Ալիեւը խոսել է ՀՀ «ռազմավարական ճանապարհները վերահսկելու» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այսօր Բաքվում զինծառայողներին հանձնելով նոր բնակարանների բանալիները, Ալիեւն ասել է.
«Մեր տեխնիկան եւ սպառազինությունը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ եւ մեծ կործանիչ ուժով ոչնչացնել զավթիչների ցանկացած ռազմական թիրախ»:
«Այսօր մեր բանակը կարող է լուծել ցանկացած խնդիր, ինչի մասին վկայում են վերջին տարիների իրադարձությունները: Բանակի հաջող գործողությունների արդյունքում մեր լիակատար հսկողության տակ անցավ 11 հազար հեկտար տարածք՝ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ», – ասել է Ալիեւը:
Նրա խոսքով, այդ գործողությունը թույլ է տվել Ադրբեջանի Զինված ուժերին իր հսկողության տակ վերցնել ռազմավարական բարձունքներ:
«Այդ բարձունքներին տիրապետելը թույլ է տալիս լիովին վերահսկել Հայաստանի տարածքում գտնվող ռազմավարական ճանապարհները եւ հաղորդակցության ուղիները: Ապրիլյան ռազմական բախումները եւ Նախիջեւանյան հաջող գործողությունը կրկին ցույց տվեցին մեր բանակի պրոֆեսիոնալիզմի եւ մարտունակության բարձր մակարդակը»,- ասել է Ալիեւը:
Նա նշել է, որ Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր ռազմական հզորությունը:
«Այս տարի մենք բազմաթիվ կարեւոր պայմանագրեր ստորագրեցինք, որոնց իրականացման արդյունքում երկիր կներմուծվեն ամենաժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

mediamax.am