Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը անդրադարձել է Թուրքիա-Նախիջևան սահմանի առաջացման պատմությանը` շեշտելով դրանում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «բացառիկ» դերը:
Ըստ թուրքական աղբյուրի` Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մինչև այժմ Ադրբեջանի կազմում է մնացել միայն Աթաթուրքի շնորհիվ. «Քանզի Աթաթուրքը, դրսևորելով մեծ հեռատեսություն, իր անձնական դրամական միջոցներով ժամանակին Իրանից գնել է այդ հողաշերտը, որի շնորհիվ այժմ Թուրքիան ցամաքային սահման ունի Նախիջևանի հետ»,- նշվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Աթաթուրքի այս քայլի շնորհիվ «Հայաստանի և Իրանի միջև սեղմված Նախիջևանը սահման ունեցավ թուրքական աշխարհի հետ»:
Կայքը նաև ավելացնում է, որ արցախյան պատերազմի ժամանակ հայերը ցանկանում էին հարձակվել Նախիջևանի վրա, սակայն Թուրքիայի հետ ընդհանուր սահմանի առկայությունը հնարավորություն տվեց այդտեղ կենտրոնացնել մեծ թվով զինուժ և զինտեխնիկա, ինչն էլ հայերին ստիպեց հրաժարվել իրենց մտադրությունից:
Նշենք, որ ըստ պատմագիտական տվյալների` 1932 թվականին Թուրքիան 13կմ երկարությամբ նեղ սահմանային հատված է վերցրել Իրանից, փոխարենը տալով գյուղատնտեսական նշանակության Քոթուրի դաշտը:
Ermenihaber.am