«Մենք ոչ թե սահմանամերձ ենք, այլ՝ սահմանապահ»․ Երասխի դիրքերը՝ թշնամու կրակի տակ

Արարատի մարզի Երասխ համայնքը հայ-ադրբեջանական սահմանային դարպասներից մեկն է։ Գյուղի բնակելի հատվածից մինչև մարտական դիրքեր ընդամենը մի քանի հարյուր մետր է։ Վերջին օրերին հակառակորդը ինտենսիվ կրակոցներ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ՝ Հայաստան-Նախիջևան-Թուրքիա եռանկյունու հատվածում։


Ամենալարված օրը եղել է հուլիսի 19-ը, երբ ադրբեջանական զինված ուժերը նաև ականանետներ են կիրառել։ Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հրազենային վիրավորում է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հուլիսի 20-ին այցելեցինք Երասխ, իրավիճակը հանգիստ էր։ Գյուղն ապրում էր իր բնականոն կյանքով, այժմ ակտիվ գյուղատնտեսական շրջան է, չնայած որ բնակիչների մոտ նաև անհանգստություն կա՝ կապված սահմանային իրավիճակի հետ։

Երասխի բնակիչ Աննա Առաքելյանը պատմում է՝ հուլիսի 20-ի գիշերը քնել են կարմիր լույսերի տակ, քանի որ կրակոցներից երկինքը լուսավորվել է։ 54-ամյա Աննա Առաքելյանը շեշտում է, որ սահմանին միշտ էլ վտանգ կա, բայց գյուղի բնակիչները՝ մեծ, թե փոքր, հսկում են սահմանը։

«Երասխում մերումանուկ, բոլորն էլ պաշտպանում են։ Եթե գյուղացին, մեր երասխավանցին դուրս եկավ, ուրեմն իմացի էլ ոչինչ չկա։ Սահմանը այս գյուղն է պահում»,- նշում է Աննա Առաքելյանը, ապա ավելացնում՝ մենք ոչ թե սահմանամերձ ենք, այլ սահմանապահ, սահմանամերձը մեր կողքի գյուղն է։

Աննա Առաքելյանը երեք որդի ունի, որոնցից մեկը պայմանագրային զինծառայող է, իսկ մյուս երկուսը ընդգրկված են գյուղի ջոկատում, որը անհրաժեշտության դեպքում կարող է բարձրանալ դիրքեր:

Գյուղացիների պատմելով՝ վերջին անգամ կրակոցներ եղել են այսօր առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, և տևել են մեկ ժամ։ Մեր այցելության ընթացքում Երասխում կրակոցների ձայներ չէին լսվում։

Տրդատ Մուշեղյան | Սարո Բաղդասարյան
Hetq.am