Հիմա քոչարի՞, թե՞ յալլը

Հայկազուն Ալվրցեան

Լրատվամիջոցներից տեղեկացանք, որ 2018 թ․ նոյեմբերի 28-ին հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին, որպես Նախիջևանի ազգային խմբակային պար՝ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (գրանցվել է յալլը անունով՝ փակագծում՝ քոչարի, թենզերե. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan)։ Ինչպես տեսնում ենք, այն գրանցվել է որպես Նախիջևանի ավանդական խմբային պար:

Հայկական կողմից առայժմ որևէ արձագանք չկա՝ բացառությամբ ՀՀ ԱԳՆ-ի խոսնակ Աննա Նաղդալյանի՝ hraparak.am –ի հարցին տված և ոչինչ չասող պատասխանը, թե 2016 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում քոչարին գրանցված է որպես հայկական պարատեսակ։

Նախ՝ քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ընդրգրկվել է 2017 թ. դեկտեմբերի 6-ին:

Երկրորդ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքի տվյալներով Ադրբեջանի կողմից ներկայացված հայտը ընթացքի մեջ է եղել 2017 թ․ սեպտեմբերից։ Սա նշանակում է, որ հայկական կողմը չէր կարող տեղյակ չլինել ադրբեջանական նախաձեռնությանը: Անշուշտ տեղյակ էր: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ որպես հայկական պար գրանցված քոչարին Ադրբեջանի դիմումով գրանցվում է որպես Նախիջևանի յալլը պար (պարզ է, որ փակագծում նշված «քոչարի, թենզերե» անունները համարվել են ոչ հիմնական և ապագայում դուրս են մնալու գործածությունից): Նույնն է, թե Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նույն ատյանին ներկայացնի կովկասյան հայտնի լեզգինկա պարը՝ որպես Հայաստանում անհետացման վտանգի տակ գտնվող պար, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դա գրանցի: Սա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ երբ Վրաստանը անտարբեր լինի այդ հարցում և չբողոքի կամ չներկայացնի իրականությունը: Կարծում եմ՝ այս դեպքում կատարվել է ճիշտ նույնը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ այս հարցում հիմնական դերակատար է եղել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Ճիշտն ասած՝ ես Հայաստանի առաջին տիկնոջից ակնկալիք չունեմ, թե նա կմիջամտի այս խնդրին, քանզի սա հակասում է զենքերից զարդեր ձուլելու նրա խաղաղասիրական նախաձեռնության տրամաբանությանը: Ա՜յ, իսկ ռազմատենչ Ալիևան դա արեց և դեռ շատ նման բաներ կանի, քանզի Աննա Հակոբյանի և նրան ձայնակցող այլ հայ կանանց խաղաղասիրական նախաձեռնության օրերին նա հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ զավթիչ Հայաստանը չի վերադարձրել ադրբեջանական գրավյալ տարածքները:
Հարց. Հայկական կողմից ո՞վ պետք է զբաղվեր այս խնդրով:

Նախարարությունների կամ պետական պաշտոնյաների գործառույթներին ծանոթ չեմ, բաց կարծում եմ, որ այս հարցով պետք է զբաղվեր ՀՀ մշակույթի նախարարությունը՝ նախ՝ նախկին նախարարի, իսկ այսօր՝ սելֆին մշակութային արժեքի մակարդակի բարձրացրած մեկ այլ խաղաղասեր տիկնոջ՝ մշակույթի նախարար Լ. Մակունցի գլխավորությամբ:

www.arfd.am