ՅՈւՆԵՍԿՕ-ն քաղաքականացման արդյունքում վերածվում է խնդիրների խորացման հարթակի. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈւՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները, որոնք արդեն տեղ են գտնում ՅՈւՆԵՍԿՕ-ի աշխատանքային մեթոդների մեջ, ուրբաթ օրը հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:


«2017թ. ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Իսկ օրերս Մավրիկիոսում Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանին ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացված “Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan” հայտը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա», – «Գալա» հեռուստաընկերության այս հարցին ԱԳՆ խոսնակը պատասխանել է. – «Ընդգծեմ, որ ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) տվյալ տարրի մշակութային դրսևորումները և դրանց առանձնահատկությունները։ Ըստ ադրբեջանական հայտի՝ կա «Յալլի» տեսակի շուրջ 60 պարատեսակ, որոնք կիրառվել են Նախիջևանում, և դրանց շարքում է նաև քոչարին»։

«Այս հարցում առավել մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈւՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները, որոնք արդեն տեղ են գտնում ՅՈւՆԵՍԿՕ-ի աշխատանքային մեթոդների մեջ: ՅՈւՆԵՍԿՕ-ն, որը ստեղծվել է նպաստելու խաղաղությանը և ժողովուրդների անվտանգությանը՝ մշակույթի միջոցով պետությունների միջև համագործակցության խթանմամբ, այսօր նմանօրինակ քաղաքականացման արդյունքում վերածվում է խնդիրների խորացման հարթակի, և սա պետք է մտահոգիչ լինի կառույցի բոլոր անդամների և ՅՈւՆԵՍԿՕ Գլխավոր տնօրենի համար: Հայաստանը բազմիցս է այս իրողությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից որդեգրված անառողջ մոտեցումները ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ-ի միջոցառումների ժամանակ, ներառյալ՝ Ձեր նշած նիստին», – ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ։

azatutyun.am