Նախիջեւանի երեք հիմնախնդիրները եւ Նախիջեւանը հայկական պետությանը վերադարձնելու հավանական տարբերակը

Նախիջեւանի շուրջ ծավալվող իրադարձությունների շուրջ «Առավոտի» զրուցակիցն է քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Արա Գասպարյանը:

– Վերջին շրջանում ԶԼՄ-ներում հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում Նախիջեւանի վերաբերյալ շրջանառվում են տարբեր տեղեկություններ, որոնք մեր հանրության մոտ առաջացնում են բազմաթիվ հարցեր այդ տարածքում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

– Նախիջեւանի վերաբերյալ պետք է կարեւորել 3 հիմնական խնդիր։ Առաջինը` նախիջեւանյան ռազմական միավորման մարտական կարողությունների բարձրացման ուղղությամբ Բաքվի հետեւողական քաղաքականությունն է, ինչն Արարատյան դաշտավայր ներխուժման հնարավորություն եւ վտանգ է ստեղծում։ Երկրորդը` Նախիջեւանում թուրք-ադրբեջանական գործակցությունն է եւ ինքնավարությունում թուրքական ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ թուրքերի մտադրությունները: Երրորդը` Նախիջեւանում ադրբեջանցիների կողմից միջդիրքային տարածությունների կրճատումն է, որը նրանց հնարավորություն է տալիս Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղու որոշ հատվածներ ուղիղ նշանառության տակ պահել: Առաջին խնդրի վերաբերյալ հարկ է նշել, որ Ադրբեջանն արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում 2012 թվականից սկսել է Նախիջեւանի ռազմականացումը: Մի շարք կադրային փոփոխություններից հետո 2013 թվականին Նախիջեւանում նախկին բանակային կորպուսի հենքի վրա կազմավորվեց առանձին համազորային բանակ: Ներկայումս Նախիջեւանում տեղակայված են 20 000 զինվոր, 400 զրահամեքենա, ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության միջոցներ, հրետանային համակարգեր եւ այլն: Կարեւորում են ոչ թե զինուժի քանակի ավելացումը, այլ որակական հատկանիշների բարձրացումը: Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվության` բարելավվել է զորքերի ներքին կառուցվածքը եւ ավելացվել է որոշումների ընդունման հայեցողությունը: Վերջին տարիներին զորավարժություններով հղկվում է տարբեր զորատեսակների միջեւ համագործակցությունը:

Երկրորդ խնդրի` թուրք-ադրբեջանական գործակցության եւ ինքնավարությունում թուրքական ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ թուրքերի մտադրությունների մասին հարկ է նշել, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները կառուցվում են «մեկ ազգ, երկու պետություն» հասկացության շրջանակներում:

Ներկայումս սրանց ռազմական գործակցության իրավական հենքերից գլխավորը 2010 թվականին կնքված «Ռազմավարական գործընկերության եւ փոխադարձ աջակցության մասին» համաձայնագիրն է: Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը կրթություն է ստանում Թուրքիայում, պարբերաբար իրականացվում են Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժություններ, Թուրքիան ռազմական տեխնիկա է մատակարարում Ադրբեջանին: Ադրբեջանը «ջենթլմենական» պայմանավորվածություն է ձեռք բերել թուրքերի հետ. երբ Թուրքիայից պաշտպանության ոլորտի սպաներ կամ քաղաքացիական անձինք են այցելում Ադրբեջան, նրանք անպայման կանգ են առնում Նախիջեւանում: Անհրաժեշտ է նշել Թուրքիայի ցամաքային ուժերի 3-րդ բանակի աջակցությունը նախիջեւանյան համազորային բանակին կրթության, մարզման, նյութատեխնիկական օժանդակության եւ համատեղ գործողությունների իրականացման պլանավորման հարցերում: Նախիջեւանում զորքերը կարեւոր նշանակություն ունեն Ադրբեջանի պաշտպանական պլանավորման գործում, քանի որ պատերազմի ժամանակ նրանք կարող են ստիպել հայկական զինված ուժերին պատերազմել երկու ճակատով: Թուրքական մամուլում շարունակ տեղեկատվություն է տարածվում առ այն, որ Թուրքիան պատրաստվում է Նախիջեւանում ռազմաբազա հիմնել: Նշվում է նաեւ, որ այժմ Ռուսաստանը եւ Թուրքիան շատ հարցերում գործընկերներ են, սակայն Մոսկվայի կողմից Հայաստանին ռազմական աջակցության հարցում տարակարծություններ կան: Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն էլ 2010 թվականին հայտարարում էր այն մասին, որ թուրքական ռազմական ներկայությունը Նախիջեւանում այնտեղ տեղակայված ադրբեջանական ուժերին կազատի զուտ պաշտպանական գործառույթներից:
Երրորդ խնդիրը` ադրբեջանական բանակի` Նախիջեւանի ուղղությամբ միջդիրքային տարածքների կրճատման գործողություններն են: Ադրբեջանական զորքերը դիրքերն առաջ են տվել առանց մարտական գործողությունների: Նրանք իրենց տարածքում առաջ են եկել դեպի նոր դիրքեր եւ կառուցել դրանք մատակարարելու ճանապարհներ եւ այդ դիրքերից կարող են կրակի տակ առնել Արենի գյուղն ու Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղու համապատասխան հատվածը: Այսպիսով, Ադրբեջանը վերջին տարիներին ուժեր է կուտակում իր տարածքի այն հատվածներում, որոնք ամենամոտն են Երեւանին, եւ աստիճանաբար ավելացնում է լարվածությունը Նախիջեւանի սահմանին:

– Նախորդ պատերազմում Նախիջեւանի ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չընթացան, քանի որ երկու կողմերն էլ կարծես թե խուսափում էին նախիջեւանյան ուղղությամբ սրացումներից` գիտակցելով, որ այդ սցենարը դուռ է բացում արտաքին միջամտության համար եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Կողմերի ռազմավարական հաշվարկներում ի՞նչն է փոխվել հիմա:

– Միանգամայն տրամաբանական հարց եք տալիս, քանի որ ապագա պատերազմի մասին պատկերացումները, ենթադրությունները եւ սպասումները բնականաբար զուգահեռվում են անցյալ պատերազմի հետ: Բայց հավանական պատերազմն իր ձեւով, հաշվի առնելով նաեւ տեխնոլոգիական բաղադրիչը, կարող է քիչ ընդհանրություններ ունենալ նախորդի փորձառության հետ: Նախ՝ նախորդ պատերազմում Ադրբեջանը Նախիջեւանի տարածքում չուներ այնպիսի կազմակերպված եւ մարզված ռազմական ուժ, ինչպիսին այսօրվա առանձին համազորային բանակն է հարձակողական պոտենցիալով, բավականին հզոր տանկային խմբով, թուրքական արտադրության TR-300 Kasirga եւ ռուսական արտադրության «Смерч» ՀԿՌՀ-ներով, որոնք կրակի հեռահարությամբ (1-ինը` 100-120 կմ, 2-րդը` 90 կմ) ի վիճակի են թիրախավորել Երեւանը եւ այլ կարեւոր ռազմավարական օբյեկտներ: Ադրբեջանի նախիջեւանյան բանակը կարող է օգտագործվել Արարատյան դաշտավայրի վրա արագ հարձակման համար, ինչպես նաեւ Վայքով ու Սիսիանով փորձել կտրել Արցախ գնացող հաղորդակցման ուղիները:

Հնարավոր նոր պատերազմում Նախիջեւանի ճակատում հավանական ռազմական սպառնալիքները պայմանավորված են նաեւ հայ-ռուսական գործակցությունում կայունության եւ վստահության նվազեցմամբ։ Հայ-ռուսական հարաբերությունների առկա ձեւաչափը կազմավորվել է մի քանի առանցքային գործոնների ազդեցությամբ՝ Ադրբեջանին ռուսական ժամանակակից զենքի շարունակական վաճառք, ռուս-թուրքական աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային հարցերում դիրքորոշումների մերձեցում եւ համաձայնեցված ծրագրերի իրականացում, Ադրբեջանին ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ ներքաշելու գործընթաց, տասնյակ տարիներ հայ-ռուսական հարաբերություններում հայկական կողմի որդեգրած կրավորական դիրքորոշում, ինչպես նաեւ վատ հաշվարկված անհեռատես առանձին քայլեր (օրինակ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում)։ Ներկայումս առանձնակի կարեւորության խնդիր է Թուրքիայի ղեկավարության ագրեսիվ նեոօսմանական արտաքին քաղաքականությունը, համաձայն որի՝ Նախիջեւանը հետագա ծավալապաշտական ծրագրերի պլացդարմ է դիտարկվում, եւ այս պարագայում նույնիսկ Ադրբեջանի կողմից այդ տարածքի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը կարող է ապագայում հարցականի տակ դրվել։ Եվ ի վերջո, եթե նույնիսկ Ադրբեջանը նախկինի պես զերծ մնա նախիջեւանյան ուղղությամբ ակտիվ ռազմական գործողություններ ծավալելուց, միեւնույն է՝ Նախիջեւանում մեծ ուժեր տեղակայելը կստիպի Հայաստանին իր ուժերի մի մասը հեռու պահել Արցախյան ճակատից:

– Ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը Նախիջեւանի կողմից հնարավոր ներխուժումը զսպելու համար:

– Ձեր հարցի պատասխանն ունի ռազմական, քաղաքական, ինչպես նաեւ տնտեսական եւ հոգեբանական բաղադրիչներ: Ռազմական բաղադրիչին անդրադառնալով` հարկ է նշել, որ չնայած նախիջեւանյան բանակը Երեւանը հրետակոծելու, Սադարակի հատվածով Արարատյան դաշտ ներխուժելու, Սիսիանի կամ այլ ուղղությամբ հարվածներ հասցնելու որոշակի հնարավորություններ ունի (չի բացառվում, որ այդ գործողությունների ժամանակ կարող է աջակցություն ստանալ թուրքական կողմից), այնուամենայնիվ Նախիջեւանը գտնվում է խոցելի վիճակում: Բանն այն է, որ Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանի գրեթե ամբողջ երկայնքով ձգվում է Նախիջեւանի դաշտային հատվածից 1400-1800 մետր բարձր լեռնաշղթա, որը սահմանափակում է այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակման հնարավորությունը եւ կրակի ճշգրտությունը։ Միաժամանակ հայկական ուժերն էլ իրենց բարձունքներից կարող են կրակի տակ պահել Նախիջեւանի տարածքը: Այդ խնդիրն առավել արդյունավետ իրագործելու համար անհրաժեշտ է նախապես գրավել նախիջեւանյան բանակի բարձրադիր հենակետերը` այդ թվում նաեւ վերջերս ստեղծվածները: Իսկ Արարատյան դաշտին հարակից հատվածում զորքերի կուտակման դեպքում պետք է կանխարգելիչ հարված հասցնել՝ թույլ չտալով, որպեսզի Արարատյան դաշտավայրի վրա արագ հարձակման համար ադրբեջանական զորքերը Սադարակի նեղ հատվածից դուրս բերվեն եւ բացազատվեն: Եթե նախիջեւանյան բանակը կենտրոնանա Արարատյան դաշտի վրա, ապա թուլանալու է ինքնավարության տարածքի այլ հատվածների պաշտպանվածությունը։ Թերեւս անհրաժեշտ է, որ նախապատրաստվեն Նախիջեւանի վրա տարբեր ուղղություններով հարվածներ այնպիսի զորամիավորումներով, որոնք ունեն ճկուն կառավարման համակարգ, արագաշարժ են եւ կոմպակտ: Հնարավոր ապագա պատերազմում կարեւոր մի քանի հիմնախնդիր պետք է լուծվի` կատարելագործվեն նախիջեւանյան ուղղությամբ Արարատյան դաշտավայրի օպերատիվ սարքավորվածությունը, ճկուն պաշտպանության համար անհրաժեշտ միջոցները եւ Երեւան քաղաքի օդային հարվածներից պաշտպանվելու հնարավորությունները: Կարեւոր է, որ կառուցվեն եւ բարելավվեն Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն զուգահեռ մեր տարածքի խորքում երկրորդական ճանապարհները: Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա այն արտաքին գործընկերների հետ հարաբերություններում քայլերի համախումբ է, որը թույլ չի տա, որ Հայաստանը հայտնվի տարբեր ուժային կենտրոններից քաղաքական-դիվանագիտական մեկուսացման մեջ, իսկ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն հնարավորություն ստանան խուսանավելու իրենց դաշնակցային պարտավորությունների կատարումից: Տարածաշրջանում թուրքական կողմի նեոօսմանական նկրտումները չեն կարող հակադրության մեջ չմտնել Ռուսաստանի եւ Իրանի շահերի հետ, ու այստեղ մեր դիվանագիտության համար աշխատանքի լայն ճակատ կա բացված:

Տնտեսական եւ հոգեբանական բաղադրիչները ենթադրում են ուղղակի աշխատանք Նախիջեւանի հետ: Տեղի բնակչությանը պետք է տարբեր կապի միջոցներով (ռադիո, համացանց) բացատրել, որ Հայաստանը Նախիջեւանը գրավելու մտադրություն չունի, եւ մենք պատրաստ ենք Բաքվից ինքնուրույն Նախիջեւանի հետ խաղաղ գոյակցելու, բայց Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ պլանները, պահվածքը եւ ինքնավարության ռազմականացումն ի վերջո նախիջեւանցիների համար առաջացնելու են անդառնալի ու անվերականգնելի կորուստներ: Եթե փորձ արվի Նախիջեւանի տարածքը օգտագործել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար, ապա մենք ոչ միայն արդյունավետ դիմակայելու ենք, այլեւ դիտարկելու ենք Նախիջեւանը հայկական պետությանը վերադարձնելու տարբերակը: Այդ նպատակով արդեն իսկ պետք է սկսել ապահովել միջազգային իրավապայմանագրային, ռազմական, տնտեսական եւ բարոյահոգեբանական ոլորտներում անհրաժեշտ հիմքերը։ Իսկ այժմ պետք է Նախիջեւանի կողմից Հայաստանի երկաթուղային շրջափակմանն էլ ի պատասխան փակել Արփա գետի ջրերի հոսքը դեպի ինքնավարության տարածք, որը լուրջ խնդիրներ կառաջացնի գյուղատնտեսության համար:

Նախիջեւանցիները պետք է հասկանան, որ կարող են շահել Հայաստանի հետ հարեւանությունից եւ դառնալ դեպի Արարատյան դաշտավայր իրանական տրանսպորտի տրանզիտային օղակ ու գումարներ աշխատել դրա հաշվին` թուլացնելով լարվածությունը հայերի հետ: Ինչեւէ, հակառակորդի կողմից հավանական պատերազմի սանձազերծումը պայմանավորված է նաեւ դրան դիմակայելու մեր պատրաստվածությամբ, եւ եթե մենք հետեւողական քայլերով ամրապնդենք մեր պաշտպանունակությունը, գուցե եւ օգնենք Ադրբեջանին հետ կանգնելու հերթական ռազմական բախտախնդրության գնալու մտադրությունից:

Զրույցը` Նելլի Գրիգորյանի
«Առավոտ» 03.10.2018