Արարատի մարզի Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ Զանգակատան գյուղապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը, ինչի հետևանքով միջդիրքային տարածությունը բավականին կրճատվել է ու 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ։
«Գյուղապետի ասածի մեջ որևէ նոր բան չկա։ Որևէ նոր տեղաշարժ չի եղել։ Խոսքն ամիսներ առաջ արդեն քննարկված դիրքային տեղաշարժի մասին է։ Այդ առումով էլ կրկնում եմ նախկինում ասված խոսքերը՝ հակառակորդը տեղաշարժեր էր արել իր տարածքում, կրկնում եմ՝ իր տարածքում, որի նկատմամբ հայկական զինված ուժերը երբեք չեն ունեցել վերահսկողություն», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ առաջիկա օրերին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում այս հարցին նույնպես կանդրադառնա։
Aysor.am
Զանգակատան բնակիչները մինչև հիմա չեն կարողանում մշակել հակառակորդի կրակի տակ հայտնված գարու արտերը
Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչները մինչև այժմ չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել գյուղի հարակից գարու արտերում, որոնք այս տարվա ապրիլից հետո հայտնվել են հակառակորդի թիրախում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում համայնքապետ Հովիկ Կարապետյանը՝ հիշեցնելով, որ ապրիլ–մայիս ամիսներին ադրբեջանական կողմն առաջ էր բերել իր դիրքերը։
«Իրենց տարածքում, պետական սահմանից այն կողմ, ադրբեջանցիներն առաջ էին բերել դիրքերը, եւ մեր միջտարածքային տարածությունը բավականին մոտեցել է՝ մի քանի կիլոմետր։ Այդ պատճառով կրակոցներն ավելացել են եւ մոտ 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ»,– ասաց համայնքապետը՝ նշելով, որ այս պահին կրակոցներ չկան, սակայն գյուղացիները զգուշանում են մտնել արտեր։
Հովիկ Կարապետյանն նշեց, որ ամռանը կրակոցներից հրդեհներ էին բռնկվել գարու ցանքատարածություններում եւ արոտավայրերում։ Հրդեհի վնասները կառավարությունն արդեն հաջորդ շաբաթ կփոխահոտւցի գումարով։
«Ինչպես Տավուշում, մեր գյուղի այդ հատվածում ևս, հիմա վտանգավոր է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Քննարկում ենք՝ տեսնենք հնարավո՞ր է այդ հողատարածքները այլ հողատարածքներով փոխանակել։ Մեր ժողովուրդը ուղղակի սովոր չէ նման պայմաններում աշխատել, բայց դա չի նշանակում, որ այդ տարածքներն անմշակ են մնալու»,– հավելեց պաշտոնակատար Կարապետյանը։
News.am