Իրանը ցանկացած պահի կարող է զորք մտցնել Նախիջևան․ փորձագետ

Թեհրանը ցանկացած պահի կարող է Անկարայից պահանջել զրոյացնել Նախիջևանում ռազմական ներկայությունը, այլապես կարող է դիմել ծայրահեղ քայլերի։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Իրանի իշխանությունը կանգ չի առնի Նախիջևան զորք մտցնելու առաջ, եթե Թուրքիան չկատարի նրա պահանջը և հրաժարվի զորքը դուրս բերել այնտեղից, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Զորքը Նախիջևանից դուրս բերելու պահանջը կապված կլինի Իրանի սահմանների անվտանգությունն ապահովելու պահանջի հետ։ Իսլամական հանրապետությունը կհայտարարի, որ ՆԱՏՕ-ի երկրները` ԱՄՆ-ի գլխավորությամբ, թշնամաբար են տրամադրված Թեհրանի դեմ», — ասաց Շաքարյանցը։

Քաղաքագետի կարծիքով՝ հեռու չէ այն ժամը, երբ Ամերիկան Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կհայտարարի և կստիպի ամբողջ Եվրոպային միանալ դրանց։ Իսկ Թուրքիան շարունակում է դաշինքի անդամ մնալ։

Ինչպես կարծում է փորձագետը, Իրանը կարող է հայտարարել, որ Նախիջևանը ՆԱՏՕ-ի ռազմական պատասխանատվության տարածք չէ, ուստի Թուրքիան պետք է լքի այն։

«Ոչ ոք չի առարկի, որ Նախիջևանը նման գոտի չէ։ Թուրքերը ստիպված կլինեն հեռանալ։ Իրանը դրան հասնելու շատ հնարավորություններ ունի», — ասաց Շաքարյանցը։

Նման հնարավորություններից մեկը զորք մտցնելն է։ 1993թ-ին Իրանն արդեն այդ քայլն արել է, և ոչ ոք չի համարձակվել խոսել շրջափակման մասին։ Քաղաքագետի խոսքով՝ հարցը վերաբերել է Արաքս գետի ջրերի անվտանգ օգտագործմանը։

«Ամենահետաքրքիրն այն է, որ Իրանը կգործի ՄԱԿ-ի նորմերի շրջանակում. եթե դուք չեք կարող անվտանգություն ապահովել, ապա ես կարող եմ անել դա ձեր տարածքում», — ասաց Շաքարյանցը։

Նրա կարծիքով, եթե նման հիմնավորում ներկայացվի, ապա համաշխարհային հանրությունը չի դժգոհի Իրանի գործողություններից։

Փորձագեը նշեց, որ Իրանն այդպես է վարվել Իրաքի և Աֆղանստանի հետ, որոնց տարածքներում գործել են ավազակախմբեր և մաքսանենգներ։

«Թուրքիան և Ադրբեջանը չեն գնա առճակատման, եթե Իրանն ապացուցի, որ Նախիջևանի տարածքից բխող վտանգ է սպառնում իր սահմաններին», — ասաց Շաքարյանցը։

Նշենք, որ Նախիջևանը Հայաստանի Սյունիքի ու Վայոց Ձորի հետ ընդհանուր սահման ունի։ Վերջին ամիսների ընթացքում Նախիջևանում պարբերաբար թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները քննարկում են Նախիջևանում մշտական թուրքական ռազմակայանների ստեղծումը։