«Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքում խեղաթյուրումներ կան»,-ասում է հայագետ, նախիջևանանգետ Արգամ Այվազյանը: Ըստ նրա` Հայաստանում 2013 թվականին ընդամենը մի քանի ամիսների ընթացքում այդ գիրքն ունեցել է մոտ 5 հայերեն թարգմանություններ, որոնցից և ոչ մեկը չի ունեցել վերլուծական առաջաբան կամ անհրաժեշտ ծանոթագրություններ: «Հետևաբար նուրբ ու հակասական, բազմաթիվ տարակուսանքներ հարուցող ստեղծագործությունը հայ ընթերցողին է ներկայացվել միայն հեղինակի աղավաղված ծանոթագրություններով»,-ասում է Արգամ Այվազյանը: Մայիսի 6-ին Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Այլիսլիի գրքի իսպաներեն հրատարակության շնորհանդեսը: Թարգմանիչ Ռոսիտա Յոուսեֆյանի խնդրանքով գրքի իսպաներեն տարբերակում տեղ է գտել Արգամ Այվազյանի առաջաբանը, որտեղ էլ հեղինակը մանրամասնորեն անդրադառնում է այն խեղաթումներին, որոնք, ըստ նրա, տեղ են գտել ադրբեջանցի գրողի ստեղծագործության մեջ: Դրանց Արգամ Այվազյանն անդրադարձել է նաև այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ:
2012 թվականին ռուսական «Дружба народов» ամսագիրը տպագրեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վիպակը, որտեղ ծագումով ագուլիսցի հեղինակը մեծ ջերմությամբ է գրում հայերի մասին, անդրադառնում ինչպես 1990 թվականի հունվարին Բաքվում, այնպես էլ 1919 թվականին՝ Վերին Ագուլիսում հայերի նկատմամբ իրականացված բարբարոսական դեպքերի առանձին դրվագներին: Ադրբեջանական ժամանակակից գրականության մեջ աննախադեպ ու գեղարվեստական տեսանկյունից արժեքավոր այս երևույթն անմիջապես լայն արձագանք գտավ Հայաստանում:
Գիրքը հապճեպորեն ունեցավ մի քանի հայերեն թարգմանություններ: «Բոլորն էլ առանց վերլուծական առաջաբանի ու անհրաժեշտ ծանոթագրությունների»,-ասում է հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը: «Քարե երազների» վերջերս լույս տեսած իսպաներեն հրատարակության մեջ տեղ է գտել Այվազյանի առաջաբանը, որտեղ նա նշում է, որ Այլիսլիի «Քարե երազներ» գրքում պատմավավերագրական հանրահայտ իրողությունների խեղաթյուրումներ ու կեղծիքներ կան:
Այլիսլին Բաքվի հայերի ջարդերի հիմնական դերակատար է ներկայացնում Հայաստանից տեղահանված ադրբեջանցիներին, նրանց գործողությունները ներկայացնելով որպես վրեժխնդրության դրսևորում: Իսկ Ագուլիսի 1919 թվականի եղեռնագործությունն էլ , ըստ նրա, կատարել են օսմանյան թուրքերը՝ թուրք սպա Էդիֆ Բեյն իր 30-40 ասկյարներով:
«Երկու դեպքում էլ Այլիսլին խեղաթյուրում է պատմությունը, քանզի բազմաթիվ փաստեր ապացուցում են, որ Բաքվի, ինչպես նաև Սումգայիքի հայկական ջարդերի կազմակերպիչները տեղական իշխանություններն էին ու ադրբեջանցի բնակչության ներկայացուցիչները: Նմանատիպ քաղաքականությամբ ու վայրագություններով են իրականացվել նաև թե’ 1905-ին< և թե’ 1918-19 թվականներին Բաքվում ու Շուշիում, Նախիջևան քաղաքում ու նրա գավառներում հայ-թաթարական ընդհարումներն ու կոտորածները»,-ասում է Արգամ Այվազյանը: «Վիպակում առկա են պատմական տարբեր անճշտություններ, աղավաղված են տեղանուններն ու հուշարձանների անվանումները: Այլիսլիի ներկայացմամբ, օրինակ, Մեսրոպ Մաշտոցը հայ գրերի գյուտն արել է Ագուլիսում, ինչը ակնհայտ խեղաթյուրում է: Հայ-ադրբեջանական ժողովուրդների բարեկամությունը վերականգնելու Այլիսլիի ցանկությունը, որի մասին նա նշում է գրքում, բավականին ազնիվ քայլ է, բայց դրա համար պետք է ազնվորեն վերաբերել նաև պատմությանն ու պատմական իրողություններին»,-ասում է Արգամ Այվազյանն ու հիշում հայ նշանավոր վիպասան Րաֆֆու 19-րդ դարի 80-ական թվականներին ասված խոսքը. «Թուրքն այսօր անկիթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այդ ժամանակ շատ ավելի վտանգավոր կդառնա»:
Լիլիթ Մուրադյան
Հայաստանի Հանրային Ռադիո