ինչո՞ւ է Ադրբեջանի կողմից հողերի մտացածին զավթումը հերթական անգամ ներկայացվում որպես իրականություն:

Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այս մեկնաբանությունը՝ հղումով իր ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Միլանում կայացած վերջին հանդիպմանը, նոր հարցեր է առաջացրել քաղաքական ու լրատվական շրջանակներում:

Ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը, ինչո՞ւ է Ադրբեջանի կողմից հողերի մտացածին զավթումը հերթական անգամ ներկայացվում որպես իրականություն:

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումն Ադրբեջանի համար շարունակելու է լինել առաջնահերթ խնդիր: Վստահեցումը, որքան էլ տարօրինակ հնչի, Ադրբեջանի գլխավոր դիվանագետինն է: Ավելին՝ Մամեդյարովը խոսել է եկող տարի շոշափելի արդյունքների հասնելու իրենց սպասումներից, որոնք մասամբ կապվում են հունվարին ՀՀ արտգործնախարարի հետ նախատեսված հանդիպման հետ: «Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում». Ադրբեջանի արտգործնախարարի այս հայտարարությանն արձագանքում են Հայաստանի արտգործնախարարությունից:
Նախարարի խոսնակ Աննա Նաղդալյան․«Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է՝ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։ Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»:
ԱԳՆ խոսնակը հիշեցնում է՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեռ դեկտեմբերի 6-ի իր ելույթում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել ու ոգևորիչ է համարել, որ հաջողվել է համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ և ընդունել հնգակողմ հայտարարություն:
«Իսկ այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»:
Վերջին օրերին հարեւան պետությունից ստացվող որքանով հիմնավոր, որքանով անհիմն տեղեկությունները մտահոգել են նաեւ քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովին, ով կրկնակի մտահոգիչ է համարում այս հարցերին մեր իշխանության չարձագանքելը: «Մինչ Փաշինյանն Ալիեւին համարում է կիրթ անձ ու խոսում խաղաղ կարգավորումից, Ալիեւը չի հրաժարվում խնդրի ուժային լուծումից ու լուծման հիմնական երաշխավոր է համարում բանալը, պարծենում իր սպառազինությամբ»՝ ասում է Շարմազանովը:
«Ալիեւն ասում է՝ 2018-ին ինչ-որ նախիջեւանյան օպերացիայի հետեւանքով ադրբեջանական զինուժի ամբողջական վերահսկողության տակ է անցել 11 հազար հա հող նախիջեւանյան հատվածում: Ավելին՝ ստրատեգիական մի շարք բարձունքներ էլ է գրավել: Մեր իշխանությունից՝ զրո արձագանք Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը»:

Ի՞նչ նախիջեւանյան օպերացիայի մասին է խոսքը՝ պատկան մարմինների երկօրյա լռությունից մտահոգված՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր մտահոգություններն է փոխանցում Էդուարդ Շարմազանովը: Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը:

«Ինչքա՞ն կարելի է այս հարցին անդրադառնալ: Ադրբեջանի նախագահը կարող է հավերժ այս հարցը բարձրացնել, հավերժ ուրախանալ դրանով, հավերժ փորձել իր զորքի ու իր ժողովրդի ոգին բարձրացնել: Բայց մենք ինչքա՞ն կարող ենք այս կեղծիքի ու ստի հետեւից գնալ ու ինքներս մեզ տարբեր կերպ հարցեր տանք: Մենք շնորհավորում ենք ադրբեջանական բանակին՝ սեփական տարածքում գտնված, սեփական վերահսկողության տակ գտնվող հողերի նկատմամբ կրկին վերահսկողություն սահմանելու կապակցությամբ»:
Որքանո՞վ է աշխարհագրորեն իրատեսական Ալիեւի հայտարարությունը նոր հողեր զավթելու վերաբերյալ: Եթե այսպես լիներ, ապա 11 հազար հա նվաճված հողերը պետք է ներառեին Վայոց ձորը՝ մի շարք բնակավայրերով, մասնավորապես՝ Արենիով: Իսկ Արենիից «Ռադիոլուրին» արձագանքում են, բնականաբար, ոչ ադրբեջաներենով: Արենիի ղեկավար Հուսիկ Սահակյանի վստահեցումն է՝ հակառակորդը ոչ մի միլիմետր չի հատել հայկական պետական սահմանը: Կրակոցների պատճառով, ասում է, սեպտեմբերին գյուղացիները նույնիսկ չէին կարողանում բերքը հավաքել, սակայն այսօր իրավիճակն այլ է, և նման վտանգ չկա:
«Մեր պետական սահմանի հանդեպ ոչ մի միլիմետր անգամ առաջ չեն եկել: Հակառակը, մենք ենք ավելի առաջ նստած, քան մեր պետական սահմանն է: Ալիեւն իր հանրության առաջ միշտ էլ իր գլուխը գովել է, այս անգամ էլ նույնն է»:

Արենիում խաղաղ վիճակ է: Իսկ, առհասարակ, հայ-ադրբեջանական շփման գծում հայկական զինված ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել սահմանների պաշտպանությունը: Թե սահմանին լարվածության թուլացման դեռեւս տեսական բանակցությունները գործնականում երբ առարկայական քայլերի կվերածվեն՝ դիվանագիտության լուծելու հարցն է: «Բայց նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է»․ գնահատում են ԱԳՆ-ում։

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

armradio.am