդի կողմից 2006 թ․ Ջուղայի խաչքարերի ոչնչացման դատապարտման մասին բանաձևի ընդունումն էլ հոդվածագիրը պայմանավորում է հայերի՝ «Նախիջևան-խաչքար» թեմայով տեղեկատվական դաշտում իրականացրած արշավով, փետրվար ամսին մահմեդական երկրների հետ Եվրոպայի «ծաղրանկարային պատերազմով», ինչպես նաև՝ համաշխարհային հռչակ ունեցող գիտնականների հոդվածներով, նրանց արտահայտած դիրքորոշումներով (26)։ Նա օրինակ է բերում Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու՝ մարտ ամսին Երևան կատարած այցի ժամանակ հայկական հուշարձանների ոչնչացման համար Ադրբեջանին մեղադրող հայտարարությունը, որտեղ Պիորտրովսկին մասնավորապես ասել էր․ «Նախիջևանում Հին Ջուղայի հայկական հուշաձանների ավերումը կարելի է հանցագործություն բնորոշել։ Մշակութային հուշարձանների ավերումը կարելի է հանցագործություն համարել ամեն դեպքում, առավել ևս, երբ այդ գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի, ինչպես Հին Ջուղայի դեպքում։ Իմ խորին համոզմամբ, ՅՈՒՆԵՍԿO-ն և այլ միջազգային կազմակերպություններ պետք է դատապարտեն այս ողբալի դեպքը» (27)։
Հայկական ու միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացված աղմուկից, դատապարտող հայտարարություններից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարում է.«Դա սուտ է, սադրանք» (28)։ 2006 թ․ Եվրախորհրդի պատգամավորները հանդես էին եկել առաջարկով՝ գալ և տեղում ուսումնասիրել հուշարձանների վիճակը։ Սակայն Ադրբեջանը պատասխանել էր, որ այդ մոտեցումը «կողմնակալ է և հիստերիկ» (29)։ Մինչև ադրբեջանական կողմը, ակնհայտ ապացույցները անտեսում ու շարունակում էր ժխտել մշակութային այդ բարբարոսությունը, մշակութային այդ ցեղասպանությունը, 2006 թ. գարնանը Պատերազմի և խաղաղության ինստիտուտի լրագրող, ծագումով ադրբեջանցի Իդրակ Աբասովն այցելում է գերեզմանոց և գրում, որ այն «ամբողջությամբ անհետացել է» (30)։
Ադրբեջանական իշխանության կողմից ԵԽ պատգամավորների այցը Ջուղա արգելելը առաջացրել է նաև միջազգային հանրության զայրույթը։ Այս առնչությամբ Հանս Սվոբոդան (Ավստրիական սոցիալիստական կուսակցություն) հայտարարել է․ «Եթե նրանք չեն թողնում մեզ գալ, ապա դա ակնհայտ նշան է, որ որևէ վատ բան է կատարվել։ Եթե մեզնից որևէ բան է թաքցվում, մենք հարցնում ենք` ինչո՞ւ։ Դա կարող է լինել միայն այն բանի պատճառով, որ պնդումների մի մասը ճշմարիտ է» (31)։ Նա նաև զգուշացնում է, որ Եվրոպային մոտ լինել ցանկացող յուրաքանչյուր պետության համար ամենակարևոր տարրերից մեկը հարգանքն է հարևանների մշակութային ժառագության նկատմամբ: Եվրախորհրդարանում բրիտանացի ներկայացուցիչ Չարլզ Թանոքն էլ իր հերթին նշել է․«Սա նման է Բուդդայի արձանների քանդմանը Թալիբանի կողմից։ Նրանք բետոնել են տարածքը և ռազմական ճամբարի վերածել այն։ Եթե նրանք թաքցնելու բան չունեն՝ պետք է թույլ տան մեզ տեսնել վայրը» (32)։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանն արգելել է տարածքի հետաքննությունը արտաքին խմբերի կողմից, Գիտության առաջխաղացման ամերիկյան ասոցիացիան (AAAS) ձեռք է բերել և վերլուծել բարձր սահմանման արբանյակային պատկերներ՝ գնահատելու, թե արդյոք տեղի է ունեցել մշակութային արժեքների ոչնչացում։ Հիմնվելով 2003 թ․-ից մինչև 2009 թ․ արբանյակից ստացված պատկերների գնահատման վրա` ասոցիացիան հանգել է այն եզրակացության, որ դեռ 2003թ․-ին Ջուղայի գերեզմանոցում 15-16-րդ դարերի հնության հարյուրավոր խաչքարեր կային, իսկ 2009 թ․-ի լուսանկարներում դրանց մի մասն անհետացել է:
Աշխարհատարածքային տեխնոլոգիաների կիրառման միջոցով արված ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ խաչքարերը տեղափոխվել են հողը փորող հատուկ սարքերի միջոցով, իսկ հետո հողի այդ հատվածները պարզապես հավասարեցվել են (33):
Ջուղայի խաչքարերի ոչնչացումը մշակութային ցեղասպանության ակնհայտ դրսևորում է։ Քրեական և միջազգային իրավունքի մասնագետ Ռաֆայել Լեմկինն իր «Առանցքի տերությունների կառավարումը օկու¬պաց¬ված Եվրոպայում» աշխատության մեջ «գենոցիդ» է որակում ոչ միայն էթնիկ կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումը, այլև` նրա ազգային, հոգևոր մշակույթի ոչնչացումը (34)։
Այսպիսով, 1998-2006 թթ․ ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացրեցին Ջուղայի հայկական գերեզմանոցը, որն Ադրբեջանի կառավարության կողմից վերածվեց ռազմական հրաձգարանի։ Պետական մակարդակով ժխտումն ու կեղծարարությունը տարածվեց ողջ աղրբեջանական մամուլում, որտեղ, առաջնորդվում էին այն մտքով, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, և սկսեցին շրջանառվել կեղծ թեզեր, իբր, ընդհակառակը, հայերն են ոչնչացնում ադրբեջանական հուշարձանները, իսկ աղմուկ էլ իբր բարձրացնում են միջազգային հանրության ուշադրությունը «իրական հանցագործությունից շեղելու համար»։ Չնայած ադրբեջանական ժխտողական կեցվածքին, գիտական ու պաշտոնական մակարդակով տարածվող կեղծիքներին՝ 2010 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ոչ նյութական արժեքների ցանկը համալրեց նաև հայկական խաչքարային արվեստը՝ որպես հայ ժողովրդի դարավոր ավանդույթ։

1. Տե՛ս Պետրոսյան Հ․, Խաչքար, ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Ե․, 2008, էջ 9։
2. Տե՛ս Այվազյան Ա․, Նախիջևանի խաչքարերը, Եր․,1996, էջ 5-6։
3. Տե՛ս Այվազյան Ա․, նշվ. աշխ., էջ 9։
4. Տե՛ս Այվազյան Ա․, Ջուղայի խաչքարերը, Եր․, 1993, էջ 5։
5. Տե՛ս Այվազյան Ա․, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, Հատոր Ա, Ջուղա, Եր․, 2004, էջ 32։
6. Տե՛ս Այվազյան Ա, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, էջ 25։
7. Տե՛ս Պետրոսյան Հ․, նշվ․ աշխ․, էջ 9։
8. Տե՛ս Ալեքսանյան Հ․, Հայերը Նախիջևանի ԻԽՍՀ-ում 1945-1988 թթ․։ Հայաթափության ու մշակութային բնաջնջման ադրբեջանական քաղաքականությունը, Պատմաբանասիրական հանդես, Եր․, 2017 թ․, 17(1), 65-78 էջ։
9. Տե՛ս Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Եր․, 2009, էջ 40։
10. http://www.aravot.am/1998/12/04/784527/ Ջուղայի հին գերեզմանատունը։
11. Տե՛ս Այվազյան Ա․, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, էջ 5։
12. Տե՛ս Pickman S., Tragedy on the Araxes, archaeology.org, June 30, 2006.
13. Տե՛ս IWPR staff in Nakhichevan, Baku and Yerevan (CRS No. 336, 19-Apr-06), IWPR reporter confirms that there is nothing left of the celebrated stone crosses of Jugha․
14. Տե՛ս European Parliament resolution on cultural heritage in Azerbaijan, 16 February 2006, Strasbourg․
15. Տե՛ս 16th General Assembly of ICOMOS, Quebec, Canada, 30 September – 4 October 2008 RESOLUTIONS OF THE GENERAL ASSEMBLY․
16. https://azertag.az/xeber/349491 “Oharranın regiona səfərinin baş tutmamasının əsas səbəblərindən biri onun marşrutu düz seçməməsidir”․
17. http://ordubadnemetleri.az/az/page/64 “Президент Алиев предлагает фальсификацию истории вместо компромиссов”: интервью советника министра обороны Армении․
18. Տե՛ս Հրաչյա Փանոսյան, Ժողովրդական տեղաշարժը Թուման-ե, Նախիջևանի, Ազատ-Ջիրի ու Դարաշամբի սահմաններում(XII առաջին կեսին), ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, Գիտական աշխատություններ,2012, № 15. pp. 48-56
19. Տե՛ս Այվազյան Ա., Նախիջևան, Եր․, 2007, էջ 92։
20. Տե՛ս Առաքելյան Բ․ և Սահակյան Ա․, Խաչքարերը հակագիտական խեղաթյուրումների առարկա, Լրաբեր Հասարակական Գիտությունների, (1986) No. 7, էջ 38-48։
21. http://gabala.cls.az/more/text/7010 Alban xaç daşları․
22. https://news.day.az/azerinews/934736.html Erməni işğalının görünməyən tərəfləri․
23. http://atesh.az/medeniyyet/tarix/60-azerbaycan-erazilerindeki-xach-dashlarinave-diger-bedii-dash-numunelerine-ermeni-iddiasi.html Azərbaycan ərazilərindəki xaç daşlarına və digər bədii daş nümunələrinə erməni iddiası․
24. Առավել մանրամասն տե՛ս Ընդդեմ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, հրատարակություն ՀՅ Դաշնակցության, Ե․,2007, էջ 30։
25. Տե՛ս Պետրոսյան Հ․, նշվ․ աշխ․, էջ 225։
26. http://azerbaycanli.org/index.html?lang=aze&page=441&newsId=2793 Biz kimlerden ve niye inciyirik? (2006), տե՛ս նաև՝ http://br.az/society/20150421092842836.html , Миф о «средневековых хачкарах», или О том, как Армения ведет войну против памятников азербайджанской культуры․
27. http://www.panarmenian.net/arm/society/news/16949/ Էրմիտաժի տնօրենը կոչ է անում դատապարտել Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը։
28. IWPR staff in Nakhichevan, Baku and Yerevan (CRS No. 336, 19-Apr-06), IWPR reporter confirms that there is nothing left of the celebrated stone crosses of Jugha.
29. Castle St., Azerbaijan ‘flattened’ sacred Armenian site, The Independent, 30 May 2006.
30. IWPR staff in Nakhichevan, Baku and Yerevan (CRS No. 336, 19-Apr-06)․
31. Castle St., Azerbaijan ‘flattened’ sacred Armenian site, belfasttelegraph.co.uk, 30 May 2006.
32. Տե՛ս Tannock Ch., Azerbaijan ‘vandalised’ sacred Armenian sites, The Independent, 30 May 2006․
33. Տե՛ս High-Resolution Satellite Imagery and the Destruction of Cultural Artifacts in Nakhchivan, Azerbaijan, American Association for the Advancement of Science (AAAS).
34. Տե՛ս Lemkin R., Axis Rule in Occupied Europe, Washington, 1944, էջ 80-85:

Հոդվածը տպագրվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի <<ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԱՐԵՒԵԼԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ. Գ>> Ժողովածուում։