Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում. Ջոնաթան Լաքոտի անդրադարձը՝ սահմանային լարվածությանը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում սահմանային լարվածությանը:
«Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է դեսպանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, որտեղ տեղադրել է նաեւ տարբեր երկրների դրոշներով լուսանկար (2020թ.) Երասխի մուտքի խաչմերուկի վրա:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:
ԱՄՆ–ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գրանցվող միջադեպերով և կողմերին կոչ է անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել
ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:
«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,– ասվում է հայտարարությունում:
ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
«Խորապես մտահոգիչ զարգացումները շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանին պետական սահմանին: Նախքան նոր զոհերի գրանցումը զսպվածության, սահմանային հարցերում կառուցողական ներգրավվածության կոչը կրկնում ենք: Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Տոյվո Կլաարը: